
ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ԱՊՐԻԼԻՆ (Հիմնական իրադարձությունների տեսություն)

Ջոնի Մելիքյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող
Վրաստանի իշխանությունների արտաքին քաղաքական օրակարգն ընթացիկ տարվա ապրիլին կարելի է անվանել հագեցած՝ լի ինչպես մարտահրավերներով (Ղարաբաղյան հակամարտություն) և լարվածությամբ (Ռուսաստան), այնպես էլ որոշակի նվաճումներով՝ կապված երկրի արտաքին քաղաքականության եվրոպական և եվրատլանտյան վեկտորների հետ։ Վրաստանի դիրքորոշումը, ելնելով ստեղծված տարածաշրջանային աշխարհաքաղաքական իրողություններից, եղել է հավասարակշռված, բազմամակարդակ և արագ արձագանքող։ Մենք կանգ կառնենք Վրաստանի նախագահի և վարչապետի արտաքին քաղաքական հիմնական այցելությունների վրա։ Տեսության երկրորդ մասում մանրամասն կանդրադառնանք Ղարաբաղյան հակամարտության գոտում ստեղծված իրադրության հանդեպ Վրաստանի դիրքորոշմանը, ռուս-վրացական հարաբերություններին և եվրոպական ու եվրատլանտյան օրակարգում ձեռք բերված առաջընթացին։
Ապրիլի սկզբին վրացական պատվիրակությունը՝ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու գլխավորությամբ, ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հրավերով այցելեց Միացյալ Նահանգներ։ Այցելության նպատակն էր մասնակցությունը միջուկային անվտանգության միջազգային համաժողովին (Nuclear Industry Summit – 2016), որին մասնակցում էին աշխարհի ավելի քան 40 երկրների ներկայացուցիչներ։ Վաշինգտոնում կայացած միջոցառմանը Վրաստանի նախագահն արժանացավ «Ատոմը հանուն խաղաղության» պարգևի միջուկային անվտանգության գործում նրա երկրի ներդրած ավանդի համար։ Գագաթաժողովին (մարտի 30-ապրիլի 1) մասնակցությունից բացի՝ Վրաստանի նախագահը երկկողմանի բանակցություններ վարեց ԱՄՆ քաղաքական ղեկավարության ներկայացուցիչների հետ, որոնցում քանիցս բարձրացվեց ԱՄՆ օրակարգին Վրաստանի ավելի ակտիվ մասնակցության անհրաժեշտության հարցը։ Գ.Մարգվելաշվիլին հանդիպումներ ունեցավ նաև ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթի, Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի և այլ պետությունների ղեկավարների հետ։
Ապրիլի վերջին (ապրիլի 20-23) Վրաստանի նախագահն առաջին տիկնոջ հետ պաշտոնական այցով գտնվել է Ֆրանսիայում։ Ապրիլի 21-ին ֆրանսիացի իր պաշտոնակցի՝ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպմանը Գ.Մարգվելաշվիլին քննարկել է բազմաթիվ հարցեր՝ միջպետական քաղաքական-տնտեսական հարաբերություններից մինչև անվտանգության ոլորտ, ինչպես նաև հարցեր եվրոպական (Վրաստանի կողմից Ասոցացման մասին համաձայնագրի՝ DCFTA-ի կատարումը) և եվրատլանտյան ինտեգրման մասին։ Այցի շրջանակում Գ.Մարգվելաշվիլին հանդիպել է նաև Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշենի, ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի հետ։
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու արտաքին քաղաքական գործունեության ժամանակացույցը նույնպես բավական լարված է եղել։ Ապրիլի 11-12-ին Վրաստանի վարչապետը, գլխավորելով վրացական պատվիրակությունը, աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, որտեղ մասնակցել է Դուբայի ամենամյա ներդրումային համաժողովին։ Գ.Կվիրիկաշվիլին ելույթ է ունեցել համաժողովի լիագումար նիստում (Global Leaders Debate), որտեղ խոսել է Վրաստանի ռազմավարական աշխարհագրական դիրքի, երկրի նպաստավոր ներդրումային մթնոլորտի, տարանցման պոտենցիալի և բիզնեսի վարման դյուրինության մասին։ Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը հանդիպել է ԱՄԷ վարչապետ Մոհամեդ բին Ռաշիդ ալ-Մակթումի հետ և քննարկել առևտրատնտեսական հարաբերությունների, դրանց պոտենցիալի վերաբերյալ հարցեր։ Գ.Կվիրիկաշվիլին հանդիպել է նաև Աբու Դաբիի թագաժառանգ, շեյխ Մոհամեդ բին Զայեդ ալ-Նայիանի հետ։
Ապրիլի 19-21-ին Վրաստանի վարչապետն ուղևորվել է Ստրասբուրգ, որտեղ մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի գարնանային նստաշրջանի խորհրդաժողովին։ Իր ելույթում նա պատվիրակներին պատմել է Վրաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի, բարեփոխումների, առաջիկա խորհրդարանական ընտրությունների և ԵՄ-ի հետ Վրաստանի փոխհարաբերությունների, ինչպես նաև Բրյուսելից պաշտոնական Թբիլիսիի ակնկալիքների մասին՝ կապված վիզային ռեժիմի ազատականացման հետ։
Վրաստանի վարչապետի հաջորդ աշխատանքային այցը (ԱՄՆ) տեղի ունեցավ ապրիլի 25-29-ին։ Այցելության շրջանակներում Գ.Կվիրիկաշվիլին Վաշինգտոնում հանդիպեց ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենի հետ։ Նրանք քննարկեցին Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերը։ Կողմերն ընդգծեցին նաև Միացյալ Նահանգների և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության կարևորությունը՝ շեշտադրումը կատարելով պաշտպանության և անվտանգության հարցերի, ինչպես նաև տնտեսական ոլորտում համագործակցության, դրանց հետագա խորացմանն ուղղված քայլերի վրա։ Այցի շրջանակներում Վրաստանի վարչապետը հանդիպումներ ունեցավ նաև ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի անդամների (Սենատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ, հանրապետական սենատոր Բոբ Քորկերի և նույն կոմիտեի անդամ, դեմոկրատ սենատոր Բեն Քարդինի, հանրապետական սենատորներ Ջոն Մակքեյնի, Ջեֆ Սեշենի, Կոնգրեսի՝ Վրաստանի հետ Բարեկամության խմբի համանախագահ, կոնգրեսական Թեդ Պոյի և Ջերալդ Քոնոլիի, Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էդ Ռոյսի և կոնգրեսական Էլիոթ Էնգելի) հետ։ Գ.Կվիրիկաշվիլին աշխատանքային հանդիպումներ ունեցավ նաև Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Են Քիմի և Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ-փոխտնօրեն Մին Չժուի հետ, հանդիպեց Մակքեյնի ինստիտուտի տնօրեն Դևիդ Քրամերի և «ուղեղային կենտրոնների» այլ ղեկավարների հետ։ Նա ելույթ ունեցավ Խաղաղության ինստիտուտում, Իլինոյսի համալսարանում, ինչպես նաև հանդիպեց Բոստոնում բնակվող վրացի ուսանողների հետ։
Հարկ է նշել նաև Վրաստանի կառավարության և խորհրդարանի այլ անդամների այցելությունների մասին։ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն ապրիլի 18-21-ին այցելեց Նյու Յորք՝ մասնակցելու համար ՄԱԿ կազմակերպած կայուն զարգացման բանավեճերին։ Նա հանդիպումներ ունեցավ ՄԱԿ Պարսից ծոցի երկրների հետ համագործակցության խորհրդի անդամների հետ։ Ապրիլի 27-ին, Բրյուսել կատարած այցելության ժամանակ, Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին հանդիպել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցի հետ և քննարկել վիզային ռեժիմի ազատականացման գործընթացը, Վրաստանի խորհրդարանի և Եվրախորհրդարանի միջև համագործակցությունը, այս տարվա աշնանը Վրաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները, ինչպես նաև դատական համակարգի անկախության և ԶԼՄ ազատության հարցերը։
Վրաստանը և Ղարաբաղյան հակամարտությունը. Անցած ամիս տարածաշրջանային ամենահրատապ հարցը մարտական գործողությունների վերսկսումն էր Ղարաբաղյան հակամարտության գոտում։ Չնայած ակտիվ մարտական գործողությունները սկսվեցին ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը և ավարտվեցին ապրիլի 5-ին, այնուամենայնիվ, առաջին իսկ ժամերից Վրաստանի ղեկավարությունը հանդես եկավ հաշտարար հայտարարություններով և պաշտոնական Թբիլիսիի՝ հակամարտող կողմերի միջև որպես հնարավոր միջնորդ հանդես գալու առաջարկություններով։
Ղարաբաղյան հակամարտության գոտու իրավիճակի հարցը քննարկվեց ապրիլի 3-ին Վրաստանի վարչապետ Գ.Կվիրիկաշվիլու նախաձեռնած հատուկ նիստում։ Հանդիպմանը ներկա էին Վրաստանի ԱԳՆ ղեկավարը, խորհրդարանական կոմիտեների նախագահները և ուժային կառույցների ղեկավարները, որոնք կառավարության ղեկավարին ներկայացրին Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը։
Ավելի ուշ՝ ապրիլի 3-ի երեկոյան, Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրեց այն մասին, որ ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանը հեռախոսով իր վրացի պաշտոնակցի՝ Թինաթին Խիդաշելու հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման հարցը։ Վրացական լրատվամիջոցներին տված մեկնաբանություններում Վրաստանի պաշտպանության նախարար Թ.Խիդաշելին նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը չեն դիմել վրացական կողմին որևէ խնդրանքով։ Ըստ նրա՝ պաշտպանության նախարարությունը, ինչպես և մյուս կառույցները, գտնվում են երկու հարևանների հետ մշտական կապի մեջ։ Վրաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն, իր հերթին, նշել է, որ հնարավորության դեպքում Վրաստանը պետք է «միջնորդի դեր խաղա Ղարաբաղյան հակամարտությունում»։
Այս թեմայի վերաբերյալ հրապարակային հայտարարություններ արեցին Վրաստանի նախագահը և վարչապետը Թբիլիսիում ապրիլի 4-5-ին անցկացված «ՆԱՏՕ-Վրաստան. Ժողովրդական դիվանագիտության համաժողով-2016» գիտաժողովում։ Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հարևան երկրներին հորդորեց «որքան հնարավոր է շատ ջանքեր գործադրել դիվանագիտության միջոցով, ինչպես նաև միջազգային հանրության ակտիվ մասնակցությամբ սրացումը խաղաղ ավարտելու համար»։ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին մտահոգություն հայտնեց «հարևան երկրներում իրավիճակի թեժացման հետ կապված» և հույս հայտնեց, որ միջազգային հանրության ջանքերի շնորհիվ հնարավոր կդառնա թուլացնել լարվածությունը։ Ապրիլի 21-ին նա հանդես է եկել ևս մեկ հայտարարությամբ ԵԽԽՎ խորհրդաժողովում (Ստրասբուրգ) իր ելույթի ժամանակ։ Նա նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին առաջարկել է բանակցություններ անցկացնել Վրաստանում՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար, քանի որ այն «կարող է բացասաբար ազդել ամբողջ տարածաշրջանի անվտանգության վրա»։
Ապրիլի 5-ին Թբիլիսիում, Վրաստանի կառավարության շենքում տեղի ունեցավ ևս մեկ աշխատանքային հանդիպում՝ նվիրված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, որին մասնակցեցին վարչապետ Գ.Կվիրիկաշվիլին, ուժային նախարարությունների ղեկավարները, ԱԳ նախարարը, ինչպես նաև երկրի նախագահ Գ.Մարգվելաշվիլին և Անվտանգության խորհրդի քարտուղար Իրինա Իմերլիշվիլին։
Հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ հայտարարություններով հանդես եկան նաև ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն, Վրաստանի ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին, խորհրդարանական մեծամասնության ղեկավար Գեորգի Վոլսկին, վրացի պատգամավորներ և հասարակական-քաղաքական գործիչներ։
Վրացի փորձագետները նույնպես անդրադարձել են ոչ միայն հարցին Վրաստանի հնարավոր միջնորդությանը (Վախթանգ Մաիսայա), այլև կանխատեսումներ են արել, թե ինչպիսին կարող են լինել հետևանքները լայնամասշտաբ ռազմական գործողությունների, հակամարտության մասնակիցների ընդլայնման (Ռուսաստան, Թուրքիա, Իրան), ինչպես նաև մարտական գործողությունների՝ Վրաստանի տարածք տեղափոխման (Սերգի Կապանաձե) պարագայում։ Այսպիսով, վրացական փորձագիտական հանրույթը, որը մինչ այդ այնքան էլ լուրջ չէր վերաբերվում ղարաբաղյան հիմնախնդրին, այժմ փորձում է վերիմաստավորել այն՝ ջանալով օպտիմալ լուծումներ և սցենարներ գտնել, որոնք կբխեն Վրաստանի ազգային անվտանգության շահերից։
Ամփոփելով այս հայտարարությունները՝ նշենք, որ պաշտոնական Թբիլիսիի պահվածքի տրամաբանությունը եղել է պոզիտիվ չեզոքության պահպանումը։ Այս հռետորաբանությունը կապված է Վրաստանում էթնիկ հայերի (168 հազ. 2014թ. մարդահամարի տվյալներով) և ադրբեջանցիների (233 հազ.) մեծ թվաքանակի առկայության հետ, ինչպես նաև հիմնվում է Վրաստանի Ազգային անվտանգության հայեցակարգի վրա, որտեղ նշված է, որ «Ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունը սպառնալիք է ստեղծում տարածաշրջանի բոլոր երկրների կայունության համար»։ «Վրաստանը ողջունում է այս հակամարտության խաղաղ կարգավորումը, ինչպես նաև միջազգային հանրության ավելի ակտիվ մասնակցությունը խաղաղ գործընթացին։ Սա կնպաստի տարածաշրջանային անվտանգության և համագործակցության ամրապնդմանն ու զարգացմանը»,- ասվում է փաստաթղթի տեքստում։
Վրաստան-Ռուսաստան. Ռուս-վրացական հարաբերությունների համար անցած ապրիլը, ինչպես և մարտը, բավական լարված է եղել։ Ապրիլի սկզբին բանավեճի թեման ռուսաստանյան պատվիրակության մասնակցությունն էր ԵԱՀԿ ԽՎ՝ Թբիլիսիում 2016թ. հուլիսի 1-5-ին կայանալիք ամառային նստաշրջանին։ Հիմնական խնդիրը Ռուսաստանի պատվիրակության կազմում այն պատվիրակների ներկայությունն է, ովքեր այցելել են Աբխազիա և Հարավային Օսիա, որոնք Վրաստանը համարում է «օկուպացված տարածքներ» և որտեղ այցելելու համար մուտքի որոշակի ընթացակարգ գոյություն ունի՝ Վրաստանի տարածքից։ Մնացած բոլոր երթուղիները (Ռուսաստանի հյուսիսկովկասյան տարածքից) արգելված են Վրաստանի «Օկուպացված տարածքների մասին» օրենքով։
Ապրիլի սկզբին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր («Ազատ դեմոկրատներ» ընդդիմադիր խմբակցություն) Վիկտոր Դոլիձեն վրացական լրատվամիջոցներին ասել է, որ Ռուսաստանի խորհրդարանական պատվիրակությունը պետք է գա Թբիլիսի՝ ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին մասնակցելու՝ չխախտելով վրացական օրենսդրությունը։ Այս մասին խոսվել է նաև ավելի վաղ՝ մարտի 16-ին, ռուս-վրացական «Կարասին-Աբաշիձե» ձևաչափով բանակցությունների հերթական ռաունդում (Պրահա)։ Ապրիլի 2-ին «Վրացական երազանք – Դեմոկրատական Վրաստան» խմբակցության նախագահ Գեորգի Վոլսկին ասել է, որ Ռուսաստանի պատվիրակությունը, որը գալու է Վրաստան՝ մասնակցելու ԵԱՀԿ ԽՎ նստաշրջանին, մուտքի հետ կապված խնդիրներ չի ունենա, քանի որ համապատասխան խնդրանքով Վրաստանին արդեն դիմել է ԵԱՀԿ ԽՎ-ն։
Այս ֆոնին ռուս-վրացական հարաբերությունների առավել վիճահարույց հարցն անցած ապրիլին եղել է Ռուսաստանի Դաշնության կազմում Հարավային Օսիայի մուտքի վերաբերյալ հանրաքվեի հնարավոր անցկացումը, ինչի մասին ավելի վաղ հայտարարել էր Հարավային Օսիայի նախագահ Լեոնիդ Տիբիլովը։ Պաշտոնական Թբիլիսիի հակազդեցությունը երկար սպասել չտվեց։ Վրաստանի եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարար Դավիթ Բաքրաձեի խոսքերով՝ դա «ոչ մի իրավաբանական ուժ չի ունենա»։ Վրաստանի փոխարտգործնախարար Դավիթ Զալկալիանին, իր հերթին, հանրաքվեի անցկացման ցանկությունն անվանել է «սադրանք»։ Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ Գիա Վոլսկին հույս է հայտնել, որ Մոսկվան «ողջամտություն կցուցաբերի»։
Վիճահարուց հարցերից մեկն էլ դարձավ ապրիլի 15-ին ՌԴ Պետդումայի կողմից Ռուսաստանի և Հարավային Օսիայի միջև պետական սահմանի մասին պայմանագրի վավերացումը՝ ստորագրված 2015թ. փետրվարի 18-ին Մոսկվայում (որպես պետական սահմանի հիմք է ընդունվել վարչատարածքային սահմանը ՌԽՖՍՀ-ի և Վրացական ԽՍՀ-ի միջև, որը գոյություն ուներ ԽՍՀՄ փլուզման պահին)։ Դրանից հետո հնչեցին դատապարտող հայտարարություններ վրացական իշխանությունների կողմից։ Մեկնաբանելով Ռուսաստանի Պետդումայի որոշումը՝ Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին նշել է, որ «իրականացվել է ապօրինաբար ստորագրված ապօրինի պայմանագրի ապօրինի վավերացում»։
Այս ֆոնին դրականն այն էր, որ ավելի քան 7 ամիս ընթացող բանակցություններից հետո ապրիլի սկզբին ռուսաստանյան «Գազպրոմ» պետական ընկերությունը և Վրաստանը համաձայնեցրին և ստորագրեցին ռուսական գազը հին սխեմայով Հայաստան տարանցելու ապահովման և վճարման հերթական պայմանագիրը, որի համաձայն՝ 2016թ. ընթացքում Թբիլիսին նորից կստանա Ռուսաստանից Հայաստան տեղափոխվող բնական գազի 10%-ը։
Արդեն ամսվա վերջին՝ ապրիլի 26-ին, Associated Press գործակալությանը տված հարցազրույցում Վրաստանի վարչապետ Գ.Կվիրիկաշվիլին, խոսելով իր երկրի արտաքին քաղաքականության մասին, նշել է, որ հետխորհրդային Վրաստանի ապագան Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ լինելն է, միևնույն ժամանակ Վրաստանի իշխանությունները պետք է փորձեն կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ «ի վնաս տարածքային ամբողջականության և ինքնիշխան ընտրության»։
Վրաստան-ԵՄ. Ապրիլին առավել արդյունավետ են եղել Վրաստանի փոխհարաբերությունները ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ, այդ թվում՝ Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ վիզային ազատականացման հարցում։ Ամսվա սկզբին՝ ապրիլի 2-ին, Թբիլիսի այցելեց Միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով Եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսը, որը Վրաստանի ղեկավարության՝ վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու և կառավարության անդամների հետ բանակցություններում քննարկեց Եվրահանձնաժողովի հաշվետվությունը, որում դրական գնահատական է տրվել Վրաստանում իրականացված բարեփոխումներին, ինչպես նաև օրենսդրական և ինստիտուցիոնալ փոփոխություններին, որոնք նախատեսված են Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրով։ Եվրապաշտոնյան հավաստիացրել է պաշտոնական Թբիլիսիին, որ հետագայում ևս աջակցություն կցուցաբերվի Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման գործընթացին։ Գնահատելով եվրահանձնակատարի այցը՝ Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն նշել է, որ Թբիլիսիի և ԵՄ հարաբերություններն «անցնում են նոր մակարդակ», և հույս է հայտնել, որ շուտով Եվրամիության կառույցների կողմից կմտվցի անվիզա ռեժիմ իր երկրի քաղաքացիների համար։
Արդյունքը երևաց հետո, երբ ապրիլի 25-ին Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի կոմիտեները պաշտպանեցին Եվրահանձնաժողովի օրենսդրական առաջարկությունը (արված 2016թ. մարտի 9-ին)՝ անվիզա հաղորդակցություն մտցնել Վրաստանի քաղաքացիների համար։ Հաջորդ քայլը լինելու է հարցի քննարկումը Եվրախորհրդարանի մայիսյան լիագումար նիստում, ինչից հետո հարցը կտեղափոխվի ԵՄ Նախարարների խորհուրդ։ Երկու օրգանների դրական եզրահանգման դեպքում ԵՄ-ը Վրաստանի քաղաքացիների համար կմտցնի 90-րդ անվիզա ռեժիմը (ցանկացած 180 օրվա ընթացքում) Շենգենյան գոտու տարածքում։ Պաշտոնական Թբիլիսին ակնկալում է, որ անվիզա ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար կմտցվի 2016թ. հուլիսի 15-ից։
ԵՄ-Վրաստան խորհրդարանական ասոցիացիայի կոմիտեի խորհրդաժողովում արդեն (ապրիլի 25-26, Բրյուսել) կոմիտեն ընդունել է Վրաստանի իրականացրած «բարեփոխումների հաջողությունը», ինչպես նաև «առաջընթացը բոլոր ոլորտներում», որոնք ընդգրկում են Վիզային ազատականացման գործողությունների պլանի (VLAP) բոլոր չորս հատվածները։ ԵՄ-Վրաստան ասոցիացիայի կոմիտեն դիմել է Եվրախորհրդարանին՝ հորդորելով ամառային նստաշրջանում դիտարկել Վրաստանին վիզային ազատականացում տրամադրելու հարցը, ինչը գրանցվել է համապատասխան բանաձևում, որն ընդունվել է Բրյուսելում կայացած խորհրդաժողովի արդյունքների հիման վրա։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ – ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆՕՐՅԱԿՈՒՄ (հիմնական իրադարձությունների տեսություն)[21.12.2016]
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (հիմնական իրադարձությունների տեսություն)[29.11.2016]
- ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ[24.11.2016]
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ (Հիմնական իրադարձությունների տեսություն)[31.10.2016]
- ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ[28.10.2016]
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (Հիմնական իրադարձությունների տեսություն)[30.09.2016]
- ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ[30.09.2016]
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻՆ (Հիմնական իրադարձությունների տեսություն)[16.09.2016]
- ՎՐԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՄԻՋԱՆՑՔԸ[01.09.2016]
- ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ՀՈՒՆԻՍԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ[27.07.2016]
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈՒՆԻՍԻՆ (հիմնական իրադարձությունների տեսություն)[26.07.2016]