
ԱԶԱՏ ԱՌԵՎՏՐԻ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Վալերի Բյուգո (Valérie Bugault), իրավաբանական գիտությունների դոկտոր, իրավաբանական և տնտեսական աշխարհաքաղաքականության հարցերով վերլուծաբան
Աղբյուրը՝ ("The Saker")
Խմբագրի կողմից. Սա ֆրանսիացի հրապարակախոս Վալերի Բյուգոյի երկրորդ հոդվածն է (առաջինը կենտրոնական բանկերի մասին կարդացեք այստեղ)։ Հոդվածում քննարկվում են ազատ առևտրի զարգացման և տարածման հարցերը։ Մեզ երկար համոզում էին, և մենք վարժվել ենք համարել, որ ազատ առևտուրը միշտ լավ է։ Սակայն հեղինակն ուշադրություն է դարձնում ազատ առևտրի բացասական սոցիալական հետևանքների և, մասնավորապես, պետության դերի ու ազգային ինքնիշխանության խարխլման վրա։ Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների համատեքստում, որոնք սկիզբ առան ԵՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի, ինչպես նաև հենց ԵՄ անորոշ ապագայի հետ կապված, կարևոր է պարզել, թե ինչ է այս երևույթը։
1. Ազատ առևտրի պատմությունը
Ազատ առևտուրը կոմերցիայի ազատության ավելի լայն սկզբունքի ձևերից մեկն է։ Հետևաբար, խոսքը կապիտալիստական տիպի ընկերությունների գործելակերպում կիրառվող առևտրային հայեցակարգի մասին է։
Ազատ առևտուրը, կոմերցիայի ազատության անվան տակ, համաշխարհային բոլոր ընկերություններին դնում է մրցակցության մեջ միջազգային մակարդակով։ Արդյունքում՝ դա անխուսափելիորեն հանգեցնում է փոքր և միջին ձեռնարկությունների անհետացմանը հօգուտ տնտեսապես ավելի արտադրողական բազմազգ ընկերությունների, բայց ոչ թե դրանց արտադրության արդյունավետության, այլ տարբեր շուկաներում նրանց ունեցած կշռի պատճառով։ Այլ խոսքով՝ ազատ առևտուրը միջազգային մակարդակում իրապես նպաստում է տնտեսական գիշատչությանը, որն իրականացվում է առավել խոշոր տնտեսական գործակալների կողմից ավելի թույլերի նկատմամբ, այսինքն՝ նպաստում է կապիտալի կենտրոնացմանը։ Ազատ առևտրի այսպիսի արդյունքի կանխատեսելիությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այն, ըստ էության, նշյալ սկզբունքի ծպտված նպատակն է։
Այսպիսով, կոմերցիայի ազատությունն ազատ առևտրի միջոցով ուղղված է ոչ թե մանր ձեռներեցներին ծառայելուն, այլ, ընդհակառակը, նրանց ստրկացնելուն՝ աղավաղված և անսանձ մրցակցության օգնությամբ։ Ազատ առևտրի ճանապարհով կոմերցիայի ազատությունը չի ծառայում նաև քաղաքացիների շահերին՝ չհանգեցնելով գների ընդհանուր իջեցման, քանի որ նրան բնորոշ կապիտալի կենտրոնացումն, ըստ էության, հակադրվում է դրան։ Ի վերջո, ազատ առևտուրը ենթարկվում է միայն իր տիրոջ (ոչ մեծ մի կաստա, որը տնօրինում է համաշխարհային հիմնական կապիտալներին) շահերին։ Այդ կաստան գիտակցաբար կազմակերպել է երկրագնդի նյութական բարիքների մեծ մասի զավթումը՝ շնորհիվ համաշխարհային բանկային և կոմերցիոն համակարգերի վերահսկողության, ինչը թույլ է տալիս նրան կազմակերպել և պահել բանկային և ֆինանսական ճգնաժամերը1:
Եվրոպական մակարդակով.
Ինչ վերաբերում է եվրոպական ինստիտուտներին, ազատ առևտրի գաղափարախոսությունն ունեցել է հետևյալ ժամանակագրությունը.
1957թ. մարտի 25-ի Հռոմի պայմանագիրը Եվրոպական տնտեսական համակարգի (ԵՏՀ) ստեղծման մասին. կապիտալի ազատ շարժը պաշտոնապես գրանցվեց, բայց դեռ արդյունավետ չեղավ։
1988թ. Եվրոպական խորհրդի դիրեկտիվը՝ այսպես կոչված Դելոր-Լամի դիրեկտիվ, որը նախատեսում է կապիտալի շուկայի լիակատար ազատականացում 1990թ.։
Մաասթրիխտի պայմանագիրը (1992) և Եվրոպական միության գործառնության մասին պայմանագրի (ԵՄԳՊ) 32, 45, 49-55 և 63 հոդվածները2 (ապրանքների, աշխատուժի ազատ տեղաշարժ, կապիտալի ստեղծման և տեղաշարժի ազատություն), որոնք բխում են Լիսաբոնի պայմանագրից, որը վավերացվել է Ֆրանսիայի կողմից իշխանության քաղաքական չարաշահման ճանապարհով, եվրոպական մակարդակով ավարտում են Ֆրանսիայում 1791թ. սկսված աշխատանքը՝ օտարերկրյա ընկերություններին լիակատար ազատություն տրամադրելով (առանց որևէ սահմանափակման)՝ հիմնվել եվրոպական տարածքներում, և այլևս չպաշտպանելով իրենց քաղաքացիներին։
Ընդ որում՝ հարկ է նշել, որ Եվրոպայի այն կառուցվածքը, որը պատմականորեն հիմնվել էր 1952թ.՝ ածխի և պողպատի ընդլայնված շուկայի ստեղծմամբ (Ածխի և պողպատի եվրոպական միավորում, ԱՊԵՄ), ավարտվում է պետության՝ որպես քաղաքական սուբյեկտի, հայեցակարգի անհետացմանը զուգահեռ (պետական ինքնիշխանության լիակատար անհետացման պատճառով), այնպիսի ինստիտուտների ստեղծմամբ (Եվրոպական միություն), որոնք կախված են տրանսազգային կորպորացիաներից։ Պետությունը փոխարինվում է ժողովուրդներից միանգամայն անկախ վերազգային ինստիտուտներով։
Միջազգային մակարդակով.
Միջազգային մակարդակով 1947 թվականն է համարվում ազատ առևտրի տեխնիկական առաջընթացի երկրորդ փուլը, երկրորդ հենակետը։ Արդեն 1947-ից սկսած ՍԱԳՀ-ն (Սակագների և առևտրի մասին գլխավոր համաձայնագիր) ստեղծում է միջազգային կոմերցիայի մատրիցան՝ հիմնված ազատ առևտրի վրա։ Այնուամենայնիվ, պետք էր սպասել 1994թ. Մարաքեշյան համաձայնագրերին, որոնք ստեղծեցին Առևտրի համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)՝ միջազգային մակարդակով ազատ առևտրի կարգի իրական հաստատման համար։ Ուշադրություն դարձրեք, որ միջազգային այս նոր կարգի ստեղծումը տեղի ունեցավ գրեթե ծածուկ, քանի որ բխում է Ուրուգվայի ռաունդի եզրափակիչ ակտի պարզ հավելվածից։
Սկզբում ազատ առևտրի վրա հիմնված գլոբալ տնտեսական կազմակերպության իրագործումը ծրագրվում էր Բրեթոն-Վուդյան համաձայնագրերի շրջանակներում3: Սակայն, տարաձայնությունների պատճառով, որոնք հանգեցրին այս հարցի շուրջ պայմանավորվածությունների խափանմանը, խոշորամասշտաբ կոմերցիոն նախագիծը հրապարակվեց միայն ԱՀԿ ստեղծման ժամանակ։
Առևտրի համաշխարհային կազմակերպության ստեղծումից հետո սկսեցին ազատ առևտրի մասին համաձայնագրեր կնքվել գրեթե ամենուրեք։
Մեծ տրանսխաղաղօվկիանոսյան և տրանսատլանտյան շուկաներ
Միասնական շուկաների (տրանսատլանտյան, որի շուրջ ընթանում են բանակցություններ, և տրանսխաղաղօվկիանոսյան, որն արդեն ստորագրվել է 2016թ. փետրվարի 4-ին4) իրականացումը դառնալու է առևտրի՝ որպես բարձրագույն սոցիալական համաշխարհային կարգի, հաստատման եզրափակիչ ակտը։
Եթե Եվրոպական միության ստեղծման ժամանակ օգտագործված մեթոդը որդեգրվի, ինչն ավելի քան հավանական է՝ հաշվի առնելով նրա ունեցած հաջողությունը, ազատ առևտրի մասին տարբեր համաձայնագրերը, որոնք ստեղծում են տրանսատլանտյան շուկան (Տրանսատլանտյան առևտրային և ներդրումային գործընկերություն – TTIP, Համակողմանի տնտեսական և առևտրային համաձայնագիր – СЕТА, Սպասարկումների առևտրի մասին գլխավոր համաձայնագիր - TISA)՝ գումարած միասնական տրանսխաղաղօվկիանոսյան շուկան, կդառնան աշխարհի կառավարման համար պատասխանատու ինստիտուտների ստեղծման շուրջ ավելի լայն պայմանավորվածությունների ստեղծման հերթական աստիճանը։
Այդ ժամանակ, մեթոդի հետ կապված, գիշատչական օլիգարխիան աշխարհի տարբեր երկրների քայլ առ քայլ կտանի դեպի երկար սպասված նոր աշխարհակարգ (ՆԱԿ)։ Գլոբալիզմի հեղինակների և կողմնակիցների կիրառած մարտավարությունը միշտ նույնն է. յուրաքանչյուր հաջորդ քայլ թելադրվում է նախորդի կողմից։ Ավելորդ է ասել, որ ՆԱԿ-ին սպասում են ոչ թե ժողովուրդները, այլ անգլոսաքսոնական ծագում ունեցող տրանսազգային օլիգարխիան5, օլիգարխիա, որը զավթել է քաղաքական իշխանությունն Արևմուտքում՝ մեթոդաբար օգտագործելով արժույթն ու կոմերցիան6, որի կարևոր բաղադրիչներից մեկն է ազատ առևտուրը՝ որպես քաղաքական տիրապետության զենք։ Պետական ռազմական ուժը, մասնավոր աշխարհազորայինները և պատերազմը կամ նեցուկ են ծառայում, երբ քաղաքական տիրապետությունը տնտեսական մեթոդով չի հաջողվել, կամ էլ հանդիսանում են անհնազանդ քաղաքական առաջնորդներին տնտեսական տիրապետություն պարտադրելու միջոցներ։
Տրանսատլանտյան շուկայի քաղաքական համատեքստը. Եվրոպական կառավարություններն ընդդեմ իրենց քաղաքացիների
ԱՄՆ Կոնգրեսը 2015թ. հունիսին քվեարկել է հօգուտ նախագահ Օբամայի լիազարությունների մեծացման, որպեսզի նրան թույլ տրվի որքան հնարավոր է արագ կնքել առևտրային համաձայնագրեր Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Եվրամիության հետ։ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանին վերաբերող առաքելությունն այսօր լիովին իրականացվել է այդ կամակատար նախագահի կողմից։
Տրանսատլանտյան շուկայի վերաբերյալ Ֆրանսիայի7 և Գերմանիայի8 առաջնորդները շտապում են ավարտել ընթացող բանակցությունները, որոնք, նրանց կարծիքով, առանց այդ էլ շատ են ձգձգել փաստաթղթի ստորագրումը։ Արևմտյան առաջնորդները, կառավարությունները և Եվրահանձնաժողովն9 իրականում չափից ավելի հետաքրքրված են, որպեսզի որքան հնարավոր է արագ անցնեն ստորագրման փուլին։ Նրանց վերջնանպատակն այն է, որ հասնեն10 խոշոր պայմանագրի ուժի մեջ մտնելուն՝ առանց ազգային և եվրոպական խորհրդարանների համաձայնության, որոնք չափազանց դանդաղաշարժ և անհուսալի են համարվում։ Ուշադրություն դարձրեք, որ քաղաքացիների աննախադեպ մոբիլիզացիայի պատճառով Եվրախորհրդարանը հետաձգել է այս հարցի քվեարկությունը։ Դեռ երբեք միջազգային համաձայնագրերի ստորագրումը հանրության նման համախմբում չէր առաջացրել, որը հիմնականում թշնամաբար է վերաբերվում այդ պայմանագրերին11։
2. Ազատ առևտուրը պետության հայեցակարգի ժխտումն է
Անդրադառնանք այդ միասնական շուկաներն ստեղծող ազատ առևտրի պայմանագրերի մոդելի բովանդակությանը։
Ազատ առևտրի կայսրությունում կանխիչ կամ էլ պարզապես նախազգուշական ցանկացած օրենսդրական փաստաթուղթ անհնար է դառնում, քանի որ այն պատնեշ է հանդիսանում մեծ ագրոարդյունաբերական կարտելների, դեղագործական կամ քիմիական արդյունաբերության քիչ թե շատ համարձակ ներդրումների համար։ Այլ կերպ ասած՝ պետք է «ազատ արձակել» գենամոդիֆիկացված արտադրանքի ձեռքերը, խթանել վատ կերակրված և հակաբիոտիկներով ներարկված կենդանիների անմարդկային և ինտենսիվ աճեցումը, մսի և ձկան պահպանման կասկածելի պայմանները (քլորացված մսամթերք), պարարտանյութերից և տարբեր պեստիցիդներից շնչահեղձ լինող գյուղտնտհանդակները (ինչպիսին է «Ռաունդափ» անունը կրող գլիֆոսատը՝ «Օրանժ գործակալի» հանրահայտ ժառանգը, որն ամերիկացիների կողմից լայնորեն կիրառվում էր Վիետնամում պատերազմի ժամանակ՝ ֆոլիազրկելու համար բուսականությունը), ռեստորաններում և սննդի մեջ օգտագործման համար անպետք յուղերի օգտագործումը և այլն։
Ազատ առևտուրը հարկադրում է պետություններին հրաժարվել ինչպես իրենց հարկային ռեսուրսների զգալի մասից և, հետևաբար՝ դրանց ֆինանսական հնարավորություններից, այնպես էլ նրանց ինքնիշխան օրենսդրական արտոնությունից՝ կապված իրենց քաղաքացիների հանդեպ պաշտպանական միջոցներ սահմանելու անհնարինության հետ։ Այս ծրագիրը պետությունների կողմից իրականացվում է իրենց տարածքում մի քանի սեփականատերերի պատկանող տրանսազգային կորպորացիաների ստեղծմանն աջակցելու նպատակով։
Այս համատեքստում ազատ առևտուրը կազմակերպում է պետական քաղաքականության սկզբունքի վերացումը հենց պետության կողմից։ Ազատ առևտրի նպատակը հենց այն է, որ պետությանը հասցնի սեփական հանրային օգտակարության վերացման. օլիգարխիան կազմակերպում է պետական ինքնասպանություն՝ նրա ինքնիշխան արտոնությունների վերացմամբ։ Իսկապես, պետության կողմից պաշտպանական գործառույթը կորցնելու պահից սկսած՝ նրա դերն ու պարտականությունները, միանշանակ, կվիճարկվեն առաջին հերթին հենց այն մարդկանց կողմից, ովքեր կազմակերպել են նրա թուլացումը։ «Նա, ով ուզում է ազատվել սեփական շնից, ասում է, թե շունը կատաղած է» ֆրանսիական արտահայտությունը քաղաքական այս ռազմավարության հիանալի արտացոլումն է։
Հռչակված սկզբունքների պահպանումն ապահովելու համար ազատ առևտրի պայմանագրերի մոդելը ներառում է մի կետ, որը նախատեսում է վեճերի այսպես կոչված լուծում, որը թույլ է տալիս պետություններին չկատարել նշված սկզբունքները։
Վեճերի լուծման մասին հոդվածը ազատ առևտրի պայմանագրերի մոդելում տրանսազգային կորպորացիաներին իրավունք է ընձեռում դատի տալ պետություններին, որոնք հանդգնություն են ունեցել գործողության մեջ դնել պաշտպանական նորմեր, որոնց երկրորդային էֆեկտը կարող է դառնալ տրանսազգային կորպորացիաների ներդրումներից սպասվող շահույթի փոքրացումը կամ զրոյացումը։
Ինչ կարելի է ասել TTIP-ում այս հատուկ կետի վերաբերյալ. իր անհամաձայնությունն արտահայտած հանրության առջև պատշաճությունը պահպանելու համար Եվրամիության առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրյոմը, որը բանակցությունների ժամանակ ներկայացնում է Եվրամիությունը, ծրագրում է վեճերի կարգավորման համար նախատեսված իրավարար դատարանը վերածել հանրային դատարանի։ Մշտական հանրային դատարանը, որը վճարվում է պարզամիտ եվրոպացի հարկատուների կողմից, պատասխանատվություն է կրելու այն պետություններին պատժելու համար, որոնք իրենց քաղաքացիներին պաշտպանող, բայց ներդրումներից ակնկալվող շահույթը նվազեցնող օրենսդրություն են ընդունել։ Ահա թե որն է ԵՄ առաջարկած դեմոկրատական առաջընթացը. իրավարար դատարանը, որի համար վճարում են վիճող կողմերը, ֆիրման և կառավարությունը, փոխարինել «պետական ներդրումների դատարանով», որը լիովին ֆինանսավորվում է ի հաշիվ պետության, ասել է թե՝ ի հաշիվ հարկատուների, տրանսազգային կորպորացիաների մասնավոր ներդրումների պաշտպանության նպատակով։ Գլոբալիստների գեղեցիկ հռետորաբանությո՛ւն։
Ազատ առևտուրը «ոչ մի օրենք, բացի նրանցից, որոնք թույլ են տալիս անսահման առևտուր՝ առանց որևէ պայմանի և ամենուրեք»-ի հոմանիշն է, ներառյալ մարդկային մարմնի մասերն ու օրգանները, որը փաստորեն, հակազդող ուժի վերացման պատճառով, թույլ է տալիս թունավորել օդը, ընդերքը և սննդամթերքը պեստիցիդներով և դեղաքիմիական հզոր կոնգլոմերատի այլ արտադրանքով։
Կոմերցիան և ազատ առևտուրը կարող են գոյություն ունենալ միայն կանոնակարգող և մոնոպոլացումն արգելող պատնեշներից ազատվելով։ Այս համատեքստում պետությունները և նրանց ինստիտուտները դիտարկվում են որպես պոտենցիալ խոչընդոտներ բոլոր ուղղություններով առևտրի զարգացման համար։ Հետևելով ազատ առևտրի օրենքին՝ պետությունները և դրանց հաստատությունները՝ ժողովրդի վերջին բաստիոնները, քաղաքական լանդշաֆտից անհետանալու հակում ունեն՝ զրկելով նրան ցանկացած կորպորատիվ մարմնից, բացառությամբ արդեն ոչ պաշտոնապես իշխող օլիգարխիայի։
Ազատ առևտրի նպատակն այն է, որ ճակատագրական լինի դեմոկրատիայի, ժողովուրդների ինքնորոշման ազատության, անձի և բոլորի համար մասնավոր սեփականության ազատության համար։ Գլոբալիստները հռետորաբանության անզուգական վարպետներ են։ Շնորհիվ «առևտրի ազատություն բոլորի համար» խորապես պաշտպանվող պատրանքի՝ պետական լիազորությունների վերացումը նպաստավոր կլինի ղեկի մոտ գտնվող օլիգարխիայի համար։
Ազատ առևտուրը ենթադրում է իշխանության վերջնական զավթում տնտեսական մարմնի կողմից, որը ձևավորվել է քաղաքացիների կողմից վերահսկվող քաղաքական ինստիտուտների հիման վրա։ Այն իրականում նշանակում է կապիտալիստական ընտրանիների կողմից գլոբալ քաղաքական տիրապետության հաստատում։ Այլ խոսքով՝ կրոնի աստիճանի բարձրացված ազատ առևտուրն օլիգարխիայի կողմից օգտագործվում է որպես պետությունների, ազգերի, ժողովուրդների և առանձին անձանց վերացնելու շատ արդյունավետ զենք։ Փաստորեն, այն ծառայում է համաշխարհային տնտեսությունում գերիշխող կաստայի շահերին, որի անթաքույց նպատակը համաշխարհային պլուտոկրատիայի ստեղծումն է։
Առանց հակակշռի իշխանությունը, այսինքն՝ բացարձակ իշխանությունն է ազատ առևտրի էությունը12։ Սրանից հետևում է, որ նոր աշխարհակարգի առաջացումը կլինի ոչ այլ ինչ, եթե ոչ ֆեոդալական համակարգի վերածնունդ ողջ աշխարհում. կախվածության և ենթակայության նոր համակարգ՝ դրամավարկային և առևտրային գերիշխանության հիման վրա, այսինքն՝ աշխարհի վերահսկողություն մի քանի անձանց կողմից, ովքեր գերիշխում են համաշխարհային տնտեսությունում։
Կոմերցիայի հեղափոխական ազատությունը, որն իբր հռչակվել է բոլորի համար, վերջին հաշվով եղել է, կա ու կլինի քաղաքական, քաղաքացիական և մարդկանց մեծամասնության սեփականության ազատությունը սպանելու ամենաիսկական եղանակը։
Ազատ առևտրի նպատակը հստակ սահմանելուց հետո եկեք դիտարկենք այն պատճառը, որը հանգեցրել է այս բացահայտ չարամիտ սկզբունքի առաջացմանը։
3. Անթափանցիկությունը և կոռուպցիան՝ որպես ազատ առևտրի մեթոդաբանություն
Ազատ առևտուրն անխզելիորեն կապված է կոռուպցիայի զանգվածային, անգամ ինստիտուցիոնալ օգտագործման հետ, որն ուղեկցվում է հանրային ընդվզումների վերացմամբ և լայն մասշտաբով քաղաքական կոռուպցիայի տարածմամբ։
Կանադական օրինակը թեև հին, բայց ուսանելի է այս իմաստով։ Այն, անկասկած, ցույց է տալիս, որ ազատ առևտուրը կուլիսների հետևում, ազատության մասին գեղեցիկ և հանգստացնող պաշտոնական խոսքի հետևում ուղեկցվում է քաղաքական ընտրանու հզոր կամքի գերիշխմամբ և կոռուպցիայի լայն տարածմամբ։
Ազատ առևտրի իրական նպատակների մասին պատմող անեկդոտ է ներկայացրել Դևիդ Օրչարդն իր «Արծվի ճիրաններից. ամերիկյան էքսպանսիային կանադական դիմադրության չորս հարյուրամյակ» գրքում (կանադական պետության դեմ ամերիկյան նպատակների վերաբերյալ)։
Այս գրքում հեղինակը հղում է կատարում ԱՄՆ Պետդեպարտամենտի 1854թ. մայիսի 13-ի զեկուցմանը, որը ներկայացրել է ոմն Իսահակ Էնդրյուս (Ամերիկայի Միացյալլ Նահանգների գաղտնի գործակալ)։
«Որպեսզի օգնեմ անեքսիայի պարտիզանական շարժմանը և ազատ առևտրին Կանադայում, ես 5000 դոլար վճարեցի թերթի խմբագրին, 5000 դոլար՝ գլխավոր դատախազին, 5000 դոլար՝ գլխավոր տեսչին և 15.000 դոլար՝ Նյու Բրանսուիքի ասամբլեայի պատգամավորին։ Այսպիսով, ես միջոցներ ձեռնարկեցի, որոնք պահանջում էր Նյու Բրանսուիքի իրավիճակը, որպեսզի չափավորեմ ընդդիմությանը և հանգստացնեմ հանրությանը։ Ինձ հաջողվեց գալ [...]՝ մինչև Նյու Բրանսուիքի օրենսդիր մարմնի նստաշրջանի ավարտը և այդպիսով խուսափել ազատ առևտրի մասին քննարկման առաջարկված համաձայնագրի կամ ցանկացած այլ կործանարար օրենսդրության վերաբերյալ որևէ բանավեճից։ Ես ծախսեցի ավելի քան 100.000 դոլար, որպեսզի համոզեմ հայտնի գործիչներին աջակցել Միացյալ Նահանգների կողմից Կանադայի անեքսիային կամ, այլ խոսքերով՝ Միացյալ Նահանգների հետ ազատ առևտրի մասին։ Բայց այդ գումարը խամրում է այն առավելությունների համեմատ, որոնք ստացվելու են մշտապես, ինչպես նաև այն իշխանության և ազդեցության առջև, որոնք տրվելու են ընդմիշտ մեր համադաշնությանը»։
Եվրամիության գործառնությունը (ինստիտուտ, որը հիմնվել է ազատ առևտրի օգնությամբ և հենց դրա շահերից ելնելով) բազմազգ ընկերությունների կողմից իրականացվող քաղաքական կոռուպցիայի զանգվածային ինստիտուցիոնալ օգտագործման մեկ այլ օրինակ է։ Այդ կոռուպցիան կրում է անգլիական քաղցր անվանում՝ լոբբիզմ։ Եվրամիությունում օրենսդրական իշխանությունը գտնվում է որոշումներ կայացնող չընտրված մարդկանց՝ եվրահանձնակատարների ձեռքում, որոնք իրենց պաշտոնում հաստատվել են եվրոպական գործադիր իշխանությունների և այլ հաստատությունների կողմից, ինչպես, օրինակ, Միջազգային հարաբերությունների խորհրդի կողմից, որոնք նպաստում են աշխարհի տնտեսական կոնսոլիդացմանը տարածաշրջանային բլոկներով։ Եվրահանձնաժողովն իր կառուցվածքով նվիրված է օլիգարխիական շահերին։
Տրանսատլանտյան շուկայի մասին բանակցությունները շղարշող գաղտնիքը ազատ առևտրի կառուցվածքի բացարձակ անթափանցիկության ևս մեկ դրսևորումն է՝ ուղղված պետական քաղաքական ինստիտուտների արգելափակմանը։ Եվրոպական խորհրդարանականները մեծ տրանսատլանտյան շուկայի վերաբերյալ բանակցություններին սոսկ ուշացած և սահմանափակ մուտքի իրավունք ունեն. որևէ իրական հանրային բանավեճ չի ընթանում։ Ընտրովի պաշտոնատար անձանց համար աշխատանքային փաստաթղթերը հասանելի են դառնում խիստ վերահսկվող պայմաններում13։ Այլ պետությունների խորհրդարանականների համեմատ՝ գերմանացի խորհրդարանականներն (ինչը զարմանալի չէ) այդ փաստաթղթերի հանդեպ ավելի մեծ մուտքի իրավունք ունեն, բայց պաշտոնապես զրկված են դրանք պատճենելու իրավունքից14։
Ամփոփում. Ազատ առևտրից մինչև քաղաքակրթության անհետացում
Ազատ առևտուրը ողջ աշխարհում կազմակերպում է տնտեսական գիշատչության իսկական մոդել, որն արագ վերածվում է քաղաքական, աշխարհաքաղաքական և քաղաքակրթական գիշատչության։ Գիշատչության այս բարձրագույն աստիճանը տնտեսական գիշատչության մեխանիկական հետևանքն է, որն ինքնաբերաբար ծնում է կապիտալի հսկայական կենտրոնացում։ Ազատ առևտրի միջոցով հիմնական բաժնետերերի կողմից կառավարվող շատ խոշոր ընկերությունները զավթում են պետության հանդեպ ինստիտուցիոնալ վերահսկողությունը։
Լիովին ազատ առևտրի ոլորտը, որը հասկացվում է որպես խոշոր կապիտալիստների կաստայի աշխարհաքաղաքական գերիշխանություն, այսօր այլևս չի սահմանափակվում տեխնիկական և գիտական գիտելիքներով. այն զարգանում և առաջ է ընթանում նրանց առաջընթացի հետ միասին։ Այսպիսով, այն ժամանակ, երբ կոմերցիոն հանրությունը թույլ է տալիս իրականացնել սեփականության բոլոր ձևերով (լեգալ, թե անլեգալ) առևտուր, հնարավոր է դառնում վաճառել ոչ միայն մարդկային մարմինը, այլև, նախևառաջ, նրա մասերը՝ ըստ էության կասկածի տակ դնելով մարդկային օրգանիզմի ամբողջականության հայեցակարգը։ Սրա վրա աշխատող խոշոր կապիտալիստների հազիվ թաքցվող նպատակը, թվում է, հավերժության ձեռքբերումն է, ինչն արդարացնում է ներդրվող հսկայական կապիտալը (մանավանդ այնպիսի ընկերության կողմից, ինչպիսին է Google-ը) տրանսհումանիզմի նախագծում։
Պետությունների վերացումից բացի, լիակատար ազատ առևտուրը, որպես սոցիոլոգիական հետևանք, ենթադրում է աշխարհագրական հիմքի, ազգակցական կապվածության և սերունդների միջև կապի վրա ավանդաբար հիմնված մարդկային հասարակությունների խոր փլուզում։ Դրա արդյունքն է (եթե ոչ նպատակը) նաև մարդկային մարմնի ամբողջականության վերացումը՝ մարդուն դարձնելով նյութական բարիք։ Ազատ առևտուրը նախատեսում է աշխարհ, որտեղ ֆինանսական առումով ցածր դասերն իջեցվելու են մինչև ավելի հարուստների համար մարմնական պահեստամասեր մատակարարողների կարգը։
Ազատ առևտրի ճանապարհի վերջում ոչ միայն ազգային պետությունների վախճանն է, այլև, նախևառաջ, գլոբալ ստրկացումը կամ նույնիսկ մի քայլ էլ առաջ, եթե հավատանք Ջորջիայի սթոունհենջի կանխագուշակմանը՝ Երկրի վրա ապրող մարդկանց ոչ քիչ քանակի վերացման մասին։
Այդ ճանապարհը, որը մեզ համար ծրագրվել է օլիգարխիայի ջանքերով, անխուսափելի չէ։ Ավելի ուշ15 մենք կտեսնենք, որ համաշխարհային տիրապետության՝ բացառապես ընկերությունների հայեցակարգի վրա հիմնված այդ նախագիծը կարող է կանգնեցվել պետությունների կողմից այդ հայեցակարգի պարզ իրավաբանական տիրապետման միջոցով։ Այլ խոսքերով՝ ազատության և մարդկության գոյատևումը ենթադրում է կապիտալիստական տիպի ընկերության վերականգնում սոցիալական այնպիսի մարմնում, որտեղ այն առաջացել է՝ մոտավորապես Ֆրանսիական հեղափոխության ժամանակներում, որպես քաղցկեղային ուռուցք առողջ մարմնում։ Նման շրջադարձը տնտեսական փաստը կդնի քաղաքական փաստի շրջանակում և պետության հայեցակարգին կվերադարձնի իր մեծ տոհմաբանությունը։ Ո՞ր պետությունը, պետության ո՞ր ղեկավարն ի վիճակի կլինի անել դա։
1 Այս մասին կարդացեք կենտրոնական բանկերի աշխարհաքաղաքականության վերաբերյալ գալիք հոդվածները, ինչպես նաև բանկերի և ձեռնարկությունների աշխատանքին նվիրվելիք հոդվածը։
2 Եվրոպական միության գործառնության մասին պայմանագիր։
3 http://lewebpedagogique.com/grunen/accords-de-bretton-woods-22-juillet-1944/, http://abc.economie.free.fr/gratuit/brettonwoods.html
4 http://www.lemonde.fr/economie/article/2015/10/05/partenariat-transpacifique-un-accord-entre-les-etats-unis-et-onze-pays_4782836_3234.html; http://www.lefigaro.fr/flash-eco/2016/02/04/97002-20160204FILWWW00001-l-accord-de-partenariat-transpacifique-signe.php
5 Кэрролл Куигли, Тайная история англо-американской олигархии (հրապարակվել է ԱՄՆ-ում 1981թ. և թարգմանվել ֆրանսերեն նույն թվականին, Պիեռ Հիլարի նախաբանով)։
6 Տես՛ մեր հոդվածները կենտրոնական բանկերի աշխարհաքաղաքականության և բանկերի ու ձեռնարկությունների գործառնության մասին։
7 http://www.euractiv.fr/section/commerce-industrie/news/francois-hollande-veut-accelerer-les-negociations-commerciales-avec-les-etats-unis/; http://reporterre.net/La-mobilisation-contre-le-Traite
8 http://www.latribune.fr/actualites/economie/union-europeenne/20150305triba7dc96c4a/ttip-merkel-veut-signer-avec-les-etats-unis-en-2015.html
9 http://www.latribune.fr/opinions/blogs/vu-de-bruxelles/cecilia-malmstrom-une-infirmiere-au-chevet-du-ttip-475734.html
10 Տե՛ս, օրինակ, https://stoptafta.wordpress.com
11 http://fr.novopress.info/191459/25-millions-signatures-contre-tafta-poubelle/; http://www.marianne.net/susan-george-32-millions-signatures-contre-tafta-c-est-premiere-europe-100237158.html; http://www.upr.fr/actualite/monde/tafta-l-upr-lance-une-grande-petition-pour-demander-a-francois-hollande-l-organisation-d-un-referendum; http://lexpansion.lexpress.fr/actualite-economique/europe-etats-unis-pourquoi-le-traite-tafta-ne-verra-pas-le-jour-en-2015_1643110.html
12 Դիկտատուրան, ըստ Larousse բառարանի, «քաղաքական համակարգ է, որտեղ իշխանությունը գտնվում է մեկ մարդու կամ մարդկանց խմբի ձեռքում, որոնք այն կիրառում են առանց վերահսկողության, միանձնյա ձևով»։
13 https://stoptafta.wordpress.com/2016/01/07/acces-des-eurodeputes-aux-documents-de-negociation-sur-le-tafta-ttip/; ֆրանսիացի խորհրդարանականների համար մուտքի սահմանափակ իրավունքով;
14 http://danielleauroi.fr/?p=10599, http://fr.sputniknews.com/opinion/20160127/1021251518/tafta-allemagne-documents-secrets.html
15 Հաջորդ հոդվածներն ընկերությունների աշխարհաքաղաքականության վերաբերյալ (5 և 6-րդ մասեր)։
http://www.rodon.org/polit-160427183646
դեպի ետ