• am
  • ru
  • en
Версия для печати
15.04.2016

ԻՆՏԵՐՆԵՏԻՑ ՄԻՋԻՆ ՕԳՏՎՈՂԻ ՊԱՏԿԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

   

Սամվել Մարտիրոսյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետ

Հայաստանում ինտերնետի զարգացումը հանգեցնում է նաև ներգրավման համաշխարհային ցանցային շուկայում։ Մյուս կողմից, հայաստանցի օգտատերերը բավական քիչ են օգտագործում համացանցի մի շարք գործառույթներ, օրինակ՝ էլեկտրոնային առևտուրը, էլեկտրոնային կառավարության առաջարկված ծառայությունները և այլն։

Հայաստանում ինտերնետից օգտվողների թիվը վերջին տարիներին դինամիկ աճում է, նրանց թիվը հասել է բնակչության գրեթե երկու երրորդին։ Այսպես, 2012թ. համակարգիչ օգտագործում էր բնակչության 77%-ը, 2014-ին` 83%-ը։ 2012թ. ինտերնետից օգտվում էր բնակչության 68%-ը, 2014-ին` 75%-ը։ Սակայն ակտիվ օգտվողների թիվը (օրական 3 ժամ և ավելի) գրեթե նույնն է` 24-25% վերջին տարիներին1։

Աճում է սոցիալական ցանցերում ներկայությունը. Հայաստանի տարածքից օրական մեկ միլիոնից ավելի մարդ է այցելում Օդնոկլասնիկի (տե՛ս Նկար 1), Ֆեյսբուքի օրական լսարանը հասնում է մոտ 560 հազար օգտվողի, ամսական՝ 920 հազարի, Ինստագրամի օրական լսարանը մոտ 60 հազար է։

Աճ է նկատվում նաև դոմենային տիրույթում։ Հայաստանի ազգային .am դոմենը ամենաարագ աճող եվրոպական դոմենների ցանկում երրորդն է, թիվը հասել է արդեն 30 հազարի (տե՛ս Նկար 2)2։

Սակայն հայաստանցի միջին ինտերնետից օգտվողը հիմնականում ունի այսպիսի յուրահատկություն. նա օգտվում է միանման ցանցային ծառայություններից։ Եթե դիտարկենք Հայաստանից հիսուն ամենաայցելվող կայքերը, ապա մի կարևոր դիտարկում կարելի է անել3.

• Ըստ եղած վիճակագրության՝ հիմնականում հետաքրքրվում են սոցիալական ցանցերով, պոռնոգրաֆիայով, լրատվամիջոցներով և խաղադրույքներով։

• Կայքերի հիմնական մասը, բացի լրատվականներից, հայաստանյան չէ:

Փաստացի, համացանցն օգտագործվում է ավելի շատ որպես շփվելու և պասիվ նյութեր դիտելու տիրույթ։ Որպես գործիք ցանցը գրեթե չի օգտագործվում։ Հայաստանյան ցանցային խանութներից տարվա կտրվածքով երևանցիների ընդամենը 4%-ն է օգտվում (տե՛ս Նկար 3)4.

Հայաստանյան ցանցային խանութները բավական նոր են շուկայում։ Սակայն օտարերկրյա ցանցային խանութներից օգտվողների թիվը նույնպես մեծ չէ` այն հասնում է 14,2%-ի (տե՛ս Նկար 4)5.

Բանկերի ցանցային ծառայություններից օգտվում է երկու անգամ ավելի քիչ մարդ՝ բնակչության մոտ 2%-ը (տե՛ս Նկար 5)6.

Պետության կողմից տրամադրվող էլեկտրոնային ծառայություններից բնակչությունը նույնպես չի շտապում օգտվել, չնայած դրանք շատ հարմար են։ Օրինակ, էլեկտրոնային կառավարության գլխավոր կայքն ամսական ընդամենը 30-40 հազար այցելություն է ունենում7, էլեկտրոնային վճարումների կայքը՝ ընդամենը 10 հազար8 (տե՛ս Նկար 6).

Հայաստանում, փաստորեն, ինտերնետից օգտվողների թիվը դինամիկ աճում է, սակայն հայաստանցիները հիմնականում դժվարությամբ են օգտվում ինտերնետի մի շարք արդիական հնարավորություններից։

1 Ameriabank, «Հիմնավորվա՞ծ է արդյոք հեռահար բանկային ծառայությունների տարածումը Հայաստանում», http://www.ameriabank.am/userfiles/file/Presentation%20Internet%20banking.pdf

2 CENTR. DomainWire Global TLD Report 2015/4, https://centr.org/DomainWire_Global_TLD_Report_2015_4

3 Top 50 sites in Armenia for all categories, http://www.similarweb.com/country/armenia

4 Երևանցիների միայն 4%-ն է առցանց գնումներ կատարում ՀՀ խանութներից. 17 դեկտեմբեր 2015, http://www.banks.am/am/news/retail/11590/

5 Երևանցիների միայն 4%-ն է առցանց գնումներ կատարում ՀՀ խանութներից, 17 դեկտեմբեր 2015, http://www.banks.am/am/news/retail/11590/

6 Ameriabank, «Հիմնավորվա՞ծ է արդյոք հեռահար բանկային ծառայությունների տարածումը Հայաստանում», http://www.ameriabank.am/userfiles/file/Presentation%20Internet%20banking.pdf

7 http://www.similarweb.com/website/e-gov.am#overview

8 http://www.similarweb.com/website/e-payments.am


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր