• am
  • ru
  • en
Версия для печати
05.04.2016

ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ. ՀԱՅԱՑՔ ՎՐԱՍՏԱՆԻՑ

Руский

   

Ջոնի Մելիքյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող

Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունների վերսկսման առաջին իսկ ժամերից Վրաստանի ղեկավարությունը, հիմնվելով իրավիճակի լրջության և երկրի համար հնարավոր հետևանքների վրա, ինչպես նաև ելնելով ազգային անվտանգության նկատառումներից, հանդես է եկել հաշտեցման հայտարարություններով և հակամարտությունում պաշտոնական Թբիլիսիի հնարավոր միջնորդության առաջարկություններով։ Փորձագիտական և հասարակական-քաղաքական շրջանակները նույնպես մեկնաբանություններ են արել հակամարտության էլ ավելի թեժացման հնարավոր հետևանքների և ներքաղաքական ու տարածաշրջանային իրադրության վրա դրա ազդեցության վերաբերյալ։ Հարկ է նշել նաև վրացական առաջատար լրատվամիջոցների գործունեությունը, որոնք փորձել են քիչ թե շատ հավասարակշռվածությամբ լուսաբանել իրադարձությունները հակամարտության գոտու շփման գծում՝ նշելով ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական տեղեկատվական աղբյուրները։ Վրացական երկու առաջատար հեռուստաալիքներ իրենց նկարահանող խմբերն են ուղարկել հակամարտության երկու կողմեր և լուսաբանել են իրավիճակը տեղում։

Պաշտոնական դիրքորոշում

Երեկ՝ ապրիլի 3-ին, տեղեկատվություն եղավ այն մասին, որ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հատուկ նիստ է անցկացրել Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված։ Հանդիպմանը ներկա էին Վրաստանի ԱԳՆ ղեկավարը, խորհրդարանական կոմիտեների նախագահները և ուժային նախարարները, որոնք կառավարության ղեկավարին ներկայացրին ամբողջ տեղեկատվությունը Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ։

«Գեորգի Կվիրիկաշվիլին մտահոգություն է հայտնել իրավիճակի թեժացման և մարտական գործողությունների վերսկսման հետ կապված, որոնց արդյունքում կան զոհեր, այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։ Վարչապետը հույս է հայտնել, որ միջազգային հանրության ջանքերով հնարավոր կդառնա լիցքաթափել իրավիճակը, ինչը կարևոր է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար»,- տեղեկացնում է Վրաստանի կառավարության աշխատակազմի մամուլի քարտուղարը։

Ավելի ուշ՝ ապրիլի 3-ի երեկոյան, Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ գերատեսչության ղեկավար Սեյրան Օհանյանը հեռախոսով իր վրացի պաշտոնակցի՝ Թինաթին Խիդաշելու հետ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացման հարցը։

«Կողմերը նշել են տարածաշրջանում խաղաղության անհրաժեշտությունը»,- ասվում է նախարարության հայտարարությունում։

Այսօր վրացական լրատվամիջոցներին տված մեկնաբանություններում Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին նշել է, որ Հայաստանը և Ադրբեջանը չեն դիմել վրացական կողմին որևէ խնդրանքով, և ավելացրել է, որ պաշտպանության նախարարությունը, ինչպես և մյուս կառույցները, մշտական կապի մեջ են երկու հարևանների հետ։

«Վրաստանի պաշտպանության նախարարը հեռախոսով իր ադրբեջանցի և հայ գործընկերների հետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության թեման։ Թինաթին Խիդաշելին հույս է հայտնել, որ (կողմերին) կհաջողվի հասնել հրադադարի և գործընթացը կվերադառնա բանակցությունների սեղան։ Նախարարը նշել է, որ տարածաշրջանային կայունությունը կենսական կարևոր նշանակություն ունի Վրաստանի համար, և միջազգային հանրությունը կօգտագործի անհրաժեշտ ամեն բան ապաթեժացման համար»,- ապրիլի 4-ին տեղեկացրել են Վրաստանի ՊՆ-ում։

Չնայած վրացի նախարարի բավական կշռադատված և խաղաղարար հռետորաբանությանը՝ Ադրբեջանի ԱԳՆ-ն Խիդաշելու մեկնաբանությունները մեկնաբանել է յուրովի, իր մամուլի ծառայության միջոցով տարածելով մի տեքստ, որում եղել են հետևյալ ձևակերպումները. «Վրաստանը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը», «Հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի կարճ ժամկետում, միջազգային իրավունքի նորմերի հիման վրա»։ Ներկա պահին թե՛ Վրաստանի ՊՆ ղեկավարը, թե՛ նրա մամուլի ծառայությունն այս տեղեկատվությունը ոչ հերքել են, ոչ էլ հաստատել։

Հակամարտության գոտում իրադարձությունների հետ կապված, հենց այսօր՝ ապրիլի 4-ին, Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վախթանգ Կապանաձեն նշել է, որ հնարավորության դեպքում Վրաստանը պետք է կատարի «միջնորդի դեր ղարաբաղյան հակամարտությունում»։

«Շատ ափսոս, որ չհաջողվեց այդ խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով՝ մի քանի պատճառներով։ Սա ցավոտ խնդիր է ամբողջ տարածաշրջանի համար։ Այնպես որ, մենք շատ ուշադիր հետևում ենք իրադարձություններին։ Մենք սերտ հարաբերություններ ունենք Ադրբեջանի և Հայաստանի մեր գործընկերների հետ, մենք ամբողջական տեղեկատվություն ենք ստանում»,- հայտարարել է Կապանաձեն և հույս հայտնել, որ կողմերին կհաջողվի իրավիճակը դուրս բերել խաղաղ փուլ և դադարեցնել կրակը։

Վրաստանի կառավարության ղեկավարը Թբիլիսիում ընթացող (ապրիլի 4-5) «ՆԱՏՕ-Վրաստան. ժողովրդական դիվանագիտության համաժողով-2016» կոնֆերանսում հերթական անգամ անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի իրավիճակին։

«Չեմ կարող անհանգստություն չհայտնել մեր հարևանների մոտ իրավիճակի սրման կապակցությամբ։ Հույս ունենք, որ միջազգային հանրության ջանքերով ապաթեժացումը հնարավոր կդառնա, ինչն այնքան կարևոր է մեր տարածաշրջանում, և ոչ միայն, խաղաղության և կայունության համար»,- ասել է Վրաստանի վարչապետը։

Հակամարտության կողմերին իր զորակցությունն է հայտնել նաև խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Գիա Վոլսկին, որն առաջարկել է Հայաստանին և Ադրբեջանին Թբիլիսիում անցկացնել հանդիպում հակամարտության կարգավորման վերաբերյալ։ «Շատ տխուր իրադարձություններ են տեղի ունենում։ Կան զոհեր։ Իրավիճակը տագնապալի է։ Մենք պատրաստ ենք միջնորդ դառնալ ցանկացած ձևով»,- «Ազատություն» ռադիոյին ասել է Վոլսկին։

Փորձագիտական գնահատականներ

Վերլուծաբանական բազմաթիվ նյութերի մեջ հարկ է առանձնացնել մի քանի փորձագետների հրապարակումները։ Վրացի ռազմական փորձագետ Վախթանգ Մաիսայան, Վրաստանի ղեկավարության նման, կարծում է, որ պաշտոնական Թբիլիսին միջազգային հանրության հետ միասին պետք է միջնորդի, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը դադարեցնեն ռազմական դիմակայությունը Լեռնային Ղարաբաղում։

«Այս փուլում դա կարող է վերաճել տեղային պատերազմի, որն, իր հերթին, կարող է ստանալ տարածաշրջանային պատերազմի մասշտաբներ։ Ես կարծում եմ, որ կողմերը խելքի կգան։ Վրաստանը պետք է ակտիվ մասնակցություն ունենա բանակցություններին, որպեսզի այս հակամարտությունը չվերաճի տեղային պատերազմի։ Վրաստանն արդեն հիմա պետք է դառնա ակտիվ միջնորդ Հայաստանի և Ադրբեջանի միջև, միջազգային հանրության հետ միասին»,- ասել է Մաիսայան։

Եվս մեկ վերլուծաբան՝ Վրաստանի ԱԳՆ նախկին փոխարտգործնախարար, «Վրաստանի բարեփոխումների ասոցիացիա» հասարակական կազմակերպության (Think-tank, GRASS) ղեկավարներից Սերգի Կապանաձեն նախազգուշացրել է Վրաստանի ղեկավարությանը, որ նրանք իրենք իրենց պետք է պատասխան տան որոշակի հարցերի, և անհրաժեշտ է կողմնորոշվել տարբեր միջազգային կազմակերպություններում ընդունվելիք բանաձևերի հարցում, եթե հակամարտությունը շարունակի սրվել։

«Իրավիճակը Լեռնային Ղարաբաղում զգալիորեն սրվել է, և հավանականություն կա, որ կարող են սկսվել խոշորածավալ ռազմական գործողություններ։ Ըստ նրա՝ այս իրավիճակում Վրաստանի իշխանությունները պետք է տան հետևյալ հարցերի պատասխանները. կթողնե՞նք արդյոք մենք (Վրաստանը), որ ռուսական ավիացիան մեր տարածքով օգնի Հայաստանին, ռուսական ռազմական պարեկներն օժանդակեն Գյումրու ռազմակայանին; թուրքական զինված ուժերը կամ մեկ այլ ուժ աջակցի Ադրբեջանին; կտրամադրե՞նք, թե՞ ոչ մեր նավահանգիստները հայկական և ադրբեջանական կողմերին ռազմական և այլ ապրանքներ տեղափոխելու համար; ո՞ւմ կողմը կգրավենք և ո՞ւմ կօգնենք հումանիտար օգնությամբ և այլն»,- նշել է Կապանաձեն։

Կապանաձեն փաստում է, որ չգիտի, թե ով կլինի հաղթողը, բայց Վրաստանն, «ամենայն հավանականությամբ, տանուլ տված կողմ կլինի»։


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր