
ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՆՐԱ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ՉԱՓՈՒՄԸ

Ջոնի Մելիքյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող
Ներածություն
Անցած դարի 90-ականների սկզբին անկախություն ձեռք բերելուց հետո Վրաստանի նոր ընտրանին ձեռնամուխ եղավ պետական իշխանության ինստիտուտների ձևավորմանը։ Սակայն ներքաղաքական իրավիճակն այդ պահին բավական բարդ էր, և երկիրը մխրճվեց էթնոքաղաքական կոնֆլիկտների ու քաղաքացիական դիմակայության հորձանուտը։ Երկրում 1992թ. պետական հեղաշրջումից հետո Թբիլիսի է վերադառնում Վրաստանի նախկին խորհրդային առաջնորդ Էդուարդ Շևարդնաձեն։ Որոշակի ներքաղաքական դժվարությունների և Աբխազիայի ապաինտեգրման փորձի անհաջողությունների ֆոնին Շևարդնաձեն, լինելով Պետխորհրդի նախագահը, խմբագրական խմբի հետ միասին 1995թ. հուլիսի 1-ին Պետական սահմանադրական հանձնաժողովին ներկայացրեց երկրի Սահմանադրության նախագիծը, որն ընդունվեց Վրաստանի խորհրդարանի կողմից 1995թ. օգոստոսի 24-ին1։ Փաստաթղթի համաձայն՝ հենց այդ ժամանակ էլ մտցվեց Վրաստանի նախագահի պաշտոնը. նախագահ դարձավ Շևարդնաձեն։ Պետականակերտման գործընթացին զուգահեռ՝ 1990-ականներին Վրաստանում ձևավորվում էր նաև արտաքին քաղաքական ուղղվածությունը։ Եթե սկզբում, էթնոքաղաքական հակամարտությունների և ներքաղաքական ապակայունության պատճառով արտաքին քաղաքականությունը երկրորդ պլան էր մղվում, ապա 1995-ից հետո այն առաջնային է դառնում։ Վրաստանի այն ժամանակվա արտաքին քաղաքականությունը կարելի է երկակի անվանել՝ ԱՄՆ-ի, եվրոպական գործընկերների և տարածաշրջանի երկրների (Թուրքիա, Ադրբեջան) հետ փոխհարաբերությունների հաստատման առումով։ Սրան զուգահեռ՝ պաշտոնական Թբիլիսին փոխհարաբերություններ էր պահպանում ԽՍՀՄ իրավահաջորդ Ռուսաստանի հետ, որն այդ պահին առաջ էր տանում հետխորհրդային նախագիծը՝ Անկախ Պետությունների Համագործակցությունը (ԱՊՀ), որի անդամ էր Վրաստանը 1993-ի վերջից։
Վրաստանի արտաքին քաղաքականության համար վճռական դարձան 2003թ. նոյեմբերյան իրադարձությունները։ Այդ ժամանակ, ընդվզելով խորհրդարանական ընտրությունների արդյունքների և Է.Շևարդնաձեի քաղաքականության դեմ, «երիտասարդ բարեփոխիչների» մի խումբ՝ Միխայիլ Սաակաշվիլու գլխավորությամբ, հեղափոխություն իրականացրեց և ստիպեց նախագահին հրաժարական տալ2։ Երկրի արտաքին քաղաքականության մեջ «հեղափոխականների» և «երիտասարդ բարեփոխիչների» թիմը գրավեց վառ արտահայտված արևմտամետ կեցվածք՝ զուգահեռաբար վատացնելով փոխհարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Հակառուսական քաղաքականության գագաթնակետը դարձավ 2008թ. օգոստոսի ռուս-վրացական պատերազմը, որի արդյունքում Ռուսաստանը ճանաչեց Աբախզիայի և Հարավային Օսիայի անկախությունը, խզվեցին դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ։
Արտաքին քաղաքական գործունեության դինամիկան փոխվեց 2012թ. հոկտեմբերի 1-ից հետո, երբ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով հաղթանակ տոնեց Բիձինա Իվանիշվիլու ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան. Իվանիշվիլին զբաղեցրեց վարչապետի պաշտոնը։ Վրաստանի նոր ղեկավարությունն առաջին իսկ օրերից հայտարարեց, որ մասնակի վերանայում է երկրի արտաքին քաղաքականությունը՝ լիովին հրաժարվելով սադրիչ հակառուսական քաղաքականությունից և հռետորաբանությունից։ Արտաքին քաղաքականության մյուս վեկտորները՝ տարածաշրջանայինն ու եվրատլանտյանը, մնացին անփոփոխ։ Այսպես, պահպանվեցին արդեն ավանդական ռազմավարական փոխհարաբերություններն ԱՄՆ-ի, հավասարակշռված և բարիդրացիական հարաբերությունները՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Ինչպես և «Միասնական ազգային շարժման» կառավարության օրոք, Վրաստանի նոր իշխանությունները որպես երկրի արտաքին քաղաքական գերակայություն նշեցին գործընկերային և բարեկամական փոխհարաբերությունները ԵՄ-ի հետ և ՆԱՏՕ-ին ու ԵՄ-ին հետագա ինտեգրման ցանկություն հայտնեցին։ Սակայն, չնայած Վրաստանի իշխանությունների հավաստիացումներին, արտաքին քաղաքական հարցերը, մասնավորապես՝ փոխհարաբերությունները Ռուսաստանի հետ, քանիցս քննադատության առարկա են դարձել վրացի ընդդիմադիրների կողմից, որոնք բարձրացնում էին Վրաստանի «եվրոպական ապագայի» հարցը «Վրացական երազանքի» կառավարման պայմաններում։
Վրաստանի արտաքին քաղաքականությունը Միխայիլ Սաակաշվիլու նախագահության ժամանակ
Մինչ Վրաստանի 2012թ. հոկտեմբերի արտաքին քաղաքական նոր իրողությունները վերլուծելը՝ հարկ է քննարկել Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլու վարած արտաքին քաղաքականությունն ու նրա ներքաղաքական չափումը։ Սկսած 2004թ.՝ Վրաստանի նոր ղեկավարությունը սկսեց բարեփոխել երկիրը և արդիականացնել այն արևմտյան չափորոշիչներով3։ Նոր թիմը հայտարարեց, որ գերակա և անայլընտրանքային է համարում երկրի արտաքին քաղաքականության եվրատլանտյան վեկտորը և որ մտադրություն կա մտնել Հյուսիսատլանտյան դաշինք (ՆԱՏՕ) ու Եվրոպական միություն (ԵՄ)։ Այդ ժամանակ էլ, նշված արտաքին քաղաքական ուղղություններն ակտիվացնելու համար, Վրաստանի նախագահի 2004թ. դեկտեմբերի 17-ի №597 հրամանով կառավարության կառուցվածքում ստեղծվում է եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարարի պաշտոնը, իսկ նույն թվականի դեկտեմբերի 31-ին՝ պետնախարարի աշխատակազմը։ Արդյունավետ աշխատանքի և առաջադրված խնդիրների իրագործման համար նոր կառույցում ստեղծվում է երեք վարչություն՝ եվրոպական ինտեգրման, եվրատլանտյան ինտեգրման և ԵՄ ծրագրերի համակարգման։ 2005թ. հիմնվում է երկու պետական հանձնաժողով՝ ՆԱՏՕ-ին ինտեգրվելու պետհանձնաժողով և ԵՄ-ին ինտեգրվելու պետհանձնաժողով4։
2004թ. Միխայիլ Սաակաշվիլու թիմը սկսում է հիմնարար հայեցակարգային փաստաթղթի պատրաստումը, որն ամրագրելու էր երկրի արտաքին քաղաքականության գերակայությունները և նրա ազգային անվտանգության սպառնալիքները։ Այսպիսով, Վրաստանի ղեկավարությունը, ԱՄՆ ֆինանսական և տեխնիկական օժանդակությամբ, ավարտում է երկրի Ազգային անվտանգության հայեցակարգի պատրաստումը։ Այդ փաստաթուղթն ընդունվում է երկրի խորհրդարանի կողմից 2005թ. հուլիսի 8-ին5։ Փաստաթղթի նախագիծն արտացոլում էր ինչպես Վրաստանի ազգային հիմնարար արժեքները, այնպես էլ ազգային շահերը, մարտահրավերները, Վրաստանի ազգային անվտանգության քաղաքականության հիմնական ուղղությունները, ինչպես նաև նրա արտաքին քաղաքականության գերակայությունները։ Փաստաթղթի համաձայն՝ Վրաստանի ազգային շահեր էին համարվում. 1. տարածքային ամբողջականությունը, 2. ազգային միասնությունը, 3. տարածաշրջանային կայունությունը, 4. ազատության և դեմոկրատիայի ամրապնդումը հարևան երկրներում և տարածաշրջանում, 5. երկրի տարանցիկ գործառույթի ամրացումը և էներգամատակարարման այլընտրանքային ուղիների ապահովումը, 6. էկոլոգիական անվտանգությունը, 7. ազգային և մշակութային ինքնության ապահովումը6։
Հայեցակարգում, Վրաստանի արտաքին քաղաքականության հիմնական գերակայությունների բաժնում, նշված էին. արևմտամետ արտաքին քաղաքական գծի կառուցման կարևորությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ուկրաինայի, Թուրքիայի և Ադրբեջանի հետ «ռազմավարական գործընկերությանն» աջակցության շարունակումը, գործընկերությունը Ռուսաստանի և «պրագմատիկ համագործակցությունը» Հայաստանի Հանրապետության հետ։ Նույն տեղում նշվում է, որ Վրաստանը պարտավորվում է ապահովել Վրաստանում ապրող բոլոր էթնիկ և կրոնական խմբերի շահերի, իրավունքների և ազատությունների պաշտպանությունը»։ Հիմնարար ազգային շահերի պաշտպանության, ինչպես նաև մարտահրավերների և սպառնալիքների վերացման համար հայեցակարգի հեղինակներն առաձնացրել են պետության հետևյալ գերակայությունները. 1. պետական կառավարման ուժեղացում, 2. դեմոկրատական ինստիտուտների ուժեղացում, 3. երկրի պաշտպանունակության ամրապնդում, 4. տարածքային ամբողջականության վերականգնում, 5. եվրատլանտյան ինտեգրացիա և այլն7։
Վրաստանի եվրատլանտյան ինտեգրման վրա կանգ առնելով՝ նշենք, որ երկրի ներսում եվրատլանտյան ինտեգրման գաղափարի տարածման համար Վրաստանի նախագահի 2005թ. սեպտեմբերի 19-ի №752 հրամանով ստեղծվում է ՆԱՏՕ և ԵՄ գծով տեղեկատվական կենտրոնը8, որն ունի հանրային իրավունքի իրավաբանական անձի կարգավիճակ։ Վրաստանի մայրաքաղաքում գլխավոր գրասենյակից բացի կենտրոնն ութ ներկայացուցչություն ունի երկրի շրջաններում։ Այս կառույցի նախագծերը ֆինանսավորվում են ինչպես Վրաստանի պետբյուջեից, այնպես էլ ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի կողմից։ Այդ նույն տարիներին էլ ավելի են ակտիվանում նաև ոչ կառավարական կազմակերպությունները և այսպես կոչված «ուղեղային կենտրոնները»9, որոնցից են Վրաստանի Ատլանտիկական խորհուրդը (1996) և Ռազմավարական միջազգային հետազոտությունների վրացական հիմնադրամը (1998)։
Վրաստանի վառ արտահայտված եվրատլանտյան արտաքին քաղաքականությունը և հակառուսական հռետորաբանության շարունակական սաստկացումը ժամանակի ընթացքում էլ ավելի էին բարդացնում Վրաստանի նոր ղեկավարության առանց այդ էլ չստացված փոխհարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ՝ երկու երկրներին բերել-հասցնելով օգոստոսյան պատերազմին։ Ռուս-վրացական հակամարտությունը 2008թ. օգոստոսին աղետալի հետևանքներ ունեցավ Վրաստանի համար, այդ թվում Ռուսաստանի կողմից Աբխազիան և Հարավային Օսիան անկախ պետություններ ճանաչելու պատճառով։ Այդ բոլոր իրադարձությունները ստիպեցին պաշտոնական Թբիլիսիին վերանայել 2005թ. Ազգային անվտանգության հայեցակարգը։ Այսպիսով, մի քանի տարվա աշխատանքից հետո երկրի խորհրդարանը 2011թ. դեկտեմբերի 23-ին 150 «կողմ» ձայնով հաստատեց փաստաթղթի նորացված տարբերակը10։
Հարկ է նշել, որ փաստաթղթում երկու հիմնական փոփոխություն է կատարվել։ Առաջին՝ Ռուսաստանը գործընկեր երկրից (2005թ. հայեցակարգով) վերածվել է «Վրաստանի ազգային անվտանգության «գլխավոր սպառնալիքի և մարտահրավերի»։ Մասնավորապես, տրվել են հետևյալ ձևակերպումները. «Վրաստանի տարածքի ռուսաստանյան օկուպացիա», «ռազմական նոր ագրեսիայի վտանգ Ռուսաստանի կողմից» և «Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից կազմակերպված ահաբեկչական գործողություններ»։ Երկրորդ՝ ուժեղացավ երկրի եվրատլանտյան ինտեգրման դերը։ Փաստաթղթի համաձայն՝ այս ուղղությունը հանդիսանում էր և շարունակում է հանդիսանալ «երկրի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության ամենակարևոր գերակայություններից մեկը»։ Միևնույն ժամանակ, հեղինակները հատկապես նշում էին, որ Ռուսաստանի հետ օգոստոսյան պատերազմը չկարողացավ փոխել երկրի ձգտումը՝ մտնել ՆԱՏՕ, և 2004թ. հետո երկիրը «մեծ առաջընթացի» հասավ այս ուղղությամբ։
Փոփոխությունները 2001թ. հայեցակարգում հիմնականում չեն վերաբերել տարածաշրջանի հարևան երկրների հետ հարաբերություններին։ Նոր փաստաթուղթը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերություններն ամրագրել է որպես «ռազմավարական գործընկերություն», իսկ Հայաստանի հետ հարաբերության սահմանումը «պրագմատիկ համագործակցությունից» դարձել է «սերտ գործընկերություն»11։
Ամփոփելով Միխայիլ Սաակաշվիլու նախագահության շրջանում Վրաստանի արտաքին քաղաքականության արդյունքները՝ պետք է նշել, որ Վրաստանի եվրատլանտյան վեկտորն ավելի է կարևորվել և դարձել պաշտոնական Թբիլիսիի արտաքին քաղաքական գործունեության հիմնական ուղղությունը։ Բացի այդ, վերջնականապես փչացան հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչի պատճառը 2008թ. օգոստոսի պատերազմն էր և երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը։ Տարածաշրջանային մակարդակում Վրաստանը ներկայանում է որպես տարանցող երկիր, «աշխարհաքաղաքական խաչմերուկ» «Հյուսիս-Հարավ» և «Արևմուտք-Արևելք» հատման կետերում, ինչպես նաև «Կովկասի կենտրոն», ինչպես սիրում էր ասել նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին։
Սակայն վատթարացած ներքաղաքական իրավիճակը՝ պայմանավորված ֆինանսական ճգնաժամով, կառավարող կուսակցության քաղաքական և տնտեսական մոնոպոլացմամբ, ինչպես նաև ռուսական շուկայի փակումը վրացի աշխատանքային միգրանտների ու ապրանքների համար, այս ամենը նպաստեցին երկրի բնակչության դժգոհության աճին։ Արդյունքում՝ 2012թ. հոկտեմբերի խորհրդարանական ընտրություններում տեղի ունեցավ աննախադեպ իշխանափոխություն դեմոկրատական ճանապարհով, և երկրում իշխանության եկավ ընդդիմադիր «Վրացական երազանք» կոալիցիան՝ գործարար և մեկենաս Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ։
1 Законодательный вестник Грузии, https://matsne.gov.ge/ru/document/view/30346.
2 Кавказский узел: Революция роз в Грузии, http://www.kavkaz-uzel.ru/articles/233390/.
3 Русская служба BBC: Саакашвили принес присягу президента, http://news.bbc.co.uk/hi/russian/news/newsid_3427000/3427187.stm.
4 Office of the State Minister on European and Euro-Atlantic Integration, http://www.eu-nato.gov.ge/.
5 Civil.ge: Завершилась работа над Концепцией национальной безопасности Грузии, http://www.civil.ge/rus/article.php?id=8045.
6 Меликян Дж., Приоритеты внешней политики Грузии в контексте обеспечения национальной безопасности страны // Сборник материалов республиканской научной конференции 4-5 ноября 2014 года, Российско-Армянский (Славянский) университет, сс. 92-103.
7 Меликян Дж., Внешняя политика Грузии после парламентских выборов в октябре 2012: взгляд из Армении // Центральная Азия и Кавказ (Журнал социально-политических исследований). CA&CC Press, Швеция, 2014, Том 17, Выпуск 1, сс. 78-88.
8 Information Centre on NATO and EU, http://www.natoinfo.ge/ge/struqtura.
9 Меликян Дж., Исследовательские центры Грузии (этапы становления и основные направления деятельности) // «21 век», НОФ Нораванк, 2015, №4, сс. 38-50.
10 Civil.ge: Новая Концепция национальной безопасности Грузии, http://www.civil.ge/rus/article.php?id=22911.
11 National Security Concept of Georgia, 2011, http://www.parliament.ge/files/292_880_927746_concept_en.pdf.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ – ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆՕՐՅԱԿՈՒՄ (հիմնական իրադարձությունների տեսություն)[21.12.2016]
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (հիմնական իրադարձությունների տեսություն)[29.11.2016]
- ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ[24.11.2016]
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ (Հիմնական իրադարձությունների տեսություն)[31.10.2016]
- ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ[28.10.2016]
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (Հիմնական իրադարձությունների տեսություն)[30.09.2016]
- ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ[30.09.2016]
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻՆ (Հիմնական իրադարձությունների տեսություն)[16.09.2016]
- ՎՐԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՄԻՋԱՆՑՔԸ[01.09.2016]
- ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ՀՈՒՆԻՍԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ[27.07.2016]
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈՒՆԻՍԻՆ (հիմնական իրադարձությունների տեսություն)[26.07.2016]