
ՄՈԼԴՈՎԱՆ ՃԱՄՓԱԲԱԺԱՆԻՆ. ՌՈՒՍԱՍՏԱՆԻ, ՌՈՒՄԻՆԻԱՅԻ ԵՎ ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ

Վալենտին Սեգուրու-Զայցև
Անկախ քաղաքագետ
Միավորված Ազգերի Կազմակերպության 70-ամյա հոբելյանի (2015), մարդկության ոխերիմ թշնամու՝ ԻԼԻՊ-ի (արաբերեն՝ ԴԱԻՇ) դեմ համատեղ պայքարի մասին բանավեճերի ֆոնին Մոլդովայի և Մերձդնեստրի թեման, առաջին հայացքից, էական չի թվում։
Սակայն Ուկրաինայի արևելքում քաղաքացիական պատերազմից, Սիրիայից դեպի Միջին Ասիա ԻՊ էքսպանսիայից և նեոխալիֆայության դեմ միջազգային պատերազմում ռուսական օդատիեզերական ուժերի մասնակցությունից, ինչպես նաև Թուրքիայի Հանրապետության հետ ՌԴ կոնֆլիկտից հետո Մոլդովայի Հանրապետությունը (ՄՀ) Ռուսաստանի համար կարող է դառնալ հերթական՝ նշանակությամբ երրորդ կամ չորրորդ կոնֆլիկտածին ռազմական գործողությունների թատերաբեմը (ՌԳԹ)։
Պատերազմը Մոլդովայում ընթանում է անցյալ հարյուրամյակի 90-ականների սկզբից։ Այսօրվա խնդիրն է իրադարձությունների կրկնության կանխումը։ ՄՀ-ի շուրջ միախառնվել են ինչպես Ռումինիայի (հետևաբար՝ նաև Եվրամիության), այնպես էլ Ռուսաստանի հակասական շահերը։
Ուկրաինան ևս անտարբեր չէ խնդրի հանդեպ. մոլդավական տարածքներ, որոնք այսօր ներկայանում են որպես Չեռնովիցկի մարզ (ՄՀ-ից հյուսիս) և Օդեսայի մարզի արևմտյան մասը, այսինքն՝ Բուջակ տափաստանային երկրամասի հարավը, որտեղ ապրում են ուղղափառ թյուրքերը՝ գագաուզները։ Բայց այս ամենը տեղի է ունեցել դեռևս խորհրդային տարիներին, Հայրենական մեծ պատերազմից հետո, երբ Բուջակի հարավային մասի կցումը Ուկրաինական ԽՍՀ Օդեսայի մարզին հանգեցրեց այն բանին, որ Մոլդավական ԽՍՀ-ն, հետևաբար և ներկայիս ՄՀ-ն ու, մասնավորապես, Մերձդնեստրը կորցրին ելքը դեպի ծով։ Իսկ դա ուղղակի սպառնալիք է Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետության համար։
ՄՀ ապագայի սցենարների տարբերակները բազմաթիվ են. Եվրամիության և Ռուսաստանի Դաշնության միջև հավասարակշռության ներկայիս կարգավիճակ; երկու, նույնիսկ երեք անկախ մասերի բաժանում՝ համեմատաբար խոշոր Բեսարաբիա (կամ Մոլդովա՝ Moldova)՝ Քիշնև մայրաքաղաքով, Մերձդնեստր՝ Տիրասպոլ մայրաքաղաքով և Գագաուզիա՝ Կոմրատե մայրաքաղաքով; ԵՄ-ին աստիճանական անդամակցություն՝ կոնկրետ «ճանապարհային քարտեզով»։ Հնարավոր է նաև Բեսարաբիայի վերամիավորումը Ռումինիային՝ Մերձդնեստրի և Գագաուզիայի անջատմամբ, որոնք, Հարավային Օսիայի կամ Աբխազիայի նման, խնդրանքով կդիմեն ընդունել իրենց Եվրամիություն կամ ՌԴ։
Հիմա իրավիճակը պատային է։ Դիմակայող ուժերից և ոչ մեկը՝ եվրոպամետ, թե ռուսամետ, վստահ չէ իր ուժերին այն չափով, որ կարողանա պահանջել համաժողովրդական հանրաքվե, օրինակ՝ Ռումինիայի հետ միավորվելու համար։ Թեև վերջին դեպքում ամեն բան չէ, որ այդքան միանշանակ է. մոլդավացիների մեծամասնությունը հանդես է գալիս հօգուտ ՄՀ անկախության։ Ինչպես ավստրիացիները, որոնք երբեք չեն ցանկացել միավորվել Գերմանիային։ Պատահական չէ, որ 1938թ. Ավստրիայի բռնի միակցումը նացիստական Գերմանիային՝ հակառակ ալպյան հանրապետության բնակչության մեծամասնության կամքին, պատմության մեջ բացասական երանգավորում է ստացել՝ «անշլյուս» անվանվելով։
Եթե խոսելու լինենք Երկրորդ համաշխարհայինի մասին, ապա ՄՀ-ում կան քաղաքացիներ, ովքեր կարծում են, թե պատերազմի ժամանակ պաշտոնական Բուխարեստն իրեն միշտ չէ, որ կոռեկտ է պահել բեսարաբ եղբայրակիցների հանդեպ ուժային վերամիավորումից հետո, որն իրականացվել է մարշալ Իոան Անտոնեսկուի գլխավորությամբ։ Այսօրվա Ռումինիայում մարդիկ այդ մասին նույնիսկ չգիտեն էլ։ Մահապատժի ենթարկված առաջնորդին (ռումիներեն՝ conducatorul) հերոսացնող բավականաչափ հրապարակումներ կան, որոնց հեղինակները մարշալին ներկայացնում են որպես հերոս, որն իրականացրել է Պրուտ գետի երկու ափերին բնակվող ռումինացիների միավորման դարավոր երազանքը։
Մոլդավ հասարակությունն այսօր պառակտված է աշխարհաքաղաքական և ազգային հողի վրա, թեև բոլորն էլ ուղղափառներ են։ Ռուսաստանին մերձենալու օգտին հանդես են գալիս տեղի ռուսալեզու բնակիչները, իսկ ռումինալեզու բնակիչները՝ հիմնականում քաղաքաբնակներ, կողմ են ԵՄ-ին մերձենալուն կամ Ռումինիային վերամիավորվելուն։
Իրավիճակն առայժմ անկայուն է։ Բայց ժամանակի ընթացքում գերազանցություն կստանան ռումինամետ-եվրոպամետ քաղաքացիները, և առաջին հերթին՝ ի հաշիվ երիտասարդ սերնդի, որի մեծ մասը սովորում է Ռումինիայում կամ իր հայրենիքում, բայց ռումինական դրամաշնորհներով։ Դա նորմալ է, քանի որ դա է «արյան կանչը»։ Եվ ռուսաստանյան լրատվամիջոցները, մանավանդ պետականները, չպետք է վախեցնեն «ռումինացմամբ»՝ որպես մի ինչ-որ կործանարար հիվանդություն։ Չիշտ չէ, անարդար է և ոչ պրագմատիկ ժխտելը, որ մոլդավերենը հենց նույն ռումիներենը չէ։
Հարկ է գտնել միջանկյալ տարբերակ, անգամ ի հաշիվ ՄՀ բաժանման, որպեսզի բավարարվեն երեք էթնիկ խմբերի հավակնություններն՝ առանց նոր քաղաքացիական պատերազմի։ Իսկ Մոլդովայի բնակիչներին պետք է հնարավորություն ընձեռվի՝ ինքնուրույն որոշելու իրենց ճակատագիրը հանրաքվեի միջոցով։ Հանրաքվեն պետք է հաշվի առնի երեք շրջանների՝ Բեսարաբիայի, Մերձդնեստրի և Գագաուզիայի կարծիքը։
Ռուսաստանը պետք է ավելի ճկուն քաղաքականություն վարի ՄՀ-ի հանդեպ։ Ցանկալի է, որպեսզի բարձրագույն քաղաքական մակարդակով բացահայտ խոսվի ՄՀ քաղաքացիների՝ իրենց ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքի մասին։ Դա, հաստատ, կսառեցնի «տաքգլուխների» գոնե մի մասին, որոնք պահանջում են վերամիավորում Ռումինիային՝ «այստեղ և հիմա» սկզբունքով։
Մոլդովայի Հանրապետությունը դեպի Սև ծով նորմալ ելք չունի։ Այն սեղմված է Ռումինիայի և Ուկրաինայի միջև։ Բայց կա դեպի ծով տանող երկու «սողանցք»։ Խոսքը երկու ծայրամասերի մասին է՝ հարավ-արևմուտքում և հարավ-արևելքում։
Հարավ-արևմուտքում ելքը դեպի ծով հնարավոր է Դունայով. ՄՀ-ն գետի հետ ամենակարճ շփումն ունի (մոտ 0,5 կմ ձախ ափին) գետի հունի կտրուկ շրջադարձի մոտ։ Դա այն տեղն է, որտեղ Դունային միանում է Պրուտը՝ ձևավորելով Ռումինիայի հետ ամբողջ արևմտյան սահմանը։ Հարավարևմտյան այս ծայրամասում է գտնվում ՄՀ Կահուլի շրջանի (Cahul) Ջուրջուլեշտի գյուղը (Giurgiulesti), որը Մոլդովայի միակ նավահանգիստն է Դունայի վրա՝ դեպի Սև ծով ելքով։ Ջուրջունեշտի միջազգային ազատ նավահանգիստն ունի ազատ տնտեսական գոտու կարգավիճակ։ Այնուհետև Դունայը և նրա հյուսիսային Կիլիա գետաբազուկը (Chilia, հսկայական դելտայի երեք բազուկներից մեկն է), որը հիմնականում հոսում է Ռումինիայով, ձևավորում է նաև ռումինա-ուկրաինական երկար սահմանն ընդհուպ մինչև Սև ծով։
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի նախկին փոխնախագահ ( ներկայում՝ Ղրիմի Հանրապետության Նախարարների խորհրդի փոխնախագահ) Գեորգի Մուրադովի տվյալներով՝ ռումինական կողմից Դունայի գետաբերանի ռումինական կողմում ապրում է 250 հազար ռուս հնադավան։ Նրանք ռումինական պետության օրինապաշտ քաղաքացիներ են, բայց սրբորեն պահպանում են իրենց ավանդույթներն ու հավատարիմ են իրենց ծագումնաբանական և պատմական հիշողությանը։
Մոլդովայի հարավ-արևելքում ելքը դեպի ծով հնարավոր է Դնեստրի գետաբերանով։ Բայց դա Ուկրաինայի տարածքն է։ ՄՀ հարավարևելյան ծայրամասում, Դնեստր գետի վրա է գտնվում Շտեֆան-Վոդայի շրջանի (Stefan-Voda) Պալանկա գյուղը (Palanca)։ Այդ գյուղի միջով է անցնում Օդեսայի մարզի հարավարևմտյան մասից դեպի նրա հյուսիսարևելյան մաս տանող ավտոճանապարհը։ Այստեղ է գտնվում Ուկրաինայի այդ մարզի երկու մասերն իրար կապող նեղ ուղին։ Այդ երկու մասերը միմյանցից բաժանված են Դնեստրի գետաբերանով։ Դրանից դեպի արևմուտք և ընդհուպ մինչև Պրուտ-Դունայ-Կիլիա գետաբազուկ ընկած են Բեսարաբիայի հարավի Բուջակի տափաստանները, որոնք պատերազմից հետո տրվեցին ոչ թե Մոլդավական, այլ Ուկրաինական ԽՍՀ-ին։
Ի դեպ, Դնեստրի գետաբերանի արևմտյան ափին (նախկին Իզմայիլյան մարզի կողմից) է գտնվում Դնեստրի Բելգորոդ քաղաքը, որն ավելի վաղ կրում էր թուրքերեն Աքերման անունը։ Մոլդավիայում և Ռումինիայում այն անվանում են Չետատեա Ալբե (Cetatea Alba), այսինքն՝ Սպիտակ ամրոց։ Ռումիներեն անվանման առկայության փաստը խոսում է այն մասին, որ այդ քաղաքը, հետևաբար և Դնեստրի գետաբերանից արևմուտք գտնվող ամբողջ տարածքը (ներկայիս Օդեսայի մարզի հարավ-արևմուտքը) մտել են միջնադարյան Մոլդավական պետության կազմի մեջ։
Պալանկա գյուղի ավտոխճուղու այս հատվածը Ուկրաինան անցած դարի 90-ական թթ. փոխանակել է Մոլդովայի հետ՝ տալով Դունայի վերը նշված կես կիլոմետրանոց ձախափնյակը, որը մինչ այդ պատկանում էր Ուկրաինային, և որտեղ հիմա Դունայով անցնում է Ռումինիայի հետ ՄՀ սահմանը։ Այսինքն՝ Մոլդավական ԽՍՀ-ն դեպի Դունայ և, հետևաբար՝ դեպի Սև ծով միջազգային նավարկուղով անմիջական ելք չուներ։ Բայց դա խնդիր չէր խորհրդային իրականության պայմաններում, երբ սահմանները հանրապետությունների միջև ընդամենը վարչական բնույթ էին կրում։ Անկախության պայմաններում տարածքային այս փոխանակումը, անշուշտ, փոխշահավետ է։
Պատերազմից հետո, Մոլդավական ԽՍՀ կազմավորման ժամանակ, Բեսարաբիայի հարավը՝ Բուջակը, հանձնվեց Ուկրաինային, ինչը մեր օրերում ճակատագրական հետևանքներ կարող է ունենալ Մոլդովայի Հանրապետության համար, քանի որ էթնոլեզվական, մշակութային, քաղաքական և տնտեսական խնդիրներից բզկտվող և, միևնույն ժամանակ, դեպի ծով նորմալ ելք չունեցող երկիրը հազիվ թե կենսունակ գտնվի որպես ինքնիշխան պետություն իր ներկայիս սահմաններում։
Խորհրդային ղեկավարությունը ձևականորեն էր օգտագործում էթնիկական վիճակագրությունը։ Մոլդավիայի ինը շրջաններից երեքում մեծամասնություն էին կազմում ուկրաինացիները, ռուսները, բուլղարները. Դրանք հանձնվեցին Ուկրաինային։ Իսկ դա հենց Բեսարաբիայի հարավն էր։ Մյուս վեց շրջաններում մեծամասնությունը մոլդավացիներ և գագաուզներ էին. դրանցից էլ 1940թ. կազմավորվեց Մոլդավական ԽՍՀ-ն, որին ավելացրին Մոլդավական ԻԽՍՀ-ն, որն ինքնավարություն էր Ուկրաինական ԽՍՀ կազմում և ստեղծվել էր դեռևս 1924թ.։ Այժմ դա Մերձդնեստրն է։
Պատմական Մոլդովան՝ Կարպատներից մինչև Դնեստր, իր կազմում միշտ ունեցել է Բուջակի տափաստանները։ Դնեստրի հետևում գտնվող տարածքները, ռուսերեն՝ Մերձդնեստր, իսկ ռումիներեն՝ Անդրդնեստր (լատիներեն՝ Transnistria, Տրանսիլվանիայի/Transilvania պես՝ Անդրանտառներ) դրվագաբար են պատկանել Մոլդովային, բայց դեպի ծով ելքը Դունայի Կիլիա գետաբազուկի և Դնեստրի միջև միշտ եղել է։
2015թ. ընթացքում և 2016թ. սկզբի դրությամբ, երբ Քիշնևը ցնցեցին անընդմեջ հանրահավաքները՝ մայրաքաղաքի կենտրոնում մշտական վրանաբնակներով (երկու հակառակ քաղաքական ճամբարներից՝ եվրոպամետ «Արդարություն և ճշմարտություն» [Dreptate si adevar, DA]) շարժումը և ռուսամետ [Իգոր Դոդոնի Սոցիալիստների կուսակցությունը և Ռենատո Ուսատու «Մեր կուսակցությունը»], երբ պետբյուջեից կատարվեց «դարի գողությունը» մեկ միլիարդ դոլարի չափով, ինչը հավասար էր բյուջեի 16%-ին, երբ դժգոհ են ինչպես աջ «եվրոպամետները», այնպես էլ ձախ «ռուսամետները», միանգամայն հնարավոր է արտահերթ ընտրությունների նշանակում 2016թ. գարնանը։ Եվ կարելի է ենթադրել, թե ընտրություններում կարող են հաղթել «ռուսամետ» ուժերը՝ հանձին Սոցիալիստների կուսակցության և «Մեր կուսակցության»։
Քանի որ Մոլդովայում չեն կարողանում հստակ նշել իրենց ռուս, թե ռումինացի ինքնությունը, մնում է ասել միակ և վաղուց հայտնի խոսքը՝ «а Иван – молдаван» (իսկ Իվանը մոլդավացի է)։ Այսինքն՝ սա մի ինչ-որ սիմբիոզ է, որն առաջ է եկել Ռուսաստանի կազմում Բեսարաբիայի երկհարյուրամյա (1812 թվականից) գտնվելով պայմանավորված, այն ժամանակներից, երբ Մ.Ի. Կուտուզովը 1812թ. մայիսի 16-ին (28-ին) ստորագրեց Բուխարեստի պայմանագիրը, որով Պրուտի և Դնեստրի միջագետքը ռուս-թուրքական հերթական պատերազմի արդյունքում Օսմանյան կայսրությունից անցավ Ռուսական կայսրությանը։ Այդ ժամանակ արդեն վաղուց չկար մոլդավական անկախ պետությունը և դեռևս չկար Ռումինիայի պետությունը, որն ստեղծվեց, ինչպես հայտնի է, 1859թ., ի հաշիվ Թուրքիայից կախյալ Մոլդովայի և Վալախիայի (Մունտենիա) միավորման։
Էթնիկական այս սիմբիոզն իր արտացոլումն է գտնում նաև ռումիներենի մոլդավական տարբերակի վրա. դրանում հավասար իրավունքներով գործածվում են բազմաթիվ բառեր ռուսերենից, ինչպես դա, հավանաբար, տեղի է ունեցել նաև Ռուսական կայսրության, այնուհետև՝ ԽՍՀՄ այլ ժողովուրդների լեզուների հետ։
Այս համատեքստում արժե հիշել մեր նշանավոր հայրենակից դոկտոր Լյուդվիկ Լազար Զամեգոֆին, որը 1887թ. համաեվրոպական բառապաշարի հիման վրա ստեղծեց միջազգային լեզուն՝ էսպերանտոն, բարեհունչ, դյուրին քերականությամբ, և որ գլխավորն է՝ քաղաքականապես չեզոք, այսինքն՝ անկանխակալ։ Լեզու, որն աշխարհում գործեց գրեթե մեկուկես դար՝ ի հեճուկս արդի պատմության դաժան քամիների։
Մյուս կողմից՝ ներկայիս ռումինական հասարակությունը և իշխանությունները պետք է հասկանան, որ ՄՀ միավորվելը թանկ կնստի՝ ուղիղ և փոխաբերական իմաստներով։ Ֆինանսական առումով ՄՀ-ն Եվրոպայի ամենաաղքատ երկրներից մեկն է, եթե ոչ ամենաաղքատը։ Եվ Մոլդովան Ռումինիայի տնտեսական շրջանառության մեջ մտցնելը մեծ ծախսեր է նշանակում։ Հիշենք թեկուզ Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության միավորումը Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետության հետ։
Էթնոքաղաքական իմաստով Ռումինիան պետք է հասկանա, որ ՄՀ-ում շատ ռուսներ, ուկրաինացիներ և ռուսալեզու այլ ժողովուրդների ներկայացուցիչներ են ապրում։ Ռումինիային միանալու դեպքում նրանք, բնականաբար, կպահանջեն պահպանել իրենց քաղաքացիական իրավունքները։ Պատրա՞ստ է արդյոք սրան ռումինական հասարակությունը, որը հիմնականում, գոնե մտավորականության շրջանում, հակառուսական տրամադրություններ ունի։ Այն դեպքում, երբ այս հնարավոր խնդիրը կգումարվի տեղի հունգարների հետ կապված վաղուց գոյություն ունեցող խնդրին, որոնք Բուդապեշտի թաքուն և անթաքույց աջակցությամբ կազմավորել են Սեկույի երկրամաս էթնիկ տարածքային ինքնավարությունը, որին չի ճանաչում ոչ պաշտոնական Բուխարեստը, ոչ էլ ռումինական հասարակությունն առհասարակ։
Ռումինիայում կա նաև մեծաթիվ, կոնֆլիկտածին գնչուական փոքրամասնություն։
Համապատասխանո՞ւմ է արդյոք ռումին ժողովրդի՝ժամանակին կորցրած ծայրամասային շրջանների ռոմանտիկ վերամիավորման մասին ակնկալիքներին ևս մեկ՝ արդեն երրորդ էթնիկ փոքրամասնության (ռուսալեզու) ավելացումը։ Այստեղ պետք է գործել «Յոթ չափիր, մեկ կտրիր» ռացիոնալ սկզբունքով։ Եվ գուցե հենց այդ ժամանակ էլ պարզվի, որ ՄՀ ամբողջ տարածքն ինտեգրման ենթակա չէ, և հերիք է միայն Բեսարաբիան առանց Մերձդնեստրի ու Գագաուզիայի։ Ինչպես նաև առանց Բուլղարական Մշակութային Ինքնավարության՝ Տարակլիա կենտրոնով. բուլղար քաղաքական գործիչ Կոստադին Կոստադինովն արդեն պահանջում է Ռումինիայից տարածքային փոխհատուցում, եթե Մոլդովան միանա Ռումինիային. նա կոչ է անում Բուլղարիային վերադարձնել այսօրվա բուլղարա-ռումինական սահմանի և Դունայ-Սև ծով ջրանցքի միջև ընկած հատվածը, որտեղ նախատեսվում է վերաբնակեցնել Տարակլիայի շրջանում հոծ բնակվող բուլղարներին։ Բայց այս տարբերակի դեպքում կարող են անակնկալներ լինել՝ կապված Դնեստրի աջ՝ բեսարաբական ափի քաղաքների և շրջանների հետ, ինչպիսին են, օրինակ, Բելցին, Բենդերները և այլն։ Եվ անգամ իրականությանն այսքան մոտ սցենարը կարող է իրականացվել միայն այն ժամանակ, եթե մեծանան 21-րդ դարասկզբին ծնված երեխաները, որոնք ոչ մի դրական բան չգիտեն Ռուսական կայսրության կազմում Բեսարաբական նահանգի և ԽՍՀՄ կազմում Մոլդավական ԽՍՀ-ի անցյալի մասին։
Եվս մեկ դիտարկում՝ այս անգամ կապված Եվրամիության հետ։ Մոլդավական տնտեսության աղետալի վիճակը նկատի ունենալով՝ ԵՄ կազմում ՄՀ-ին անմիջականորեն, այլ ոչ թե միայն որպես ասոցիատիվ անդամ ընդգրկելու սցենարը նույնպես մոտ ապագայի բան չի թվում։ Հիմա Եվրախորհուրդն ինքն է բախվում հսկայական խնդիրների հետ, որոնցից գլխավորը ճգնաժամն է Մերձավոր և Միջին Արևելքից, Հյուսիսային Աֆրիկայից վիթխարածավալ իմիգրացիայի հետ կապված։ ԵՄ-ը, ինչպես և նախկինում, Եվրոպայի վերջին պետություններին իր շարքերը կընդունի ավելի շուտ քաղաքական, այլ ոչ թե տնտեսական նկատառումներով։ Բայց, սեփական թուլության պատճառով, դա կանի դանդաղ տեմպերով։
Հունվար, 2016թ.
դեպի ետ