
ԱՆԴՐԿՈՎԿԱՍԸ՝ ՈՐՊԵՍ ՋԻՀԱԴԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՆԵՈԼԻԲԵՐԱԼԻԶՄԻ ՀԵՆԱԿԵՏ

Արթուր Աթաև, ՌՀՌԻ կովկասյան հետազոտությունների սեկտորի ղեկավար
21-րդ դարում Անդրկովկասի հանդեպ երկկողմանի սուր հետաքրքրություն են ցուցաբերում արևմտյան պետությունները և Մերձավոր Արևելքի ջիհադական կառույցները։
Ներկայում Անդրկովկասի պետություններում ձևավորվում է ոչարևմտյան քաղաքակրթություն ունեցող պետությունների դեմ գրոհի երկակի հենակետ։ Վրաստանում, Ադրբեջանում և Հայաստանում արևմտյան երկրները ձևավորում են իրենց համար կոմպլեմենտար նեոլիբերալ քաղաքական ընտրանի։ Իսկ ջիհադական ռազմականացված կազմակերպությունները Վրաստանում և Ադրբեջանում ակտիվորեն ձևավորում են ջիհադականության սոցիալական բազա։ Մերձավոր Արևելքն այսօրվա դրության է հասցրել նեոլիբերալիզմի սերմանման քառասնամյա պլանը։ Անդրկովկասի պետությունները զարգանում են գրեթե նույն սցենարով։
Եթե Արևմուտքը տարածաշրջանում իրականացնում է քաղաքական ներդրումներ, ապա ջիհադականության գաղափարախոսները փորձում են Կովկասում ձևավորել նոր կրոնական ինքնություն՝ գործունակ ռազմականացված ջիհադական փոքրամասնություն։ Հատկանշական է, որ այնպիսի երկրներ, ինչպիսին են Հայաստանը, Աբխազիան և Հարավային Օսիան, նույնպես գտնվում են Մերձավոր Արևելքի ջիհադականների ուշադրության կենտրոնում։
Նշելով, որ «Մերձավոր Արևելքում տեղի է ունենում ցեղասպանություն վազող տողի ռեժիմով. զոհվածների թիվը հասնում է 2 մլն-ի, իսկ փախստականներինը գերազանցում է 15 մլն-ն»1, Կովկասի գծով փորձագետ Գագիկ Հարությունյանն ընդգծում է, որ անհետացման եզրին են հայտնվել տարածաշրջանի քրիստոնեական (այդ թվում և հայ) համայնքները2։
Այսպես կոչված «մերձավորարևելյան սցենարի» իրագործման փորձն է հենց առաջիկայում սպառնում Վրաստանին, որտեղ արմատական ջիհադականների հակադրումը քրիստոնյա բնակչությանը կայուն աճի միտում է դրսևորում։ Անդրկովկասյան այդ պետությունը ջիհադական լարվածության օջախ է հանդիսանում։ Այնպիսի շրջաններ, ինչպիսին են Քվեմո Քարթլին, Պանկիսի կիրճը, Աջարիան, դարձել են Մերձավոր Արևելքի տարածքում գործող ապօրինի զինված կազմավորումներին կենդանի ուժ մատակարարելու կենտրոններ։ Կարելի է հիշեցնել, որ այդ երկրում արդեն եղել է «արաբական գարուն» հիշեցնող երևույթ 2003թ.։ Իսկ հիմա արդեն ջիհադականները հռչակել են այսպես կոչված «Գուրջիստան վիլայեթի» ստեղծման մասին։ Այսինքն՝ նեոլիբերալ արժեքների և ջիհադականության սերմանման գործընթացը Վրաստանում սինքրոնացված է։
Կովկասը, աշխարհաքաղաքական դիրքից բացի, ինչո՞վ է գրավիչ ջիհադականների և արևմտյան պետությունների համար, որոնք Մերձավոր Արևելքի և Անդրկովկասի շրջաններն ընտրել են որպես Ռուսաստանին, Իրանին և Սիրիայի օրինական ղեկավարությանն աշխարհաքաղաքական և կրոնա-քաղաքական դիմակայություն ցուցաբերելու ասպարեզ։ Բանն այն է, որ Մերձավոր Արևելքի հիմնական խնդիրները նման են Մեծ Կովկասի խնդիրներին։ Այստեղ կարելի է նմանություններ նշել ադրբեջանա-ղարաբաղյան և արաբա-իսրայելական հակամարտությունների միջև։ Ինչպես և Մերձավոր Արևելքում, Կովկասում գոյություն ունեն խնդիրներ միջդավանաբանական հարաբերություններում, որոնք ջիհադական գաղափարախոսներին հիմք են տալիս իրականացնելու իրենց գործունեությունը։
Անդրկովկասյան պետությունների տարածաշրջանային քաղաքական ընտրանիների՝ իրենց տարածքներում ջիհադական կազմակերպություններին արդյունավետ ձևով դիմակայելու անկարողության պայմաններում այդ կառույցների ազդեցությունը տարածաշրջանում ավելի կաճի։
Ջիհադականների նպատակներից մեկն իրենց ազդեցության տարածումն է Հյուսիսային Կովկասում և Ռուսաստանի կենտրոնական շրջաններում։ Առայժմ դա իրականացվում է վիրտուալ տարածքում, բայց ջիհադական ցանցային կազմակերպությունների ապավիրտուալացումը մոտ ապագայի խնդիր է։
Այս պայմաններում անհրաժեշտ է օգտագործել ջիհադականների դեմ պայքարի նոր միջազգային ձևաչափերը.
- Կազմավորել հատուկ միջազգային դատարան ջիհադական հանցագործների դեմ։ Այս նախաձեռնությամբ Սիրիայից բացի կարող են հանդես գալ Ռուսաստանը, Հայաստանը, Իրանը, Վրաստանը։
- Ձևավորել հակաջիհադական անդրազգային ինտերնետ-ցանց, որը կկարողանա ստեղծել հակաարմատական կոնտենտ ոչ միայն սոցիալական ցանցերում, այլև էլեկտրոնային լրատվամիջոցներում։
- Ջիհադականության գծով փորձագետների միջազգային պուլի ստեղծում։ Փորձագետները պետք է մշակեն այսօրվա ջիհադականության մեկնաբանման միասնական հայեցակարգ-հարացույց։ Անհրաժեշտ է միասնական տերմինաբանական շարք, որը ջիհադականների և նրանց գաղափարախոսների ու հովանավորների գործողությունները կբնորոշի բացառապես որպես հանցավոր գործողություններ։ Հենց այդ հայեցակարգ-հարացույցը պետք է ընկնի կրոնական ծայրահեղականների դեմ ապագա միջազգային դատարանի գործունեության հիմքում։
1 Арутюнян Г., Рост экстремизма и фактор «интеллектуального паритета», «21 Век», #3(36), 2015, с. 10.
2 Նույն տեղում։
Ավելի մանրամասն՝ https://eadaily.com/news/2016/01/22/zakavkaze-kak-placdarm-dzhihadizma-i-neoliberalizma
դեպի ետ