• am
  • ru
  • en
Версия для печати
13.01.2016

ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲՈՒՀԵՐԸ ՎԱՐԿԱՆԻՇԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ (Quacquarelli Symonds և Times Higher Education)

   

Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ

Վերջերս լույս տեսան հեղինակավոր Quacquarelli Symonds (QS) կազմակերպության և Times Higher Education ամսագրի վարկանիշային զեկույցները, որոնք նվիրված են աշխարհի լավագույն բուհերի վարկանիշավորմանը։ Փորձենք ստորև ներկայացնել այդ երկու զեկույցների հիմնական հետազոտական արդյունքներն ու առանձնահատկությունները։

QS World University Rankings

QS World University Rankings-ը բուհերի վարկանիշավորման տարեկան հետազոտությունների շարք է, որը հրատարակվում է բրիտանական հեղինակավոր Quacquarelli Symonds (QS) ընկերության կողմից։ Մասնագիտացած է արտերկրում կրթության և ուսուցման ոլորտում։ Ընկերությունը ստեղծվել է 1990թ., իրականացնում է կրթության վարկանիշավորման նախագծեր, որոնցից է նաև բուհերի վարկանիշավորման հետազոտությունը։

Սկզբնական շրջանում՝ 2004-2009թթ., ընկերությունն իր վարկանիշային հետազոտությունը հրատարակում էր բրիտանական հեղինակավոր Times Higher Education ամսագրի հետ համատեղ՝ որպես Times Higher Education-QS World University Rankings վարկանիշային հետազոտություն, սակայն 2010թ. նրանց համագործակցությունը դադարեց, և նրանք սկսեցին հրատարակել իրենց սեփական վարկանիշային հետազոտությունները։

Ընկերության վարկանիշավորման մեջ ներառվում են միայն այն բուհերը, որոնք առաջարկում են կրթության բոլոր մակարդակները՝ բակալավրիատ, մագիստրատուրա և դոկտորանտուրա (ասպիրանտուրա)։ Բուհի վարկանիշավորման մեթոդաբանությունը հիմնվում է 6 ցուցչի վրա.

1. ակադեմիական հեղինակություն

2. գործատուների շրջանում հեղինակություն

3. դասախոսական կազմի հարաբերակցությունն ուսանողական կազմին

4. հղումների քանակ

5. օտարերկրյա ուսանողների մասնաբաժին

6. օտարերկրյա դասախոսների քանակ։

QS World University Rankings 2013թ. վարկանիշավորմամբ լավագույն բուհեր են համարվել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Հարվարդի համալսարանը, Քեմբրիջի համալսարանը։ Հարավային Կովկասի երկրների բուհերի շարքում վարկանիշավորման այս ցուցակում ներառվել է միայն ադրբեջանական 3 բուհ, որոնք ներկայացնում ենք Աղյուսակ 1-ում։ Հայաստանի ու Վրաստանի բուհերի չընդգրկվելը թերևս պայմանավորված է կազմակերպության՝ համապատասխան տեղեկատվության բացակայությամբ։ Նկատենք, որ այլ վարկանիշային կազմակերպությունների զեկույցներում Հայաստանի և Վրաստանի մասով տվյալներ առկա են։

Վերջերս լույս տեսավ կազմակերպության՝ աշխարհի լավագույն բուհերի վարկանիշավորման հերթական՝ 2015-2016թթ. զեկույցը, որտեղ լավագույն բուհերի ցուցակը շարունակել է գլխավորել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը։ Ստորև ներկայացվում է լավագույն բուհերի տասնյակը.

1. Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ

2. Հարվարդի համալսարան

3. Քեմբրիջի համալսարան

4. Սթենֆորդի համալսարան

5. Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտ

6. Օքսֆորդի համալսարան

7. Լոնդոնի համալսարանական քոլեջ (UCL)

8. Լոնդոնի թագավորական քոլեջ

9. Ցյուրիխի տեխնիկական բարձրագույն դպրոց

10. Չիկագոյի համալսարան։

Հարավային Կովկասի երկրների բուհերի շարքում վարկանիշավորման այս ցուցակում կրկին ներառվել է միայն ադրբեջանական 3 բուհ, որոնք ներկայացնում ենք Աղյուսակ 2-ում։ Ռուսաստանյան լավագույն բուհ է ճանաչվել Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը՝ զբաղեցնելով ցուցակի 108-րդ դիրքը (ցուցակում ընգրկված է 21 ռուսաստանյան բուհ)։

ԱՊՀ երկրների շարքում բավական բարձր ցուցանիշներ են արձանագրվել Ղազախստանի բուհերի պարագայում, որոնցից ցուցակում ներառվել է 9 բուհ։ Վերջիններիս մեջ լավագույն արդյունքը Ալ-Ֆարաբի ղազախական ազգային համալսարանինն է (275-րդ դիրք)։

Բելառուսական բուհերից լավագույն արդյունքը Բելառուսի պետական համալսարանինն է՝ 421-430-րդ սահմանային հորիզոնական։ Իսկ ուկրաինական բուհերի շարքում լավագույն արդյունքը Կիևի Տարաս Շևչենկոյի անվան ազգային համալսարանինն է՝ 421-430 սահմանային հորիզոնական։

Ցուցակում ներառվել է նաև Իրանի 2 բուհ՝ Շարիֆի տեխնոլոգիական համալսարանը (471-480) և Թեհրանի համալսարանը (551-600)։ Թուրքիայի բուհերի շարքում առաջատար է եղել Բիլքենթի համալսարանը (394)։

Times Higher Education

Times Higher Education բրիտանական ամսագիրը հետազոտություններ է իրականացնում լրատվության և կրթության (հիմնականում բուհական) ոլորտում։ 2004-2009թթ. ամսագիրը (Times Higher Education–QS World University Rankings), ինչպես նշեցինք, համագործակցում էր Quacquarelli Symonds ընկերության հետ, ինչից հետո Times Higher Education-ը նոր պայմանագիր ստորագրեց Thomson Reuters միջազգային մեդիա-կորպորացիայի հետ՝ տվյալների ապահովման վերաբերյալ։

Ամսագիրը մշակեց նոր մեթոդաբանություն, իսկ Thomson Reuters-ը, պայմանագրի համաձայն, պարտավորվեց հավաքել, վերլուծել վարկանիշային տեղեկատվությունը և հանձնել ամսագրին՝ հրատարակման։

Առաջին համատեղ հետազոտությունը տպագրվեց 2010թ. աշնանը։ Նրանց համատեղ վարկանիշավորման 2013-2014թթ. նախագծում Հարավային Կովկասի երկրների բուհեր չեն ընդգրկվել1։ Հետազոտությունում ներառված են բուհեր Թուրքիայից, Իրանից։

2015թ. հոկտեմբերի սկզբին հրատարակվեց կազմակերպության հերթական վարկանիշային զեկույցը, որը ներառում է 800 բուհական հաստատություն, սակայն բաց աղբյուրներում ներկայացվում է միայն լավագույն 200 բուհերի ցանկը։

Ըստ զեկույցի՝ լավագույն արդյունքը պատկանում է Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտին, որին հաջորդում են Օքսֆորդի, Սթենֆորդի, Քեմբրիջի համալսարանները, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտը, Հարվարդի, Փրինսթոնի համալսարանները, Լոնդոնի թագավորական քոլեջը, Ցյուրիխի դաշնային տեխնոլոգիական ինստիտուտը, Չիկագոյի համալսարանը։

Պետք է նշել, որ միջազգային նշանակության համալսարանների շարքում առաջատարը ԱՄՆ բուհերն են. ցուցակում ընդգրկված է 63 ամերիկյան համալսարան։

Այս վարկանիշային զեկույցում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը զբաղեցնում է 161-րդ հորիզոնականը2։ Հարկ է նշել նաև, որ ցուցակի ընդլայնված տարբերակում (800 բուհ) ներառվել են ռուսաստանյան 13 բուհական հաստատություններ, սակայն լավագույն 200 բուհերի ցուցակում ընդգրկվել է միայն Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։

1 http://www.timeshighereducation.co.uk/world-university-rankings/2013-14/world-ranking

2 http://gtmarket.ru/news/2015/10/01/7248


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր