
ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ (2015թ. նոյեմբեր)

Ջոնի Մելիքյան
«Նորավանք» ԳԿՀ փորձագետ
Նոյեմբերը բավական ակտիվ էր Վրաստանի արտաքին քաղաքականության կյանքում։ Դա վերաբերում է ինչպես Ռուսաստանի և Ադրբեջանի հետ փոխհարաբերություններին, այնպես էլ իր գործընկերոջ՝ ԱՄՆ-ի հետ «ռազմավարական» փոխհարաբերությունների շարունակմանը։ Առավել հատկանշական են Վրաստանի փոխհարաբերությունները ԵՄ-ի հետ, որոնց շրջանակում նոյեմբերի կեսին Բրյուսելում տեղի ունեցավ ԵՄ և Վրաստանի ասոցիացման Խորհրդի երկրորդ նիստը, իսկ ամսվա վերջին՝ ԵՄ «Արևելյան գործընկերության» երկրների «ոչ պաշտոնական» գագաթաժողովը։
Վրաստան-ԱՄՆ - Վրաստան-ԱՄՆ փոխհարաբերություններում պետք է նշել նոյեմբերի սկզբին Վրաստանի ԱԳՆ ղեկավար, փոխվարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու այցը ԱՄՆ։ Հենց այդ ժամանակ էլ տեղի ունեցավ ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության հանձնաժողովի հինգերորդ լիագումար նիստը՝ Ռազմավարական գործընկերության խարտիայի շրջանակում, որը երկու երկրները ստորագրել են 2009թ. հունվարին։
Տեղեկանք. Ինչպես հանձնաժողովի, այնպես էլ նրա աշխատանքային խմբերի գերակա ուղղություններն են դեմոկրատիան, պաշտպանությունը և անվտանգությունը, առևտուրը և տնտեսությունը, ժողովուրդների միջև հարաբերությունները և մշակութային առնչությունները։
Լիագումար նիստին վրացական կողմից մասնակցում էին պետական տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Նիստի ընթացքում քննարկվեցին այն աշխատանքները, որոնք իրականացվել էին բոլոր չորս ուղղություններով, ապագայի համար նշվեցին նոր խնդիրներ։
Նիստի նախօրեին՝ նոյեմբերի 2-ին, Կվիրիկաշվիլին հանդիպել էր ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էնթոնի Բլինքենի հետ։ Հանդիպման արդյունքներով՝ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն ասել է, որ երկու երկրների միջև կա «ուժեղ և ակտիվ գործընկերություն»։ Նա նաև գովել է Վրաստանին Աֆղանստանում ՆԱՏՕ առաքելությունում ունեցած ավանդի համար (Վրաստանը երկրորդ խոշոր կոնտրիբուտորն է այդ առաքելությունում զինվորականների քանակությամբ)։ Բլինքենն ասել է, որ Վրաստանը հասել է «էական առաջընթացի» հանձնաժողովի նախորդ լիագումար նիստից հետո (տեղի է ունեցել 2014թ. փետրվարին), որը նախագահում էին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին։
Իր հերթին, Վրաստանի արտգործնախարարը նշել է, որ երկկողմանի ռազմավարական գործընկերությունը շարունակում է մնալ «շատ ուժեղ», և ավելացրել է, որ Վրաստանի կառավարությունը «պատրաստ է ԱՄՆ-ի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը փոխադրել որակապես նոր փուլ»։ Կվիրիկաշվիլին նաև ասել է, որ Վրաստանի և ԱՄՆ-ի միջև ստեղծվել է «ուժեղ համագործակցություն» պաշտպանության և անվտանգության ոլորտներում, իսկ ԱՄՆ աջակցությունը, ըստ նրա, թույլ է տալիս Վրաստանին «հասնել էական առաջընթացի պաշտպանական փոխակերպման ոլորտում»։ Նա նաև հույս է հայտնել, որ ՆԱՏՕ Վարշավայի գագաթաժողովը եկող տարի վստահություն կհայտնի Վրաստանում իրականացվող հաջող բարեփոխումներին պաշտպանության և անվտանգության ոլորտներում և «առաջ կմղի մեր Վրաստանը դաշինքին անդամակցելու ճանապարհին»։
Նոյեմբերին ԱՄՆ այցելեց Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլին։ Ամենահետաքրքիրն այս այցի ընթացքում այն էր, որ դրա մասին չէր հայտարարվում ոչ խորհրդարանի մամուլի ծառայության, ոչ էլ Վրաստանում ԱՄՆ դեսպանության կողմից։ Վրացական լրատվամիջոցները դրա մասին իմացան «Ռուսթավի 2» ընդդիմադիր հեռուստաալիքի լրագրողներից, որոնք խորհրդարանի նախագահին նկատել էին միայն դեսպանատանը, երբ նա արդեն ավարտում էր իր այցելությունը։
«Ռուսթավի 2-ի» տեղեկատվությամբ՝ ԱՄՆ այցի ընթացքում Դավիթ Ուսուպաշվիլին հանդիպել է Կոնգրեսի ներկայացուցիչների, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդի, պետքարտուղարի երկրորդ տեղակալ Բրիգիթ Բրինքսի, NDI-ի, ԱԱԳ-ի, պետդեպարտամենտի, ինչպես նաև ամերիկյան փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ։ Ըստ Ուսուպաշվիլու, նրա այցելության գլխավոր հարցերն էին տարածաշրջանային անվտանգությունը, Ռուսաստանը, Ուկրաինան, եվրաինտեգրումը, ինչպես նաև Վրաստանում ուշադրության կենտրոնում գտնվող գործընթացները:
Վրաստան-Ռուսաստան - Վրաց-ռուսական հարաբերությունների շրջանակում նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ Պրահայի բանակցությունների հերթական ռաունդը «Կարասին-Աբաշիձե» ձևաչափով, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ փոխհարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի միջև։ Դիվանագիտական աղբյուրների տեղեկացմամբ՝ ռուսական և վրացական կողմերը շարունակել են երկխոսությունը վրաց-ռուսական հարաբերությունների կարգավորման կոնկրետ հարցերի վերաբերյալ այն ուղղություններով, որոնցում, դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում, հնարավոր է առաջընթաց արձանագրել՝ տնտեսություն, առևտուր, տրանսպորտ և հումանիտար համագործակցություն։
Տեղեկանք. Ռուսաստանը Վրաստանի չորրորդ խոշոր առևտրային գործընկերն է, որի հետ առևտրաշրջանառությունը 2015թ. ինն ամիսներին կազմել է $530,3 մլն (կրճատվել է 8,9%-ով 2015թ. նույն ժամանակամիջոցի համեմատ)։ Ներմուծումը Ռուսաստանից աճել է 13%-ով (2015թ. նույն ժամանակամիջոցի համեմատ) և կազմել է $418,3 մլն, իսկ արտահանումը Ռուսաստան կրճատվել է 47,1%-ով և կազմել $112 մլն։ Ռուսաստանը Վրաստանի հինգերորդ խոշոր արտահանական շուկան է, որի բաժինը երկրի ընդհանուր արտահանման մեջ կազմել է 6,8%։
Ըստ ՌԴ ԱԳՆ-ի՝ չնայած քաղաքական խնդիրների հանդեպ սկզբունքային մոտեցումների առկա տարբերություններին՝ Պրահայի հանդիպումների գործնական մթնոլորտը թույլ է տալիս հաջողությամբ և փոխշահավետ ձևով լուծել երկկողմ հարաբերությունների գործնական հարցերը։ Միևնույն ժամանակ, կողմերը «հաստատել են Ժնևյան բանավեճի ինքնուրույն ձևաչափը՝ որպես Հարավային Կովկասում անվտանգության և կայունության ապահովման կարևոր գործոն»։
Տեղեկանք. Ռուսաստանի և Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, որոնք խզվել են պաշտոնական Թբիլիսիի կողմից 2008թ.: Այդ ժամանակ էլ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին Անդրկովկասում անվտանգության և կայունության հարցերի վերաբերյալ միջազգային խորհրդատվություններ կամ այսպես կոչված «Ժնևյան բանավեճեր» անցկացնելու վերաբերյալ։ 2012թ. հիմնվեց ռուս-վրացական ուղղակի միջպետական խորհրդատվությունների ձևաչափը՝ «Կարասին-Աբաշիձե», որը չի նախատեսում քաղաքական հարցերի դիտարկում, այլ քննարկում է երկու պետությունների տրանսպորտային հաղորդակցության, առևտրատնտեսական և մշակութային-հումանիտար համագործակցության հարցերը։
ԶԼՄ-ին տված իր մեկնաբանությունում Գեորգի Կարասինը նշել է, որ կա առաջընթաց երկու երկրների տնտեսական և առևտրային փոխհարաբերություններում. երկրների միջև ավտոմեքենաների փոխադրումների ծավալն աճել է 190%-ով (2014թ. համեմատ), ուղևորափոխադրումներն ավիատրանսպորտով 2015թ. ինն ամիսներին ավելացել են 90%-ով, շուրջօրյա ռեժիմի է անցել Վերին Լարս-Կազբեկ մաքսակետը։
Բանակցությունների ժամանակ կողմերը, ինչպես և սպասվում էր, անդրադարձան նաև միակողմանի ռուսաստանյան վիզային ռեժիմին, որը գործում է Վրաստանի քաղաքացիների հանդեպ։ Ըստ Կարասինի՝ այս հարցում առաջընթացի բացակայությունը պայմանավորված է նրանով, որ երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան (2014թ. Վրաստանի քաղաքացիները մոտ 22 հազար վիզա են ստացել Ռուսաստանից)։ Ըստ Զուրաբ Աբաշիձեի՝ շուտով հայտնի կդառնա, թե երբ է Ռուսաստանը պարզեցնելու վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար։
Վրաստան-Ադրբեջան - Հատկանշական էր նոյեմբերին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկօրյա պաշտոնական այցը Վրաստան (նոյեմբերի 5-6)։ Այցի շրջանակում Ադրբեջանի նախագահը նոյեմբերի 5-ին հանդիպեց իր վրացի պաշտոնակցի՝ Գեորգի Մարգվելաշվիլու հետ։ Երկրորդ օրը նա հանդիպեց նաև վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու և խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլու հետ, իսկ այցի ավարտին այցելեց Մառնեուլ (Քվեմո Քարթլի ադրբեջանաբնակ շրջան), որտեղ հանդիպեց տեղի ադրբեջանցի բնակչության հետ։
Բանակցությունների արդյունքում Վրաստանի և Ադրբեջանի նախագահները հերթական անգամ ընդգծեցին երկու երկրների հավատարմությունը ռազմավարական գործընկերությանը և «բարեկամական» փոխհարաբերություններին։ «Այսօրվա հանդիպման ժամանակ մենք քննարկեցինք ռազմավարական այն համագործակցությունը, որը մեզ կապում է Ադրբեջանի հետ, այն հեռուն գնացող ծրագրերը, որոնք կապում են մեզ Կասպից և Սև ծովերի հետ»,- ասել է Մարգվելաշվիլին և նշել ադրբեջանական ներդրումների նշանակությունն ու ադրբեջանական ընկերությունների բարեգործական գործունեությունը Վրաստանում։
Հանդիպման արդյունքներով Վրաստանի և Ադրբեջանի նախագահները ստորագրեցին Հռչակագիր երկկողմանի հարաբերությունների խորացման մասին, որը նախատեսում է հարաբերությունների խորացում քաղաքականության, անվտանգության, առևտրի և տնտեսության, տարանցման, մշակույթի, կրթության և գիտության ոլորտներում։
Փաստաթղթում երկու երկրների նախագահները նշել են, որ կողմերը կշարունակեն ռազմավարական երկխոսությունը տարածաշրջանային և գլոբալ հարցերի շուրջ, կուժեղացնեն համագործակցությունը ՄԱԿ-ում, մասնագիտացված մարմիններում և ինստիտուտներում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում, ՎՈւԱՄ-ում, ինչպես նաև այն հարցերի շուրջ, որոնք կապված են ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ, կխրախուսեն փորձագետների և հետազոտական ինստիտուտների սերտ համագործակցությունը, կակտիվացնեն փոխանակումը, հակամարտությունների կարգավորմանը, խաղաղության և անվտանգության ապահովմանն ուղղված ջանքերը, կընդգծեն «Աբխազիայում, Հարավային Օսիայում և Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների շուտափույթ լուծման» կարևորությունը, ինչպես նաև «իրենց նախկին բնակավայրեր բռնի տեղահանված անձանց և փախստականների վերադարձի» անհրաժեշտությունը:
Նշենք, որ պակաս կարևոր չէ նաև կողմերի պայմանավորվածությունը պաշտպանության և ռազմատեխնիկական զարգացման ոլորտում համագործակցության խորացման մասին։
Բացի այդ, հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում, խոսելով դեպի Եվրոպա էներգատարանցման երթուղու և Շահ Դենիզ նախագծի երկրորդ փուլի նշանակության մասին՝ Իլհամ Ալիևը նշել է, որ «Ադրբեջանն ունի բնական գազի հսկայական պաշարներ, ինչը հաջորդ հարյուր տարվա ընթացքում բավական է թե՛ ներքին սպառման, թե՛ հարևաններին ու Եվրոպային մատակարարելու համար»։
Տեղեկանք. Չնայած պաշտոնական այցելությունները, դիվանագիտական էթիկայից ելնելով, ծրագրվում են նախապես, Ալիևի այցելության մասին հայտարարվել էր ոչ ավելի, քան մեկ ամիս առաջ։ Դա հաստատում է վարկածն այն մասին, որ դրա համար խթան է հանդիսացել Վրաստանում բանավեճը գազի մատակարարումների դիվերսիֆիկացիայի մասին և փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախի Քալաձեի հայտարարությունը ռուսական «Գազպրոմի» և Իրանի հետ Վրաստանին բնական գազի հավելյալ մատակարարումների վերաբերյալ բանակցություններ սկսելու մասին, ինչը լրջորեն մտահոգել էր ադրբեջանական կառավարությանն ու SOCAR-ի ղեկավարությանը։
Ուշադրություն դարձնենք այն փաստին, որ բացի Վրաստանի ղեկավարության հետ հանդիպումներից, Ադրբեջանի նախագահը հանդիպել է նաև նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլու հետ, որը ցայժմ ազդեցիկ մարդ է համարվում Վրաստանում և խորհրդարանի ու կառավարության վրա ազդեցության իր լծակներն ունի։ Կայացած զրույցի բովանդակության մասին ոչինչ չի հաղորդվում։ Այնուամենայնիվ, ինչպես մեզ թվում է, այս հանդիպման նպատակն է եղել ձեռք բերել Իվանիշվիլու նախատրամադրվածությունը և նրանից Վրաստանին ադրբեջանական գազի կայուն մատակարարման և Վրաստանի տարածքում ենթակառուցվածքային նախագծերի շարունակման երաշխիքներ ստանալ։
Վրաստան-ԵՄ փոխհարաբերություններ - Անցած նոյեմբերը կարելի է վստահաբար անվանել «ԵՄ ամիս» Վրաստանում։ Նոյեմբերի 2-4-ին Թբիլիսի այցելեց Եվրախորհդարանի պատվիրակությունը՝ յոթ հոգանոց կազմով (գլխավորում էր Մեծ Բրիտանիայից Եվրախորհրդարանի պատգամավոր Սաջադ Քարիմը)։ Այցի ընթացքում տեղի ունեցավ ԵՄ-Վրաստան խորհրդարանական ասոցիացիայի կոմիտեի առաջին նիստը, որը նոր մարմին է՝ ստեղծված Վրաստանի և ԵՄ-ի միջև ասոցիացման համաձայնագրին (ներառյալ խոր և համապարփակ ազատ առևտրի մասին համաձայնագիրը) համապատասխան։ Այս կառույցի նպատակն էր համաձայնագրի կատարման դեմոկրատական վերահսկողությունը, իսկ խորհրդարանական ասոցիացիայի կոմիտեն կարող է հանձնարարականներ տալ ասոցիացիայի խորհրդին, որը կազմված է Եվրամիության և Վրաստանի գործադիր ճյուղերի ներկայացուցիչներից։
Այցելության շրջանակում պատվիրակությունը Վրաստանի իշխանությունների հետ քննարկել է «երկրի արդիականացման և կայուն դեմոկրատական բարեփոխումների արդյունքների ներդրման» հարցեր։ Եվրախորհրդարանի պատգամավորները հանդիպել են նաև նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, արդարադատության նախարար Թեա Ծուլուկանիի, ԱԳՆ ղեկավարի տեղակալ Գիգա Գիգիաձեի և ժողովրդական պաշտպան Ուչա Նանուաշվիլու հետ։
Արդեն նոյեմբերի 10-ին Վրաստան այցելեց Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով Գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին։ Նա հանդիպումներ ունեցավ նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու, խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուպաշվիլու և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
ԶԼՄ-ի համար արած իր հայտարարությունում Մոգերինին նշեց, որ «գնահատում է Վրաստանի դերը ԵՄ-ի հետ երկկողմանի հարաբերություններում» և մեծ նշանակություն է տալիս ասոցիացման համաձայնագրի իրականացմանը։ Վիզային ազատականացման հարցում, ըստ Մոգերինիի, թեև ինքը չի կարող կանխատեսել, թե ինչ որոշումներ կընդունեն ԵՄ ինստիտուտները, բայցևայնպես, ասաց. «մենք բոլորս դրական նշաններ ենք տեսնում»։
Տեղեկանք. Համաձայն Եվրահանձնաժողովի 2015թ. մայիսի 8-ի զեկույցի՝ Վրաստանը կատարել է Եվրամիության հետ վիզային ռեժիմի ազատականացման գործողությունների ծրագրի (VLAP) երկրորդ փուլի 15 հիմնական պահանջներից 7-ը։ Եվրահանձնաժողովի չորրորդ հաշվետվությունը կհրապարակվի դեկտեմբերի 15-ին, ինչի արդյունքում կավարտվի վիզային ռեժիմի ազատականացման տեխնիկական գործընթացը։
Մեկնաբանելով Մոգերինիի այցը՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, թե իրեն «խիստ հուսադրել են Մոգերինիի դրական մեսիջները», և այսօր «Թբիլիսիի գլխավոր մեսիջն այն է, որ Եվրամիության ակտիվ ներգրավվածությունը վճռական նշանակություն ունի Վրաստանի համար»։ Ըստ նրա՝ Մոգերինին իրեն հավաստիացրել է, որ ԵՄ-ը պատրաստ է, որպեսզի «էլ ավելի մեծ ինտենսիվությամբ շարունակվի աշխատանքը Վրաստանի և ԵՄ-ի միջև»։
Վերը նշված այցելությունները կարելի է վստահաբար անվանել «տնտղիչ»։ Արդեն նոյեմբերի 16-17-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին աշխատանքային այցով մեկնեց Բրյուսել, որտեղ հանդիպեց ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և Եվրահանձնաժողովի առաջին փոխնախագահ Ֆրանս Թիմերմանի հետ։ Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում էին արտաքին գործերի, էկոնոմիկայի, արդարադատության նախարարները, ինչպես նաև հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետական նախարարն ու եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետական նախարարը։ Այցելության գլխավոր օրակարգը դարձավ ԵՄ-ի և Վրաստանի ասոցիացման խորհրդի երկրորդ նիստը, որի համանախագահներն էին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Խանը։
Տեղեկանք. Խորհուրդը համատեղ մարմին է՝ նախարարների մակարդակով, որը գումարվում է, առնվազն, տարին մեկ անգամ և քննարկում է 2014թ. ստորագրված՝ Վրաստանի և ԵՄ-ի ասոցիացիայի համաձայնագրի հետ կապված հարցերը։
Նիստի ժամանակ քննարկվեց այն առաջընթացը, որը ձեռք է բերվել Վրաստանի և ԵՄ-ի միջև ասոցիացիայի համաձայնագրի իրագործման գործընթացում, ինչպես նաև «առկա մարտահրավերները» (ինչպես նշեց Մոգերինին)։
Նիստի գործնական արդյունքների թվում ԵՄ որոշումն է՝ ավելացնել Վրաստանին տրամադրվող օգնությունը, որն «էապես» ավելանում է 2014-2017թթ., իսկ ամեն տարի կտրամադրվի մոտ 100 մլն եվրո՝ «հավակնոտ քաղաքական, դատական և տնտեսական բարեփոխումների իրականացման համար, որոնք նախատեսված են Ասոցիացիայի համաձայնագրում»։
Բացի այդ, անցած ամիս Վրաստանն ամրագրել է առաջընթաց ԵՄ-ի հետ 2014թ. հունիսի 27-ին ստորագրված ասոցիացիայի համաձայնագրի վավերացման գործում (Փաստաթուղթը հաստատվել է Վրաստանի խորհրդարանի կողմից 2014թ. հուլիսի 18-ին, իսկ Եվրախորհրդարանի կողմից՝ 2014թ. դեկտեմբերի 18-ին)։ Այսպիսով, նոյեմբերի 18-ին և նոյեմբերի 26-ին Հունաստանը և Իտալիան ավարտեցին այս գործընթացը՝ դառնալով ԵՄ 26-րդ և 27-րդ երկրները, որոնք վավերացրել էն Համաձայնագիրը, որ 2014թ. սեպտեմբերի 1-ից արդեն գործում է ժամանակավոր օգտագործման ռեժիմով, լիարժեք կգործարկվի այն բանից հետո, երբ ԵՄ 28 անդամ երկրներից վերջինը՝ Բելգիան, կվավերացնի այն։
«ԵՄ ամիսը» եզրափակող իրադարձությունը «Արևելյան գործընկերության» երկրների ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումն էր Թբիլիսիում նոյեմբերի 26-ին։ Միջոցառմանը մասնակցեցին Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի և Մոլդովայի արտգործնախարարները, ինչպես նաև Բելառուսի փոխարտգործնախարարն ու Ուկրաինայի ԱԳՆ Եվրոպական տնօրինության նախագահը։ Հանդիպումներին մասնակցում էին նաև ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Խանը, առողջապահության և պարենային անվտանգության հարցերով եվրահանձնակատար Վիտենիս Անդրյուկայտիսը և ԵՄ Արտաքին հարաբերությունների ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻՆ – ԴԵԿՏԵՄԲԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՍՆՕՐՅԱԿՈՒՄ (հիմնական իրադարձությունների տեսություն)[21.12.2016]
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ (հիմնական իրադարձությունների տեսություն)[29.11.2016]
- ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ[24.11.2016]
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ (Հիմնական իրադարձությունների տեսություն)[31.10.2016]
- ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ[28.10.2016]
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ (Հիմնական իրադարձությունների տեսություն)[30.09.2016]
- ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ՕԳՈՍՏՈՍԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ[30.09.2016]
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈՒԼԻՍԻՆ (Հիմնական իրադարձությունների տեսություն)[16.09.2016]
- ՎՐԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ՀՅՈՒՍԻՍ-ՀԱՐԱՎ ՄԻՋԱՆՑՔԸ[01.09.2016]
- ՎՐԱՍՏԱՆԸ 2016Թ. ՀՈՒՆԻՍԻՆ. ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ[27.07.2016]
- ՎՐԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 2016Թ. ՀՈՒՆԻՍԻՆ (հիմնական իրադարձությունների տեսություն)[26.07.2016]