
ՄԻՋՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ
Հրապարակվում է «ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ» ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՖՈՐՈՒՄԻ կողմից
10 ՆՈՅԵՄԲԵՐ 2015Թ.
«Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային հանրային ֆորումի հիմնադիր-նախագահ Վլադիմիր Յակունինի 2015թ. նոյեմբերի 6-ի ելույթը Պեկինի ֆորումում։
Տիկնայք և պարոնայք
Հարգելի ընկերներ
Ինձ համար մեծ պատիվ է Պեկինի ֆորումի մեծարգո մասնակիցների առջև ելույթ ունենալը։ Ֆորումում հավաքվել են ՄԱԿ առաջատար ներկայացուցիչներ, հայտնի մտավորականներ և աշխարհահռչակ գիտնականներ, որպեսզի քննարկեն հումանիտար և սոցիալական գիտություններում քաղաքակրթությունների երկխո-սության հարացույցին համահունչ արդի հետազոտությունների առավել ակտուալ խնդիրները, ինչպես նաև խորհեն պետությունների, մշակույթների ու քաղաքակրթությունների ապագա զարգացման հեռանկարների շուրջ` առաջարկելով լուծումներ։
Պեկինի ֆորումը մեծագույն համարում ունեցող հարթակներից է, որում խրախուսվում և խթանվում է քաղաքակրթական դիսկուրսը։ Որպես «Քաղաքակրթությունների երկխոսություն» համաշխարհային հանրային ֆորումի հիմնադիր-նախագահ, կարող եմ ուրախությամբ նշել, որ մեր երկու ֆորումները հետևում են բացության, փոխադարձ հարգանքի ու վստահության նույն սկզբունքներին։ Այս արժեքները կազմում են քաղաքակրթությունների ցանկացած անկեղծ և անաչառ երկխոսության անկյունաքարը։ Այսպիսի երկխոսությունն է՛լ ավելի հսկայական նշանակություն է ձեռք բերում մերօրյա բարդ միջազգային իրադրությունում, որը մենք դեռևս 2012թ. բնութագրել ենք որպես «աշխարհացունց վերափոխումների ժամանակաշրջան»։
Թույլ տվեք ներկայացնել մտքեր միջազգային համագործակցության հաջողության ապահովման գործում միջքաղաքակրթական երկխոսության ունեցած դերակատարության որոշ կողմերի մասին, որոնք քննարկվել են հունական Հռոդոս կղզում ս.թ. հոկտեմբեր ամսին տեղի ունեցած 13-րդ Համաշխարհային հանրային ֆորումում։
Ֆորումում ամրագրվեցին նեոլիբերալ գլոբալացման ուղով զարգացման ժամանակակից մոդելի ձախողման ամենուրեք ի հայտ եկող հստակ դրսևորումները։ Սոցիալ-տնտեսական անհավասարությունը միայն խորանում է, և ժամանակակից աշխարհի առջև ծառացել է ազգամիջյան և կրոնական բազմատեսակ խզվածքներից բխող հակամարտությունների աննախընթաց աճի խնդիրը։ Համաշխարհային խառնաշփոթ է նկատվում մարդկային կենսագործունեության բոլոր ուղղություններում և ոլորտներում։ Աշխարհում անարդարությունն ու անհավասարությունը հասել են աննախադեպ մակարդակի։ Ընդամենը 400 միլիարդատերերի եկամուտը գերազանցում է աշխարհի ամենաաղքատ բնակչության 50%-ինը։ Կարելի է ասել, ամենահարուստները տիրում են աշխարհի բնակչության կեսին (Սաութհեմփթոնի համալսարանի պրոֆ. Ռ. Վերների խոսքերով)։
Քաոսը դրսևորվում է գոյություն ունեցող յուրաքանչյուր մշակույթում և քաղաքակրթությունում։ Նրանք, ովքեր ըմբռնում են, որ պատասխանատու վարքագիծն այս քաոսում բարձրագույն և գերակա նշանակություն ունի, կհասկանան նաև, որ եկել է հնարավոր ապագայի այլընտրանքային մոդելների իրականացման համար միախմբվելու և միասնական գործնական քայլեր կատարելու ժամանակը, ինչը գուցե թույլ տա մարդկությանն ուղղորդել դեպի ավելի արդար և կենսունակ աշխարհակարգ։
Աշխարհին անընդհատ առաջարկում են երկու տարբերակ. կամ միանալ այն ուժերին, որոնք նախագծել ու մշակել են աշխարհի գլոբալացման նեոլիբերալ մոդելը և բոլորին առաջարկում են սպառազինության օգնությամբ պաշտպանվող գլոբալ սպառողական հասարակության արժեքները որպես համադարման (ինչպես դա նկարագրել է Համաշխարհային հանրային ֆորումի հիմնադիր, լուսահոգի Ջ.Չ. Կապուրը), կամ էլ` կործանվել համաշխարհային պատերազմների, տնտեսական աղետների և բնական կատակլիզմների հորձանուտում։ Նման իրավիճակում միասնական և ներդաշնակ ապագա կերտելու մեջ շահագրգռված բոլոր կողմերի համար գոյություն ունի մի երրորդ ուղի։ Այդ ուղին գտնվում է նեոլիբերալիստական և մենատիրական (հեգեմոնիստական) իշխանությամբ պարտադրված քաոսի շրջանակներից դուրս։ Ավելի քան 15 տարի է, ինչ տարբեր կարծիքների և գաղափարների տեր հասարակ մարդիկ, պրոֆեսիոնալ հանրությունների, միջպետական և ոչ պետական կազմակերպությունների ներկայացուցիչներ հավաքվում են անկախ հարթակներում, ինչպիսիք են Պեկինի ֆորումը և Համաշխարհային հանրային ֆորումը։ Սա վառ ապացույցն է այն բանի, որ միջմշակութային քննարկումները և միջքաղաքակրթական շփումներն աշխարհին զենքի ուժով պարտադրվող սպառողականության միակ այլընտրանքն են։
Մեր միասնական մոտեցումն առկա գլոբալ խառնաշփոթի շտկման և վերակերպման, ինչպես նաև մարդկության բարեկեցության ընդլայնման համար համարժեք միջոց է։
Իր գոյության առաջին իսկ օրերից Համաշխարհային հանրային ֆորումն ընդունել է արդի աշխարհընկալման մեջ բազմակարծության աջակցման և պահպանման դիրքորոշումը։ Մենք հաստատակամորեն կոչ ենք արել պատմականորեն ձևավորված բազմաթիվ և բազմաբնույթ քաղաքակրթությունների բնական զարգացումը փոխլրացման զանազան, սակայն պատասխանատու մոտեցումների վրա հիմնելու համար, ինչը թույլ կտա ապահովել պետությունների և ժողովուրդների կենսունակ գոյակցությունը։ Մենք ջանք չենք խնայել քաղաքակրթությունների միջև երկխոսության խթանման մեթոդաբանությունների և գործնական միջոցների կատարելագործման գործում։
Հենց այսպիսի դիրքորոշումն է, որ կարող է մեզ ավելի մոտեցնել անկանխակալ, գաղափարախոսությունների ազդեցությունից զերծ, սակայն համընդգրկուն «աշխարհապատկերին», առանց որի մարդկության հետագա զարգացումը հարցականի տակ կհայտնվի։
Քաղաքակրթությունների երկխոսության նպատակները, միջոցները և գործիքակազմը տարածվում են գիտահետազոտական հետաքրքրությունների շրջանակից անդին։ Չէ՞ որ երկրների և ժողովուրդների միջև խաղաղության պահպանումը կախված է փոխվստահության հաստատմանն ուղղված մեխանիզմների գործողության արդյունավետությունից և ճշգրտությունից, ինչպես նաև երկխոսության մեջ ընդգրկված կողմերի` հասարակական կազմակերպությունների, վերազգային կորպորացիաների կամ անհատների միջև վստահության մթնոլորտի խթանումից։ Երկխոսության բաց, փոխադարձ հարգանքով լի և հավասար պայմանների ստեղծումը քաղաքակրթությունների միջև համագործակցության և գործընկերության արդյունավետության առհավատչյան է։
Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից վերջերս հռչակված կայուն զարգացման արդի հայեցակարգը կարող է կյանքի կոչվել միայն այդ զարգացման սկզբնապայմանները, այդ թվում` աղքատության, հիվանդությունների, անգրագիտության, ռեսուրսների սակավության դեմ պայքարում երկրներում և մայրցամաքներում ձեռք բերված նվաճումների տնտեսական և սոցիալական կոնկրետ թվային արտահայտությունները բացահայտելու, ինչպես նաև անհրաժեշտ նյութական և այլ ռեսուրսների աղբյուրներն ամբողջ աշխարհի համար որոշելու դեպքում։ Դա նշանակում է, որ տնտեսական աճի տոկոսային արտահայտությամբ բերվող թվերը պատշաճ կերպով չեն արտացոլում մարդկանց բարեկեցության իրական պայմանները, և դրանց պետք է ավելացնել քաղաքացիների բարգավաճման իրական գործոնները։ Այդպիսի եզրակացության հանգելիս մենք ելնում էինք այն ենթադրությունից, որ «աշխարհի քաղաքակրթական քարտեզը» առավել համարժեք կերպով է արտացոլում ներկայումս գոյություն ունեցող մտավոր կառուցվածքը, որը կարող է գործնականորեն համապատասխանել Երկիր մոլորակի մի հսկա տարածքում զարգացման ներուժի պատասխանատու և պրագմատիկ կերպով օգտագործման տրամաբանությանը։
Այս մեթոդաբանության վրա հիմնվելով՝ Հռոդոսի ֆորումն իր անցյալ նիստում հանդես եկավ «Համաշխարհային հանրային ֆորումի ուղեղային կենտրոն» ստեղծելու նախաձեռնությամբ, որը կզարգացնի քաղաքակրթությունների երկխոսության ցանցային կառուցվածքը, ինչպես նաև ներկայիս աշխարհապատկերի ըմբռնման ու առավել հրատապ և ակտուալ մարտահրավերների հանդեպ նոր գործնական հակազդեցությունների ձևավորման գործընթացներում կներգրավի քաղաքացիական հասարակության բոլոր ուժերին և վերջիններիս մտավոր ներուժը, որն առկա է գիտահետազոտական հեղինակավոր հաստատություններում։
Պեկինի ֆորումն ապահովում է քաղաքակրթությունների միջև ներդաշնակության հաստատման և ամենքի բարգավաճման ապահովման լուսավոր գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ վերոնշյալ բոլոր նախադրյալները։ Ֆորումի առանձնանիստերի օրակարգերում ընդգրկված հարցերը հսկայական նշանակություն ունեն սոցիալական զարգացմանը նպաստելու և քաղաքակրթությունների միջև բարեհաջող երկխոսությունը պահպանելու խնդրում։
Ամփոփելով՝ կցանկանայի երկու մեջբերում կատարել ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 70-րդ նիստի ընդհանուր բանավեճի ընթացքում Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների հնչեցրած խոսքերից։
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ձինփինն ասաց. «Միմիայն փոխադարձ հարգանքի, փոխադարձ իմացության և ներդաշնակ գոյակցության միջոցով կարող է աշխարհը պահպանել իր բազմազանությունը և բարգավաճել։ Յուրաքանչյուր քաղաքակրթություն իր ժողովրդի յուրահատուկ տեսլականն ու ներդրումն է, և ոչ մի քաղաքակրթություն մյուսից վեր չէ։ Տարբեր քաղաքակրթություններ պետք է երկխոսության և փոխանակման մեջ ներգրավվեն, այլ ոչ թե փորձեն բացառել կամ փոխարինել մեկմեկու»։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը փաստեց. «ՄԱԿ գլխավորությամբ, միջազգային հանրության առանցքային նպատակը շարունակում է մնալ խաղաղության, համաշխարհային և տարածաշրջանային կայունության ապահովումը։ Մեր կարծիքով, խոսքն այստեղ հավասար և անբաժան անվտանգության տարածքի ստեղծման մասին է, որտեղ անվտանգությունը ոչ թե ընտրյալների, այլ բոլորի համար է։ Այո՛, դա բարդ, դժվար, երկարատև աշխատանք է, սակայն այլընտրանքներ պարզապես չկան»։
Իմ համոզմամբ, Չինաստանի և Ռուսաստանի առաջնորդների այս խոսքերը լիարժեքորեն արտացոլում են անկեղծ երկխոսության և հեռանկարային գործընկերության գաղափարներն ու նպատակները, որոնց մենք միասնաբար աջակցում ենք Պեկինի և Հռոդոսի ֆորումներում կատարվող աշխատանքի միջոցով։
Սա ապացուցում է, որ միջքաղաքակրթական երկխոսության հիմքը պետք է հանդիսանա միջազգային համագործակցության հաջողության ապահովմանն ուղղված իրական գործելակերպը։
Պեկինի ֆորումի բոլոր մասնակիցներին, կազմակերպիչներին և հյուրերին ցանկանում եմ արգասաբեր և հաջողությամբ պսակվող քննարկումներ։ Շնորհակալություն ուշադրության համար։
դեպի ետ