
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔՆ ԱՐՏԱՀԵՐԹ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽՕՐԵԻՆ
Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ, գիտքարտուղար
Թուրքիայի քաղաքական մթնոլորտը ընտրությունների նախօրեին
2015թ. հուլիսի 7-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիայում իշխող Արդարություն և զարգացում կուսակցությունն (ԱԶԿ) այդպես էլ մինչև նախատեսված ժամկետը (օգոստոսի 23) չկարողացավ համաձայնության գալ խորհրդարան անցած այլ կուսակցությունների հետ կոալիցիոն կառավարություն ձևավորելու հարցում, և երկիրը սկսեց պատրաստվել նոր՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների, որոնք տեղի են ունենալու նոյեմբերի 1-ին։
Նոր ընտրություններում գլխավոր ինտրիգն այն է, որ ԱԶԿ-ն ձգտելու է հնարավորինս մեծացնել իր ընտրազանգվածը քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) հաշվին՝ այդ կերպ լուծելով երկու խնդիր. թույլ չտալ վերջինիս մուտքը խորհրդարան և ապահովել իր համար այնպիսի մեծամասնություն, որը թույլ կտա սահմանադրական փոփոխությունների միջոցով ուժեղացնել նախագահի ինստիտուտը՝ ընդլայնելով վերջինիս լիազորությունները1։
ԺԴԿ-ն, իր հերթին, նույնպես վճռական է տրամադրված այս ընտրություններում՝ ակնկալելով զարգացնել նախորդ ընտրություններում գրանցած հաջողությունը։ Թուրքիայի ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնելու հավակնություն ունեցող ընդդիմադիր այս կուսակցությունն ակնկալում է նոր ընտրություններում ստանալ ընտրողների ձայների մոտ 20%-ը՝ նախորդ ընտրություններում ստացած 13%-ի փոխարեն և խորհրդարան անցկացնել մոտ 120 պատգամավոր՝ նախորդ ընտրությունների 80-ի փոխարեն։
Այսպիսով, չթերագնահատելով Թուրքիայի մյուս կուսակցությունների մասնակցության նշանակությունը՝ նշենք, որ վերլուծաբանները նոր ընտրություններում հիմնական շեշտադրումը կատարում են ԱԶԿ և ԺԴԿ մրցապայքարի վրա։ Այս համատեքստում են որոշակիորեն դիտարկվում նաև վերջին շրջանում Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականության կարևոր բաղադրիչներ հանդիսացող հետևայլ երկու գործոնները.
1. Թուրքիայի ակտիվ և բացահայտ միջամտությունը սիրիական ճգնաժամին։ «Իսլամական պետության» դեմ զինված պայքարի անվան տակ թուրքական ավիացիան սկսեց հարվածներ հասցնել նաև Սիրիայում Քրդական աշխատավորական կուսակցության դիրքերին։ Այս հանգամանքի կապը Թուրքիայում ծավալվող ընտրական գործընթացների հետ այն է, որ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը համարվում է Քրդական աշխատավորական կուսակցության՝ որպես ռազմականացված կառույցի քաղաքական թևը։ Թուլացնելով Քրդական աշխատավորական կուսակցությունը՝ Թուրքիայի իշխանություններն այդ կերպ թուլացնում են նաև Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը։
2. Թուրք-քրդական բախումներն ու զանգածային բռնությունները երկրի ներսում։ Թուրքական ավիացիայի հարվածները քրդերի դիրքերին Սիրիայում հարուցեցին Քրդական աշխատավորական կուսակցության հակազդեցությունը։ Վերջինս հայտարարեց թուրքական իշխանությունների հետ երկու տարի առաջ կնքված զինադադարի դադարեցման և զինված պայքարի վերսկսման մասին։ Թուրք-քրդական բախումները դրսևորվում են հիմնականում քրդերի կողմից թուրքական զինված ուժերի և ենթակառուցվածքների նկատմամբ իրականացվող հարձակումներով, թուրքական անվտանգության ուժերի պատասխան գործողություններով, որոնք ունեն ինչպես պատժիչ, այնպես էլ կանխարգելիչ բնույթ, և զանգվածային միջոցառումների ժամանակ կամ մարդաշատ վայրերում իրականացվող ահաբեկչական գործողություններով։
Վերջին ամենախոշոր ահաբեկչական ակտը հոկտեմբերի 10-ին Անկարայում ԺԴԿ և այլ ձախակողմյան քաղաքական ուժերի համակիրների զանգվածային ցույցի ժամանակ մահապարտ ահաբեկիչների կողմից մի քանի վայրկյանի ընդմիջումով իրականացված երկու պայթյուններն էին։ Ցուցարարները բողոքում էին ինչպես Թուրքիայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս քրդերի դեմ թուրքական իշխանությունների կողմից իրականացվող բռնությունների (ռազմական գործողությունների) դեմ։
Այս ահաբեկչական գործողությանը, ըստ պաշտոնական տվյալների, զոհ գնաց 97 մարդ։ Ոչ պաշտոնական աղբյուրները, սակայն, ավելի մեծ թվեր են հրապարակում։ Օրինակ, համաձայն առողջապահական կառույցների տվյալների՝ հոկտեմբերի 15-ի դրությամբ զոհերի թիվը հասել էր 106-ի2 (զոհերի թիվն աճում էր պայթյունին հաջորդած օրերին)։ Իսկ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հաղորդած տվյալներով՝ այդ թիվը հասնում է 120-ի։ Վիրավորների թիվը հաշվվում է հարյուրներով։
Իրականացված ահաբեկչական գործողությունից հետո իշխող ԱԶԿ և ընդդիմադիր ԺԴԿ փոխադարձ մեղադրանքները երկար սպասել չտվեցին։ ԱԶԿ-ն՝ ի դեմս Թուրքիայի իշխանության ներկայացուցիչների (նախագահ Ռ.Էրդողան, վարչապետ Ա.Դավութօղլու) ահաբեկչությունը կապեց «Իսլամական պետության» կամ Քրդական աշխատավորական կուսակցության հետ3։ ԺԴԿ-ն կատարված ահաբեկչության հիմնական պատասխանատու համարեց Թուրքիայի իշխանություններին՝ ի դեմս ԱԶԿ-ի, այն գնահատելով որպես վերջինիս կողմից ընտրությունների ընթացքի վրա ազդելու փորձ։ Ըստ ԺԴԿ-ի՝ թուրքական իշխանությունները, եթե իրենք կանգնած չեն Անկարայի ահաբեկչական գործողության հետևում4, ապա նվազագույնը՝ պարտավոր էին կանխել այն։
Ընտրական գործընթացների ազդեցությունը համայնքի վրա
Հայ համայնքը կազմում է Թուրքիայի հասարակության մի մասը և կրում է ընտրական գործընթացի ազդեցությունը։ Այդ ազդեցությունը կապված է երեք տարբեր գործոնների հետ.
1. Հայ համայնքը՝ որպես ընտրազանգված։ Այս տեսակետից այն որոշակի հետաքրքրություն է ներկայացնում մրցապայքարի դուրս եկած կուսակցությունների համար, որոնք ձգտում են գրավել վերջինիս ներկայացուցիչներին իրենց կողմը։ Հայ համայնքի ձայները իրենց կողմը գրավելու համար ջանքեր են գործադրում ինչպես իշխող ԱԶԿ-ն, այնպես էլ ընդդիմադիր կուսակցություններից Ժողովրդա-հանրապետական և Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունները։
ԱԶԿ-ի՝ հայ համայնքի ձայներով հետաքրքրվածությունն ուղղակիորեն ցույց է տալիս հոկտեմբերի 12-ին Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Մեհթի Էքերի այցը Կ.Պոլսի Հայոց պատրիարքություն և հանդիպումը հայ հոգևոր և ազգային գործիչների հետ՝ «երեսփոխանական ընտրութիւններու սեմին հայ համայնքի զօրակցութիւնը ստանալու համար»5։
ԺԴԿ հետաքրքրվածությունը հայ համայնքի ձայներով երևում է նախընտրական քարոզարշավի ընթացքում նրա ղեկավարների, մասնավորապես՝ համանախագահ Սալահեդդին Դեմիրթաշի հայանպաստ հայտարարություններով և խոստումներով։ Կուսակցության ղեկավարությունը խոստացել է, որ իրենց իշխանության գալու դեպքում Թուրքիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը և բարիդրացիական հարաբերություններ կհաստատի Հայաստանի հետ՝ բացելով հայ-թուրքական փակ սահմանը։
Ինչ վերաբերում է Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, ապա վերջինիս հետաքրքրվածությունը հայ համայնքի ձայներով երևում է այդ կուսակցության հայազգի ներկայացուցիչ Սելինա Դողանի ակտիվ մասնակցությամբ համայնքի խնդիրների լուծման հանրային ակցիաներին։ Վերջինս մասնակցում է հատկապես հայկական բողոքական որբանոցի կամ, ինչպես ընդունված է ասել, Քամփ Արմենի վերադարձի համար իրականացվող բողոքի ցույցերին և այլ միջոցառումներին։
2. Հայ համայնքը՝ որպես ազգայնամոլական գործողությունների թիրախ։ Մրցապայքարի ելած կուսակցությունների մեծ մասը, հատկապես՝ ԱԶԿ-ն ու Ազգայնական շարժում (Գորշ գայլեր) կուսակցությունը, ձգտում են թուրք էթնիկ ընդհանրության ազգայնական զգացումները շահարկելու միջոցով ընդլայնել իրենց ընտրազանգվածը՝ քարոզարշավի ընթացքում տուրք տալով ամբոխավարական հռետորաբանությանն ու գործողություններին։ Իսկ Թուրքիայում ազգայնամոլական կրքերի բորբոքումը դրսևորվում է նաև հակահայկականությամբ, ինչն ուղղակիորեն և անուղղակիորեն իր բացասական ազդեցությունն է թողնում հայ համայնքի վրա։
Դրա վկայություններից մեկն էլ այն է, որ թուրքական հետադիմական շրջանակներում մեծ աղմուկ բարձրացրեց Ըղդրի քաղաքապետի (ԺԴԿ) որոշմամբ Թուզուլջայի մուտքի վրա հայերեն տառերով գրության հայտնվելը։ Ի նշան քաղաքի բազմէթնիկության և բազմամշակութայնության, ինչպես նաև հայերի պատմական ներկայության այդ քաղաքում՝ քաղաքապետարանը սեպտեմբերին որոշել էր, որ թուրքերենի, քրդերենի և անգլերենի հետ մեկտեղ Թուզուլջայի դարպասների վրա պետք է լինի նաև հայերեն գրություն։ Արդյունքում՝ դրանց վրա հայտնվեցին քառալեզու (թուրքերն, քրդերեն, անգլերեն և հայերեն) «Բարի եկաք» և «Ցտեսություն» արտահայտությունները։
Սակայն, ինչպես հոկտեմբերի 14-ին հաղորդում է «Նոր Մարմարա» օրաթերթը, անհայտ հանցագործները վնասել են հայերեն գրությունը («Ցտեսություն» արտահայտությունը)6։ Ասվածը վկայում է նախընտրական շրջանում Թուրքիայում թափ հավաքող այլամերժության և անհանդուրժողականության մթնոլորտի մասին։ Ընդհանրապես, Թուզուլջայի մուտքի վրա հայալեզու գրության հայտնվելը հարուցել էր Արդարություն և զարգացում ու Ազգայնական շարժում կուսակցությունների ներկայացուցիչների, ինչպես նաև տեղի ադրբեջանական կազմակերպությունների վրդովմունքը։ Ի դեպ, Ազգայնական շարժում կուսակցությունը միակն է Թուրքիայի քաղաքական ուժերի մեջ, որը տուրք է տալիս միայն հակահայկական հռետորաբանությանն ու գործողություններին՝ հրաժարվելով հայ համայնքի հետ որևէ համագործակցությունից։ Այս կուսակցությունը միակն էր նախորդ ընտրություններում Թուրքիայի խորհրդարան անցած չորս քաղաքական ուժերից, որի կազմում չկար հայազգի պատգամավոր7։
3. Հայ համայնքը՝ որպես բախումների և բռնությունների զոհ։ Համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև համայնքային կառույցները տուժում են թուրք-քրդական բախումների և զանգվածային բռնությունների հետևանքով։ Ասվածը վերաբերում է ոչ միայն չեզոքություն պահպանող հայերին, որոնք ակամա են դառնում այդ բռնությունների զոհ, այլև քաղաքական գործընթացների մեջ ներգրավված անձանց։ Օրինակ՝ հոկտեմբերի 10-ին Անկարայում տեղի ունեցած ահաբեկչական պայթյունների հետևանքով վիրավորվածներից մեկը ազգությամբ հայ է։
Հայ համայնքի դիրքորոշումները
Թուրքիայի հայ համայնքի դիրքորոշումը առաջիկա խորհրդարանական ընտրություններում կարելի է բաժանել երկու մասի. պաշտոնական դիրքորոշում, որը արտահայտում է Կ.Պոլսի Հայոց պատրիարքությունը՝ որպես հայ համայնքի ղեկավար մարմին և ներկայացուցիչ պետության մոտ, ոչ պաշտոնական դիրքորոշում, որն արտահայտում է վերջերս ձևավորված հայկական «Նոր զարթոնք» շարժումը։
Նշենք, որ գոյություն ունի որոշակի տարբերություն պաշտոնական և ոչ պաշտոնական դիրքորոշումների միջև։ Պատրիարքության կողմից արտահայտվող պաշտոնական դիրքորոշումն իշխանամետ է՝ աջակցում է ԱԶԿ-ին։ Այդ մասին է վկայում Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Մեհթի Էքերի հետ հանդիպման ժամանակ Կ.Պոլսի Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի արտահայտած գոհունակությունն առ այն, որ հայ համայնքի՝ տարիներ շարունակ անտեսված ու չլուծված խնդիրները զգալիորեն լուծվել են ԱԶԿ իշխանության տարիներին8։
«Նոր զարթոնք» հայկական հասարակական շարժումն ունի ընդդիմադիր կեցվածք և հակված է դեպի ԺԴԿ-ն։ Այդ է վկայում շարժման համագործակցությունը վերջինիս հետ հայ համայնքի խնդիրների լուծման ուղղությամբ։ Ուշագրավ է հատկապես Քամփ Արմենի քանդման գործընթացը կասեցնելու և այն հայ համայնքին վերադարձնելու համար պայքարում ԺԴԿ աջակցությունը «Նոր զարթոնքին», մասնավորապես՝ այդ կուսակցության ներկայացուցիչների մասնակցությունը հայերի կողմից կազմակերպվող բողոքի ակցիաներին։
Պաշտոնական դիրքորոշմամբ հանդես եկող Կ.Պոլսի Հայոց պատրիարքությունը հավակնություն է ցուցաբերում ներկայացնելու ողջ համայնքի դիրքորոշումը։ Այդ մասին են վկայում վերջինիս հայտարարություններն առ այն, թե պատրիարքության դիրքորոշումից զատ արտահայտված այլ դիրքորոշումները զուտ մասնավոր կարծիքներ են և չեն կարող դիտվել որպես հայ համայնքի տեսակետներ։ Այլ կերպ ասած՝ մասնավոր անձինք կամ կազմակերպությունները իրավունք չունեն խոսելու ընդհանուր հայ համայնքի անունից։ Ինչպես նշել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Մեհթի Էքերի հետ հանդիպման ժամանակ, «ո՛չ մէկը կամ կարգ մը անձեր, կրնան համայնքի անունով խօսիլ։ Իշխանութիւնները պէտք չէ նկատի առնեն այդպիսի յայտարարութիւնները»9։
Պատրիարքարանի նման հայտարարությունների հիմնական դրդապատճառը, ամենայն հավանականությամբ, վերջինիս մտահոգությունն է Թուրքիայի ներկա լարված իրավիճակում հայ համայնքի անվտանգությամբ։ Այն պարզապես առաջնորդվում է Թուրքիայի իշխանություններին հայ համայնքի դեմ չգրգռելու նկատառումներով՝ շեշտը դնելով համագործակցության միջոցով համայնքի խնդիրներին (դպրոցների հարցը, բռնագրավված եկեղեցական կալվածքների խնդիրը և այլն) լուծում գտնելու վրա։
Այնուամենայնիվ, հայ համայնքի դիրքորոշումների մասին դիտարկումները պայմանական են, քանզի ընտրություններում քվեարկությունը կրում է անհատական բնույթ10։ Հետևաբար, դժվար է միանշանակ ասել, թե քվեարկության ժամանակ հայ համայնքի առանձին ներկայացուցիչներն անհատապես որ կուսակցության օգտին կտան իրենց ձայները։
1 Մասնագետների գնահատմամբ՝ սույն խնդրի լուծումը հետապնդում է ոչ այնքան ինստիտուցիոնալ (Թուրքիայի քաղաքական համակարգը վերափոխելու), որքան անձնավորված՝ գործող նախագահ Ռ.Թ. Էրդողանի դիրքերն ամրապնդելու նպատակ։
2 Անգարայի պայթումին մասին լուրերու սահմանափակում. Անգարայի բժիշկներու սենեակը տեղեկացուց որ մեռեալներուն թիւ 106 է, Նոր Մարմարա, 15-ը հոկտեմբերի, 2015։
3 Տե՛ս Վարչապետ Տավուտօղլուն լրագրողներուն. Անգարայի յարձակումը կրնայ գործուած ըլլալ թէ՛ ԸՇԻՏ-ի, թէ՛ ՓՔՔ-ի կողմէ, Նոր Մարմարա, 15-ը հոկտեմբերի, 2015։
4 Քանզի, ըստ այդ կուսակցության՝ «Իսլամական պետությունը» առանց Թուրքիայի իշխանությունների հետ համագործակցության չէր կարող իրականացնել նման կարգի ահաբեկչություն երկրի մայրաքաղաքում։
5 Գիւղատնտեսութեան նախարար Մէհթի Էքէր պատրիարքարան այցելեց, Նոր Մարմարա, 13-ը հոկտեմբերի, 2015։
6 Ըղտըրի մէջ հայերէնով փակցուած գրութիւնները փրցուած են, Նոր Մարմարա, 14-ը հոկտեմբերի, 2015։
7 Հովյան Վ., Թուրքիայի հայ համայնքը խորհրդարանական ընտրություններից հետո, Գլոբուս, 2015, թիվ 7, էջ 52:
8 Գիւղատնտեսութեան նախարար Մէհթի Էքէր պատրիարքարան այցելեց, Նոր Մարմարա, 13-ը հոկտեմբերի, 2015։
9 Նույն տեղում։
10 Ընտրական իրավունքի հիմնարար սկզբունքներից մեկն, ինչպես հայտնի է, քվեարկության գաղտնիությունն է։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ[18.12.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[03.12.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[06.11.2018]
- ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՇՈՒՐՋ[26.10.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[25.09.2018]
- ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ[12.09.2018]
- ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՆԱԿԱՆ ՓՈՐՁ[03.08.2018]
- ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[16.07.2018]
- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ[19.06.2018]
- ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[06.06.2018]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ[27.04.2018]