• am
  • ru
  • en
Версия для печати
07.09.2015

ԾՈՒՂԱԿ ՍԱՈՒԴՅԱՆ ԱՐԱԲԻԱՅԻ ՀԱՄԱՐ

Руский

   

Օգոստոսին հայտնի դարձավ, որ Սաուդյան Արաբիայի բանակային խոշոր ուժեր մտել են Եմենի կենտրոնական Մարիբ, ինչպես նաև հյուսիսային Սաադա նահանգներ։ Այս քայլը եմենյան ճգնաժամին Սաուդյան Արաբիայի ներգրավման ևս մեկ դրսևորումը դարձավ։ Ավելի վաղ՝ մարտին, թագավորությունը կենտրոնական դեր էր խաղացել Պարսից ծոցի մի շարք պետություններում շիական «Անսար Ալլահ» շարժման (որը 2014թ. ամռանից իր վերահսկողության տակ էր վերցրել երկրի մայրաքաղաքը, իսկ հետո նաև Եմենի մեծ մասը) ուժերին օդային հարվածներ հասցնելու գործում։

Էր Ռիյադում «Անսար Ալլահի» շիա-հուսիտներին համարում են ուժ, որը վայելում է Իրանի աջակցությունը։ Սաուդյան զորքերի մուտքին նախորդել էր բեկումը Եմենի հակամարտության մեջ. «Արաբական կոալիցիայի» զորքերի աջակցությունը վայելող, երկրի պաշտոնական կառավարությանը և նախագահ Աբդ Ռաբբո Մանսուր Խադիին հավատարիմ զորքերը հուլիսին հարավային Ադեն քաղաքից դուրս մղեցին շիաների ուժերը։ Դրան հաջորդեց վերջինների հաղթանակների շարքը հուսիտների հանդեպ երկրի հարավային և կենտրոնական շրջաններում։

Եմենում երկարաձգվող մարտական գործողությունների բեկմանը նպաստող գործոններից մեկը դարձավ Պարսից ծոցի միապետությունների կողմից կառավարամետ ուժերին ցուցաբերվող կենտրոնացված ռազմական օգնությունը, ինչպես նաև երկրի տարածք ԱՄԷ-ի կողմից խոշոր ռազմուժ մտցնելը։ Այնուհետև իրենց դերը խաղացին նաև «Արաբական կոալիցիայի»՝ մարտի վերջից շարունակվող օդային հարվածները, ինչպես նաև Եմենի շրջափակումը, ինչը մերձավորարևելյան այդ աղքատագույն երկրին հասցրեց հումանիտար աղետի եզրին։ Իրենց դերն են խաղացել նաև սաուդցիների և նրանց դաշնակիցների դիվանագիտական ջանքերը Եմենի նախկին նախագահ Ալի Աբդալա Սալեհի և հուսիտների միջև դաշինքի պառակտման ուղղությամբ. շիաների պարտությունները ժամանակի առումով համընկան հուլիսին Սալեհի ներկայացուցիչների և ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և ԱՄԷ դիվանագետների միջև անցկացվող բանակցություններին։ Հնարավոր է, որ այդ շփումներից հետո նախկին նախագահին հավատարիմ ուժերի մի մասը դադարել է աջակցել հուսիտներին։

Նշված հաղթանակներից հետո գործող նախագահ Խադիի կողմնակիցներն անցան պայքարի Եմենի կենտրոնական շրջանների համար. մասնավորապես, ներկայում դաժան մարտեր են մղվում Թաիզ քաղաքի համար։ Զուգահեռաբար, նրանք պատրաստվում են զավթել երկրի մայրաքաղաք Սանան և իրենց վերահսկողության տակ վերցնել երկրի՝ շիաներով բնակեցված և «Անսար Ալլահ» շարժման հենարանը հանդիսացող հյուսիսային շրջանները։ Սակայն հենց այստեղ էլ թաքնված են ռիսկերը կառավարամետ ուժերի համար, որոնք կարող են գործնականում երկար ժամանակով ամրագրել պառակտումը Եմենում և նպաստել հարևան Սաուդյան Արաբիայի ապակայունացմանը։

Խնդիրներն առաջին հերթին կապված են մարտական գործողությունների՝ դեպի հիմնականում շիաներով բնակեցված հյուսիսային շրջաններ տեղափոխվելու հետ, ինչն անխուսափելիորեն առաջ կբերի հուսիտների դիմակայության ակտիվացում։ Եվս մեկ գործոն կարող է դառնալ Իրանի ռազմական օգնությունը շիաներին, ինչը նույնպես կնպաստի նրանց դիմակայության երկարաձգմանն ու արդյունավետությանը։ Արդյունքում՝ Եմենի հյուսիսի լիակատար անցումը կառավարությանը լոյալ ուժերի վերահսկողության տակ սակավ հավանական է թվում՝ հաշվի առնելով հուսիտների արդյունավետ դիմակայելու կարողությունը և Եմենի հյուսիսի բնակչության աջակցության գործոնը։

Կառավարամետ ուժերի արդյունավետության վրա անխուսափելիորեն կազդի նաև դրանց կազմը։ Լոյալիստների հարվածային ուժերից մեկը մինչև այժմ Եմենի հարավային շրջանների աշխարհազորն էր, որտեղ գերիշխում են անջատական ուժերը, որոնք փորձում են անջատել երկրի հարավը։ Իրենց նպատակին հասնելով (հուսիտներին քշելով հարավից)՝ նրանք, ամենայն հավանականությամբ, այնքան էլ մեծ հաճույքով չեն պայքարի Եմենի մնացած շրջանների համար։ Եվ վերջապես, լուրջ ռազմական խնդիր կդառնա մայրաքաղաք Սանայի գրավումը, քանի որ մինչ այդ Ադենի համար մղվող մարտերն ի ցույց էին դրել կառավարամետ ուժերի ցածր հարվածային հնարավորությունները, ինչի պատճառով Սանայի գրոհը կարող է նույնպես վերաճել բազմամսյա երկարաձիգ մարտերի։ Իսկ ընդհանուր առմամբ, ամենայն հավանականությամբ, կառավարական ուժերը չեն կարողանա հասնել լուրջ և երկարատև հաջողության հյուսիսային շրջաններում և, բախվելով շիաների դիմադրությանը, կվերադառնան հարավ, ինչը կամրագրի Եմենի արդեն տեղի ունեցած փլուզումը։

Ինչպես արդեն նշվել է, Սաուդյան Արաբիան լրջորեն «խրվել» է Եմենի ճգնաժամում, ինչը բացասաբար կազդի նավթի խոշորագույն արտահանողի կայունության վրա։ Թագավորության ուղղակի ռազմական ներգրավվածությունը հակամարտությունում չէր համապատասխանում Էր Ռիյադի՝ սովորաբար ավլի զգուշավոր քաղաքականությանը, որը նախընտրում էր գործել ուրիշի ձեռքերով և ի հաշիվ իր ֆինանսական ռեսուրսների։ Սակայն սաուդցիների գործողությունները Եմենում արտացոլում են թագավորության նոր արտաքին քաղաքական գիծը՝ տարածաշրջանում Իրանի հետ կոշտ առճակատման առումով։ Ներքաղաքական մակարդակում պատերազմը Եմենում նպատակ ունի ծառայել Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզի կլանի ներկայացուցիչների դիրքերի ամրապնդմանը։ Մասնավորապես, խոսքը ՆԳՆ ղեկավար Մուհամեդ բեն Նաիֆի մասին է, որն ապրիլին թագավորի հրամանով նշանակվել է թագաժառանգ, նաև պաշտպանության նախարար Մուհամեդ բեն Սալմանի մասին, որը հենց այդ ժամանակ էլ դարձել էր թագաժառանգի տեղակալ։

Այնինչ, օդային հարձակումները և ներխուժումը Եմեն՝ նրա հետագա փլուզման հեռանկարով, անվտանգության լուրջ սպառնալիքներ են պարունակում հենց թագավորության համար։ Խոսքն առաջին հերթին հուսիտների հանդեպ ռազմական հաղթանակի հասնելու դժվարության մասին է՝ այն պայմաններում, երբ Էր Ռիյադն արդեն ունի նրանց դեմ պայքարի անհաջող փորձ (2009-10թթ.)։ Բացառություն չեղավ նաև ներկայիս իրավիճակը. Սաուդյան Արաբիայի և Եմենի սահմանին «Արաբական կոալիցիայի» օդային հարձակումներն սկսվելուց հետո հուսիտները հաջող գործողություններ իրականացրին սաուդյան զորքերի դեմ, վերջին օրերին կորուստներ է կրում նաև թագավորության՝ երկիր մտցված զորախումբը, իսկ Սաուդյան Արաբիայի տարածքի վրա Եմենից արձակվել են բալիստիկ հրթիռներ։ Այնուհետև շիաների հետ կոնֆլիկտը տեղափոխվեց թագավորության տարածք. մայիսին սաուդյան հարավային Նաջրան նահանգի ցեղերի կողմից ստեղծվեց «Ահրար Էն-Նաջրան» շարժումը, որը խոշոր գործողություններ իրականացրեց սաուդյան զորքերի դեմ։ Նահանգը բնակեցված է հիմնականում շիաներով և ժամանակին հակամարտության առարկա էր Եմենի և Սաուդյան Արաբիայի միջև։

Եվ վերջապես, երկրորդ սպառնալիքը արմատական իսլամիստներն են, մասնավորապես՝ «Ալ-Քաիդայի» եմենյան բաժանմունքը և «Իսլամական պետության»՝ երկրում ուժ հավաքող խմբավորումը։ Ապրիլին «Ալ-Քաիդայի» գրոհայինները զավթեցին եմենյան Հադրամաութ նահանգը, հետո հարավում ԻՊ-ը մի շարք խոշոր ահաբեկչական գործողություններ իրականացրեց շիաների դեմ։ Օգոստոսին հայտնի դարձավ «Ալ-Քաիդայի» գրոհայինների կողմից Ադենի շրջաններից մեկի զավթման մասին։ Այսպիսով, ջիհադականները, ըստ էության օգտվելով Եմենում իշխանության վակուումից, երկրում լուրջ հենակետ զավթեցին, և նրանց հաջորդ նպատակը, հավանաբար, լինելու է Սաուդյան Արաբիան, որտեղ ԻՊ-ը և «Ալ-Քաիդան», ամենայն հավանականությամբ, փորձելու են սուննի-շիա հակամարտություն սադրել։

Մայիսին ԻՊ խմբավորումը կոչ արեց շիաներից մաքրել Արաբական թերակղզին, ինչից հետո Սաուդյան Արաբիայում տեղի ունեցան մի քանի ահաբեկչական գործողություններ շիաների և թագավորության անվտանգության ուժերի դեմ։ Ջիհադականների համար Սաուդյան Արաբիան ամենագերակա նպատակն է՝ նավթային ռեսուրսների պատճառով, որոնց զավթումը թույլ կտա արմատական իսլամիստներին ամրապնդել իրենց դիրքերը և, Իրաքի ու Սիրիայի նման, ապահովել իրենց կողմից ստեղծվող քվազիպետական կառույցների գոյատևումը։

Այսպիսով, արդեն այժմ Եմենի ճգնաժամին արտաքին միջամտության արդյունքները բավական մռայլ են թվում։ Հակամարտությունում արաբական միապետությունների ինտերվենցիան ակտիվացրել է այդ երկրի փլուզումը, ինչպես նաև մոտեցրել արմատական իսլամիզմի և ապակայունացման սպառնալիքն անմիջապես Սաուդյան Արաբիայի և նրա դաշնակիցների սահմաններին։

Դ.Հարությունով

http://www.golosarmenii.am/article/31941/kapkan-dlya-saudovskoj-aravii


դեպի ետ