• am
  • ru
  • en
Версия для печати
03.06.2015

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՀԱՅ ԻՆՖՈՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ

   

Լիլիթ Հակոբյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական կենտրոնի փորձագետ

Ադրբեջանի կողմից պետականորեն իրականացվող հակահայկական քարոզչությունը շարունակում է ծավալվել ու զարգանալ՝ հնարավոր նոր միտումները պարբերական հետազոտությունների միջոցով դիտարկելու անհրաժեշտություն առաջացնելով։

Հակահայկական ինֆոքաղաքականության ուսումնասիրման առավել հարմար միջոց է ադրբեջանական մեդիայի բովանդակության ուսումնասիրությունը, հատկապես քարոզչության համար նշանակալից առիթներին, ինչպիսին են, օրինակ, Խոջալուի զոհվածների հիշատակի օրը՝ փետրվար 26-ը և դրան նախորդող ու հաջորդող օրերը։ Այդ օրերին ադրբեջանական կայքերն ու հեռուստատեսությունը լի են Խոջալուի դեպքերի մասին հայատյացության հասնող քարոզչական նյութերով, ֆոտոռեպորտաժներով, ֆիլմերով, Ադրբեջանում և այլ երկրներում ադրբեջանական դեսպանատների միջոցով իրագործվող միջոցառումների մասին լուսաբանումներով (2015թ. լրանում է Խոջալուի դեպքերի 23-րդ տարելիցը)։ Այսպես, 2009թ. հետազոտական արդյունքների1 հետ համեմատելու նպատակով որակական դիտարկման ենք ենթարկել ադրբեջանական ինտերնետային 10 ԶԼՄ (Day.az, Trend.az 1news.az Aze.az Apa.az Contact.az Oxu.az Haqqin.az Bakupost.az Vesti.az): Ընդհանուր առմամբ դիտարկվել է 386 թեմատիկ հոդված։

Որպես ադրբեջանական ինֆոքաղաքականության համակարգի բաղադրիչների ուսումնասիրման հիմք ենք վերցրել նախկինում համանման ուսումնասիրություններից մեկի՝ «Տեղեկատվական հոսքերը և Հայաստանի ինֆոանվտանգությունը»2 հոդվածում նշված մեթոդաբանական մոտեցումը։ Այստեղ առանձնացվում են ինֆոքաղաքականության համակարգի մասերը, որոնք էլ հանդիսանում են ադրբեջանական տեղեկատվական գործողությունների իրականացման փոխկապակցված հարթակներ։ Մենք կդիտարկենք Ադրբեջանի հակահայ ինֆոքաղաքականության հետևյալ բաղադրիչները.

• պատմամշակութային,

• իրավական,

• լոբբինգային և ժողովրդական դիվանագիտության,

• ներքաղաքական,

• մեդիա:

Դիտարկելով դրանք ԶԼՄ-ում՝ կարող ենք նշել, որ պատմամշակութային բաղադրիչը ամենահիմնականներից է ադրբեջանական քարոզչության մեջ: Վերջին տարիներին այն զգալիորեն չի փոխվել, սակայն առավել ընդգծվել են ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանի պահանջատիրական նկրտումները` «Արևմտյան Ադրբեջան» հասկացության դիսկուրսիվ ամրապնդմամբ: Շրջանառվում է այն միտքը, որ ժամանակակից ՀՀ-ն գտնվում է ադրբեջանական տարածքում, որը տրամադրվել է հայերին բնակության նպատակով. «Ադրբեջանը հայերին տրամադրել է Իրևանի խանության տարածքները, տարածքներ Ղարաբաղում և երկրի այլ մասերում»3: Պատմամշակութային համատեքստում հիմնական շեշտադրումը հայերի եկվոր լինելու և ադրբեջանցիների բնիկության ավանդական դարձած թուրք-ադրբեջանական տեսանկյունն է։

Իրավական բաղադրիչ։ Ադրբեջանական իշխանությունը հետևողական քարոզչություն է իրականացնում ինչպես ներքին, այնպես էլ միջազգային իրավական օրենսդրական դաշտում իրենց տեսանկյունն առաջ տանելու համար: Իրավական հարթությունում պետական հակահայկական քարոզչության հիմք էր հանդիսացել դեռևս 1998թ. Հ.Ալիևի կողմից մարտի 31-ն ադրբեջանցիների «ցեղասպանության օր» հռչակելը։ Միևնույն ժամանակ, հայերի կողմից իրականացված «ցեղասպանության» օրեր են հռչակված նաև՝

• հունվարի 20-ը՝ «Սև հունվար», 1990թ. Բաքվում խորհրդային բանակի գործողության արդյունքում զոհված ադրբեջանցիների հիշատակի օրը,

• փետրվարի 26-ը՝ «Խոջալուի ցեղասպանության և համազգային սգո օր», Խոջալուի դեպքերն իբրև հայկական զինվորականության կողմից միտումնավոր սպանության օր։

Միջազգային հանրության առջև արվող՝ հայերի կողմից իրականացված բազմաթիվ «ցեղասպանությունների» ճանաչման փորձերը կարող են ինչ-որ չափով խոչընդոտ հանդիսանալ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը։ Հարցի մյուս կողմն է նաև ցեղասպանությունների կլոնավորման հարցը, ինչը վտանգավոր է նրանով, որ հանգեցնում է ճշմարտության և իրականության կորստին, հայերի նկատմամբ հանցանքի կշռի նվազմանը։ Այդպիսով միմյանց հետ հավասար համեմատական տիրույթում են հայտնվում ղարաբաղյան պատերազմի ժամանակ 2 զինված կողմերի միջև մղվող պատերազմի ընթացքում զոհվածների դեպքը և սեփական երկրում նույն երկրի (օսմանյան) կառավարության կողմից կազմակերպված հայ և քրիստոնյա բնակչության ջարդերը։

Այսպես, ադրբեջանական դիվանագետները փորձում են միջազգային տարբեր հարթակներում առաջ տանել հայերին և Հայաստանը վարկաբեկող, հայկական շահերին վնասող տարբեր օրինագծեր. «Գերմանիայի բունդեսթագը կքննարկի Խոջալուի ցեղասպանության մասին խնդրագիրը», «Սարգսյանին ռազմական հանցագործ ճանաչելու խնդրագիրը ներկայացվել է ՄԱԿ Անվտանգության խորհուրդ»4: 2008-2015թթ. ընթացքում Խոջալուի դեպքերը որպես «ցեղասպանություն» արդեն ճանաչել են 8 երկրների՝ Պակիստանի, Մեքսիկայի, Պերուի, Չեխիայի, Կոլումբիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Սերբիայի օրենսդիր մարմինները և ԱՄՆ 16 նահանգ5։

Լոբբինգային գործունեություն և ժողովրդական դիվանագիտության բաղադրիչ։ Լոբբինգային գործունեության շրջանակներում ադրբեջանցի դիվանագետները համագործակցում են իրենց թուրք գործընկերների հետ, հատկապես հենց Խոջալուի՝ իբրև ցեղասպանության առասպելի միջազգայնացման հարցում։ Այսպես, օրինակ, Հանոյի իրավաբանական համալսարանում (Վիետնամ) կազմակերպված «Խոջալու. ցեղասպանություն և հանցանք մարդկության դեմ։ Անպատժելիության հաղթությունը» խիստ հակագիտական գիտաժողովում տեսնում ենք, որ ելույթով հանդես է եկել ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի դեսպանը6։ Այս հանգամանքը ևս մեկ անգամ ամրապնդում է վերը նշված մեր կարծիքն այն մասին, որ ցեղասպանությունների կլոնավորումը միտումնավոր մշակված քաղաքականություն է՝ հակազդելու համար Օսմանյան Թուրքիայում հայերի Ցեղասպանության միջազգային ճանաչմանը։

Պաշտոնական քարոզչության աշխատանքներում, սեփական շահերի ներկայացման և տարածման համար Ադրբեջանն օգտագործում է ոչ միայն դիվանագետներին, այլ նաև օտար երկրներում բնակվող իր քաղաքացիներին: Քարոզչական գործում ներգրավված են արտերկրում սովորող ադրբեջանցի ուսանողները, նախապես ձևավորված ադրբեջանական ՀԿ-ները։ Կազմակերպվում են հակահայկական ակցիաներ, երթեր, ցույցեր տվյալ երկրի հայկական դեսպանատների առջև, թեմատիկ ցուցահանդեսներ, գրքի շնորհանդեսներ և այլ քարոզչական-մշակութային միջոցառումներ։ Ադրբեջանական ԶԼՄ-ից տեղեկանում ենք, որ, օրինակ, «ՌԴ-ում Հայաստանի դեսպանատան առջև ադրբեջանցի երիտասարդներն անցկացրել են նստացույց», «Ադրբեջանցի երիտասարդները դիմել են Ռուսաստանում Հայաստանի դեսպանատուն», «Երիտասարդական հիմնադրամն առավոտյան անցկացրել է «Արդարություն Խոջալուին» խորագրով երթ»7 և այլն: Մեզ հանդիպած բազմաթիվ օրինակներից են նաև Նիդեռլանդների ադրբեջանցի կանանց «Անա Վաթան» միավորման և այլոց կողմից կազմակերպված միջոցառումները։ Այս առումով ակտիվ գործունեություն է ծավալում Հեյդար Ալիևի հիմնադրամը8, որի փոխնախագահն է Լեյլա Ալիևան, որը նաև ղեկավարում «Արդարություն Խոջալուի հարցում» («Justice for Khojaly») միջազգային քարոզարշավը։

Լոբբինգային և ժողովրդական դիվանագիտության գործունեության արդյունքում տարբեր երկրներում ձևավորվում են միջխորհրդարանական խմբեր, ՀԿ-ներ, ասոցիացիաներ՝ ադրբեջանցիների հետ համատեղ, որոնք ծառայեցվում են ադրբեջանական քարոզչական նպատակներին և տվյալ երկրներում ադրբեջանամետ դիրքորոշումների ձևավորմանը։ Այդպիսիք են, օրինակ, Գերմանա-ադրբեջանական ընկերության միությունը, Իսրայել-Ադրբեջան միջազգային ասոցիացիան (ԱզԻս), Լատվիա-Ադրբեջանական կապերի միջխորհրդարանական խումբը, Հոլանդիայում գործող ադրբեջանցի կանանց «Անա Վաթան» միությունը։

Ներքաղաքական բաղադրիչ։ Ներքաղաքական կյանքում հակահայկական տրամադրությունների ձևավորումն ու պահպանումն Ադրբեջանի առաջնահերթություններից մեկն է մնում: Այս նպատակով ադրբեջանական ԶԼՄ-ում գերակշռում են հայկական կողմի հրադադարի խախտման չափազանցված նյութերը, հակահայկական բովանդակությամբ տեղեկատվությունը: Ադրբեջանական ԶԼՄ-ում շարունակվում և նույնիսկ ակտիվացել են Հայաստանի սոցիալ-տենտեսական խնդիրների շահարկումները, մեջբերումներ են արվում հայկական լրատվամիջոցներից: Ներքին լսարանին Հայաստանը մշտապես ներկայացվում է որպես թույլ երկիր, որն ունի բազմաթիվ սոցիալ-տնտեսական, քաղաքական, անվտանգության խնդիրներ։

Մեդիա բաղադրիչ։ Մեդիա բաղադրիչը ևս շարունակում է առաջնային մնալ ադրբեջանական քարոզչության գործում: Ադրբեջանը տարածում է իր պաշտոնական քարոզչությունը և ադրբեջանամետ դիրքորոշումները ոչ միայն տեղի, այլև այլ երկրների լրատվամիջոցներով և հեռուստաալիքներով։ Հատկապես օգտագործվում են համացանցի հնարավորությունները հակահայկական տեղեկատվական քաղաքականություն վարելու նպատակով։ Ինչ վերաբերում է ադրբեջանական առցանց լրատվամիջոցներին, նշենք, որ համացանցը համալրվում է հակահայկական նյութերով, այդ գործընթացը հատկապես ակտիվանում է Ադրբեջանի կամ Հայաստանի համար նշանակալի օրերին։ Պետք է նշել, որ ադրբեջանական կողմը կիրառում է փոխհղումների մեխանիզմը, որը, բազմաքանակության էֆեկտ ստեղծելուց բացի, նաև նպաստում է ադրբեջանական դիրքերի բարելավմանը որոնողական համակարգերում։

Արտասահմանյան լրատվամիջոցներում պատվիրվող հոդվածները ևս Ադրբեջանի կողմից կիրառվող հնարքներից է, և այն առավել արդյունավետ է, եթե հեղինակը հայտնի այլազգի լրագրող է։ Այս հնարքը հաճախ կիրառվում է օբյեկտիվության էֆեկտ ստեղծելու համար։ Ադրբեջանական լրատվամիջոցները հոդվածի լույս տեսնելու մասին նորությունն արագ տարածում են։ Այսպես, օրինակ, Խոջալուի դեպքերի հետ կապված հոդված է լույս տեսել մոլդովական «Эксперт новостей» թերթում։ Մեկ այլ օրինակ է «Россия 24» ռուսական հեռուստաալիքով ռուսաստանաբնակ երիտասարդ ադրբեջանցիների կողմից կազմակերպված երթի ցուցադրությունը։

Ադրբեջանական կողմը նաև զբաղվում է հայկական բովանդակություն կամ հայկական թվացող կայքերի ստեղծմամբ, որոնց թիրախն է հենց հայկական լսարանը։ Մեզ հայտնի նման օրինակ է 2010թ. գործող Armenia.az կայքը, որի նպատակն է, ինչպես գրված է կայքում «վերացնել տեղեկատվական վակուումը և ընթերցողներին ներկայացնել Ադրբեջանի մասին անաչառ, օբյեկտիվ և բազմակողմանի լուրեր: Լուրերը նախատեսված են Հայաստանում, ինչպես նաև Ադրբեջանում՝ Բաքվում և Լեռնային Ղարաբաղում բնակվող հայ ընթերցողների համար»9: Նշենք, որ մեր դիտարկած օրերի ընթացքում այս կայքում զետեղվել են Խոջալուի դեպքերին առնչվող ադրբեջանական բոլոր կայքերից վերցված նյութեր հայերեն թարգմանությամբ։

Հակահայկական քարոզչության մաս է կազմում նաև 2009թ. հոկտեմբերից գործող ATV International և 2014թ. Caspian Broadcasting Company (CBC) վերանվանված հեռուստաալիքը, որը քառալեզու (ռուսերեն, հայերեն, պարսկերեն և անգլերեն) լրատվություն է տրամադրում10։ Անվանման փոփոխությունը, թերևս, շատ չի ազդել նրա քարոզչական գործունեության վրա. շարունակում է հեռարձակել հայալեզու լրատվական հաղորդումներ և քարոզչական բնույթի վավերագրական ֆիլմեր։ Այնուհանդերձ, կարելի է նկատել փոփոխություններ, որոնցում երևում է հայկական լսարանին առավել մատչելի լինելու ձգտումը։ Այս նպատակով արդեն հայերեն են թարգմանվում տարբեր քարոզչական նյութեր, որոնք մինչ այդ ցուցադրվում էին առավելապես ադրբեջաներեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով։ Բացի այդ, փոխվել է նաև հայերենով լրատվության թողարկումների ժամը՝ 2012թ. նոյեմբերից ժամը 16։00-ից տեղափոխվելով 19։00 և 21։00։

Ամփոփելով Ադրբեջանի կողմից իրագործվող հակահայ ինֆոքաղաքականության բաղադրիչների մեր դիտարկումները՝ նշենք, որ նման քարոզչությունը վտանգավոր է Հայաստանի և հայության համար, քանի որ միտված է հնարավորինս մեծ լսարանում ձևավորել բացասական, հայատյաց պատկերացումներ (ինչպես ադրբեջանական հասարակության ներսում, այնպես էլ միջազգային հանրությունում)։ Ինչպես նշում է Ս.Մանուսյանը «Ադրբեջանի հակահայ քարոզչության յուրահատուկ դրությունը» հոդվածում. «Հարևան հասարակության այս իռացիոնալ մթնոլորտը վտանգավոր է թեկուզ վարակիչ լինելու առումով, ինչպես վարակիչ են բոլոր վատ բաները, հատկապես՝ բացասական հոգեվիճակները։ Ադրբեջանի հակահայ քարոզչությունն ինչ–որ իմաստով դարձել է հասարակական տրամադրություն, գիտակցության դոմինանտ։ Ստեղծված է համընդհանուր մթնոլորտ, որտեղ ողջունվում է հայերի դեմ գրված, նկարված, պատմված, կառուցված ցանկացած բան՝ առանց սեփական հանրության վրա հնարավոր նեգատիվ ներգործությունը քննարկելու»11։ ԶԼՄ-ի կողմից ադրբեջանական հասարակությանը միայն հակահայկական տեղեկատվության մատուցումը մտահոգիչ է նրանով, որ ձևավորված բացասական տրամադրվածություններն ու «թշնամի հայի» կերպարի առկայությունն անհնարին են դարձնում համագործակցության հնարավորություններն ու ընդհանուր խաղաղ համակեցությունը։

1 «Նորավանք» ԳԿՀ-ն 2009թ. իրականացրել է ադրբեջանական հակահայկական ինֆոքաղաքականության համակարգի, մեթոդաբանության, ադրբեջանական մեդիա-տարածքում «թշնամի հայի» կերպարի ձևավորման նպատակով կիրառվող տեխնոլոգիաների համալիր վերլուծություն, որի արդյունքներն ամբողջացվել են «Ադրբեջանի հակահայկական տեղեկատվական համակարգը» գրքում, http://www.noravank.am/upload/pdf/book.pdf

2 Աննա Ժամակոչյան, «Տեղեկատվական հոսքերը և Հայաստանի ինֆոանվտանգությունը», «21-րդ ԴԱՐ», #6, 2009։

3 «Ученый: армяне не смогут поссорить азербайджанцев и лезгин», http://aze.az/news_uchenyy_-armyane_ne_116407.html

4 http://www.1news.az/politics/20150225042332056.html, http://www.trend.az/azerbaijan/politics/2368408.html

5 http://news.day.az/politics/559430.html

6 «Вьетнамский народ хорошо понимает Ходжалинскую трагедию и осуждает ее – ФОТО», http://news.day.az/politics/559455.html

7 http://bakupost.az/siyaset/20150226032816903.html,
http://bakupost.az/siyaset/20150226010635641.html,
http://news.day.az/politics/559437.html

8 Հիմնադրամի գործունեության մասին մանրամասն տե՛ս http://www.noravank.am/upload/pdf/book.pdf

9 http://armenia.az/about/

10 Այս հեռուստաալիքի հակահայկական գործունեության մասին մանրամասն տե՛ս Ա.Ժամակոչյան, «Ադրբեջանական հայալեզու հեռուստահաղորդումների բնութագրիչները», «21-րդ ԴԱՐ», թիվ 2 (36), 2011թ.։

11 Սոնա Մանուսյան, «Ադրբեջանի հակահայ քարոզչության յուրահատուկ դրությունը», Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 5, 2010, http://noravank.am/arm/articles/detail.php?ELEMENT_ID=5055&sphrase_id=46246


դեպի ետ