• am
  • ru
  • en
Версия для печати
15.05.2015

ՄԱՀՈՒ ՉԱՓ ԶՎԱՐՃԱՑՆՈՂ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ

   

Անժելա Հարությունյան
ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի հասարակայնության հետ կապերի բաժնի մագիստրանտ

Նոր տեխնոլոգիաները երբեք չեն կարող
փոխարինել մարդկային արժեքներին:
Նեյլ Փոսթմեն

Մենք ապրում ենք համացանցի, վիրտուալ սոցիալական ցանցերի, բջջային հեռախոսների, սմարթֆոնների, այֆոնների, հարյուրավոր արբանյակային հեռուստաալիքների աշխարհում, ասել է թե՝ անընդհատ աղմուկի մեջ, որտեղ միաժամանակ հնչում են բազմապիսի ձայներ: Դրանք այն նախապայմաններն են, որոնցով մեր ուշադրությունը կենտրոնացվում է որոշ փաստերի վրա և շեղվում գուցե մեզ համար առավել կենսական ու արժանի նորություններից:

Ամերիկացի հանրահայտ հեղինակ, մեդիա-քննադատ և հումանիստ Նեյլ Փոսթմենն այս ամենին անդրադարձել է իր հայտնի «Մահու չափ զվարճացնելով մեզ» (Amusing Ourselves to Death) հայտնի գրքում, որն առաջին անգամ հրատարակվել է 1985թ.: Այս գրքում Փոսթմենն անդրադառնում է այն մեծ ազդեցությանը, որ հեռուստատեսությունը և ԶԼՄ-ն ունեն հանրային դիսկուրսի վրա՝ շոու բիզնեսի դարաշրջանում: Գրքի առաջին մասում հեղինակը մեջբերում է երկու հակաուտոպիստների մտքեր։ Մեկը՝ Ջորջ Օրվելից, որը նախազգուշացնում էր տեղեկատվության և գրքերի արգելքի միջոցով մարդկանց ավելի անզոր դարձնելու մասին։ Մյուսը՝ Ալդոուս Հաքսլիի (Aldous Huxley) նկարագրած հանրության մասին, որտեղ մարդը կառավարվում է հաճույքով և չկա տեղեկատվությունն արգելելու կարիքը, քանի որ պրիմիտիվ մշակույթում չի լինի մեկը, ով գիրք կարդալու ցանկություն կունենա։ Փոսթմենի գիրքն այն մասին է, երբ ճիշտ է Հաքսլին:

«Իսկ այժմ... այլ բանի մասին» («Now… this») վերնագրով գլխում հեղինակը ներկայացնում է, թե ինչպես են լուրերը մատուցվում մեզ՝ մասնատված, առանց համատեքստի, առանց հետևություններ անելու համար հատկացվող ժամանակի, որպեսզի հեռուստադիտողը կամ ռադիոլսողը կարողանա ընկալել ու մարսել ստացվող տեղեկատվությունը, հմայիչ հաղորդավարներով, գերող երաժշտությամբ. այսինքն՝ այնպես, որ տրվող ինֆորմացիան զվարճացնի և զբաղեցնի մարդուն: Փոսթմենն առաջ է քաշում հետևյալ պնդումը, որ «իսկ այժմ... այլ նորություններ» տիպի արտահայտություններն ունեն հետևյալ իմաստը. այն, ինչ դուք հենց նոր լսեցիք կամ դիտեցիք, բնավ կապ չունի նրա հետ, ինչ դուք կլսեք կամ կդիտեք առաջիկայում: Նրա կարծքով՝ մեդիա-աշխարհը չունի հաջորդականություն և իմաստ, ուստի այն լուրջ մոտեցման արժանի չէ: Վերը բերված բառակապակցությունը, ըստ հեղինակի, իրականում չարագուշակ և վտանգավոր է, քանզի ունի բաժանելու, մասնատելու և աղավաղելու հակում: Համեմատելով հեռուստատեսության գերակայության և դրան նախորդող ժամանակահատվածը, երբ գերիշխող էր տպագրական մամուլը, հեղինակն իր նախապատվությունն է տալիս վերջինին. տպագրական մամուլի օրոք դիսկուրսը պահպանում էր իր հստակությունը, կազմակերպվածությունը, լրջությունը և ըմբռնելիությունը: Հեռուստատեսության պարագայում, անկախ նրանից, թե նախորդող ինֆորմացիան ինչի մասին է՝ մարդասպանության, թե երկրաշարժի, միևնույն է, հաղորդավարը հրավիրում է մեր ուշադրությունն այլ կողմի վրա: Հեղինակի համար, մասնավորապես, կարևոր է այն, որ լուրերի մեծամասնությունը հաղորդվում է առավելագույնը 45 վայրկյանում։ Սա կարող է ինչպես պատճառ, այնպես էլ նշան հանդիսանալ այն բանի, որ այս լուրերը որևէ կարևոր նշանակություն չունեն հեռուստադիտողների կյանքում, սրանք մեկը մյուսից խիստ տարբեր լուրերն են, որոնք մեկը մյուսի լրջությունը կասկածի տակ են դնում, օրինակ՝ դպրոցահասակ երեխայի սպանություն և տեղական հեծանվարշավ: Կամ երբ մի ժամ տևողությամբ հեռուստահաղորդումը մի քանի անգամ ընդմիջվում է գովազդներով։ Նշված օրինակները վառ են արտահայտված նաև հայաստանյան իրականության մեջ:

Այս երևույթի նմանօրինակ տարածման նախապայման է հեռուստատեսության համատեքստից զուրկ լրատվություն տրամադրելու փաստը: Տարբեր հաղորդումներ հեռարձակվում են մեկ կամ մեկ ու կես ժամ ընդմիջմամբ և ունեն լրիվ տարբեր բնույթ ու թեմաներ: Հեռուստատեսությունը վաճառում է իր եթերաժամանակը վայրկյաններով: Նեյլ Փոսթմենն այս ամենն ավելի տպավորիչ է համարում օրվա նորությունների հեռարձակման ժամանակ, որն իսկական ժամանց է: Հեղինակն ուսումնասիրում և բացատրում է սրա պատճառը: Նա նկատում է, որ լրագրողներին ստիպում են ստեղծել շոու հնարավորինս մեծ լսարանի համար: Այստեղ նա բերում է Քրիսթին Քրաֆտի (Christine Craft)՝ քանզասյան հեռուստատեսային նորությունների հաղորդավարուհու օրինակը, որին ազատել էին աշխատանքից հեռուստադիտողների համար անընդունելի արտաքինի և խոսելաոճի համար: Հայաստանում թեև այսպիսի միջադեպերի մասին չենք լսել, սակայն որքա՜ն հասկանալի է թվում նման քայլը։ Սա թույլ է տալիս հանգել նրան, որ նորություն հայտնողն արդեն դերասան է, արտիստ և ոչ լրագրող: Ասվածը հեղինակին հիշեցնում է հունական ավանդությունը, ըստ որի՝ վատ լուր բերող սուրհանդակին սպանում էին: Հեռուստատեսությունն այսպիսով վերստեղծում է նույնատիպ իրավիճակ: «Իսկ այժմ... այլ բանի մասին» մշակույթի տարածման շրջանակներում հաղորդավարն ու հեռուստադիտողը հանդիսանում են «գործընկերներ»: Առաջինն իր դերն է խաղում՝ մնալով հավատարիմ նման ընկալման եղանակին, երկրորդն էլ առանձնապես չի հակառակվում և իրականության ընկալման իր չափը միշտ ավելի ցածր նշաձողի վրա է պահում:

Անդրադառնալով «լուրեր ստեղծողներին»՝ հեղինակը նշում է, որ հաղորդավարներ ընտրելուց զատ, նրանք նաև զբաղվում են անցումների, սկիզբ-ավարտների համար գրավիչ երաժշտական հոլովակների ընտրությամբ: Այսպիսով՝ դժվար չէ նկատել, որ ամեն մանրուք, գործելով մյուսների հետ փոխկապակցության մեջ, ուղղված է դիտողին իր բազմոցին հանգիստ նստեցնելուն և նրան հետաքրքիր պահեր պարգևելուն: Նշենք նաև այն մասին, որ նախապատվություն է տրվում հատկապես այն նյութերին, որոնք փաստարկվում են նկարների կամ տեսաձայնագրությունների տեսքով: Օրինակ՝ ինքնաթիռից իջնող նախագահը, Նիագարա ջրվեժը և այնտեղ խեղդված անձը, գնորդների դժգոհ դեմքերը և այլն: Բնավ պարտադիր չէ, որ այս կադրերը փաստեն հաղորդվող ինֆորմացիայի բուն իմաստը, դրանք իրենք իրենցով հանդես են գալիս շոու ստեղծելու համար:

Փոսթմենը բերում է մի օրինակ հենց իր գրքի վերաբերյալ. «Ի՞նչ կմտածեք իմ և այս գրքի մասին, եթե ես ընդմիջեմ իմ խոսքը՝ ասելով, որ կվերադառնամ քննարկմանը մեկ րոպեից, և շարունակեմ խոսել Յունայթեդ Էյրլայնզի կամ Չեյզ Մանհեթըն բանկի անունից։ Դուք իրավացիորեն կմտածեք, թե ես չեմ հարգում ձեզ և չեմ հարգում թեման։ Եվ եթե ես դա անեմ ոչ թե մեկ անգամ, այլ բոլոր գլուխներում, դուք կմտածեք, որ իմ ողջ ձեռնարկն արժանի չէ ձեր ժամանակը ծախսելուն։ Ինչո՞ւ այդ դեպքում մենք չենք մտածում, որ լրատվական շոուն նմանապես անարժան է։ Իմ կարծիքով, պատճառն այն է, որ թեև մենք գրքերից և այլ մեդիայից (օրինակ՝ ֆիլմերից) ակնկալում ենք, որ դրանք տոնայնությամբ կմնան հետևողական և բովանդակությամբ շարունակական, նման ակնկալիք, սակայն, չունենք հեռուստատեսությունից և հատկապես հեռուստանորություններից»1։

Փոսթմենը հանգում է նրան, որ այս համատեքստից զրկելը (դեկոնտեքստուալիզացիան) կհանգեցնի հակահաղորդակցային տեսության: Լուրերը ստեր չեն, բայց դրանք շփոթեցնող, բաժան-բաժան եղած ճշտի կտորտանք են, ինչն ունկնդրելով՝ լսողն այլևս չի կարողանում տարբերակել ու հասկանալ իր լսածի իմաստն ու ճշմարտացիությունը: Հեռուստատեսային մշակույթն այնպիսի բան է, որ եթե հայտարարված կեղծ կամ սուտ լուրերը մարդկանց չզվարճացնեն, ապա դրանք մեծ ուշադրության ու հաջողության չեն հասնի: Պետք է լինի ընդհանուր մի համատեքստ, որտեղ կարելի կլինի հակադրել երկու հաղորդագրությունները և համեմատել դրանք: Եվ քանի դեռ մեր մոլորակը համատեքստից զուրկ, անկապ ու կցկտուր տեղեկատվությամբ է լցվում, երկու հակադիր մտքերն ընդամենը հանդես են գալիս իբրև երկու միմյանցից անկախ պատմություններ, որոնց բաժանում է մի հասարակ «Իսկ այժմ... այլ բանի մասին»։ Մեր հասարակությունն այլևս չի ջանում ընկալել աշխարհն իբրև մի իրական հաջորդականության մաս, փոխարենը բաժանում է այն առանձին վերնագրերով պարբերությունների: Իհարկե, հեղինակը նկատի չունի, որ հասարակական տեղեկատվության այսչափ վուլգարացման մեջ միայն հեռուստատեսությունն է մեղավոր։ Պարզապես հեռուստատեսությունն այն հասարակության մեդիան է, որի համար տվյալ երևույթն արդեն ընդունելի ու սովորական է: Նա նշում է, որ նույնիսկ թերթերն են սկսել կիրառել լուրերի հաղորդման այս ձևը՝ առավել մեծ ուշադրություն դարձնելով նկարներին, ավելի ու ավելի կարճացնելով պարբերությունները: Անհավանական է, բայց նույնիսկ ռադիոն դառնում է զվարճանքի աղբյուր։ Որպես սրա վառ օրինակ հեղինակը բերում է թոք-շոուները, որոնք ուղեկցվում են ռադիոլսողների զանգերով: Վերջապես, Փոսթմենը կասկածի տակ է դնում՝ արդյո՞ք հասարակությունը, որին այսքան հակատեղեկատվություն է սրսկվում, կարող է գոյատևել:

Իրականում այս երևույթն արժանի է ուշադրության, քանզի այն մտածելակերպի և դիսկուրսի վրա մեծ ազդեցություն ունի: Այս ամենից սպառնացող վտանգները շատ են. առաջինը երեխաների վրա թողնվող ազդեցությունն է: Սա նպաստում է ուշադրության խանգարումների թվի մեծացմանը: Հարց է առաջանում. իսկ ինչպիսի՞ն կլինեն ինտերնետային դարի երեխաները: Արդյո՞ք նրանք կունենան ուշադրության կենտրոնացման խնդիրներ և արդյո՞ք կկորցնեն շփման ունակությունները: Այսօր մենք տեսնում ենք, որ հեղինակի անհանգստությունները վեր են ածվել լուրջ և լուծում պահանջող խնդիրների: Փոսթմենի՝ դեռևս 1985թ. առաջադրած հարցերն այս տարիների ընթացքում ոչ միայն չեն ստացել իրենց լուծումը, այլև ավելի են արմատացել: Ներկայացումը, որը թվում է, թե վայել է միայն թատրոնին, այսօր մամուլում շատ ավելի ընդունելի է, քան խելամիտ վերլուծությունները: Ռացիոնալ, երկարատև, համբերատար ուսումնասիրությունները հետ են մղվում՝ ճանապարհ բացելով ակնթարթային լուրերի, պահի տակ արված հետևությունների համար: Մեկ այլ խնդիր, որն ըստ երևույթին նկատի ունի հեղինակը, այն է, որ սա հնարավորություն է տալիս մասնատված ճշմարտություն տարածելով՝ մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց: Խոսքն ապատեղեկատվության մասին է, որը ոչ ճիշտ է և ոչ էլ սխալ։ Իհարկե, հեղինակը չի մատնանշում մեղավորներին, բայց կարելի է հետևություն անել, որ նկատի ունի հենց այն, թե ինչպես են մեդիա-ռեսուրսին տիրապետողները մանիպուլյացիայի ենթարկում ապատեղեկացված լսարանը: Եվ վերջապես, վտանգն այն է, որ մենք բոլորս դառնում ենք մշտական սպառողներ և ժամանակի հետ ավելի ու ավելի մեծ ծավալով ենք սպառում այն, ինչը ստեղծվում է համապատասխան հաստատությունների կողմից՝ սեփական շահերի համաձայն մեզ՝ հանրությանն ապատեղեկացնելու համար:

1Neil Postman, Amusing Ourselves to Death, Penguin Books, 2006, p. 104


դեպի ետ