
ՊԱՂԵՍՏԻՆՅԱՆ ՀԱՐՑԸ ԵՎ ՀՈՐԴԱՆԱՆԱ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սարգիս Ղազարյան
ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ, ասպիրանտ
Արաբ-իսրայելական հարաբերությունների տասնամյակներ տևած ճգնաժամի համատեքստում 1994թ. Հորդանանի Հաշիմյան թագավորությունը՝ ի դեմս Հուսեյն թագավորի (1953-1999թթ.), Իսրայելի հետ կնքեց խաղաղության համաձայնագիր1՝ սկիզբ դնելով սերտ և բազմակողմանի համագործակցության: Ամրագրվեց Հաշիմյանների խնամակալության իրավունքը Երուսաղեմի իսլամական սրբատեղիների, մասնավորապես՝ Տաճարի լեռան վրա գտնվող Ալ-Ակսա մզկիթի նկատմամբ: Ներկայումս միայն Հորդանանը և Եգիպտոսն2 են, որ նմանօրինակ պայմանագրեր ունեն Իսրայելի հետ: Չնայած արաբական աշխարհում հնչած սուր քննադատություններին, Հորդանանը Եգիպտոսի նման մեկուսացման չենթարկվեց: Իր հերթին, Իսրայելի համար Հորդանանի հետ հարաբերությունների ամրապնդումը շահեկան էր, քանի որ հնարավորություն էր տալիս, բացի Եգիպտոսից, արաբական աշխարհում ունենալ ևս մեկ հեղինակավոր դաշնակից, ինչպես նաև հուսալի և հավասարակշռված հարևան, որի հետ կարող էր համագործակցել Իսրայելի ազգային անվտանգության և հատկապես պաղեստինյան հարցի շուրջ: Երկու կողմի համար էլ համագործակցությունը ռազմավարական նշանակություն ուներ3:
Նշենք, որ 1948-49թթ. և 1967թ. արաբ-իսրայելական պատերազմների արդյունքում Իսրայելը գրավել էր ՄԱԿ 1947թ. նոյեմբերի 29-ի ԱԽ 181(II) բանաձևի հիման վրա Պաղեստին պետության համար նախատեսված բոլոր տարածքները, այդ թվում՝ Երուսաղեմը, որն արաբական իսլամական աշխարհի համար բացառիկ նշանակություն ունի: Արդյունքում՝ Հորդանանը դարձավ ամենամեծ թվով պաղեստինցի փախստականներ հյուրընկալող պետությունը, ինչը խոցելի դարձրեց Հորդանանի ազգային անվտանգության համակարգը: Ստեղծված իրավիճակում Հորդանանի իշխանությունները շահագրգռված էին պաղեստինյան խնդրի շուտափույթ կարգավորմամբ: Մյուս կողմից, Հորդանանը ցանկանում էր Իսրայելի հետ վարել ուրույն և առճակատման չտանող քաղաքականություն՝ առանձնանալով արաբական աշխարհում: 1990–ականներին Հուսեյն թագավորի քաղաքական ուղեգիծը միտված էր վերափոխելու հորդանանյան քաղաքական մտքի վեկտորն արաբականությունից դեպի Արևմուտք, ինչը կարող էր Հորդանանին վերապահել առաջատար դիրքեր արաբական աշխարհում: Իսրայելի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը Հորդանանին պետք է շնորհեր հատուկ դերակատարում արաբների և Իսրայելի՝ խաղաղության հասնելու հարցում: Խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ և արաբ-իսրայելյան հակամարտությունից դուրս գալով` Հուսեյն թագավորը ոչ միայն քաղաքական և տնտեսական զգալի ձեռքբերումներ ապահովեց Հորդանանի համար4, այլև պատմական և քաղաքական մեծ նշանակություն ունեցող քայլ կատարեց, ինչը միտված էր տարածաշրջանում համընդհանուր խաղաղության և անվտանգության հաստատմանը, ինչպես նաև Մերձավոր Արևելքում միջպետական հարաբերությունների նոր որակի զարգացմանը:
Իսրայելի հետ խաղաղության համաձայնագրի կնքումից չորս տարի անց, 1999թ. փետրվարին, Հուսեյն թագավորը, որն իրավամբ համարվում էր տարածաշրջանի ամենախարիզմատիկ առաջնորդներից մեկը, մահացավ: Իշխանության եկավ նրա որդին՝ Արևմուտքում կրթություն ստացած, զինվորական Աբդալահ II-ը, որը շարունակեց հոր քաղաքականությունն ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հարաբերությունների զարգացման գործում՝ դրա հետ մեկտեղ ամրապնդելով նաև Հորդանանի դերն արաբական աշխարհում։ Աբդալահ թագավորի իշխանության շրջանում Հորդանանի քաղաքականությունը թե՛ Իսրայելի և թե՛ պաղեստինյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում աչքի է ընկել հավասարակշռված և զուսպ մոտեցումներով: Իսրայելի հետ խաղաղության համաձայնագիրը չէր կաշկանդում Հորդանանին՝ պաշտպանելու պաղեստինյան հարցի արդարացի կարգավորումը՝ աջակցելով Պաղեստին պետության ստեղծմանը Երուսաղեմ մայրաքաղաքով5: Հորդանանը չէր վարանում քննադատել Իսրայելի քաղաքականությունը Արևմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում հրեական վերաբնակեցման ու շինարարությունների, պաղեստինյան տարածքներում ռազմական գործողություններ իրականացնելու և խաղաղ բնակչության նկատմամբ բռնություններ կիրառելու, ինչպես նաև Երուսաղեմի դիմագիծը փոխելու հարցում: Պաղեստինյան հարցի հետ կապված արծարծումներում Հորդանանն ամենազգայուն պետությունն է, որը կապված է Պաղեստինի հետ Հաշիմյանների ունեցած պատմական և քաղաքական սերտ աղերսների, նաև այն հանգամանքի հետ, որ հորդանանյան հասարակության կեսը պաղեստինցիներ են: Եվ չնայած պաղեստինյան գործոնը պատմական տարբեր ժամանակաշրջաններում ապակայունացնող գործոն է հանդիսացել Հորդանանի ներքաղաքական զարգացումներում, սակայն Աբդալահ II-ի կառավարման տարիներին Հորդանանի ազգային անվտանգության համակարգը կայուն էր՝ շնորհիվ նաև Իսրայելի և ԱՄՆ-ի հետ սերտ համագործակցության: Միևնույն ժամանակ, հենց պաղեստինյան գործոնն էր, որ ժամանակի ընթացքում սառնություն առաջ բերեց երկկողմ հարաբերություններում: Պատահական չէ, որ 2009թ. հոկտեմբերին Իսրայելի հետ խաղաղության համաձայնագրի կնքման 15-րդ տարելիցի կապակցությամբ այն հարցին, թե արդյոք դա իրական խաղաղություն է, Հորդանանի միապետը պատասխանել էր, որ դա «սառը խաղաղություն» է6:
2003-ից ի վեր Հորդանանի համար լրջագույն խնդիրներ դարձան իրաքյան, իսկ 2011-ից` սիրիական ճգնաժամերը, 2013-ից՝ «Իսլամական պետության» գոյությունը: «Արաբական գարնան» դեպքերից հետո Միջին Արևելքում սկսված ճգնաժամը հանգեցրեց դեպի Հորդանան փախստականների հերթական հսկա ալիքի7: «Արաբական գարնան» շրջանակներում սկիզբ առած ըմբոստություններն ու դժգոհությունները թեև ուղղված էին ներքին դաշտին, սակայն նաև արտաքին քաղաքական ուղղվածություն ունեին: Պատահական չէ, որ նոր թափ ստացան հակաիսրայելական, հակասիոնիստական և հակաարևմտյան տրամադրությունները: Այդ գործընթացները դրսևորվեցին նաև այն երկրներում, որոնք Իսրայելի հետ խաղաղության պայմանագրեր էին կնքել, այդ թվում՝ Եգիպտոսում և Հորդանանում: 2011թ. սեպտեմբերի 9-ին Կահիրեում Իսրայելի դեսպանատան վրա տեղի ունեցած լայնամասշտաբ հարձակման8 ալիքը շարժվեց նաև Հորդանան: Հորդանանյան «Մուսուլման եղբայրները» նոր թափով սկսեցին պահանջել փակել Ամանում Իսրայելի դեսպանատունը և հրաժարվել խաղաղության համաձայնագրից9: Հատկանշական է, որ չնայած Իսրայելի հետ կնքված խաղաղության համաձայնագրին, հորդանանյան հասարակության ծանրակշիռ մասը հակաիսրայելական տրամադրվածություն ուներ: 1998թ. Jordan Times-ի անցկացրած հարցախույզի տվյալներով՝ հորդանանցիների 80%-ն Իսրայելը համարում էր թշնամի երկիր և ոչ թե խաղաղության գործընկեր: Մինչդեռ, ի տարբերություն հորդանանյան հասարակության, իսրայելական հասարակությունը գոհ էր Հորդանանի հետ համագործակցությունից՝ չնայած առանձին հիասթափություններին10: Իսրայելում բողոքում էին, որ հորդանանյան ՀԿ-ները շատ դեպքերում ընդառաջ չէին գնում իսրայելցի իրենց գործընկերների հետ համագործակցության առաջարկներին, Հորդանանի և Իսրայելի միջև համագործակցությունը Հորդանանում շատ դեպքերում հրապարակայնորեն չէր լուսաբանվում՝ հասարակության բացասական արձագանքից խուսափելու համար և այլն: Բացի այդ, ըստ իսրայելական կողմի՝ ընդհանրապես, արաբական պետություններն անկարող էին անվտանգության երաշխիքներ տրամադրել11:
«Արաբական գարնանը» հաջորդած աշխարհաքաղաքական վայրիվերումներն էականորեն փոխեցին առաջնահերթությունների հարցը ողջ Միջին Արևելքում՝ ինչ-որ իմաստով ստվերում թողնելով պաղեստինյան հարցը: Այս հանգամանքը ցավով էր ընդունվում Հորդանանում: Հորդանանի առաջնորդը, որպես կանոն, համարում էր, որ պաղեստինյան հարցը պետք է ունենա առաջնահերթություն մերձավորարևելյան մնացած հարցերի նկատմամբ: Աբդալահ II-ի կարծիքով՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության չլուծված լինելն ամենալուրջ սպառնալիքն էր տարածաշրջանի, ներառյալ Միջերկրածովյանի, խաղաղությանը, զարգացմանն ու կայունությանը:
Փաստ է, որ 2011-ից ի վեր Մերձավոր Արևելքում ստեղծված նոր իրավիճակը և պաղեստինյան հարցի լուսանցքում հայտնվելն իրենց ազդեցությունն ունեցան նաև Հորդանան-Իսրայել հարաբերությունների վրա: Բացի այդ, պաղեստինյան հարցի չկարգավորված լինելը խոչընդոտում էր արաբական իսլամական աշխարհի հետ Իսրայելի հարաբերությունների կարգավորմանը և թույլ չէր տալիս, որպեսզի հորդանանա-իսրայելական հարաբերությունների որոշակիորեն հաջողված մոդելը ներդրվի նաև արաբական իսլամական աշխարհում:
Ամեն պարագայում, Մերձավոր Արևելքում ստեղծված անկայունությունն ու անվտանգության երաշխիքների բացակայությունը երկու պետություններին ստիպում էին պահպանել համագործակցությունը: Մյուս կողմից, երկկողմ հարաբերություններում աստիճանաբար ի հայտ եկած սառնության պատճառը շարունակում էր մնալ պաղեստինա-իսրայելական հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ստագնացիան: Ասվածի ապացույցն է նաև 2014թ. այսպես կոչված Ալ-Ակսայի ճգնաժամը, երբ Իսրայելի ոստիկանությունը հոկտեմբերի 30-ին, անվտանգության նկատառումներից ելնելով, փակեց Երուսաղեմի Ալ-Ակսա մզկիթի մուտքը մուսուլման հավատացյալների առաջ12: Արդյունքում՝ Հորդանանի և Իսրայելի հարաբերություններն աննախադեպ կերպով վատացան: Հորդանանի առաջնորդը, համարելով, որ Երուսաղեմն այն կարմիր գիծն է, որն Իսրայելը չպետք է անցնի13, հետ կանչեց իր դեսպանին: Սակայն մի քանի ամիս անց հարաբերությունները կարգավորվեցին, և Հորդանանի դեսպանը վերադարձավ Իսրայել:
Այսպիսով, չնայած բազմաթիվ դժվարություններին, թե՛ Հորդանանը և թե՛ Իսրայելը շարունակում են պահպանել իրենց համագործակցությունը, այդ թվում՝ նախկինում կնքված պայմանագրերը՝ հանուն փոխադարձ շահերի ու հետաքրքրությունների: Իրենց հերթին, Հորդանանի իշխանությունները կարողանում են հաջողությամբ հակազդել հակաիսրայելական տրամադրությունների (հատկապես կրոնաքաղաքական շրջանակներից եկող) հասարակական դրսևորումներին:
1 Տե՛ս Treaty of Peace between The Hashemite Kingdom of Jordan and the State of Israel, http://www.kinghussein.gov.jo
2 Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթն իր կյանքով հատուցեց 1978թ. Իսրայելի հետ խաղաղության համաձայնագիր կնքելը և սպանվեց 1981թ. Կահիրեում:
3 Հորդանանի Հաշիմյանների և սիոնիստական շարժման գործիչների, իսկ հետագայում՝ Հորդանանի և Իսրայելի միջև հարաբերությունները սկզբնավորվել են 20-րդ դարի սկզբին: Մոտ մեկ դարի պատմություն ունեցող հարաբերությունները ծառայել են երկու կողմի շահերին, իսկ երկկողմ պայմանավորվածությունները վճռորոշ նշանակություն են ունեցել պաղեստինյան հակամարտության զարգացման գործում:
4 Համաձայնագրի կնքումը շահեկան էր Հորդանանի համար, քանի որ դրան հետևեց ֆինանսական աջակցությունը, երբ ԱՄՆ-ը չեղյալ համարեց $6 մլրդ-ի հասնող հորդանանյան պարտքը: Իրենց լուծումը գտան երկու երկրների միջև առկա ջրային հարցերը: Հորդանանը ելք ստացավ դեպի Իսրայելի միջերկրածովյան նավահանգիստներ, իսկ Նեգևի անապատով նաև ճանապարհ ունեցավ դեպի Եգիպտոս:
5 Հորդանանը, ակտիվորեն համագործակցելով ԱՄՆ և տարածաշրջանի արևմտամետ վարչակարգերի հետ, ձգտում էր «միջազգային քառյակի» (ԱՄՆ, Ռուսաստան, Եվրամիություն և ՄԱԿ) հետ գործընկերության շրջանակներում պահպանել պաղեստինյան հարցի կարգավորման իր միջնորդական կարգավիճակը: Հորդանանն ակտիվորեն աջակցում էր ոչ միայն 2003թ. «միջազգային քառյակի» մշակած Ճանապարհային քարտեզին, այլև 2002թ. միջազգային ասպարեզ իջեցված արաբական խաղաղ նախաձեռնությանը:
6 Interview with His Majesty King Abdullah II, Nicola Lombardozzi and Alix Van Buren, la Repubblica, 19 October 2009, http://www.kingabdullah.jo
7 2014թ. նոյեմբերի դրությամբ Հորդանանում եղել են ՄԱԿ-ի կողմից գրանցված 614.000 սիրիացի փախստականներ, որի հետևանքով Հորդանանի բնակչությունը 10%-ով ավելացավ: Վերջիններս բնակվում են հիմնականում Զաաթարիի գաղթակայանում, որը ՄԱԿ Փախստականների գծով հանձնախմբի վերահսկողության տակ է: Հորդանանում են գտնվում նաև զգալի թվով իրաքցի փախստականներ, որոնք այստեղ են հաստատվել թե՛ 2003-ից հետո, թե՛ 2014թ. Իրաքի դեմ Իսլամական պետության հարձակումներից հետո: Տե՛ս UNHCR Global Appeal 2014-2015, http://www.unhcr.org/528a0a2c13.html
8 Egyptians attack Israeli Embassy. Obama is concerned, 10 September, 2011, http://www.jpost.com
9 The Gaza Conflict Reverberates in the West Bank and Jordan, https://www.stratfor.com
10 Laura Zittrain Eisenberg, Neil Caplan, Negotiating Arab-Israeli Peace, Second Edition: Patterns, Problems, Indiana Series in Middle East Studies, Second Edition, pp. 131-133.
11 Farooq Mitha, The Jordanian-Isreaeli Relationship. The Reality of Cooperation, Middle East Policy, vol. XVII, Summer 2010, Number 2, http://mepc.org
12 Israel closes Al-Aqsa mosque compound to all visitors, The Gurdian, 30 October, 2014, http://www.theguardian.com
13 Interview with His Majesty King Abdullah II, Nicola Lombardozzi and Alix Van Buren, la Repubblica, 19 October 2009, http://www.kingabdullah.jo
դեպի ետ