
ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ
Վահրամ Հովյան«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ
Ներկայումս հայագիտական կենտրոններ գործում են Մերձավոր Արևելքի հետևյալ երկրներում՝ Իրանում, Իսրայելում, Կիպրոսում, և արաբական երկրներում՝ Լիբանանում, Սիրիայում, Եգիպտոսում։
Իրանում ներկայումս գործում են երեք հայագիտական կենտրոններ, որոնցից երկուսը՝ Թեհրանում և մեկը՝ Սպահանում։ Երեք հայագիտական կենտրոններն էլ համալսարանական ամբիոններ են։ Թեհրանում գործող երկու հայագիտական կենտրոններից մեկը Թեհրանի պետական համալսարանի հայագիտության ամբիոնն է, մյուսը՝ Թեհրանի Իսլամական ազատ համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնը։ Երրորդ հայագիտական կենտրոնը Սպահանի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնն է։
Այսպիսով, Իրանում հայագիտությունը զարգանում է ակադեմիական շրջանակներում՝ համալսարաններում։
Այս համալսարանական ամբիոններից ամենահինը Սպահանի համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնն է, որ հիմնադրվել է 1960թ.։ Թեհրանի Իսլամական ազատ համալսարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնը հիմնվել է 1995թ., իսկ Թեհրանի պետական համալսարանի հայագիտության ամբիոնը՝ 2011թ.։
Իսրայելում հիմնական հայագիտական կենտրոնը Երուսաղեմի եբրայական համալսարանի հայագիտության ծրագիրն է։ Այն ստեղծվել է 1967թ.։ Ծրագիրը գործում է համալսարանի արևելագիտության ֆակուլտետի կազմում։ Նրա շրջանակներում դասավանդում են ինչպես հայ, այնպես էլ օտարազգի դասախոսներ։ Ծրագիրը գիտակրթական գործունեություն է ծավալում հայագիտության ամենատարբեր բնագավառներում (լեզու, մշակույթ, պատմություն և այլն)։ Դասավանդվում է նաև վրացերեն։
Բացի ակադեմիական այս հաստատությունից, հայագիտական հետազոտություններով զբաղվում են նաև Երուսաղեմի հայոց պատրիարքարանում։ Այստեղ իրականացվում են հայագիտական հետազոտություններ, կազմակերպվում դասախոսություններ և այլն։ Այսպիսով, հայագիտությունն Իսրայելում զարգանում է ակադեմիական և եկեղեցական շրջանակներում։
Սիրիա. չնայած հայ-արաբական դարավոր քաղաքական, տնտեսական, կրթամշակութային շփումներին՝ արաբական աշխարհում ակադեմիական շրջանակներում հայագիտությունը զարգացած չի եղել։ Արաբական երկրների համալսարաններում չեն եղել հայագիտական ամբիոններ կամ այլ կառույցներ։ Լավագույն դեպքում եղել են անհատ հայագետներ, որոնք իրականացրել են հայագիտական հետազոտություններ։ Այդպիսի անհատ հայագետներից են եղել Հասան Հաֆիզը՝ Եգիպտոսից, Նիզար Խալիլին, Մրվուան Մուդավարը՝ Սիրիայից և ուրիշներ1։
Միայն Հայաստանի անկախացումից հետո ՀՀ դիվանագիտական ջանքերի շնորհիվ փորձ արվեց լրացնել ակադեմիական կառույցներում հայագիտության բացակայության կամ թույլ լինելու բացը։ ՀՀ արտաքին քաղաքականության, հայաստանյան ակադեմիական կառույցների արտաքին կապերի զարգացման շնորհիվ, ինչպես նաև Սփյուռքի ջանքերով սկիզբ դրվեց ինչպես աշխարհի տարբեր երկրների, այնպես էլ արաբական երկրների համալսարաններում հայագիտական կենտրոնների բացման գործընթացին։ Սիրիայում ՀՀ դեսպանության ակտիվ ջանքերի շնորհիվ Հալեպի համալսարանում 2008թ. բացվեց հայոց լեզվի ուսուցման կենտրոն2։
Եգիպտոսում Հայկական բարեգործական ընդհանուր միության հովանավորությամբ 2007թ. հայագիտության կենտրոն բացվեց Կահիրեի համալսարանի արվեստի ֆակուլտետի կազմում3։
Ցավոք, արաբական աշխարհում ակադեմիական կառույցների շրջանակներում հայագիտական կենտրոնների հիմնման և զարգացման գործընթացին ծանր հարված հասցրեց 2011թ. սկսված «արաբական գարունը», որը խաթարեց նաև գիտակրթական ոլորտի գործունեությունը։ Եթե Եգիպտոսում մոտ երկու տարի տևած փոթորկալից իրադարձությունները հարաբերականորեն հանդարտվեցին այնտեղ վերջին նախագահական ընտրություններից հետո4, ապա Սիրիան դեռևս դուրս չի եկել այդ իրադարձությունների հորձանուտից։ Այսպիսով, արաբական երկրներում ծավալվող հեղափոխական իրադարձությունները, խաթարելով այդ երկրների գիտակրթական կյանքը, ինչպես նաև արտաքին հարաբերությունները, մեծ խոչընդոտ են հանդիսանում այդ երկրներում ակադեմիական կառույցների շրջանակներում հայագիտության զարգացման ճանապարհին։
Լիբանան. թեև արաբական երկրներում ակադեմիական կառույցների մակարդակով հայագիտության զարգացմանը վերջին ժամանակներս է սկիզբ դրվել, սակայն այդ երկրներում ավանդաբար եղել է հայագիտություն, որը զարգացել է հայ համայնքների շրջանակներում։ Հայ համայնքի մակարդակով հայագիտական կենտրոններ արաբական երկրներում գործում են հայկական եկեղեցական հաստատությունների և համազգային կառույցների տեղական մասնաճյուղերի շրջանակներում։ Հոգևոր-եկեղեցական կառույցները, որտեղ գործում են հայագիտական կենտրոններ և զարգանում է հայագիտությունը, Մերձավոր Արևելքում գործող հայկական երեք համազգային եկեղեցիներն են՝ Հայ Առաքելական եկեղեցին՝ ի դեմս Անթիլիասի Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության, Հայ Կաթողիկե եկեղեցին՝ ի դեմս Զմմառի Հայ Կաթողիկե պատրիարքարանի, ինչպես նաև Հայ Ավետարանական եկեղեցին։ Իսկ համազգային կառույցներից, որոնց շրջանակներում գործում են հայագիտական կենտրոններ Մերձավոր Արևելքում, նշանավոր է Համազգային Հայ կրթական և մշակութային միությունը։ Հայտնի է Բեյրութի Համազգային հայ կրթական ու մշակութային միության հայագիտական բարձրագույն հիմնարկը:
Այսպիսով, արաբական երկրներից հայկական համայնքային և համազգային կառույցների շրջանակներում հայագիտությունը զարգանում է հիմնականում Լիբանանում, ինչը պայմանավորված է երկու հանգամանքով.
1. Լիբանանը եթե ոչ ամբողջ Սփյուռքի, ապա նվազագույնը դրա մերձավորարևելյան հատվածի կենտրոնն է։ Այստեղ են կենտրոնացված համազգային և տարածաշրջանային (մերձավորարևելյան) հայկական կազմակերպությունների կենտրոնները։ Այսպես, Սփյուռքի մի զգալի հատվածի, մասնավորապես՝ Մերձավոր Արևելքի հայության մեծ մասի՝ հայ առաքելականների շերտի գլխավոր հոգևոր-եկեղեցական կառույցը՝ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, գտնվում է Անթիլիասում։ Ողջ Սփյուռքի հայ կաթողիկեների գլխավոր հոգևոր-եկեղեցական կենտրոնը՝ Զմմառի Հայ Կաթողիկե պատրիարքարանը, նույնպես գտնվում է Լիբանանում։ Թեև Հայ Ավետարանական եկեղեցին չունի միասնական նվիրապետություն, սակայն ունի հայ ավետարանականներին միավորող հինգ տարածաշրջանային կառույց։ Դրանցից մեկի՝ Մերձավոր Արևելքի Հայ Ավետարանական եկեղեցիների միության գրասենյակը գտնվում է Բեյրութում։
2. Թեև Լիբանանն իր ողջ պատմության ընթացքում քիչ չի տուժել ներքաղաքական ցնցումներից5, ինչպես նաև արաբա-իսրայելական հակամարտություններից, այնուամենայնիվ, «արաբական գարունը» կարծես թե առայժմ հիմնականում շրջանցում է Լիբանանը6։ Համեմատաբար խաղաղ կյանքը և կայուն իրավիճակը Լիբանանում թույլ են տալիս հայկական կառույցների շրջանակում գործող հայագիտական կենտրոններին շարունակել իրենց հետազոտական և կրթական գործունեությունը։
Եվս մեկ կարևոր կենտրոն է Բեյրութի Հայկազյան համալսարանը, որտեղ գործում են երկու հայագիտական կենտրոններ՝ հայագիտության ամբիոնը և Հայկական Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնը։ Բեյրութի Հայկազյան համալսարանի յուրահատկությունն այն է, որ այն, մի կողմից, ակադեմիական կառույց է, լիբանանյան բարձրագույն ուսումնական հաստատություն, սակայն մյուս կողմից՝ ոչ թե արաբական (լիբանանյան) հաստատություն է, այլ՝ հայկական։ Համալսարանը պատկանում է Հայ Ավետարանական եկեղեցուն։ Այդ է պատճառը, որ արաբական երկրների ակադեմիական կառույցների շրջանակներում հայագիտական կենտրոնների գործառնության և հայագիտության զարգացման մասին խոսելիս չանդրադարձանք Բեյրութի Հայկազյան համալսարանին։ Նպատակահարմար է նրան անդրադառնալ հայ համայնքային և համազգային կառույցների շրջանակում հայագիտության զարգացման և հայագիտական կենտրոնների գործունեության մասին խոսելիս։
Հարկ է ընդգծել, որ Բեյրութի Հայկազյան համալսարանը միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է Սփյուռքում։ Եվ թեև պատկանում է Հայ Ավետարանական եկեղեցուն (հիմնադրվել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության կողմից 1955թ.), սակայն իր գործունեությամբ ունի համազգային նշանակություն հայության համար։ Այստեղ ուսանելու են գալիս հայ երիտասարդներ ոչ միայն Լիբանանից, այլև այլ երկրներից։ Նույն կերպ համալսարանի շրջանավարտները հետագայում իրենց գործունեությունը ծավալում են ոչ միայն Լիբանանի, այլև այլ երկրների հայ համայնքներում և համազգային կառույցներում։ Ավելին, Բեյրութի Հայկազյան համալսարանը՝ որպես կրթական հաստատություն, ունի նաև միջազգային նշանակություն, քանի որ այնտեղ, բացի հայերից, ուսանելու են գալիս նաև այլազգի ուսանողներ։
Բեյրութի Հայկազյան համալսարանի համազգային նշանակությունը երևում է ևս երկու հանգամանքով։ Նախ՝ համալսարանը, հիմնված լինելով Հայ Ավետարանական եկեղեցու կողմից և պատկանելով վերջինիս, այնուամենայնիվ, ինչպես նշում է համալսարանի նախագահ, վերապատվելի դոկտոր Փոլ Հայդոստյանը, ֆինանսապես անկախ է նրանից։ Դա արվել է համալսարանի անկախության առավելագույն մակարդակը և համազգային բնույթն ապահովելու նպատակով7։
Հաջորդ փաստը, որը վկայում է Բեյրութի Հայկազյան համալսարանի գործունեության համազգային բնույթի մասին, այն է, որ համալսարանի ինչպես պրոֆեսորադասախոսական կազմում, այնպես էլ վարչական աշխատողների շրջանում, բացի հայ ավետարանականներից, մեծ է նաև հայ առաքելականների և կաթողիկեների թիվը։ Մասնավորապես, համալսարանի գիտակրթական գործունեության ապահովման մեջ նշանակալի դեր ունեն այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն, որը համալսարանում հանդես է գալիս դասախոսություններով, և հայ կաթողիկե վարդապետ Անդրանիկ վարդապետ Կռանյանը, որը համալսարանի կողմից հրատարակվող Հայկազյան հայագիտական հանդեսի պատասխանատու խմբագիրն է։
Ինչ վերաբերում է համալսարանի հայագիտական գործունեությանը, ապա, միանշանակ, հարկ է նշել, որ իր երկու կառուցվածքային օղակների՝ հայագիտության ամբիոնի և Հայկական Սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի գործունեության շնորհիվ այն այսօր էլ աշխարհի նշանավոր հայագիտական կենտրոններից մեկն է8։
Այսպիսով, Բեյրութի Հայկազյան համալսարանի հայագիտական կառույցների գործունեությունը արաբական երկրներում ակադեմիական կառույցների և հայկական համազգային կառույցների շրջանակում հայագիտության զարգացման համադրություն է հանդիսանում, քանի որ համալսարանը միաժամանակ և՛ լիբանանյան ակադեմիական կառույց է, և՛ պատկանում է համազգային հայկական կառույցի՝ Հայ Ավետարանական եկեղեցուն։
Կիպրոսում ակադեմիական կառույցների մակարդակով հայագիտությունը զարգացած չէ։ Չկան համալսարանական հայագիտական կենտրոններ։ Այստեղ հայագիտությունը զարգանում է միայն հայ համայնքի շրջանակում։ Հայագիտությունը Կիպրոսում ունի իր առանձնահատկությունները։ Այն չի զարգանում համազգային կամ համայնքային կառույցներին կից հայագիտական կենտրոններում։ Այստեղ գործում է մեկ առանձին հայագիտական կենտրոն՝ Հայկական հետազոտությունների կենտրոնը։ Այն հիմնադրվել է 1995թ.՝ Վարդան Մալյանի անհատական նախաձեռնությամբ, որն էլ կենտրոնի ղեկավարն է և իրականացնում է հիմնական հետազոտական աշխատանքները։ Կենտրոնը հիմնականում զբաղվում է Հայոց ցեղասպանության փաստագրման և Կիպրոսի հայ համայնքի համար կարևոր կիրառական խնդիրներով9։
***
Մերձավոր Արևելքի հայագիտական կենտրոնների գործունեության մեջ կարելի է առանձնացնել չորս հիմնական ուղղություն՝ գիտահետազոտական, կրթական, գիտաժողովների և այլ գիտական հավաքների կազմակերպման և հրատարակչական։
Հայագիտական կենտրոնների գիտահետազոտական աշխատանքների արդյունքներն ամփոփվում են մենագրությունների, հոդվածների, զեկույցների, ինչպես նաև ավարտաճառերի, մասնավորապես՝ մագիստրոսական թեզերի և ատենախոսությունների մեջ։ Օրինակ՝ Սպահանի համալսարանի հայագիտական ամբիոնի՝ որպես հայագիտական հետազոտական կառույցի, զարգացման մասին է վկայում այնտեղ մագիստրատուրայի և ասպիրանտուրայի բացումը։ Այդ ամբիոնում պաշտպանվող մագիստրոսական թեզերը և դոկտորական ատենախոսությունները համարվում են գիտական հետազոտություններ։ Դոկտորական ատենախոսություններ են պաշտպանվում նաև Բեյրութի Հայկազյան համալսարանում։ Օրինակ՝ Զավեն Մսրլյանի «Հայերի մասնակցությունը Լիբանանի խորհրդարանական ընտրություններին 1934-2009թթ.» դոկտորական ատենախոսությունը։
Հետազոտական աշխատանքի յուրահատուկ ուղղություն է փաստագրությունը՝ տարբեր խնդիրների (Հայոց ցեղասպանություն և այլն) վերաբերյալ փաստերի և փաստաթղթերի, իրեղեն ապացույցների հավաքումը, առկա և կորսված գույքի հաշվառումը և այլն։ Այդպիսի փաստագրական աշխատանքով զբաղվում է, մասնավորապես, Նիկոսիայի Հայկական հետազոտությունների կենտրոնը (Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերի և փաստաթղթերի հավաքում և հաշվառում, Կիպրոսի՝ Թուրքիայի կողմից գրավված հատվածում հայկական շինությունների և գույքի ցուցակագրում10)։
Կրթական գործունեությունը բնորոշ է այն հայագիտական կենտրոններին, որոնք գործում են գիտակրթական հաստատությունների կառուցվածքում կամ իրենք են հանդիսանում նման կառույցներ։ Այդպիսի գործունեությամբ զբաղվում են Կահիրեի, Սպահանի և այլ համալսարանների հայագիտական կենտրոնները, ինչպես նաև Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության և Զմմառի Հայ Կաթողիկե պատրիարքության դպրեվանքերը։
Գիտաժողովների և այլ գիտական հավաքների (կլոր սեղաններ, աշխատաժողովներ և այլն) կազմակերպմամբ և դրանց ակտիվ մասնակցությամբ առավելապես զբաղվում են Մերձավոր Արևելքի առավել կայացած հայագիտական կենտրոնները։ Օրինակ՝ հայագիտական միջազգային գիտաժողովներ է կազմակերպել Սպահանի համալսարանի հայագիտական ամբիոնը։ Գիտական տարատեսակ հավաքների կազմակերպման և դրանց մասնակցության մեծ փորձ ունի նաև Բեյրութի Հայկազյան համալսարանը, որի Հայկական Սփյուռքի հետազոտության կենտրոնն անցկացնում է ամենամյա գիտաժողովներ։
Հրատարակչական գործունեությունը ներառում է գրքերի, ամսագրերի, տարբեր ժողովածուների հրատարակությունը։ Գրքերը հրատարակվում են որպես անհատական և կոլեկտիվ մենագրություններ, դասագրքեր և այլ ուսումնական ձեռնարկներ։ Օրինակ՝ վերջին տարիներին Բեյրութի Հայկազյան համալսարանը հրատարակել է հետևյալ գրքերը.
• Dr. Zaven Messerlian, Armenian participation in the Lebanese Legislative Elections 1934-2009, Beirut, 2014.
• Հաճնոյ հերոսամարտի 90ամեակի գիտաժողովի նիւթեր եւ վաւերագրեր ու լուսանկարներ, կազմեց եւ խմբագրեց Դոկտ. Անդրանիկ Տագէսեան, Պէյրութ, 2013։
• Լիբանանահայ Գիրքը 1894-2012. Մատենագիտական Ցանկ, աշխատասիրեցին Դոկտ. Անդրանիկ Տագէսեան եւ Դոկտ. Արմէն Իւրնէշլեան, Պէյրութ, 2013։
• Towards Golgotha: The Memoirs of Hagop Arsenian, A Genocide Survivor, translated and annotated by Arda Arsenian Ekmekji, Beirut, 2011. (translated into Arabic by Dr. Alexan Keshishian, Beirut 2012.)
Բեյրութի Հայկազյան համալսարանի Հայկական Սփյուռքի հետազոտության կենտրոնը ծրագրում է հրատարակել լիբանանահայության և Մերձավոր Արևելքի հայ համայնքների վերաբերյալ դոկտորական ատենախոսությունները։ Այս շրջանակներում, ինչպես նշում է կենտրոնի տնօրեն Ա.Տագեսյանը, արդեն հրատարակվել է Զավեն Մսրլյանի «Հայերի մասնակցությունը Լիբանանի խորհրդարանական ընտրություններին 1934-2009թթ.» անգլերեն աշխատությունը։ Կենտրոնը ցանկություն ունի նաև ստեղծել Մերձավոր Արևելքի հայ համայնքների վերաբերյալ դասագրքեր։ Ա.Տագեսյանն աշխատում է Լիբանանի հայ համայնքի վերաբերյալ ընդհանրական դասագրքի ստեղծման վրա։
Մերձավոր Արևելքի հայագիտական կենտրոնները որոշակիորեն զբաղվում են նաև ամսագրերի հրատարակությամբ։ Բեյրութի Հայկազյան համալսարանը 1970թ. ի վեր հրատարակում է Հայկազյան հայագիտական հանդեսը, որն աշխարհի նշանավոր հայագիտական հանդեսներից է։ Համալսարանի Հայկական Սփյուռքի ուսումնասիրության կենտրոնը նախատեսում է հիմնել «Հայկական Սփյուռքի մատենաշար» հրատարակությունը, որը կընդգրկի կենտրոնի կազմակերպած ամենամյա գիտաժողովների նյութերը։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրատարակում է «Հասկ» ամսագիրը։ Այնտեղ, բացի եկեղեցական կյանքը լուսաբանող, համայնքային կյանքին անդրադարձող նյութերից, տեղ են գտնում նաև արժեքավոր հայագիտական հրապարակումներ։
Հոգևոր-եկեղեցական կառույցներին կից հայագիտական կենտրոններից Զմմառի Հայ Կաթողիկե պատրիարքարանի Դպրոցական հայագիտության զարգացման գրասենյակը հրատարակում է «Հայ մանկավարժ» ուսումնագիտական և մանկավարժական հանդեսը։
Մերձավոր Արևելքի հայագիտական կենտրոններն ակտիվ են նաև իրենց կազմակերպած գիտաժողովների և գիտական հավաքների զեկույցները և այլ նյութերն առանձին ժողովածուներով հրատարակելու գործում։ Օրինակ՝ Սպահանի համալսարանի հայագիտական ամբիոնը ժողովածուների տեսքով հրատարակել է իր կազմակերպած հայագիտական գիտաժողովների զեկույցները։ Գիտաժողովների և այլ գիտական հավաքների զեկույցների և նյութերի հրատարակությամբ ակտիվ է նաև Բեյրութի Հայկազյան համալսարանը։
Մերձավոր Արևելքի հայագիտական կենտրոնների հետաքրքրության ոլորտում գտնվող թեմատիկ ուղղություններն են՝ հայ բանասիրությունը (լեզվաբանություն, գրականագիտություն), հայոց պատմությունը, հայ մշակույթն ու քաղաքակրթությունը, կրոնը, ազգագրությունը, Հայկական Սփյուռքը, հայ և այլ ժողովուրդների11 փոխհարաբերությունները, արդի քաղաքականությունը։
1 Հարցազրույց Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արշակ Փոլադյանի հետ, Փաշայան Ա., Հարությունյան Լ., Սիրիայի հայ համայնքը. արդի հիմնախնդիրներ, Երևան, 2011, էջ 42։
2 Նույն տեղում։
3 New Armenian Studies Center in Cairo, http://www.azad-hye.net/news/viewnews.asp?newsId=356hlg14
4 Իրավիճակի ապակայունացման վտանգը դեռ չի վերացել, քանի որ արաբական երկրներում ծավալվող հեղափոխական ալիքը հարևան երկրներում տարածվելու հատկություն ունի։ Եգիպտոսի պարագայում իրավիճակի ապակայունացման գործոն են հանդիսանում հարևան Լիբիայում տեղի ունեցող իրադարձությունները, որոնք կարող են ազդել այդ երկրի վրա։
5 Դրանց մեջ ամենանշանավորը 1975-1990թթ. լիբանանյան քաղաքացիական պատերազմն էր։
6 Թեև այս ընթացքում այդ երկրում նույնպես նկատվել են բռնությունների և ապակայունացման դրսևորումներ։
7 Հատկանշական է, որ նույն՝ համալսարանի անկախության ապահովման նպատակով բուհի ղեկավարությունը մերժել է նաև Լիբանանի կառավարության ֆինանսական աջակցությունը, որպեսզի համալսարանի գործերին պետական մարմինների հետագա միջամտությունների տեղիք չտա։
8 Բեյրութի Հայկազյան համալսարանի մասին մանրամասն տե՛ս Ղանալանյան Տ., Բեյրութի Հայկազյան համալսարանը, «Գլոբուս», 2013, թիվ 2, էջ 42-51։
9 Armenian Center in Cyprus, http://www.azg.am/EN/2001052507
10 Նույն տեղում։
11Խոսքը, մասնավորապես, այն ժողովրդի մասին է, որի երկրում գտնվում է տվյալ հայագիտական կենտրոնը։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ ՍՓՅՈՒՌՔՈՒՄ 21-ՐԴ ԴԱՐՈՒՄ[18.12.2018]
- ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱԼՎԱԾՔՆԵՐԻ ԵՎ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[03.12.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[06.11.2018]
- ՀԱՅՐԵՆԻՔ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄՈԴԵԼՆԵՐԻ ՇՈՒՐՋ[26.10.2018]
- ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԵՐԿԱ ԴՐՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ[25.09.2018]
- ՍԻՐԻԱՅԻ ՀԱՅ ՀԱՄԱՅՆՔԸ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ[12.09.2018]
- ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ. ՀՈՒՆԱԿԱՆ ՓՈՐՁ[03.08.2018]
- ԱՄՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[16.07.2018]
- ՊԵՏՈՒԹՅՈՒՆ-ՍՓՅՈՒՌՔ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԻՑ[19.06.2018]
- ՀԱՅՐԵՆԱԴԱՐՁՆԵՐԻ ԻՆՏԵԳՐՄԱՆ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ[06.06.2018]
- ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՀԱՄԱՐ ԵՐԿՈՒ ԳՈՐԾՈՆ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԻ[27.04.2018]