
ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՈՒԾՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի ղեկավար
Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ
Հայագիտական կենտրոնների խնդիրները
Այսօր արտերկրի հայագիտական կենտրոնները կանգնած են լրջագույն խնդիրների և մարտահրավերների առջև, որոնք ոչ միայն խոչընդոտում են նրանց բնականոն գործունեությանը, այլև սպառնալիքի տակ են դնում նրանց գոյությունը։ Այդ խնդիրներն ունեն ֆինանսական, կադրային, գիտահետազոտական և ուսումնական նյութերի անբավարարության, գործունեության չհամակարգվածության բնույթ։
Արտերկրի հայագիտական կենտրոնների ֆինանսական խնդիրները պատկերացնելու համար անհրաժեշտ է նախ անդրադառնալ դրանց ֆինանսավորման աղբյուրներին։ Արտերկրի հայագիտական կենտրոնները ֆինանսավորվում են հետևյալ հիմնական աղբյուրներից.
• Սփյուռքի համազգային կառույցներից (Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամ, ՀԲԸՄ և այլն)։
• Տեղական հայ համայնքներից։
• Հայաստանից (ՀՀ պետական բյուջեից)։
• Այն գիտական և/կամ կրթական հաստատությունների բյուջեներից, որոնց մաս են կազմում։
Արտերկրի հայագիտական կենտրոնների ֆինանսավորման աղբյուրները, ինչպես տեսնում ենք, հիմնականում հայկական են. մեծ մասամբ Սփյուռքի և ՀՀ միջոցներն են։ Իսկ Սփյուռքի և ՀՀ միջոցներն անսահմանափակ չեն։ Եվ ֆինանսական սղության պատճառով արտերկրի շատ հայագիտական կենտրոններ կանգնել են անգամ փակման սպառնալիքի առջև1։
Հաջորդ կարևոր մարտահրավերը, որ կանգնած է արտերկրի հայագիտական կենտրոնների առջև, կադրային խնդիրն է։ Հաճախ անհրաժեշտ կադրերի սղության կամ բացակայության պատճառով հայագիտական կենտրոնները չեն կարողանում լիարժեք իրականացնել իրենց գործառույթները, երբեմն մատնվում են անգործության, իսկ երբեմն էլ կանգնում փակման սպառնալիքի առջև։ Օրինակ՝ Երուսաղեմի եբրայական համալսարանի Հայագիտական ծրագիրը2։ Այսպիսի խնդիրներ ունեն նույնիսկ Եվրոպայի հայագիտական կենտրոնները։ Օրինակ՝ Իտալիայում, «երբ ամպիոնի մը վարիչը թոշակառու դարձաւ, անոր ամպիոնը ի վիճակի չեղաւ իր գործունէութիւնը շարունակել իբր բուն ամպիոն, փրոֆեսօր տիտղոսով»3։
Հաջորդ կարևոր խնդիրը գիտահետազոտական և ուսումնական նյութերի անբավարարությունն է։ Գտնվելով Հայաստանից հեռու՝ արտերկրի հայագիտական կենտրոնները հաճախ բախվում են դասագրքերի, անհրաժեշտ գրականության, փաստաթղթերի, արխիվային և այլ նյութերի պակասի խնդրին։
Որպես հայագիտական կենտրոնների առջև ծառացած լուրջ խնդիր կարելի է մատնանշել նաև դրանց գործունեության անբավարար համակարգվածությունը։ Միայն Եվրոպայում և ԱՄՆ-ում գործող հայագիտական կենտրոնների և առանձին հայագետների գործունեությունն է համակարգված։ Այդ նպատակով 1981 թվականից Եվրոպայում գործում է Հայկական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցությունը4։ ԱՄՆ-ում նույն նպատակով գործում են Հայկական հետազոտությունների և ուսումնասիրությունների ազգային ընկերակցությունը (1955թ.) և Հայկական հետազոտությունների ընկերակցությունը (1974թ.)։ Վերջերս հայագիտական կենտրոնների և առանձին հայագետների գործունեությունը համակարգող կառույցի ստեղծման փորձեր են արվում նաև Ռուսաստանում5։
Աշխարհի այլ երկրներում և տարածաշրջաններում, որտեղ գործում են հայագիտական կենտրոններ կամ որոնցում քիչ թե շատ զարգացած է հայագիտությունը, հայագիտական կառույցների գործունեությունը համակարգող հաստատություններ չկան, ինչը նշանակում է, որ չկան նաև նրանց արդյունավետ փոխգործակցության և փոխօգնության մեխանիզմներ։ Մինչդեռ համակարգված փոխգործակցությունը կարող է էապես բարձրացնել հայագիտական կենտրոնների գործունեության արդյունավետությունը։
Հարկ է նշել, որ, չնայած վերջին տարիներին գործադրված ջանքերին, գործունեության անբավարար համակարգվածության խնդիրն առկա է նաև հայաստանյան և արտերկրի հայագիտական կենտրոնների միջև6։ Մինչդեռ Հայաստանի և արտերկրի հայագիտական կենտրոնների միջև համագործակցության խորացումն ու համակարգումը մեր օրերի հրամայականն են։
Հասկանալի է, որ արտերկրի հայագիտական կենտրոնների առջև ծառացած կադրային և այլ խնդիրները հաճախ ծագում են ֆինանսական խնդիրներից։ Ֆինանսական միջոցների անբավարարության հետևանքով է, որ հաճախ հայագիտական կենտրոնները լուրջ խնդիրներ են ունենում իրենց կադրերին պահելու, նոր կադրեր ներգրավելու, անհրաժեշտ գրականության և նյութերի ձեռքբերման և այլ հարցերում։
Խնդիրների լուծման ուղիները
Որպես վերոհիշյալ խնդիրների լուծման միջոցներ կարելի է առաջ քաշել երկու ուղի՝ Հայաստանի հետ կապերի և համագործակցության խորացում և կազմակերպական մակարդակի բարձրացման միջոցով հայագիտական կենտրոնների գործունեության համակարգում։
Ակնհայտ է, որ առանց Հայաստանի հետ համագործակցության՝ արտերկրի հայագիտական կենտրոնների համար խիստ դժվար կլինի բարձրացնել իրենց գործունեության արդյունավետությունը։
Հիմնականում արտերկրի հայագիտական կենտրոնների հետ համագործակցող հայաստանյան կառույցներն են.
• պետական գերատեսչությունները՝ ի դեմս Սփյուռքի նախարարության, Կրթության և գիտության նախարարության, Արտաքին գործերի նախարարության և այլն,
• գիտակրթական հաստատությունները՝ ԵՊՀ-ն (Հայագիտական հետազոտությունների ինստիտուտ, պատմության ֆակուլտետ, բանասիրության ֆակուլտետ և այլն), Մատենադարանը, ԳԱԱ-ն (Պատմության ինստիտուտ, Արևելագիտության ինստիտուտ և այլն), «Նորավանք» ԳԿՀ-ն և այլն։
Արտասահմանյան հայագիտական կենտրոնների առջև ծառացած ամենամեծ մարտահրավերը, ինչպես նշեցինք, ֆինանսական միջոցների սղությունն է, որից էլ ածանցվում են այլ խնդիրները։ Ֆինանսական խնդիրների լուծմանն աջակցությունն ակնկալվում է վերջիններիս կողմից Հայաստանի հետ համագործակցության ենթատեքստում։ Հայաստանի Հանրապետությունն իր սուղ հնարավորություններով առայսօր հնարավորին չափով ֆինանսապես աջակցել է արտերկրի հայագիտական կենտրոններին։ Դա իր դրսևորումն է ստացել ՀՀ Սփյուռքի նախարարության և արտերկրի հայագիտական կենտրոնների կողմից համատեղ իրականացված բազմաթիվ ծրագրերում։ Սակայն ակնհայտ է, որ արտերկրի հայագիտական կենտրոնների ֆինանսական խնդիրների լուծումը մեծապես կապված է Հայաստանի տնտեսական զարգացման և, հետևաբար, վերջինիս ֆինանսական հնարավորությունների մեծացման հետ։
Հայաստանի և արտերկրի հայագիտական կենտրոնների միջև համագործակցության՝ ներկայումս հնարավոր եղանակներն են.
1. Մեթոդաբանական աջակցություն։ Համագործակցության սույն ձևը վերաբերում է փոխադարձ աջակցությանը կուտակված փորձի փոխանակման միջոցով։ Հայաստանի հայագիտական կենտրոններն իրենց երկարամյա աշխատանքի ընթացքում կարողացել են կուտակել հսկայական փորձ թե՛ հետազոտական աշխատանքի, թե՛ ուսումնական գործունեության, թե՛ գիտաուսումնական աշխատանքի կազմակերպման և թե՛ այլ բնագավառներում։ Այդ փորձը կարող է ուսանելի լինել արտերկրի հայագիտական կենտրոնների համար։ Իհարկե՛, խոսքը չի վերաբերում Հայաստանի հայագիտական կենտրոնների փորձի մեխանիկական ընդօրինակմանը։ Դա կարող է արդյունավետ չլինել՝ հաշվի առնելով հայաստանյան և արտասահմանյան հայագիտական կենտրոնների գործունեության պայմանների և այլ հանգամանքների տարբերությունը։ Խոսքն ավելի շուտ սեփական գործունեության մեջ հայաստանյան հայագիտական կենտրոնների փորձը հաշվի առնելու մասին է։ Այս առումով խորհրդատվությունների ձևով հայաստանյան հայագիտական կենտրոնների մեթոդաբանական աջակցությունն արտերկրի հայագիտական կենտրոններին կարող է նպաստել վերջիններիս խնդիրների լուծմանը և գործունեության արդյունավետության բարձրացմանը։
2. Ուսումնական և հետազոտական նյութերի տրամադրում։ Ինչպես վերը նշվեց, արտերկրի հայագիտական կենտրոնների հիմնական խնդիրներից մեկն էլ հետազոտական և ուսումնական նյութերի անբավարարությունը կամ պակասն է։ Հայագիտական կենտրոնները Հայաստանում այս առումով գտնվում են համեմատաբար բարվոք պայմաններում։ Նախ՝ հայ ժողովրդի պատմական հայրենիքը և ազգային պետությունը լինելու բերումով Հայաստանում է կենտրոնացված հայագիտական արժեք ներկայացնող հետազոտական նյութերի մեծ մասը։ Դրանք պահվում են այնպիսի հաստատություններում, ինչպիսիք են Հայաստանի ազգային արխիվը, Մեսրոպ Մաշտոցի անվան Հին ձեռագրերի ինստիտուտ Մատենադարանը, Պատմության և այլ թանգարանները, ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և այլն։ Չենք խոսում այն մասին, որ Հայաստանի պատմամշակութային հուշարձանները, առանձին վայրերն ինքնին հետազոտության ենթակա հայագիտական նյութ են հանդիսանում։ Բացի այդ, Հայաստանում է ամենաշատը ստեղծվում հայագիտական նշանակություն ունեցող գրականությունը. հետազոտական աշխատություններ, ուսումնական ձեռնարկներ և այլն։ Հայաստանի հայագիտական կենտրոններն իրենց ունեցած հետազոտական նյութերը, իրենց ստեղծած և ձեռք բերած գրականությունը կարող են տրամադրել նաև արտերկրի հայագիտական կենտրոններին՝ նրանց կողմից հետազոտական նյութերի և անհրաժեշտ գրականության անբավարարության խնդիրը թեկուզ մասնակիորեն լուծելու նպատակով։ Ի դեպ, այս հարցում ժամանակակից տեխնիկական միջոցները կիրառման մեծ տեղ ունեն։ Մասնավորապես, անհրաժեշտ գրականությունը կարող է տրամադրվել ոչ միայն տպագիր, այլև էլեկտրոնային տարբերակով։ Կամ` հանրապետության տարածքից դուրսբերման ոչ ենթակա հայագիտական հետազոտական նյութերը (օրինակ՝ ձեռագիր մատյանները) կարող են տրամադրվել արտերկրի հայագիտական կենտրոններին թվայնացման միջոցով՝ տպագիր կամ էլեկտրոնային տարբերակով։ Այդ խնդիրը կարելի է լուծել ժամանակակից հեռահաղորդակցության միջոցների լայն կիրառման միջոցով։
3. Համատեղ հետազոտություններ։ Գիտական կառույցների միջև համագործակցության սույն ձևն ամենատարածվածներից է ժամանակակից աշխարհում։ Հայաստանի և արտերկրի հայագիտական կենտրոնները կարող են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների և խնդիրների շուրջ իրականացնել համատեղ հետազոտություններ։ Ջանքերի նման համատեղումը կնպաստի հայագիտական կենտրոնների գործունեության արդյունավետության բարձրացմանը, քանի որ տեղի կունենան որևէ կոնկրետ նպատակի (հետազոտության) շուրջ ռեսուրսների համախմբում և փոխլրացում։ Բացի այդ, այն կնպաստի նաև հայաստանյան և արտերկրի հայագիտական կենտրոնների միջև կապերի ընդլայնմանն ու խորացմանը։
4. Համատեղ գիտաժողովներ։ Արտերկրի և հայաստանյան հայագիտական կենտրոնների միջև կապերի և համագործակցության ամրապնդման գործուն ձևերից մեկն էլ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներով համատեղ գիտաժողովների կազմակերպումն է, ինչը նույնպես ժամանակակից աշխարհում գիտական հաստատությունների միջև համագործակցության ամենատարածված և արդյունավետ մեխանիզմներից մեկն է։ Համատեղ գիտաժողովների կազմակերպման միջոցով արտերկրի և հայաստանյան հայագիտական կենտրոնները ռեսուրսների փոխլրացման միջոցով կկարողանան համատեղ ուժերով հասնել ընդհանուր խնդիրների լուծմանը։ Ընդ որում՝ համատեղ գիտաժողովների կազմակերպման շրջանակներում նույնպես կարող են լայնորեն կիրառվել ժամանակակից հեռահաղորդակցային տեխնոլոգիաները՝ էապես նվազեցնելով տարածական հեռավորությունից բխող խնդիրները։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է առցանց գիտաժողովների, աշխատաժողովների, դասախոսությունների կազմակերպմանը կամ դրանց որոշ մասնագետների մասնակցությանը:
5. Հետազոտությունների պատվիրում։ Արտերկրի հայագիտական կենտրոններին համազգային նշանակություն ունեցող խնդիրների լուծմանը ներգրավելու արդյունավետ միջոցներից կարող է լինել Հայաստանից (պետական մարմինների, հայագիտական կենտրոնների և այլ հաստատությունների կողմից) նրանց այնպիսի հետազոտությունների պատվիրումը, որոնք հայության համար այժմեական են, ինչպես նաև գիտական նորույթ (ակադեմիական և կիրառական) են պարունակում։ Ինքնին հասկանալի է, որ այդպիսի հետազոտություններ իրականացնելու համար արտերկրի հայագիտական կենտրոնները պետք է ունենան համապատասխան ներուժ։ Խոսքն առաջին հերթին վերաբերում է անհրաժեշտ քանակությամբ մասնագետների, գիտահետազոտական նյութերի և այլնի առկայությանը։
6. Հրատարակությունների փոխանակում։ Փոխադարձ ճանաչողության խորացման, միմյանց գիտական և այլ նվաճումներին, խնդիրներին ու մարտահրավերներին հասու լինելու արդյունավետ միջոցներից է հրատարակությունների փոխանակումը հայաստանյան և արտերկրի հայագիտական կենտրոնների միջև։ Խոսքը թե՛ էլեկտրոնային, թե՛ տպագիր հրատարակությունների մասին է։ Էլեկտրոնային հրատարակությունների առումով փոխանակման ձևերից են համացանցային բաններների (banner) տեղադրումը միմյանց կայքերում, էլ. փոստի միջոցով հրատարակությունների (առանձին հոդվածներ, զեկույցներ, ամսագրեր, մենագրություններ և այլն) էլեկտրոնային տարբերակների առաքումը միմյանց և այլն։ Տպագիր հրատարակությունների առումով խոսքը հայագիտական կենտրոնների հրատարակած պարբերական հանդեսների (գիտական, վերլուծական), անհատական և կոլեկտիվ մենագրությունների ձևով իրականացված հետազոտությունների և այլնի փոխանակման մասին է։
7. Մասնագետների փոխանակում։ Համագործակցության սույն եղանակը ենթադրում է հայագիտական մի կենտրոնից մասնագետների կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ գործուղումներ մեկ այլ կենտրոն՝ գիտահետազոտական, ինչպես նաև ուսումնական նպատակներով, և հակառակը։ Այս եղանակը նույնպես կարևոր նշանակություն ունի փորձի (գիտահետազոտական աշխատանքի, մանկավարժության, ուսուցման մեթոդիկայի և այլ առումներով) փոխանակման միջոցով փոխհարստացման տեսանկյունից։ Մասնագետների փոխանակումը կարևոր նշանակություն ունի նաև ինչպես հայագիտական կենտրոնների գործունեությանը նոր լիցք հաղորդելու, այնպես էլ առանձին մասնագետների մասնագիտական աճի տեսանկյունից։ Հայտնվելով գիտահետազոտական և ուսումնական աշխատանքի նոր միջավայրում, շփվելով նոր կադրերի հետ, ինչպես նաև հասու լինելով մինչ այդ իրենց համար անհասանելի գիտահետազոտական նյութերին (արտերկրի կամ Հայաստանի հայագիտական կենտրոններում պահվող ձեռագրեր, հնատիպ գրքեր և այլ հրատարակություններ, արխիվային փաստաթղթեր, թանգարանային նմուշներ և այլն), մասնագիտական գրականությանը և այլն՝ գործուղված մասնագետները կբարձրացնեն իրենց մասնագիտական պատրաստվածության աստիճանը, կհարստացնեն գիտելիքները, կտիրապետեն գիտահետազոտական և ուսումնական աշխատանքի նոր մեթոդների։ Դա էլ իր հերթին կնպաստի նրանց կենտրոնների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, քանի որ, վերադառնալով իրենց կենտրոններ, գործուղված մասնագետները կկիրառեն ձեռք բերած գիտելիքներն ու փորձն իրենց կենտրոններում՝ տարածելով դրանք նաև իրենց գործընկերների շրջանում։
8. Համատեղ հրատարակությունների հիմնում։ Հայաստանյան և արտերկրի հայագիտական կենտրոններն իրենց համագործակցությունն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու նպատակով կարող են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմատիկայի վերաբերյալ (ինչպիսիք են, օրինակ, ցեղասպանագիտությունը, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման, հատուցման, հետևանքների վերացման հարցը, արդի Հայկական Սփյուռքը և այլն) հիմնել հրատարակություններ՝ ամսագրեր, տարեգրքեր, համացանցային կայքեր և այլն։
Համագործակցության այս միջոցների կիրառումն ունի փոխշահավետ նշանակություն, քանզի նպաստում է կողմերի հարստացմանը՝ փորձով, գիտելիքներով, նոր մեթոդներով և այլն։ Հետևաբար, համակարգված փոխգործակցությունն անհրաժեշտություն է ոչ միայն արտերկրի, այլև հայաստանյան հայագիտական կենտրոնների համար։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, վերոհիշյալ և այլ7 եղանակներով համագործակցությունը կարող է բարձրացնել Հայաստանի և արտերկրի հայագիտական կենտրոնների միջև փոխադարձ ճանաչողության մակարդակը, նպաստել նրանց գործունեության արդյունավետության բարձրացմանը, միմյանց խնդիրների համատեղ լուծմանը, համազգային խնդիրների լուծման գործում նրանց ջանքերի համադրմանը և այլն։
Նշենք նաև, որ համագործակցության վերոնշյալ եղանակներն առկա են Հայաստանի և արտերկրի հայագիտական կենտրոնների հարաբերություններում։ Ուշագրավ է, օրինակ, 2009թ. հոկտեմբերի 3-ին Բեյրութի Հայկազյան համալսարանի և ԵՊՀ-ի միջև ստորագրված համագործակցության պայմանագիրը, որում, մասնավորապես, ասվում է. «Երկու համալսարաններն, ընդունելով, որ ակադեմիական և գիտական հետազոտական նպատակների համար գործակցությունն անփոխարինելի ազդակ է երկուստեք զարգացման համար, հանձն են առնում ըստ կարիքի և հնարավորության պայմաններ ստեղծել իրենց աշխատակիցների, մասնագետների, ուսանողների և հրատարակությունների փոխանակության համար»8։ Խնդիրը ներկայումս այդ եղանակների համակարգումն է9, զարգացումը և խորացումը։
Արտերկրի հայագիտական կենտրոնների առջև ծառացած խնդիրների լուծման միջոցներից մեկն էլ նրանց գործունեության համակարգման արդյունավետ մեխանիզմների ստեղծումն է։ Այս խնդրի լուծումը կապված է հայաստանյան և արտերկրի հայագիտական կենտրոնների և անհատ հայագետների գործունեությունը համակարգող համաշխարհային կազմակերպական կառույցի ձևավորման հետ։
Համաշխարհային մասշտաբով հայագիտական կենտրոնների գործունեությունը համակարգող կառույցի մի տարբերակ ստեղծելու առաջարկություն արդեն հնչել է 2013թ. Հայագիտական միջազգային երկրորդ համաժողովի ընթացքում։ Խոսքը Համահայկական Հայագիտական խորհրդի՝ որպես համահայկական հայագիտության ղեկավար և համակարգող մարմնի, գաղափարի մասին է։ Խորհրդի գործունեության մեջ կարևորվում են հայագիտության միասնական և համակարգված քաղաքականության ու հայեցակարգի գիտական լրամշակումը, նրա գերակա ուղղությունների հստակեցումը, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում գործող հայագիտական հաստատությունների առավել արդյունավետ ծրագրերի մշակումը և դրանց համադրումը, էլեկտրոնային կայքի միջոցով ոլորտի միասնական տեղեկատվական միջավայրի ձևավորումը՝ հետազոտվող թեմաների և նյութերի առավելագույն հասանելիություն ապահովելու նպատակով, խմբագրական խորհրդի ստեղծումը՝ տարվա հայագիտական լավագույն աշխատանքներն առանձնացնելու, խմբագրելու և դրանք հատուկ ալմանախում օտար լեզուներով, մասնավորապես անգլերենով հրատարակելու համար10։
1 Տե՛ս, օրինակ, Вопрос существования отдела арменоведения германского «Freie Universitat Berlin» никак не удается решить http://www.panarmenian.net/rus/details/44753/; Սարուխանյան Ս. և ուրիշներ, Հայությունն Իսրայելում. որոշ խնդիրներ, Երևան, 2009, էջ 100-101։
2 Տե՛ս Սարուխանյան Ս. և ուրիշներ, նշվ. աշխ., էջ 100-101։
3 Կալցոլարի Վ., Եվրոպական հայագիտութեան արդի վիճակը եւ խնդիրները, Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով, «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները», Լիագումար նիստի զեկուցումներ, Երևան, 2013, էջ 40։
4 Նույն տեղում, էջ 36, 42-43։
5 Տե՛ս Մոսկվայում ստեղծվում է «Ռուսաստանի հայագետների ընկերությունը», http://hayernaysor.am/մոսկվայում-ստեղծվում-է-ռուսաստանի-հ/
6 Հակոբյան Հ., Հայրենիք-Սփյուռք հարաբերությունները և հայագիտության հիմնախնդիրները, Հայագիտական միջազգային երկրորդ համաժողով, «Հայագիտությունը և արդի ժամանակաշրջանի մարտահրավերները», Լիագումար նիստի զեկուցումներ, Երևան, 2013, էջ 84։
7 Թվարկված եղանակները չեն սպառում Հայաստանի և արտերկրի հայագիտական կենտրոնների միջև համագործակցության ողջ հնարավորությունը և, հետևաբար, չեն բացառում համագործակցության այլ ձևեր։
8 «Հայաստանյայց Ավետարանական եկեղեցի», Երևան, 2009, թիվ 4, էջ 18։
9 Տարերայնություններից և զուտ պահի թելադրանքով պայմանավորված քայլերից խուսափելու նպատակով։
10Հակոբյան Հ., նշվ. աշխ., էջ 90։
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԿՐԻՏԻԿԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՄՈՏԵՑՈՒՄՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[24.09.2018]
- ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԹՅՈՒՐՔԱԼԵԶՈՒ ԵՐԿՐՆԵՐԻ ՍՓՅՈՒՌՔԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ[25.04.2018]
- ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՄԵԴԻԱ-ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ [22.02.2018]
- ՍՓՅՈՒՌՔԻ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԵՐԸ. ՈՐՈՇ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐ[27.07.2017]
- ԳԻՏԱԿԱՆ ՍՓՅՈՒՌՔ-ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԻ ՇՈՒՐՋ[15.03.2017]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԻ ԱՎԱԳ ՓՈՐՁԱԳԵՏ ՎԱՀՐԱՄ ՀՈՎՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԻՄՆԱՔԱՐ» ԾՐԱԳՐԻՆ[06.07.2016]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՓՈՐՁԱԳԵՏ, ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԳԻՏԱՇԽԱՏՈՂ ՋՈՆԻ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ «ԱՐԱՐԱՏ» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՀԻՄՆԱՔԱՐ» ԾՐԱԳՐԻՆ[11.03.2016]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐԱՐԱՏ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՕՐԱԿԱՐԳ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[15.12.2015]
- ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ[17.06.2015]
- «ՆՈՐԱՎԱՆՔ» ԳԿՀ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐԵՍՏԱԿԵՍ ՍԻՄԱՎՈՐՅԱՆԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ ԱՐԱՐԱՏ ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ «ՕՐԱԿԱՐԳ» ՀԱՂՈՐԴԱՇԱՐԻՆ[22.04.2015]
- ԵՎՐՈՊԱՅԻ ՀԱՅԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԸ[12.02.2015]