• am
  • ru
  • en
Версия для печати
13.11.2014

ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ 2014Թ. ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ԶԵԿՈՒՅՑԸ

   

ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամ
(US National Science Foundation)

Կարեն Վերանյան
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ

Երկու խոսք ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամի մասին

Այս վարկանիշային ուսումնասիրությունն իրականացվել է ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամի կողմից, որը ԱՄՆ կառավարությանն առընթեր գործող անկախ գործակալություն է։ Հիմնադրամն իր գործունեությունը ծավալում է գլխավորապես գիտության և տեխնոլոգիաների զարգացման ոլորտում՝ հատկացնելով ժամանակավոր դրամաշնորհներ անհատ կամ խմբակային հետազոտողներին։ Հիմնադրամի բյուջեի զգալի հատվածը (ավելի քան 75%-ը) ծախսվում է գիտական հետազոտությունների աջակցման ուղղությամբ։ Ազգային հիմնադրամի անմիջական կառավարումն իրականացնում են հիմնադրամի գործադիր ղեկավարության անդամները՝ տնօրենի գլխավորությամբ, որոնք նշանակվում են ԱՄՆ նախագահի կողմից և հաստատվում տվյալ պաշտոնին ԱՄՆ Սենատի կողմից։ 2014թ. վիճակագրությամբ՝ հիմնադրամի տարեկան բյուջեն կազմել է $7,2 մլրդ։

Գիտահետազոտական ակտիվության 2014թ. վարկանիշային զեկույցը

Գիտահետազոտական վարկանիշային զեկույցի (Scientific and Technical Activity) մեթոդաբանությունը հիմնվում է գիտական գրախոսված հրատարակչություններում հրապարակված և գիտական հղումների ինդեքսի համակարգում (Science Citation Index (SCI) և Social Sciences Citation Index (SSCI) ընդգրկված գիտահետազոտական հոդվածների վարկանիշավորման քանակական հաշվարկի վրա։ Հիմնադրամի վարկանիշային զեկույցի պատրաստման տեղեկատվությունը վերցվում է Thomson Reuters ընկերության, ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամի և միջազգային գիտական կազմակերպությունների գիտական վիճակագրության տվյալների շտեմարանից։ Աշխարհի տարբեր երկրների գիտահետազոտական ակտիվության վարկանիշավորման արդյունքները հրատարակվում են ԱՄՆ Ազգային գիտական հիմնադրամի հատուկ հաշվետվության տեսքով՝ Science and Engineering Indicators խորագրով։ 2014թ. հրատարակված վարկանիշային զեկույցի տեղեկատվությունը հիմնվում է 2011թ. վիճակագրության վրա։

Ստորև ներկայացված աղյուսակում բերվում են տվյալներ Հայաստանի ու հարակից երկրների, ինչպես նաև մեզ հետաքրքրող երկրների վարկանիշային ցուցանիշների վերաբերյալ։ Ինչպես պատկերված է աղյուսակում, գիտահետազոտական ակտիվության վարկանիշավորման ցուցանիշով աշխարհում լավագույն արդյունքը, ըստ հիմնադրամի զեկույցի տվյալների, պատկանում է Միացյալ Նահանգներին՝ 212 394,2։ Վերջինին հաջորդում են Չինաստանն ու Ճապոնիան՝ համապատասխանաբար 89 894,4 և 47 105,7 ցուցանիշներով։

ԱՊՀ երկրների ցանկում բարձր ցուցանիշներ են արձանագրել ՌԴ-ն, Ուկրաինան և Բելառուսը, որոնց հաջորդում է Հայաստանը։ Ի դեպ, վերը նշված երկրների հետ Հայաստանի վարկանիշավորման համեմատականում անհրաժեշտ է հաշվի առնել նախ՝ Հայաստանի և ապա՝ այդ երկրների բնակչության թվաքանակների միջև եղած տարբերության հանգամանքը (խոսքը հատկապես վերաբերում է ՌԴ-ին և Ուկրաինային, որոնց բնակչությունն անհամեմատ գերազանցում է Հայաստանի բնակչության թվաքանակին)։ Ասել է թե՝ այլոց նկատմամբ տվյալ երկրի բնակչության քանակական առավելությունն ուղղակիորեն փոխպայմանավորված է այդ պետության գիտահետազոտական պոտենցիալի քանակական (սակայն ոչ միշտ՝ որակական) բաղադրիչով։ Ուստի, եթե հիմնադրամի պատրաստած զեկույցի վարկանիշավորման մեթոդաբանությունում, որը հիմնվում է գլխավորապես վարկանիշավորման քանակական գործոնի վրա, առաջնորդվեին՝ ելնելով նախևառաջ առանձնացված երկրների բնակչության թվաքանակների քանակական տարբերությունների հաշվարկից, տվյալ պարագայում Հայաստանի դեպքում, թերևս, կունենայինք անհամեմատ ավելի բարձր վարկանիշային արդյունք։

Ինչևէ, Հարավային Կովկասի երկրներից լավագույն արդյունքը Հայաստանինն է, որը 184,6 ցուցանիշով զբաղեցրել է 75-րդ դիրքը։ Հայաստանին հաջորդում է Ադրբեջանը՝ 80-րդ դիրք (148,7 ցուցանիշով)։ Վրաստանն արձանագրել է Հարավային Կովկասի ցածրագույն արդյունքը (117,6) և զբաղեցրել 86-րդ հորիզոնականը։

Հայաստանի հարևան երկրներից բավական բարձր են եղել Թուրքիայի ու Իրանի ցուցանիշները, որոնք զեկույցում ներառված 195 երկրների շարքում համապատասխանաբար զբաղեցրել են 19 և 20-րդ դիրքերը։

Առկա վարկանիշային տեղեկատվությունն առավել մատչելի ներկայացված է նաև գրաֆիկական պատկերների տեսքով (Գրաֆիկ 1 և Գրաֆիկ 2)։ Գրաֆիկ 1-ում տրված տեղեկատվությունը վերաբերում է Հարավային Կովկասի երկրների վարկանիշային համեմատականին, իսկ Գրաֆիկ 2-ում ներկայացված է ԱՊՀ անդամ երկրներին վերաբերող համապատասխան վիճակագրությունը։ Նկատենք նաև, որ գրաֆիկական պատկերներում երկրների վարկանիշային համեմատությունն իրականացվել է ըստ զեկույցում տվյալ երկրի զբաղեցրած դիրքային միավորի հաշվարկի։


Գրաֆիկ 1
Գիտահետազոտական ակտիվությամբ երկրների վարկանիշավորումը 2014թ., Հարավային Կովկաս (ըստ երկրի դիրքի հաշվարկի, որտեղ որքան ցածր է երկրի դիրքը, այնքան բարձր է նրա վարկանիշը)


Գրաֆիկ 2

Գիտահետազոտական ակտիվությամբ երկրների վարկանիշավորումը 2014թ., ԱՊՀ (ըստ երկրի դիրքի հաշվարկի, որտեղ որքան ցածր է երկրի դիրքը, այնքան բարձր է նրա վարկանիշը) 


«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 10, 2014


դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր