• am
  • ru
  • en
Версия для печати
03.11.2014

ՀԱՅԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԻՐԱՆՈՒՄ

EnglishРуский

   

Վահրամ Հովյան
«Նորավանք» ԳԿՀ Հայագիտական կենտրոնի փորձագետ

Իրանում ներկայումս գործում են երեք հայագիտական կենտրոններ, որոնցից երկուսը՝ Թեհրանում և մեկը՝ Սպահանում։ Երեք հայագիտական կենտրոններն էլ համալսարանական ամբիոններ են։ Թեհրանում գործող երկու հայագիտական կենտրոններից մեկը Թեհրանի պետական համալսարանի Հայագիտության ամբիոնն է, մյուսը՝ Թեհրանի Իսլամական ազատ համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնը։ Երրորդ հայագիտական կենտրոնը Սպահանի համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնն է։

Այսպիսով, Իրանում հայագիտությունը զարգանում է ակադեմիական շրջանակներում՝ համալսարաններում։

Այս համալսարանական ամբիոններից ամենահինը Սպահանի համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնն է, որ հիմնադրվել է 1960թ.։ Թեհրանի Իսլամական ազատ համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնը հիմնվել է 1995թ., իսկ Թեհրանի պետական համալսարանի Հայագիտության ամբիոնը՝ 2011թ.։ Սպահանի համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնը, լինելով ավելի հին և անցած լինելով ավելի երկար ճանապարհ, իր կայացածության մակարդակով գերազանցում է մյուս երկու հայագիտական ամբիոններին։

Հայագիտության զարգացման նախադրյալները

Ժամանակակից Իրանում հայագիտության զարգացման հիմքում ընկած են հայագիտության նկատմամբ հետաքրքրությունը, հայ-իրանական գիտական և մշակութային կապերի սերտացման ձգտումը, արտերկրում հայագիտական կենտրոններ բացելու Հայաստանի և Սփյուռքի ջանքերը, Իրանում հայկական հարուստ գրական և մշակութային ժառանգության առկայությունը։

Հայագիտության նկատմամբ հետաքրքրությունն Իրանում պայմանավորված է նրա կարևոր դերով գիտության զարգացման գործում, ինչի հիմքում ընկած են հայ-իրանական դարավոր կապերը քաղաքականության, մշակույթի, տնտեսության, գիտության և այլ ոլորտներում։ Հետևաբար, հայագիտության ոլորտում արձանագրված գիտական նվաճումներն էական արժեք են ներկայացնում իրանագիտական հետազոտությունների և բացահայտումների տեսանկյունից։

Օրինակ՝ հայոց լեզվի, մասնավորապես՝ գրաբարի ուսումնասիրությունը մեծ նշանակություն ունի Իրանում հին հայերենի և հին իրաներենի լեզվական կապերը բացահայտելու և համեմատական լեզվաբանության դիրքերից այդ երկու լեզուներն ուսումնասիրելու տեսակետից։ Բացի այդ, միջնադարյան հայկական աղբյուրներն անգնահատելի նյութ են պարունակում ինչպես հայ-իրանական հարաբերությունների, այնպես էլ Իրանի պատմության, մշակույթի, աշխարհագրության և այլնի մասին։ Իրանական պատմագրության համար որպես սկզբնաղբյուր չի կարող արժեքավոր չլինել 5-րդ դարում (հայ գրականության և մշակույթի ոսկեդար) ստեղծված Մ.Խորենացու, Եղիշեի, Ղազար Փարպեցու, Փավստոս Բուզանդի և մյուսների թողած գրական ժառանգությունը։ Իրանական պատմագրության համար կարևոր արժեք են ներկայացնում ոչ միայն 5-րդ, այլև հետագա դարերի հայկական աղբյուրները՝ ընդհուպ մինչև Առաքել Դավրիժեցի (17-րդ դար)։ Կրոնագիտության առումով՝ Եզնիկ Կողբացու «Եղծ աղանդոց» երկը «Պարսկաստանում և հարակից երկրներում տարածված զրվանական ուսմունքի ուսումնասիրության հիմնական աղբյուրներից է»1։ Ինչ վերաբերում է միջնադարյան Իրանի աշխարհագրությանը, ապա այդ առումով անգնահատելի նշանակություն ունի Անանիա Շիրակացու (7-րդ դար) «Աշխարհացույցը»։ Սույն հանգամանքներն են իրանագիտության զարգացման տեսակետից կարևորություն հաղորդում հայոց լեզվի (գրաբարից մինչև աշխարհաբար), հայոց պատմության, հայ մշակույթի և այլնի հետազոտություններին։ Ընդհանուր առմամբ պատմության ընթացքում այնքան սերտ են եղել հայ-իրանական հարաբերությունները, որ առանց հայագիտության՝ իրանագիտության զարգացումը թերի կլիներ2։

Իրանում հայագիտության հանդեպ հետաքրքրության մասին է վկայում նաև բուհերի ղեկավարության բարյացակամ քաղաքականությունը հայագիտական ամբիոնների նկատմամբ։ Օրինակ, երբ ուսուցման վճարովի համակարգի անցնելու հետևանքով Սպահանի համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնը հայտնվել էր ֆինանսական ճգնաժամի մեջ և կանգնել փակման սպառնալիքի առաջ՝ կապված ուսանողների թվաքանակի խիստ պակասի հետ, բուհի ղեկավարությունը ստանձնեց ամբիոնի ֆինանսական ծախսերը հոգալու գործը՝ հրաժարվելով ուսուցման վճարովի համակարգից3։

Նշենք, որ հայագիտական ամբիոններում ուսանողների մեծ մասը կազմում են պարսիկ երիտասարդները։

Իրանում Հայագիտական կենտրոնները մեծ նպաստ են բերում հայ-իրանական մշակութային և գիտական կապերի ամրապնդմանը և խորացմանը։ Օրինակ՝ հայկական գրական ժառանգության թարգմանությունները պարսկերեն և հակառակը, չի կարող չնպաստել հայ-իրանական գրական կապերի խորացմանը։

Հայաստանը և Սփյուռքը նույնպես նախանձախնդիր են Իրանում հայագիտության զարգացման գործում։ Հայաստանի պարագայում այս հարցում դեր են խաղում ինչպես գործադրված դիվանագիտական ջանքերը, այնպես էլ հայաստանյան բուհերի արտաքին կապերը։ Թեհրանի պետական համալսարանում Հայագիտության ամբիոնի բացումը, օրինակ, իրականացվել է Իրանում ՀՀ դեսպանության և ԵՊՀ նախաձեռնությամբ4։ Իսկ Թեհրանի Իսլամական ազատ համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնը հիմնվել է «Երևանի «Հրաչյա Աճառյան» համալսարանի հետ ստորագրված փոխադարձ համաձայնությամբ, Թեհրանում՝ հայերեն, Երևանում՝ պարսկերեն լեզվի եւ գրականության ամբիոն հիմնելու նպատակով»5:

Սպահանի համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնը հիմնադրվել է իրանահայ համայնքի ջանքերով։ Ամբիոնին աջակցել են հայկական առաջնորդարանը, միությունները, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնադրամը, որը 1970թ. $25 հազար է հատկացրել նրան՝ մասնավոր շենք կառուցելու համար6։ Հիմնադրամը 1960-ական թվականներին $5000 է հատկացրել Սպահանի համալսարանում հայագիտական գրադարան հիմնելու համար7։

Եվ վերջապես, Իրանում հայագիտության զարգացման նախադրյալ է հայկական մշակութային և գրական հարուստ ժառանգության առկայությունն այդ երկրում։ Այն լուրջ նյութ է հայագիտական հետազոտությունների համար և ինչ-որ տեղ հիմք է հանդիսանում հայագիտական կենտրոնների ստեղծման ու պահպանության համար։ Օրինակ՝ Սպահանի համալսարանի հայագիտական կենտրոնը զբաղվում է տեղի հայկական եկեղեցիներում պահվող ձեռագրերի և մյուս հոգևոր արժեքների ուսումնասիրությամբ։

Հայագիտական կենտրոնների գործունեության ուղղությունները

Իրանի հայագիտական կենտրոնների գործունեության մեջ կարելի է առանձնացնել չորս հիմնական ուղղություն՝ գիտահետազոտական, կրթական, գիտաժողովների և այլ գիտական հավաքների կազմակերպման և հրատարակչական։

Գիտահետազոտական աշխատանքների արդյունքներն ամփոփվում են մենագրությունների, հոդվածների, զեկույցների և այլնի մեջ։ Վերջին շրջանում հրատարակված մենագրություններից է Սպահանի համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Մոհամմադ Մալեք Մոհամմադիի հեղինակած «Հայոց լեզվի քերականություն (պարսկերեն բացատրություններով)» աշխատությունը8։

Վերջին շրջանում հայագիտական գիտաժողովներին կարդացված զեկուցումներից են, օրինակ, նույն Մոհամմադ Մալեք Մոհամմադիի «Ս. Ղուրանը և քրիստոնյաները», «Եզնիկ Կողբացու փիլիսոփայական հայացքները և հին իրանցիների զրվանապաշտության հարցի ուսումնասիրությունը», «Հինգերորդ դարի հայերեն սկզբնաղբյուրների ուսումնասիրությունը իրանագիտության բնագավառում», Թեհրանի Իսլամական ազատ համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Անդրանիկ Սիմոնյանի «Իրանը քսաներորդ դարի հայ բանաստեղծության մեջ» և այլ զեկույցները։

Ինչ վերաբերում է հայագիտական հոդվածներին, ապա վերջին շրջանում հրատարակված այդպիսի հոդվածներից է Մուհամմադ Մալեք Մոհամմադիի և Մեհտի Ջաֆարզադեի համահեղինակած «Անունների հոլովումը ավեստայի և գրաբարի մեջ» անգլերեն աշխատությունը9։

Հայագիտական կենտրոնները, բնականաբար, զբաղվում են նաև կրթական գործունեությամբ։

Գիտաժողովների կազմակերպման առումով բավական ակտիվ է Սպահանի համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնը։ Օրինակ՝ 2006թ. ամբիոնի կողմից կազմակերպվել է «Գրական-մշակութային կամուրջ Հայաստանի և Իրանի միջև» խորագրով գիտաժողովը։ 2008թ. նոյեմբերի 10-11-ը՝ Հայագիտական և իրանագիտական առաջին միջազգային գիտաժողովը10։

Ինչ վերաբերում է հրատարակչական գործունեությանը, ապա, օրինակ, Սպահանի համալսարանի Հայագիտական ամբիոնը ժողովածուների տեսքով հրատարակել է իր կողմից կազմակերպված հայագիտական գիտաժողովների նյութերը11։

Հայագիտական կենտրոնների թեմատիկ հետաքրքրությունները

Հայագիտական կենտրոնների թեմատիկ ուղղություններն ավանդաբար եղել են հայ բանասիրությունը (լեզվաբանություն, գրականագիտություն) և հայոց պատմությունը։

Թեհրանի Իսլամական ազատ համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի դասացանկը, օրինակ, բաղկացած է հիմնականում բանասիրության և պատմության բնագավառների առարկաներից։ Բանասիրության ոլորտում դասավանդվում են գրաբար, քերականություն, ուղղագրություն, հայոց լեզվի պատմություն, բանահյուսություն, գրականության տեսություն, միջազգային գրականություն, հայերեն դասական և արդի գրականություն և այլն։ Պատմության ոլորտում դասավանդվում են հայ ժողովրդի պատմություն, Իրանի հայ համայնքի պատմություն և Իրանի մշակույթի պատմություն12։

Սպահանի համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի թեմատիկ հետաքրքրությունները սկզբնական շրջանում նույնպես սահմանափակվում էին հիմնականում բանասիրությամբ և պատմությամբ։ Դասավանդվում էին հայոց լեզու, գրաբար, գրականության պատմություն, թարգմանություն, պատմություն և այլն13։ Վերջին շրջանում, սակայն, կապված Իրանում հայագիտության զարգացման հետ, ընդլայնվել են նաև հայագիտական կենտրոնների թեմատիկ հետաքրքրությունների ոլորտները։ Սպահանի համալսարանի Հայոց լեզվի և գրականության ամբիոնի հետաքրքրությունների շրջանակներում ավանդական բանասիրությանն ու պատմությանն ավելացել են այնպիսի ուղղություններ, որոնք առնչվում են Հայաստանի քաղաքական, հասարակական և մշակութային կյանքին, Հայաստանի աշխարհագրությանը, հայ-իրանական քաղաքական, մշակութային և քաղաքակրթական հարաբերություններին14։

1 Զաքարյան Ս., Հայ փիլիսոփայության պատմության համառոտ ակնարկ, Եր., Երևանի համալս. հրատ., 2004, էջ 10։

2 Իրանում հայագիտության դերի մասին մանրամասն տե՛ս Հախնազարյան Հ., Հայագիտությունը Թեհրանի և Իսպահանի պետական համալսարաններում, «Պատմա-բանասիրական հանդես», 1969, թիվ 3, էջ 261-262։

3 Մոհամմադ Մալեք Մոհամմադի, Հայագիտության զարգացման հեռանկարները արդի Իրանում, «Պատմա-բանասիրական հանդես», 2009, թիվ 2-3, էջ 306։

4 В университете Тегерана откроется кафедра арменоведения, http://www.yerkramas.org/2011/10/19/v-universitete-tegerana-otkroetsya-kafedra-armenovedeniya/

5«Հայոց լեզվի եւ գրականության ամբիոնը ազգային կապիտալ է». դոկտ. Անդրանիկ Սիմոնյան http://hayernaysor.am/հայոց-լեզվի-եւ-գրականության-ամբիոնը/

6 Մոհամմադ Մալեք Մոհամմադի, նշվ. աշխ., էջ 306։

7 Հախնազարյան Հ., նշվ. աշխ., էջ 264։

8 Մոհամմադ Մալեք Մոհամմադի, Հայոց լեզվի քերականություն (պարսկերեն բացատրություններով), Թեհրան, ՍԱՄԹ հրատարակչություն, 2009։

9 Mohammad Malek Mohammadi, Mehdi Jafarzade, A Contrastive Study of the Noun Declension in Avestan and Ancient Armenian Languages, «Հայկազեան հայագիտական հանդէս», 2010, էջ 43-52։

10 Մոհամմադ Մալեք Մոհամմադի, նշվ. աշխ., էջ 307։

11 «Գրական-մշակութային կամուրջ Հայաստանի և Իրանի միջև» երկրորդ գիտաժողովի ներկայացված հոդվածների ամփոփումների ժողովածու, գլխավոր խմբագիր՝ Մ. Մալեք Մոհամմադի, ԻԻՀ Սպահանի համալսարան, 2006։ Հայագիտական և իրանագիտական առաջին միջազգային գիտաժողովի հոդվածների ժողովածու, գլխ. խմբ. Մ. Մալեք Մոհամմադի, ԻԻՀ Սպահանի համալսարան, 2008։

12 Մանրամասն տե՛ս «Հայոց լեզվի եւ գրականության ամբիոնը ազգային կապիտալ է». դոկտ. Անդրանիկ Սիմոնյան, http://hayernaysor.am/հայոց-լեզվի-եւ-գրականության-ամբիոնը/

13 Մոհամմադ Մալեք Մոհամմադի, նշվ. աշխ., էջ 306։

14 Նույն տեղում, էջ 311-312։

«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 10, 2014

դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր