RAND ԿՈՐՊՈՐԱՑԻԱՆ ՊԱՏՐԱՍՏԵԼ Է ԱՐԵՎԵԼՅԱՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀՆԱԶԱՆԴԵՑՄԱՆ ՊԼԱՆ

Before It’s News ինտերնետ պարբերականը հրապարակել է մի փաստաթուղթ՝ «Գաղտնի» մակագրությամբ։ Ասվում է, որ այն մշակվել է ամերիկյան RAND Corporation ռազմավարական հետազոտությունների կենտրոնի մասնագետների կողմից և պարունակում է մի սցենար, որով պետք է գործի Ուկրաինայի իշխանությունը երկրի նախագահ Պ.Պորոշենկոյի «խաղաղ պլանի» ձախողման պարագայում։
Այն ներառում է Ուկրաինայի արևելքում պատժիչ ուժերի գործողությունների երեք փուլ։ Պլանը նախատեսում է գերի վերցված աշխարհազորայինների և նրանց հարող խաղաղ բնակիչների գնդակահարություն, ֆիլտրացիոն ճամբարների ստեղծում, շրջանի բնակիչների գույքի առգրավում պատժիչ գործողությունների անցկացման ժամանակ առավել աչքի ընկած զինվորականներին խրախուսելու համար։
Առաջին փուլի ընթացքում մտցվում է ռազմական դրություն։ Կիևին անհնազանդ շրջանները պետք է արգելափակվեն մարդկանց և ցանկացած բեռների ելումուտի համար։ Բացի այդ, այնտեղ դադարեցվելու է հեռուստառադիոհեռարձակումը, անջատվելու են ինտերնետը, բջջային և ստացիոնար հեռախոսակապը։ Ժամը 20-ից մինչև 6-ը մտցվելու է նաև պարետային ժամ։ Օտարերկրյա լրատվամիջոցների համար մտցվելու է տարածաշրջանում գտնվելու հատուկ կարգ։
Փաստաթղթում ասվում է, որ գործողության շրջանակներում կվերացվի ածխարդյունաբերության զգալի մասը։ Սակայն դա դրական արդյունք կտա. փաստաթղթի հեղինակների կարծիքով՝ դրան միջոցներ հատկացնելը զգալի ծանրաբեռնվածություն է ստեղծում Ուկրաինայի բյուջեի վրա, իսկ Դոնբասի արդյունաբերականն ձեռնարկությունների փակումը թույլ կտա էապես նվազեցնել գազի սպառման ծավալները և, համապատասխանաբար, կախումը Ռուսաստանից։ Նշվում է նաև, որ գործողության շրջանակներում «էապես կթուլանան Ռ.Ախմետովի խմբի տնտեսական և քաղաքական դիրքերը»։ Փաստաթղթի հեղինակները հայտարարում են, որ տնտեսական և սոցիալական դժվարությունները բնակչությանը կարելի կլինի բացատրել ուժային գործողության ծախսերով, որից չհաջողվեց խուսափել «պայմանավորվել չցանկացող ահաբեկիչների» պատճառով։
Երկրորդ փուլը ենթադրում է տարածաշրջանների մաքրում։ Զորքերի օղակը սեղմվում է, հասցվում են ավիահարվածներ ռազմավարական օբյեկտներին և զորքերի կուտակումներին։ Հատկապես ընդգծվում է, որ չարժե բացառել զենքի արգելված տեսակների կիրառումը՝ անձնակազմի կորուստները նվազեցնելու համար։ Նշենք, որ ուկրաինացի ուժայինները կասկածվում են սպիտակ ֆոսֆորի պարունակությամբ արգելված այրվող ռումբեր կիրառելու մեջ։ Ինտերնետում կադրեր են հայտնվել, որոնք հաստատում են այդ ականների կիրառումը, բայց Կիևից ոչ մի մեկնաբանություն չի եղել։ Ուկրաինական օդուժը հարվածներ է հասցնում ենթակառուցվածքային օբյեկտներին, այդ թվում և հիվանդանոցներին ու դպրոցներին։ Գործողության «ակտիվ փուլի» վերսկսումից հետո կիևյան իշխանությունների գիտությամբ ամեն օր հուժկու հրետակոծության են ենթարկվում քաղաքները երկրի արևելքում, զոհերի թիվը խաղաղ բնակչության շրջանում մշտապես աճում է։
Այնուհետև ամերիկյան փաստաթղթում ներկայացվում է մի մանրամասն պլան, թե ինչպես պետք է ազատագրվեն բնակավայրերը։ Նախատեսվում է, որ սկզբում քաղաքներ է մտնելու զրահատեխնիկան, իսկ բոլոր զինված մարդկանց վրա կրակ է բացվելու։ Բոլոր տղամարդիկ էվակուացվելու են ֆիլտրացիոն ճամբարներ, դիմադրության դեպքում նրանց պետք է գնդակահարել։ Ընդգծվում է, որ ֆիլտրացիոն ճամբարների պահպանությունը պետք է հանձնարարել գաղափարապես առավել կայուն ստորաբաժանումներին։ Մարդիկ, որոնք կունենան մարտական գործողություններին մասնակցության նշաններ (այստեղ թվարկվում է, որ դրանք կարող են լինել կապտուկներ, գնդակի կամ բեկորային վիրավորվածություն, վառոդի հետքեր և այլն), պետք է դատի տրվեն անջատականության և ահաբեկչության համար։
Պլանի երրորդ կետը նախատեսում է տարածաշրջաններում «նորմալ» կյանքի վերականգնում։ Բացի կենցաղային պայմանների վերականգնումից, այստեղ պետք է ամրացվի սահմանը Ռուսաստանի հետ, անհրաժեշտ է անցագրային կետեր բացել։ Բոլոր փախստականները կստանան վերադառնալու հնարավորություն։ Բայց 18-60 տարեկան տղամարդիկ պետք է ստուգում անցնեն ֆիլտրացիոն ճամբարներում։ «Լուգանսկի և Դոնեցկի մարզերի դատապարտված և արտաքսված բնակիչների սեփականությունը կառգրավվի հօգուտ պետության՝ հետագայում հակաահաբեկչական գործողության ժամանակ աչքի ընկած մարտիկներին փոխանցելու համար»,- ասվում է փաստաթղթում։
Հատկապես ընդգծվում է, որ օտարերկրյա լրատվամիջոցների աշխատանքը ռազմական գործողության անցկացման շրջանում պետք է բացառվի, ինչպես նաև պետք է կազմակերպվի զանգվածային քարոզչություն, որը գովերգելու է գործողության մասնակիցների «հերոսությունը»։
Նշվում է, որ եթե ուժային գործողությունն ավարտվի մինչև 2014թ. սեպտեմբերի 1-ը, նպատակահարմար կլինի ռազմական դրությունը չեղյալ հայտարարել 2015թ. հունվարի 1-ից ոչ շուտ։
Зарубежное военное обозрение, N7, 2014թ.
«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 10, 2014
դեպի ետ