• am
  • ru
  • en
Версия для печати
11.09.2014

ԻՆՉՊԻՍԻ՞Ն ԿԱՐՈՂ Է ԼԻՆԵԼ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԸ: ԿԱՐՈ՞Ղ ԵՆ ԱՐԴՅՈՔ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ՈՒՆԵՆԱԼ ԽԱՂԱՂԱՐԱՐ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԴԵՐ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ

   

2014 թվականի հուլիսի 7-ին և 8-ին Եվրոպական Աշխարհաքաղաքական Ֆորումը` ի դեմս հաստատության տնօրեն Մարատ Տերտերովի և անդամներ Բեն Մաքֆերսոնի և և Ջորջ Վլադ Նիկուլեսկուի անցկացրեց փորձագիտական կլոր սեղան և հետկոնֆլիկտյան սցենար կառուցող աշխատաժողով` «Ինչպիսի՞ն կարող է լինել Հարավային Կովկասի տարածաշրջանը: Կարո՞ղ են արդյոք տնտեսական նախաձեռնություններն ունենալ խաղաղարար գործիքների դեր Լեռնային Ղարաբաղի համատեքստում»:

Միջոցառմանը հրավիրված էին ավելի քան 30 փորձագետներ Հայաստանից (Վահագն Ղազարյան, Ռիչարդ Կիրակոսյան, Արմեն Գրիգորյանին, Աննա Հեսս Սարգսյան, դեսպան Դավիթ Շահնազարյան), Ադրբեջանից (Իբրահիմ Ահմեդով, Վուսուալ Գասիմլի, Թոգուլ Մալիքով, Ասիմ Մոլազադեն, Ֆուադ Մուրադով, Ռովշան Ռզաև, Վուգար Սաիդով), Լեռնային Ղարաբաղից (ԼՂ) (Անդրանիկ Ասլանյան, Աշոտ Մարգարյան), ինչպես նաև միջազգային կազմակերպություններից և հաստատություններից (Քրիստիան Քլեութինքս, Նատալյա Միրիմանովա, Աննա Կատերինա Մյուլլեր, Ալեքսանդր Ռար, Օքթայ Թանրիսեվր, դեսպան Դուգլաս Թոունսենդ, Տիբոր Վարադի, Վենդեթ-Դիթեր ֆոն Գեմմինգեն):

Ներկայիս լարված իրավիճակում, երբ լայնորեն քննարկվում ու չի բացառվում կոնֆլիկտի վերաէսկալացիան, կլոր սեղանի մասնակիցներն ու կազմակերպիչները նպատակաուղված էին ուսումնասիրել ուղիներ, որոնք կարող են նպաստել քաղաքական և անվտանգության բանակցություններին, մեղմել առկա անապահով մթնոլորտը, ինչպես նաև հետազոտել համագործակցության հեռանկարները, որոնք կարող են ապահովել տնտեսապես ինտեգրացված Հարավային Կովկաս:

«Հետկոնֆլիկտյան տարածաշրջանային համագործակցություն Հարավային Կովկասում. Ռազմավարական ծրագիր` տարածաշրջանային զարգացման համար» նիստի շրջանակներում քննարկվեց կոնֆլիկտի բնույթը, այն լուծելու համար բաց թողնված հնարավորությունները, ինչպես նաև ընդգծվեց բանակցային գործընթացի լճացած իրավիճակը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից կազմած Մադրիդյան սկզբունքների չիրականացումը ներկայացվեց որպես բաց թողնված հնարավորություն: Նշվեց նաև, որ 2009 թվականի հայ-թուրքական արձանագրությունները ևս վատթարացրել են բանակցությունների` արդեն իսկ առկա բարդ գործընթացը: Բացի այդ, փորձագետնեը նկատեցին, որ երկրների միջև տնտեսական կապերի բացակայությունը նույնպես անբարենպաստ ազդեցություն ունի:

Հաշվի առնելով վերոնշյալը` փորձագետները փորձեցին գծել տարածաշրջանային զարգացման ռազմավարական ծրագրիր` դիտարկելով, թե արդյոք տնտեսական համագործակցությունը կարող է հանգեցնել հակամարտության կարգավորմանը: Մինչ ադրբեջանցի փորձագետները ավելի միակարծիք էին միմյանց հետ ու պահպանողական իրենց դիրքորոշումներում, իսկ հայկական կողմն ավելի բաց էր ու քննադատ և՛ ադրբեջանական և՛ հայկական կառավառության նկատմամբ, ընդհանուր եզրակացությունն այն էր, որ միայն տնտեսական շահը չի կարող լինել խաղաղության շարժառիթ, սակայն այն կարող է ճանապարհ հարթել ավելի ճկուն բանակցությունների համար` շեշտելով խաղաղություն ունենալու առավելությունները և տարածաշրջանային տնտեսական զարգացման ներուժը` թշնամական միջավայրի փոխարեն:

Այս եզրահանգման հիման վրա երկրորդ նիստը`«Բիզնեսի և ներդրումների նկատառումները. Հետկոնֆլիկտյան Ղարաբաղի վերաինտեգրումը Հարավային Կովկասի տարածաշրջանային տնտեսական դաշտ», հետազոտեց և հանգամանորեն ներկայացրեց հետկոնֆլիկտյան շրջանում բիզնեսի դերը` տարածաշրջանային տնտեսական զարգացման մեջ: Քննարկվեց, թե ինչ պայմաններում, եթե այդպիսիք կան, հայ և ադրբեջանցի գործարարները կկատարեն ներդրումներ տարածաշրջանում, արդյոք համատեղ առևտրային ծրագրերը շահավետ են ներդրողներին, արդյոք ներդրումային ծրագրերը կարող են ներառել նաև Հայաստանը, ինչ կարող է լինել Լեռնային Ղարաբաղի ընդհանուր բիզնես ներուժը կայուն քաղաքական մթնոլորտում:

Փորձագետները համակարծիք են, որ դժվար է ապաքաղաքականացնել բիզնեսը: Հետեւաբար, տնտեսական համագործակցության համար անհրաժեշտ է քաղաքական կամք, գործող ժողովրդավարական համակարգեր, ինչպես նաև իրավական հիմք: Բիզնեսի զարգացման գործընթացում նշվեց նաև արտաքին դերակատարների ազդեցության մասին: Միաժամանակ, փորձագետները ընդգծեցին, որ մինչ արտաքին դերակատարները կարող են նպաստել իրադրությանը, լուծումը պետք է լինի ներսից: Հետևաբար, վստահության կառուցման եւ հետեւողական քաղաքականության դերը որեւէ կերպ հնարավոր չէ անտեսել: Մի կողմից պետք է փոխվի հոգեբանությունը, մյուս կողմից, պետք է ուշագրավ քննարկման առնել ընդհանուր ռեսուրսները, տնտեսական շահերը, ինչպես նաև տարածաշրջանի անվտանգության խնդիրները: Սկզբի համար կարող են ստեղծվել ոչ ֆորմալ բիզնես միություններ:

Ներդրումները տնտեսության մեջ, այլ ոչ թե ռազմականի մեջ, կարող են խիստ բարելավել երկրների, ինչպես նաև տարածաշրջանի դիրքը: Այսպիսով, մինչդեռ միայն տնտեսական համագործակցությունը չի կարող լուծել խնդիրը, այն կարող է կոտրել սառույցը:

Համաժողովի երրորդ նիստը կոչվում էր «Հետկոնֆլիկտյան սցենարի կառուցում և խմբային սիմուլյացիա»: Նիստի շռջանակներում քննարկվեցին սցենարներ, որոնք կարող են առաջ գալ ապագայում: Ենթադրվում էր, որ 2019 թվականն է, և Ադրբեջանի և Հայաստանի միջեւ արդեն ստորագրված է խաղաղության պայմանագիր` հիմնված Մադրիդյան սկզբունքների վրա: Խաղաղության եւ տնտեսական համագործակցության համար նվազագույն պայմանները ապահովված են: Ստեղծված է երկու կողմերի փորձագետներից կազմված տնտեսական հանձնաժողով` ուսումնասիրելու տնտեսական համագործակցության առանցքային ոլորտները, հնարավորությունները, ժամանակացույցը, ֆինանսավորման մեթոդները և այլն:

Մինչ փորձագետներն ավելի սահմանափակ առաջարկություններով էին հանդես գալիս նախորդ երկու նիստերում, սիմուլյացիայի ժամանակ նրանք ավելի նորարար էին: Առաջարկությունների մեջ էին այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են վիզայի լիբերալիզացիան` որպես առաջին փուլ, որը, ի վերջո, կհանգեցնի բաց սահմանների, էներգետիկ նախագծեր, որնք կներառեն Հայաստանը, միջսահմանային համագործակցություն, վերաբնակեցման հիմնադրամների ստեղծում, համագործակցություն երկրների ոստիկանությունների միջև, տնտեսական հանցագործությունների դեմ պայքար, համագործակցություն ներդրումների, տրանսպորտի, առևտրի, գյուղատնտեսության, ինչպես նաև ջրային ռեսուրսների համատեղ շահարկման ոլորտներում:

Հարկ է նշել, որ կլոր սեղանն իսկապես ապահովեց կառուցողական երկխոսություն, որի շրջանակներում ուսումնասիրվեցին խաղաղություն ձևավորող միջոցներն ու գործիքները, քննարկվեցին համագործակցության այն ոլորտները, որոնք կարող են նպաստել տարածաշրջանի անվտանգությանն ու բարեկեցությանը:

Օֆելյա Սարգսյան

դեպի ետ