• am
  • ru
  • en
Версия для печати
14.07.2014

ԿԿԱՆԳՆԵՑՆԵ՞Ն ԱՐԴՅՈՔ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐԸ ՊՈՒՏԻՆԻՆ (Brookings Institution, ԱՄՆ)

EnglishРуский

   

Ռեսուրսային ռենտայի առավելությունների և թերությունների մասին

Քլիֆորդ Գեդի - Բրուքինգսի ինստիտուտի ավագ գիտաշխատող։
Բարի Իքես - Փենսիլվանիա նահանգի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր։

Ամփոփում.
Մեր մոտեցումը (պատժամիջոցներ և մեկուսացում) ոչ միայն չի հանգեցնի հարկավոր արդյունքին, այսինքն՝ չի կանգնեցնի Պուտինի գործողություններն Ուկրաինայում, այլև հակաարդյունավետ կլինի Ռուսաստանի էվոլյուցիայի տեսակետից։

Հոդվածը հրապարակվել է Բրուքինգսի ինստիտուտի կայքում, 2014թ. հունիսին։

Ճգնաժամն Ուկրաինայում չի դադարում, շարունակվում են նաև Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների քննարկումները։ Բայց արդյո՞ք աշխատում են այդ միջոցները։ Հարցը ոմանց անտեղի է թվում։ Իհարկե, աշխատում են։ Կապիտալը փախչում է Ռուսաստանից, ռուբլու փոխարժեքն ընկնում է։ Ռուսական ընկերությունները զրկվում են արտասահմանում վարկեր վերցնելու հնարավորությունից, երկրի ՀՆԱ-ն կրճատվում է։

Խնդիրն այն է, որ այս բոլոր փաստերը, անգամ եթե դրանք կարելի է կապել պատժամիջոցների հետ, միևնույն է՝ չեն վկայում դրանց գործունակության մասին։ Հարկավոր է հասկանալ տարբերությունն արդյունավետության և հետևանքների միջև։ Տնտեսական այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են առևտրի, արտասահմանյան ներդրումների, վարկային հոսքերի, տեխնոլոգիաների փոխանցման անկումը, ՀՆԱ, եկամուտների նվազումը և այլն, պատժամիջոցների հետևանքներն են։ Բայց այդ թվերը չեն ասում՝ կփոխի՞ արդյոք Ռուսաստանն իր վարքագիծը, այսինքն՝ որքա՞ն արդյունավետ կլինեն դրանք։

Այլ խոսքով՝ հետևանքները ցույց են տալիս, թե որքան ցավոտ են ընդունված միջոցները։ Արդյունավետությունը կախված է նրանից, թե որն է ցավի շեմը Ռուսաստանի համար։ Այս հարցին պատասխանելու համար հարկավոր է հասկանալ, նախ, ռուսական տնտեսության առանձնահատկությունները և տնտեսական դժվարությունների հաղթահարման նախկին փորձը, երկրորդ՝ այն վարքագծի մոտիվացիան, որը մենք ուզում ենք փոխել։

Վերջին ասպեկտն առանցքային նշանակություն ունի։ Հիմարություն կլինի ենթադրել, թե Մոսկվան պատժամիջոցներին այնպես կարձագանքի, ինչպես դա կանեինք մենք։ Մենք չենք կարող նրա վրա պարզապես պրոյեկտել մեր սեփական գերակայությունները (ի վերջո, եթե Ռուսաստանն ունենար գերակայությունների այնպիսի համակարգ, ինչպիսին մերն է, անեքսիայի չէր ենթարկի Ղրիմը)։ Այն մտքերը, թե Վլադիմիր Պուտինն ավելի շատ հոգ է տանում անձնական բարեկեցության, քան ազգային անվտանգության մասին, կամ՝ որ պատժամիջոցների հետևանքով կենսամակարդակի անկումն ինքնըստինքյան ռուսներին վարչակազմի դեմ է տրամադրում,այլ ոչ թե Արևմուտքի, ինչպես նաև պատժամիջոցների քաղաքականության հետ կապված շատ այլ պատկերացումներ, մեղմ ասած՝ սխալ են։

Անշուշտ, Ամերիկայի և Եվրոպայի գործողությունները թանկ կնստեն Ռուսաստանի վրա։ Եթե Պուտինի և Ռուսաստանի ղեկավարության գլխավոր նպատակը երկրի տնտեսական բարգավաճումը լիներ, ապա մի ինչ-որ պահի պատժամիջոցներից կրած կորուստներն անընդունելի կդառնային։ Իսկ եթե մոտիվացիան կապված է կենսականորեն կարևոր ազգային շահերի պաշտպանության հետ, ապա Ռուսաստանը, ինչպես և ցանկացած պետություն, կդիմի ներմուծումը փոխարինելուն և անգամ ավելի արմատական միջոցների՝ ինչ էլ որ լինի իրեն պաշտպանելու համար։

Աննկուն Ռուսաստանը

Պատժամիջոցներ մտցնելը նպատակ ունի դժվարացնել կյանքը և ստիպել փոխել վարքագիծը։ Սակայն հավանականությունը, թե նման մարտավարությունը կգործի Ռուսաստանի պարագայում, շատ քիչ է։

Պատմությունը սովորեցնում է, որ ռուսներն ընդունակ են անհավանական զրկանքներ կրելու։ Դրանցից գլուխ հանելն ու դժվարությունները հաղթահարելն ազգային պատմության և ինքնության մի մասն են։ Հարկ չկա հիշելու Լենինգրադի բլոկադայի դրամատիկական իրադարձությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ հասկանալու համար, որ ռուսները կարողանում են ողջ մնալ ծանրագույն իրավիճակներում։ Ոչ ավելի, քան երկու տասնամյակ առաջ, 1990-ական թթ., Ռուսաստանը բախվեց ամենաահավոր տնտեսական ցնցումներից մեկին, որոնք երբևէ բաժին էին ընկել որևէ այլ պետության խաղաղ ժամանակներում։ Ազգային եկամուտը և տնային տնտեսությունների վաստակը նվազեցին առնվազն 40%-ով։ Այս փորձն ապացուցում է, որ ռուսական ընտանիքները և ձեռնարկություններն ի վիճակի են հաղթահարել դժվարությունները՝ շնորհիվ փոխօգնության ոչ պաշտոնական մեխանիզմների։

Այս իրավիճակը կարող է կրկնվել։ Ռուսաստանի տնտեսությունն այսօր ավելի պարզունակ է, քան ընդունված է մտածել դրա մասին։ Այո, ի հայտ եկել են արդիականացման, «նոր տնտեսության» նշաններ։ Բայց դա խիստ խոցելի է։ Իսկ դեռևս ԽՍՀՄ-ից ժառանգություն ստացված հիմքը մնում է ամուր և կարող է դիմանալ ցնցումներին։ Շատ մտահանգումներ արվում են Ռուսաստանի ենթադրյալ տնտեսական թուլության վրա, ինչը հօգուտ ճնշման փաստարկ է ծառայում։ Բայց անարդյունավետությունը, իսկ դա, անշուշտ, ռուսական տնտեսությանը բնորոշ գծերից մեկն է, ամենևին խոցելիության հոմանիշը չէ։ Բնորոշ գծերը, որոնք պայմանավորում են անարդյունավետությունը և համաշխարհային մակարդակով մրցակցելու անկարողությունը, միաժամանակ ապահովում են նրա կայունությունը ճգնաժամերի և ցնցումների շրջանում։ Թող ներեն մեզ փոքր-ինչ նվաստացուցիչ այլաբանության համար, բայց Ռուսաստանի տնտեսությունը խավարասեր է հիշեցնում՝ պարզունակ ու անկատար շատ առումներով, բայց որն անհավանական կենսունակ է անգամ ամենաթշնամական պայմաններում։ Հնարավոր է՝ ավելի հարմար համեմատություն է Կալաշնիկովի ավտոմատը՝ ցածր տեխնոլոգիական և էժան, բայց որն անխափան է աշխատում։

Վերն ասվածը նկատի ունենալով՝ չենք ժխտի, որ պատժամիջոցները և դրանց հետ կապված դժվարությունները կարող են հանգեցնել որոշ տեղաշարժի ուկրաինական ուղղությամբ։ Բայց փոփոխությունները կվերաբերեն միայն մարտավարությանն ու ժամկետներին, այլ ոչ թե Վլադիմիր Պուտինի ընդհանուր ռազմավարական նպատակներին և դրանց հասնելու վճռականությանը։ Դրա համար պատժամիջոցները պետք է Ռուսաստանին վերադարձնեն 1990-ական թթ. իրավիճակին, երբ այն չափազանց թույլ էր և կախված էր Արևմուտքից՝ դիմակայելու համար սառը պատերազմից հետո ԱՄՆ և Եվրոպայի ստեղծած աշխարհակարգին։ Միանգամայն ակնհայտ է, որ այսօր դրսից որևէ գործողություն Ռուսաստանը չի դարձնի անկամ և հլու-հնազանդ մի պետություն։ Այս թեզը պարզաբանելու համար եկեք ուսումնասիրենք տնտեսական համակարգի հանգուցային ասպեկտները՝ ռեսուրսային ռենտայի հայեցակարգն ու դրա օգտագործումը։

Ռեսուրսային ռենտայի մեծությունը

Ցարական ժամանակներից Ռուսաստանի բարեկեցությունը միշտ կախված է եղել նրա բնական հարստություններից։ Այսօր դրանք նավթն ու գազն են։ Կա երկու գլխավոր հարց. ո՞րն է այսպես կոչված ռեսուրսային ռենտայի մեծությունը, և ո՞վ է վերահսկում դրա արտադրությունը, հավաքումն ու բաշխումը։ Ե՛վ առաջին, և՛ երկրորդ բնութագրիչով իրավիճակն էապես տարբերվում է 1990-ական թթ. տիրող իրավիճակից։ Ինչպես ցույց է տալիս գծապատկերը, 1990-ական թթ. վերջին ռեսուրսային ռենտան Ռուսաստանում անկում է ապրել 20 տարվա ընթացքում։ Այն կազմել է ոչ ամբողջական թվեր 1980թ. ցուցանիշների համեմատ։

Ռեսուրսային ռենտայի այսպիսի անկումը՝ Խորհրդային Միության սերտ ինտեգրված շուկայի փլուզմամբ համակցված, պայմանավորեց 1990-ական թթ. թուլությունը։ Այսօր ռենտային հոսքը զգալիորեն առատ է։ Այն 20-րդ դարավերջի մակարդակին իջեցնելու համար կպահանջվի նավթի համաշխարհային գների կտրուկ իջեցում, կամ Ռուսաստանի արտադրած և արտահանվող նավթի ու գազի էմբարգո, կամ թե՛ մեկը, թե՛ մյուսը (օրինակ, նման էֆեկտ կարող են առաջացնել համաշխարհային գնի անկումը՝ մեկ բարելը 10 դոլարից ցածր և երկարատև ժամանակով նավթի և գազի արտադրության կրճատումն ավելի քան 60%-ով)։

Բանը միայն ռեսուրսային ռենտան չէ, այլ նաև այն, թե ինչպես են վերահսկվում դրա հոսքերը։ 1990-ական թթ. տնտեսության համար հասանելի ռենտայի համեմատաբար ոչ մեծ ծավալը գրեթե չէր վերահսկվում կենտրոնական կառավարության կողմից։ Եկամուտները վերաբաշխվում էին քաոսային կերպով, ներքևից վերև գնացող համակարգով, որն էլ, պետք է խոստովանել, պայմանավորում էր բնակչության գոյատևումը։ Բայց այն չէր նպաստում տնտեսության կարևոր, ռազմավարական հատվածների զարգացմանը, որոնք ապահովում են պետության հզորությունը։ Այսօր ամեն բան այլ է։ Պուտինը ստեղծել է հումքի վաճառքից ստացվող ֆինանսական մուտքերի կառավարման կայուն կենտրոնացված համակարգ, որը թույլ է տալիս միջոցներն ուղղել դեպի տնտեսության այն ճյուղերը, որոնք նա առավել կարևորներն է համարում։ Նրա համար գերակա են պաշտպանական արդյունաբերությունը և անվտանգության ապարատը։ Ռուսաստանի շրջափակման պայմաններում վերահսկողությունը միայն ավելի կկոշտանա և, մասնավորապես, կտարածվի ռեսուրսային ռենտայի վերաբաշխման մեջ առաջատար դեր կատարող օլիգարխների վրա։

Գծապատկեր 1. Ռուսաստանում և ԽՍՀՄ-ում նավթից և գազից ստացվող ռեսուրսային ռենտան
(ԽՍՀՄ՝ 1970-1991թթ., Ռուսաստանի Դաշնություն՝ 1992-2013թթ.)


2010-ական թթ. կեսերի Ռուսաստանն արմատապես տարբերվում է 1990-ական թթ. Ռուսաստանից, որովհետև, գտնվելով իշխանության ղեկին, Պուտինը ռեսուրսային ռենտան օգտագործում է օտարերկրյա պետական և միջազգային կազմակերպությունների պարտքից երկիրն ազատելու համար։ Ինչպես ցույց են տալիս թվերը, այն ժամանակ Ռուսաստանի Դաշնության արտաքին պարտքն ավելի քան 10 անգամ գերազանցում էր արժութային պահուստների ծավալը։ Այսօր հակառակ պատկերն է նկատվում։

Գծապատկեր 2. Ռուսաստանի արտաքին պարտքը և արժութային պահուստները
(1993-2013թթ., միջինը նշված ժամանակաշրջանի համար)


Ռուսաստանն Իրան չէ

Ռուսաստանի՝ նավթից և գազից ստացվող ռեսուրսային ռենտան մինչև 1990-ական թթ. մակարդակը կրճատելու համար կպահանջվեն այնպիսի պատժամիջոցներ, որոնք երկիրը կզրկեն էներգառեսուրսներ արտահանողի կարգավիճակից։ Այլ խոսքով՝ Արևմուտքը ստիպված կլինի մտցնել և հսկել միջոցների այնպիսի փաթեթ, որն ընդունվել է Իրանի դեմ, ներառյալ նավթի և գազի արտահանման էմբարգոն։ Եկեք տեսնենք, թե որքանով է իրատեսական նման սցենարը։

Թեհրանի դեմ պատժամիջոցների մոդելը կիրառելի չէ Մոսկվայի պարագայում։ Նավթի և գազի ռուսական արտահանումը զգալիորեն գերազանցում է իրանական ցուցանիշները՝ մինչև կոշտ պատժամիջոցներ մտցնելը։ Իրանն այդ ժամանակ արտահանում էր օրական 2,5 մլն բարելից մի փոքր ավելի, իսկ Ռուսաստանից էներգառեսուրսների արտահանման զուտ ծավալը կազմում է ավելի քան 7 մլն բարել օրական։ Երբ փլուզվեց Խորհրդային Միությունը և նավթի արտադրությունն ունեցավ մինչև օրական 5 մլն բարելի անկում, ՕՊԵԿ երկրները մեծացրին նավթարդյունահանման ծավալները, որպեսզի փոխհատուցեն համաշխարհային շուկայի կորուստները։ Այսօր չկան արտադրահզորություններ, որոնք թույլ կտան մեղմել նման հարվածի հետևանքները։ Ինչպե՞ս կարող է համաշխարհային տնտեսությունը փոխարինել օրական 7,2 մլն բարելը։ Առաջարկն ու պահանջարկը հավասարակշռելու համար գներն էապես կբարձրանան, հնարավոր է՝ բարելը 80 դոլարով։ Այս հաշվարկները հաշվի չեն առնում ռուսական գազից հրաժարվելու հետևանքները։ Իհարկե, նման ցնցումն առաջ կբերի գլոբալ ռեցեսիա, այն կհանգեցնի նավթի պահանջարկի իջեցման, ինչն, իր հերթին, կթուլացնի ճնշումը գնի վրա։ Բայց հազիվ թե խելամիտ կլինի ասել, որ պատժամիջոցների կիրառմամբ պայմանավորված գների թռիչքի հարթեցման համար օգտակար է համաշխարհային տնտեսական ճգնաժամ հրահրելը։

Այլ խոսքով՝ պատժամիջոցների միակ տեսակը, որը կարող է բավական խոր հետևանքներ ունենալ՝ Ռուսաստանին ստիպելու համար հրաժարվել իր ռազմավարական նպատակներից, այն պատժամիջոցներն են, որոնց մենք երբեք չենք դիմի։

Ռուսաստանն առճակատումից հետո

Անկասկած, Արևմուտքի զինանոցում բավականաչափ գործողություններ կան, որոնք վնաս կհասցնեն ռուսական տնտեսությանը։ Մենք կարող ենք թուլացնել պետական ֆինանսական համակարգը և ռուսաստանցիներին ավելի աղքատ դարձնել։ Բայց դա չի ստիպի Պուտինին նահանջել։ Երկիրը կարող է դիմանալ այդ ամենին։ Ավելի թույլ և աղքատ դառնալով՝ այն նախկինի պես ֆինանսական անկախություն և գործողությունների ազատություն կունենա։

Ի՞նչ կպատահի Ռուսաստանի հետ երկարաժամկետ հեռանկարում։ Նախ՝ պատժամիջոցների ուղղակի ներգործությունը կարող է շատ ծանր լինել։ Տնտեսական աճի ցուցանիշները, հավանաբար, բացասական կլինեն։ Նշենք, սակայն, որ տնտեսական աճը դանդաղել էր դեռևս մինչև առճակատումը։ Պատժամիջոցները կառավարությանը լավ առիթ կտան և կդանդաղեցնեն բարեփոխումները։ Դա վատ է տնտեսության համար, բայց, հնարավոր է՝ լավ է Վլադիմիր Պուտինի համար քաղաքական առումով։

Այնուամենայնիվ, Ռուսաստանը կվերականգնվի առճակատումից հետո, ինչպես միշտ տեղի է ունեցել ճգնաժամերից հետո։ Որքան խորն է անկումը, այնքան ավելի արագ է տեղի ունենում վերականգնումը։ Թե եկամուտների ինչ մակարդակի կհասնի Ռուսաստանը մոտ ապագայում՝ այլ հարց է։ Կախված այն բանից, թե որքան երկար կտևի դիմակայությունը, ավելի կամ պակաս ժամանակ կպահանջվի ներկայիս բարեկեցությանը վերադառնալու համար։

Ռուսաստանը կարող է արագ վերադարձնել նաև օտարերկրյա ներդրողներին, որոնք վախեցել կամ ստիպված են եղել հեռանալ երկրից կոնֆլիկտի ժամանակ։ Իհարկե, գլխավոր մագնիսը ռեսուրսային սեկտորն է։ Ոչ վաղ անցյալի կամ ավելի հեռավոր ժամանակների պատմության օրինակները ցույց են տալիս, որ ռուսական բնական հարստությունները միշտ գայթակղելու են օտարերկրացիներին։ Անվանենք դա Lena Goldfields–ի էֆեկտ։ Բրիտանական այդ արդյունահանող ընկերությունը, որ 1917թ. հեղափոխությունից հետո ազգայնացրել էին բոլշևիկները, 1920-ական թթ. կեսին վաճառվել է ներդրողների այդ նույն խմբին։ Չնայած նախորդող տխուր փորձին՝ նրանք չկարողացան հրաժարվել ոսկու ռուսական արդյունահանման մոնոպոլիայից։ Մի քանի տարի անց ընկերությունը նորից ազգայնացվեց։

Բացության ամենափոքր նշաններն իսկ գրավում էին ներդրողներին անգամ բոլշևիկյան Ռուսաստանում։ Հոսքը կվերսկսվի նաև այսօր, որովհետև Ռուսաստանի պոտենցիալը վիթխարի է, իսկ այլընտրանքներն աշխարհում շատ քիչ են։ Նավթի շնորհիվ երկրին հարկավոր չեն թանկ արժեցող բարեփոխումներ կապիտալի ներգրավման համար։ Եվ նորից նավթի շնորհիվ Ռուսաստանում հարուստ սպառողներ կան։ Հենց որ պատժամիջոցները հանեն, «հետաձգված» սպառողական պահանջարկը՝ կապված հավանական ռեցեսիայի հետ, կսկսի աճել և կարագացնի վերականգնումը։ Դա կնպաստի մանրածախ վաճառքի և ներմուծման ավելացմանը։

Այնուամենայնիվ, մենք չենք կարող անտեսել մի շարք լուրջ խնդիրներ՝ կապված ապագայի հետ, որոնք վերհանեց ներկայիս ճգնաժամը։ Արևմուտքի հետ երկարատև առճակատման պարագայում, անգամ առանց ուղղակի բախման, արդի հասարակության ուղղությամբ կատարվող էվոլյուցիայի հեռանկարներն ավելի հեռավոր կդառնան։

Պուտինն ինքն է սկսել նահանջն արդիականացումից՝ 2012թ. քաղաքական պատերազմ սկսելով ռուսական «կրեատիվ դասի» դեմ և գործի դնելով «մոբիլիզացիոն տնտեսության» ծրագրերը, որոնց արդյունքում ռեսուրսներն ուղղվում են դեպի ամենաանարդյունավետ ոլորտները՝ պաշտպանական արդյունաբերությունն ու առանձին շրջաններն արևելքում։ Ճգնաժամն Ուկրաինայի շուրջ՝ և՛ Կրեմլի գործողությունները, և՛ Արևմուտքի արձագանքը դրանց, ստիպում են շարժվել քաղաքական և տնտեսական այն հետագծով, որն ընտրել է պետության ղեկավարը։ Այսպիսով՝ Պուտինը և Ռուսաստանն էլ ավելի են հեռանում արդիականացումից։

Ներմուծումը փոխարինելու միտումն ի հայտ է եկել մինչև ուկրաինական ճգնաժամը։ Արևմուտքի պատժամիջոցները լոկ կարագացնեն շարժն այդ ուղղությամբ։ Ավելին, պատժամիջոցները կարող են առաջ բերել կործանարար որակական փոփոխություն ներմուծումը փոխարինելու քաղաքականությունում։ Ավելի վաղ ներմուծման փոխարինումը սահմանափակվում էր «հին տնտեսության» հիմնական արտադրաճյուղերով։ Այսպես կոչված նոր ռուսաստանյան տնտեսությունը շարունակում էր դառնալ համաշխարհային շուկայի մասը։ Այժմ ներմուծման փոխարինումը դուրս կգա արտադրաճյուղերի շրջանակներից և կվերաբերի այն սեկտորներին, որոնք ինտեգրվել էին ժամանակակից տնտեսությանը, ներառյալ բանկերը։ Ահա թե ինչ տեղի կունենա, օրինակ, եթե Ռուսաստանն ստեղծի սեփական վճարային համակարգ՝ Visa-ի և MasterCard-ի փոխարեն, որոնք դադարեցրել են որոշ ռուսական հաճախորդների սպասարկումը՝ ամերիկյան պատժամիջոցներին համապատասխան։

Ներմուծման փոխարինման միտումները տնտեսության համեմատաբար արդիականացված ճյուղերում Ռուսաստանի վրա հատկապես թանկ կնստեն։ Երբ ռուսական դինոզավր-ձեռնարկությունները խլում են նույն տիպի ուկրաինական դինոզավրերի շուկայի բաժինը, ծախսերը նվազագույնն են։ Երբ արդի օտարերկրյա ընկերությունները դուրս են մղվում հանուն ռուսական շահերի, կորուստները զգալիորեն ավելի մեծ կլինեն։ Ռուսաստանի նոր տնտեսության ընկերությունները (ինչպես օտարերկրյա, այնպես էլ հայրենական) աշխատում են միջազգային մրցակցության կանոններով։ Նրանք, ովքեր կփոխարինեն նրանց, կգտնվեն Պուտինի անմիջական վերահսկողության ներքո։ Այսպիսով՝ որքան ավելի շատ Ռուսաստանն օգտագործի ներմուծման փոխարինման և ռեսուրսային ռենտայի բաշխման քաղաքականությունը՝ լրացուցիչ ծախսերը ծածկելու համար, այնքան ավելի շատ տնտեսությունը ենթարկված կլինի կառավարման պուտինյան համակարգին։

Այլ խոսքով՝ պատժամիջոցները կամրապնդեն Ռուսաստանի նախագահի իշխանությունը տնտեսության վրա՝ թուլացնելով համեմատաբար անկախ և ժամանակակից սեկտորները։ Դրանք ավելի ամուր կդարձնեն նաև քաղաքական իշխանությունը, կմիավորեն հասարակությունն առաջնորդի շուրջ։ Իրականում դժվար է պատկերացնել պատժամիջոցների այլ հետևանքներ, բացի Ռուսաստանում լիբերալների՝ որպես քաղաքական ուժի, թուլացումը։ Դա նշանակում է, որ մեր ներկայիս մոտեցումը՝ պատժամիջոցները և մեկուսացումը, ոչ միայն չեն հանգեցնի հարկավոր արդյունքի, այսինքն՝ չեն կանգնեցնի Պուտինի գործողություններն Ուկրաինայում, այլև հակաարդյունավետ կլինեն երկարաժամկետ հեռանկարում Ռուսաստանի՝ որպես նորմալ, արդիական, գլոբալ համակարգում ինտեգրված պետության, էվոլյուցիայի տեսակետից։ Ներկա մոտեցմամբ մենք տանուլ կտանք ճակատամարտը և հազիվ թե շահենք պատերազմը։

http://www.globalaffairs.ru/number/Ostanovyat-li-sanktcii-Putina-16771


դեպի ետ