
NEW YORK TIMES-Ը ՄԻ ՓՈՔՐ «ՇՏԿԵԼ» Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՀԱՆԴԵՊ ՈՒՆԵՑԱԾ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ
«Լուրերով առաջնորդվող» ամերիկյան «մեյնսթրիմյան» մամուլը շատ է խոսում «տեղեկատվական պատերազմի» մասին, որը վարում է Ռուսաստանն Ուկրաինայում։ Բայց, ինչպես խոստովանել է New York Times–ը նոր հոդվածում, կեղծ տեղեկատվությունն ավելի հաճախ տարածում է ամերիկյան կողմը։
The New York Times-ը, որ շաբաթներ շարունակ պնդում էր, թե Ուկրաինայի արևելքի հոզումների թիկունքին կանգնած է Ռուսաստանի կառավարությունը, վերջապես իր լրագրողներին ուղարկել է ապացույցներ հայթայթելու։ Բայց տեղում թղթակիցները հայտնաբերել են միայն Կիևի ռեժիմից (որը հեղաշրջումից հետո փոխարինելու է եկել նախագահ Վիկտոր Յանուկովիչին) դժգոհ արևելյան ուկրաինացիների։
Times-ը, որն անթաքույց պաշտպանում էր «դեմոկրատական» ապստամբությունը, որն իշխանազրկեց դեմոկրատաբար ընտրված նախագահին՝ բռնի, հակասահմանադրական մեթոդներով, հավաստիացնում էր, թե ուկրաինացիները գոհ կլինեին իրենց նորընտիր կառավարությունից, եթե Ռուսաստանը «չապակայունացներ Ուկրաինայի արևելքը»։
Երկու շաբաթ առաջ Times-ի խմբագիրներն առաջին էջում հաղթական կեցվածքով հրապարակել էին լուսանկարներ, որոնք, իբր, ապացուցում էին ռուսական «սպեցնազի» ներկայությունն Ուկրաինայում։ Ինչպես գրում էր Times-ը, այդ լուսանկարներում «պարզ» երևում էին նույն մարդիկ Ռուսաստանում և Ուկրաինայում։
Սակայն երկու օր անց սենսացիան հօդս ցնդեց. պարզվեց, որ զինյալների (որոնց ավելի ուշ տեսել էին Արևելյան Ուկրաինայում) խմբի շատ կարևոր լուսանկարն արվել էր ոչ թե Ռուսաստանում, այլ Ուկրաինայի տարածքում, ինչը խարխլում էր ողջ «շինվածքը»։
Արդյունքում՝ Times-ը ուշացումով արևելաուկրաինական Սլավյանսկ ուղարկեց թղթակիցներ Սի Ջեյ Չիվերսին (C.J. Chivers) և Նոա Սնայդերին (Noah Sneider), որպեսզի նրանք զրուցեն Կիևի ռեժիմին դիմակայող աշխարհազորայինների հետ։ Այս լրագրողները, ըստ երևույթին, ազնվորեն պատմել են այն մասին, ինչ տեսել են, թեև զերծ չեն մնացել արևմտյան մեդիա-հարթությունում խորապես արմատացած հակառուսական նախապաշարմունքներից։
Ըստ Չիվերսի և Սնայդերի, Մոսկվան պնդում է, որ ուկրաինացի աշխարհազորայինները չեն ծառայում ռուսական զինված ուժերում, այնինչ «արևմտյան պաշտոնյաները և ուկրաինական կառավարությունը պնդում են, թե ռուսներն են գլխավորում, կազմակերպում և զինում այդ ջոկատները»։ Այնուհետև լրագրողները գրում են.
«Եթե նայենք [ժողովրդական աշխարհազորի] 12-րդ վաշտին (իսկ մենք մեկ շաբաթից ավելի այցելել ենք նրա պաշտպանած դիրքերը, զրուցել նրա մարտիկների հետ և ուրբաթ հետևել նրա մարտական գործողություններին ուկրաինական հարձակվող զորամասերի դեմ), ապա պարզվում է, որ այդ վարկածներից ոչ մեկը չի արտացոլում պատկերն ընդհանրապես»։
«12-րդ վաշտի ապստամբները, ամենայն հավանականությամբ, ուկրաինացիներ են, բայց նրանք, ինչպեսև շատերը շրջանում, սերտ կապեր ունեն Ռուսաստանի հետ և ռուսաստանյան հակվածություն ունեն։ Նրանց շարքերում կան խորհրդային, ուկրաինական և ռուսական բանակի վետերաններ։ Նրանցից շատերը հարազատներ ունեն սահմանի երկու կողմում էլ։ Նրանց բնորոշ է ինքնության և կողմնակցության բարդ խառնուրդը»։
«Պատկերն էլ ավելի է բարդանում այն փաստով, որ ուկրաինական կառավարության և նրան սատարող արևմտյան տերությունների հանդեպ ընդհանուր կատաղի անվստահությամբ հանդերձ՝ աշխարհազորայինները տարբեր կերպ են պատկերացնում վերջնանպատակը։ Նրանք վիճում են այն բանի շուրջ, թե արդյոք Ուկրաինան պետք է իշխանությունը վերաբաշխի դաշնայնացման ճանապարհով, թե՞ տարածաշրջանը պետք է միանա Ռուսաստանին։ Նրանք տարբեր կերպ են նայում այն հարցին, թե որ կողմին պետք է բաժին ընկնի մայրաքաղաք Կիևը, անգամ տարբեր են նրանց մոտեցումներն այն հարցին, թե որտեղով պետք է անցնի Ուկրաինայի բաժանված մասերի միջով սահմանը»։
Քմծիծաղ Կիևի հասցեին
Լրագրողները նշել են, որ ստորաբաժանման հրամանատարը, որի անունը Յուրի է, ծիծաղում է «Կիևի և Արևմուտքի պաշտոնատար անձանց այն հայտարարությունների վրա, թե աշխարհազորը ղեկավարում են ռուսական զինվորական հետախուզության սպաները։ Նրա խոսքով՝ նա ոչ մի ռուս պետ չունի։ «Այստեղ ոչ մի մոսկվացի չկա,- ասում է նա։- Ինձ իմ սեփական փորձն էլ հերիք է»։ Ինչպես ինքն է ասում, նա և իր մարտիկներն այդ փորձը ձեռք են բերել 1980-ականներին, աֆղանական Ղանդահարում, խորհրդային բանակում ծառայելիս, երբ նա եղել է ստորաբաժանման հրամանատար»։
«Նրա խոսքով՝ նրա հրամանատարության տակ 119 մարտիկ կա։ Նրանք 20-50 տարեկան են։ Նրանք բոլորն էլ ասում են, թե հասցրել են ծառայել խորհրդային կամ ուկրաինական բանակում՝ հետևակում, դեսանտային զորքերում, հատուկ նշանակության ջոկատում կամ էլ ՀՕՊ զորքերում»։
Լրագրողները գրում են նաև, որ իրենց տեսած զենքը հիմնականում հին ու հնամաշ է եղել և նման չի եղել ռուսական զորքերի ավելի նոր և արդիական սպառազինությանը։
«Ուրբաթ օրը, մարտերի ժամանակ երկու մարտիկ զինված էին որսորդական հրացաններով, միակ ծանր սպառազինությունը, որը մենք տեսանք, ձեռքի հակատանկային նռնականետն էր»,- գրում են Չիվերսն ու Սնայդերը։- Աշխարհազորայինների զենքը հիմնականում նույնն էր, ինչ և ուկրաինացի զինվորներինն ու ՆԳՆ հատուկ ջոկատի մարտիկներինը քաղաքի մատույցներում. Մակարովի 9 միլիմետրանոց ատրճանակներ, Կալաշնիկովի ավտոմատներ, Դրագունովի մի քանի դիպուկահար հրացաններ, РПК գնդացիրներ, նռնականետներ։ Դրանց մի մասը, դատելով դրանց վրա եղած դրոշմներից, արտադրվել է 1980-ականներին կամ էլ 1990-ականների սկզբին»։
Արևմտյան այլ լրագրողներ ևս, որոնք իրենց նեղություն են պատճառել մեկնել Արևելյան Ուկրաինա և չբավարարվել Կիևում ամերիկյան դեսպանատան ու Պետդեպարտամենտի տարածած նյութերով, տեղում համանման պատկերի ականատեսն են դարձել։
Օրինակ, ապրիլի 17-ին Washington Post-ի թղթակից Էնթոնի Ֆայոլան (Anthony Faiola) Դոնեցկից տեղեկացրել է, որ, Արևելյան Ուկրաինայի շատ բնակիչների կարծիքով, որոնց հետ նա զրուցել է, տարածաշրջանում բարձրացած հուզումների հիմքում եղել է վախը «տնտեսական դժվարություններից» և պետծախսերի կրճատման ԱՄՀ ծրագրից, ինչն ուկրաինացիների կյանքն էլ ավելի դժվար կդարձներ։
«Ամենադժվար և վտանգավոր ժամանակ արևմտամետ կառավարությունը, որը պայքարում է Մոսկվայի դեմ արևելքի մտքերի ու սրտերի համար, մտադիր է տնտեսական շոկային թերապիա անցկացնել Արժույթի միջազգային հիմնադրամի պահանջներին համապատասխան»,- նշել է Ֆայոլան։
Սակայն ուկրաինական արևելքի այս օրինավոր և հասկանալի երկյուղները լռեցվում են ամերիկյան քարոզչությամբ, որը հեղեղել է մեյնսթրիմյան մամուլը ճիշտ այնպես (եթե ոչ՝ ավելի ուժեղ), ինչպես Իրաքի պատերազմից առաջ ընթացող համանման փիառ-քարոզչության ժամանակ։ Հիմա պաշտոնական Վաշինգտոնի խմբակային մտածողությունը ուկրաինական ճգնաժամի պատասխանատվությունն ամբողջովին դնում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա։
Ես անգամ վաշինգտոնյան քաղաքագետներից և պաշտոնյաներից լսել եմ մի անհեթեթ տեսություն, ըստ որի՝ Պուտինն է կազմակերպել քաոսն Ուկրաինայում, որպեսզի վերադարձնի 1991-ին, խորհրդային կայսրության փլուզման ժամանակ կորցրած հողերը։ Թեև Պուտինի՝ որպես ագրեսորի (որը ջանում է վերականգնել ռուսական իմպերիալիզմը) մասին պատկերացումներն ասես մի ինչ-որ «ընդհանուր» բան են դարձել, փաստերը, սակայն, դրանք չեն հաստատում։
Որպեսզի համարենք, թե Պուտինն է հրահրել ուկրաինական ճգնաժամը, պետք է մտածենք, թե նա է կազմակերպել մայդանի բողոքները, ստեղծել նեոնացիստական դրուժինաներ (որոնք առանցքային դեր խաղացին փետրվարի 22-ի հեղաշրջման մեջ) և հատուկ իշխանազրկել իր դաշնակից Յանուկովիչին, որին իրականում ակնհայտորեն փորձում էր փրկել։ Թեև դավադրության նման տեսությունները ծիծաղելի են, բայց դրանք պաշտոնական Վաշինգտոնում մեծ տարածում ստացան։
Պուտինը հանկարծակիի եկավ
Իրականում Ուկրաինայի իրադարձությունները Պուտինին հանկարծակիի բերեցին, մասամբ՝ այն պատճառով, որ նա կենտրոնացել էր Սոչիի Ձմեռային օլիմպիական խաղերի և ահաբեկչությունների սպառնալիքի վրա, որոնք կարող էին խաթարել այդ խաղերը։ Նա շատ ժամանակ էր անցկացնում Սոչիում՝ անձամբ հետևելով անվտանգությանը։
Մինչդեռ, Կիևի մայդանում հուզումները ծավալվում էին՝ սատարվելով Եվրոպայի և Եվրասիայի գործերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորյա Նուլանդի (Victoria Nuland) և մասամբ ֆինանսավորվելով ամերիկյան այնպիսի կառույցների կողմից, ինչպիսին է Ժողովրդավարության ազգային հիմնադրամը (ԺԱՀ)։ Ի դեպ, ԺԱՀ նախագահ Կառլ Գերշմանը (Carl Gershman) անցած սեպտեմբերին՝ ընթացիկ ճգնաժամն սկսվելուց մեկ ամիս առաջ, Washington Post-ի իր հոդվածում Ուկրաինան անվանել էր «գլխավոր մրցանակ»։
Բողոքներին մասնակցող շատ արևմտաուկրաինացիներ միանգամայն արդարացիորեն զայրացած էին ամենուրեք տիրող կոռուպցիայից և հարուստ օլիգարխների մի խմբի չափն անցնող իշխանությունից։ Սակայն այդ բողոքներն ավարտվեցին բռնի հեղաշրջմամբ, որն իրականացրին զինված նեոնացիստների լավ պատրաստված «հարյուրյակները»։
Փետրվարի 22-ի պուտչից հետո, երբ Յանուկովիչն ու նրա օլիգարխներից շատերը ստիպված էին փախչել՝ փրկելով իրենց կյանքը, Պուտինը սկսեց արձագանքել հարևանությամբ թեժացող իրադրությանը։ Այն, ինչ նա արեց, հակազդեցություն էր ճգնաժամին, այլ ոչ թե վաղուց մտածված մի ինչ-որ մաքիավելիական պլանի իրագործում։
Սակայն Պուտինի դիվականացումն արևմտյան ԶԼՄ-ում այնքան համատարած բնույթ է կրում, որ յուրաքանչյուր ոք, ով համարձակվում է կասկածի տակ դնել նրա արարքների անգամ ամենավայրի մեկնաբանությունները, մեղադրվում է նրան «արդարացնելու» փորձերի մեջ։ Ուկրաինայի իրադարձությունները ճշտելու ցանկացած փորձ անմիջապես համարվում է ռուսական քարոզչություն և ռուսական իմպերիալիզմի առաջխաղացում։
«Խմբակային մտածողության» այս բռնատիրությունն, իր հերթին, խանգարում է պաշտոնական Վաշինգտոնին՝ մշակել իրատեսական քաղաքականություն Ռուսաստանի և Ուկրաինայի հանդեպ։
Քարոզիչների վերաբերյալ հարցի համատեքստում արժե հիշել Դևիդ Հերշենհորնի (David M. Herszenhorn) հոդվածը, որը լույս է տեսել ապրիլի կեսին New York Times-ի առաջին էջում։ Դրանում Ռուսաստանի կառավարությունը մեղադրվում էր քարոզչական պատերազմ հրահրելու մեջ։
«Ռուսաստանը շտապում է խեղաթյուրել ճշմարտությունն Ուկրաինայի վերաբերյալ» (Russia Is Quick To Bend Truth About Ukraine) վերնագրով իր հոդվածում Հերշենհորնը ծաղրում է Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևին Facebook-ում արած «մռայլ և սարսափով լի» գրառման համար, որտեղ ասվում էր. «Ուկրաինայում կրկին արյուն է հեղվել։ Երկիրը քաղաքացիական պատերազմի կանխազգացման մեջ է»։
«Նա [Մեդվեդևը] ուկրաինացիներին կոչ է արել ինքնուրույն որոշել սեփական ապագան՝ «առանց ինքնակոչների, նացիոնալիստների և ավազակների, առանց տանկերի ու զրահամեքենաների ու առանց ԿՀՎ տնօրենի գաղտնի այցելության»։ Այսպես սկսվեց սնապարծության և հիպերբոլաների, ապատեղեկատվության, չափազանցությունների, դավադրության տեսությունների, անսանձ հռետորաբանության և ժամանակ առ ժամանակ՝ Ուկրաինաի քաղաքական ճգնաժամի մասին բացահայտ ստի ևս մեկ օր։ Այս ամենը բխում է Կրեմլի իշխանության բարձրագույն ատյաններից և փոխանցվում պետության կողմից վերահսկվող ռուսական հեռուստատեսությամբ, ժամ առ ժամ, օրեցօր, շաբաթ շաբաթի հետևից»,- այնուհետև գրում է Հերշենհորնը։
Հիանալի փաստարկված այս «տեղեկատվական» նյութը, առաջին էջից բացի, զբաղեցրել էր նաև երկրորդի կեսը, բայց այդ ամբողջ տարածքում Հերշենհորնն այդպես էլ չէր նշել այն մասին, որ Մեդվեդևի խոսքում ոչ մի սուտ էլ չկար։ Ընդհակառակը, շարունակվող արյունահեղության և վերահաս քաղաքացիական պատերազմի ֆոնին վարչապետի խոսքերը կարող են ողբերգականորեն մարգարեական թվալ։
Ի դեպ, ԿՀՎ տնօրեն Ջոն Բրենանի (John Brennan)՝ Կիև գաղտնի այցելության մասին նույնպես առաջինը տեղեկացրել էր այն նույն ռուսական մամուլը, որին այդքան ընդունված է հայհոյել։ Թեև ավելի ուշ Սպիտակ տունը հաստատեց, որ նման այցելություն, իսկապես, եղել է, Հերշենհորնը, այնուամենայնիվ, Մեդվեդևի՝ դրա մասին հիշատակումը վերագրել է «ապատեղեկատվության» և «դավադրության տեսությունների» համատեքստին։ Այդ ամբողջ երկարաշունչ հոդվածում Times-ը տեղ չէր գտել ընթերցողներին ասելու, որ՝ այո՛, ԿՀՎ տնօրենն իրոք գաղտնի այցելել է Ուկրաինա։
Դե ինչ, գուցե Չիվերսի և Սնայդերի հոդվածն Արևելյան Ուկրաինայի ժողովրդական աշխարհազորի մարտիկների մասին, որը «փոքր-ինչ շտկում է» թերթի նախորդ պնդումները, թեթևակի կհանդարտեցնի քարոզչական ալիքը, որը մեզ քշում է դեպի հերթական, ոչ պետքական պատերազմ։
դեպի ետ