• am
  • ru
  • en
Версия для печати
20.02.2014

ԿԱՆԽԱՏԵՍՄԱՆ ՄԵԹՈԴՆԵՐ. ԿԻՐԱՌՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Руский

   

Արփի Մանուսյան, Լիլիթ Հակոբյան
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետներ

Գիտական կանխատեսման մեթոդների հիմնական նպատակը այս կամ այն երևույթի պոտենցիալ զարգացման հնարավորությունների դիտարկումն է։ Կանխատեսումը հատկապես ակտուալ է պետությունների և հասարակությունների առաջնային խնդիրների, առկա իրադրության համակարգային գնահատման և ապագա զարգացումների վերաբերյալ պատկերացումների ձևավորման համար։ Կանխատեսման էության մասին գիտական տարբեր մոտեցումներ գոյություն ունեն։ Օրինակ, Ի.Վ. Բեստուժևա-Լադան գտնում է, որ կանխատեսումները չեն նախատեսում ապագայի բոլոր խնդիրների լուծումներ, կանխատեսման խնդիրն այլ է, այն օժանդակում է զարգացման սցենարների և որոշումների գիտական հիմնավորմանը»1։

Կանխատեսման տեսակները և փուլերը

Գոյություն ունեն կանխատեսումների տարբեր դասակարգումներ։ Ըստ տևողության կանխատեսումները լինում են՝ օպերատիվ (մեկ տարի), կարճաժամկետ (1-5 տարի), միջնաժամկետ (5-15 տարի), երկարաժամկետ (15 տարի և ավելի): Մեկ այլ դասակարգմամբ՝ առանձնացվում են կանխատեսումների հետևյալ տեսակները.

1. որոնողական կանխատեսում,

2. նորմատիվ կանխատեսում2։

Որոնողական կանխատեսման էությունն այն է, որ հետազոտման օբյեկտի պոտենցիալ զարգացումների մասին դատողություններ են արվում՝ հիմնվելով դրա անցյալի և ներկայի ուսումնասիրման վրա։

Նորմատիվ կանխատեսումը ենթադրում է ապագայում օբյեկտի ցանկալի փոփոխության համար անհրաժեշտ նպատակաների և միջոցների սահմանում։

Պրակտիկայում կանխատեսման փուլային դիտարկման մեջ նորմատիվ կանխատեսումը կարող է հաջորդել որոնողականին։ Կանխատեսումն իրականանում է հետևյալ փուլերով.

1. Կանխատեսման նախնական կողմնորոշում

  • Հետազոտության օբյեկտի սահմանում։
  • Հետազոտության առարկայի դուրսբերում, ինչպես նաև հետազոտության առարկայի հետ կապված խնդիրների, նպատակների, հետազոտության իրականացման ժամկետների, գործնական վարկածների, կիրառվող մեթոդների, հետազոտության կառուցվածքի և իրականացման ընթացքի սահմանում։

2.Կանխատեսման բազային մոդելի, կանխատեսման ֆոնի բացահայտում, սկզբում որոնողական, այնուհետև՝ նորմատիվ կանխատեսման համար։

  • Կանխատեսման ֆոնի սահմանում։ Իրականացվում է տվյալների հավաքագրման ճանապարհով, որոնք կարող են ազդել օբյեկտի զարգացման վրա։
  • Բազային մոդելի կառուցում։ Բազային մոդելի ստեղծումը ենթադրում է օբյեկտի ամփոփ նկարագիր, հիմնական ցուցիչների և չափանիշների համակարգում, որոնք արտացոլում են օբյեկտի բնութագիրը և կառուցվածքը։
  • Որոնողական կանխատեսում։ Այն ենթադրում է բազային մոդելի պրոյեկտում ապագայի վրա` հաշվի առնելով դրա վրա ազդող միտումները, որոնք ի հայտ են եկել կանխատեսման ֆոնի վերլուծության շնորհիվ՝ լուծման ենթակա խնդիրների բացահայտման համար։
  • Նորմատիվ կանխատեսում։ Վերջինիս իրականացումը ենթադրում է բազային մոդելի պրոյեկտում ապագայի վրա՝ հաշվի առնելով սահմանված նպատակների և նորմերի համապատասխանությունն ընտրված չափանիշներին։
  • Ընտրված մոդելի ադեկվատության գնահատում։ Իրականացնում է հասանելիության մակարդակի ստուգում, ինչպես նաև պարզում է կանխատեսման մոդելների ճշգրտությունը փորձագիտական հարցումների մեթոդով։
  • Առաջարկությունների մշակում։ Ստացված սոցիալական կանխատեսման հիմքի վրա մշակվում են օպտիմալ լուծումներ, որոնք հնարավոր են դարձնում կանխատեսման տարբեր մոդելների համեմատումը և համադրումը։

Կանխատեսման մեթոդները

Առավել տարածված է կանխատեսման երկու տիպի մեթոդների առանձնացումը՝ ինտուիտիվ կամ փորձագիտական և ձևայնացված: Սրանցից յուրաքանչյուրն ունի իր տարատեսակները.

1) Ինտուիտիվ կամ փորձագիտական

անհատական (տարատեսակներն են հարցազրույցը, սցենարների կառուցումը, վերլուծական գրառումները),

կոլեկտիվ (տարատեսակներն են ուղեղային գրոհը, հանձնաժողովների մեթոդը, դելֆյան մեթոդը, նպատակային ծառի, ինչպես նաև մատրիցաների կառուցման մեթոդները):

2) Ձևայնացված

- էքստրապոլյացիոն (տարատեսակներն են պարզ էքստրապոլյացիան, նվազագույն քառակուսիների մեթոդը, միջինների մեթոդը, հարթեցման մեթոդը, ներդաշնակ կշիռների մեթոդը, ինքնառեգրեսիայի մեթոդը),

- կառուցվածքային (տարատեսակներն են կառուցվածքային, իմիտացիոն, ցանցային, վիճակագրական մոդելավորման մեթոդները, մեկ հավասարեցման ռեգրեսիայի հիմքով, համակարգի հավասարեցման հիմքով մեթոդները),

- տնտեսա-մաթեմատիկական մեթոդներ (տարատեսակներն են դետերմինացված, գծային-դինամիկ, ոչ գծային, ստոխաստիկ (հավանականային) մեթոդները) (տե՛ս Պատկեր 1):

Պատկեր 1. Կանխատեսման մեթոդներ3


Ձևայնացված մեթոդները կառուցում են կանխատեսումները մաթեմատիկական տեսության ֆորմալ գործիքակազմի օգնությամբ: Սա ենթադրում է, որ կանխատեսումները կդառնան ավելի հուսալի, ավելի դյուրին կլինեն տեղեկատվության մշակումն ու արդյունքների գնահատումը4: Ձևայնացված մեթոդներն առավել կիրառելի են տնտեսագիտության, վիճակագրության շրջանակներում: Այս մեթոդների շարքում առավել նպատակահարմար է պարզ էքստրապոլյացիայի մեթոդը, որի դեպքում մաթեմատիկական մեթոդների օգնությամբ կառուցվում է օբյեկտի ապագան` հիմնվելով ներկայում նրա զարգացման միտումների, դինամիկայի վրա: Այս մեթոդը հիմնականում կիրառելի է այն դեպքում, երբ իրավիճակը, պայմանները կայուն են տևական ժամանակահատվածում5:

Բոլոր այն դեպքերում, երբ բարդ է իրավիճակը կամ սոցիալական օբյեկտը, երբ այն հակված է որակական և էական փոփոխությունների, հետազոտողները կամ վերլուծաբանները դիմում են փորձագիտական մեթոդին: Անհատական փորձագիտական գնահատման տեսակը հիմնվում է անկախ փորձագետների կարծիքների ամբողջացման վրա: Կոլեկտիվ փորձագիտական գնահատականների մեթոդը ենթադրում է փորձագետների խմբի ընդհանուր գնահատականի դուրսբերում։ Հիմնվելով փորձագետների գիտելիքի և ինտուիցիայի վրա` այս մեթոդները թույլ են տալիս հնարավորինս հաշվի առնել բոլոր այն գործոնները, որոնք ազդում են օբյեկտի զարգացման, փոփոխության վրա:

Կանխատեսման գործառույթները

Կանխատեսման արժանահավատության բարձրացման համար անհրաժեշտ է հաշվի առնել արտաքին միջավայրը և դրա ազդեցությունը կանխատեսվող օբյեկտի վրա։ Կանխատեսման ընթացքում մշակում են ոչ միայն օբյեկտի զարգացման հնարավոր տարբերակները, այլ նաև արտաքին միջավայրի փոփոխությունները։ Կանխատեսումը զարգացման ռազմավարական պլանի ձևավորման հիմքն է։ Կանխատեսման հիմնական գործառույթներն են.

1. Տնտեսական, սոցիալական, գիտատեխնիկական գործընթացների և հնարավոր զարգացումների վերլուծություն։

2. Սոցիալական երևույթների միջև կապերի զարգացման, դրանց դինամիկայի ուսումնասիրություն կոնկրետ համատեքստում և ժամանակում։

3. Սոցիալ-տնտեսական զարգացման հնարավոր սցենարների դուրսբերում։

Հայաստանում այսօր առավել կիրառելի են կանխատեսման ինտուիտիվ մեթոդները։ Մասնավորապես՝ փորձագիտական մեթոդներից անհատական փորձագիտական հարցազրույցները և ֆոկուս-խմբային քննարկումները փորձագետների հետ (ինչպես նաև ուղեղային գրոհը, հանձնաժողովների մեթոդը. դրան հակառակ գրեթե չի կիրառվում դելֆյան մեթոդը)։ Վերջիններս առավել հաճախ կիրառելի են կոնկրետ ոլորտներում զարգացման մասին կանխատեսումներ անելու համար, իսկ այն դեպքերում, երբ խնդիր կա մեծամասշտաբ, երկարաժամկետ հասարակական, տնտեսական կանխատեսումներ անելու, կիրառվում է սցենարների կառուցման6 մեթոդը։

1 И.В. Бестужев-Лада, Г.А. Наместникова, Социальное прогнозирование.

2http://edu.dvgups.ru/METDOC/CGU/SOTS_RAB_S/PR_PROEKT_SR/METOD/SMIRNOV/WEBUMK/frame/3_2.htm

3http://edu.dvgups.ru/METDOC/CGU/SOTS_RAB_S/PR_PROEKT_SR/METOD/SMIRNOV/WEBUMK/frame/3_2.htm

4 http://eclib.net/14/14.html

5 Հարությունյան Գ., «Կանխատեսումների մասին», «Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 1, 2011։

6Հարությունյան Գ., «Կանխատեսումների մասին», «Գլոբուս Ազգային անվտանգություն», թիվ 1, 2011։


«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 1, 2014

դեպի ետ