
ԲԱԶՄԱԲԵՎԵՌ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ԵՎ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ «ՎԱԶՈՂ ՏՈՂԻ» ՌԵԺԻՄՈՎ (մաս 2)
Գագիկ Հարությունյան«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն
Ցանկացած պաշտպանության նախարարի, որը
նախագահին կրկին խորհուրդ կտա խոշոր ամերիկյան ցա
մաքային ուժեր ուղարկել Ասիա կամ Մերձավոր Արևելք,
կամ Աֆրիկա, անհրաժեշտ է ուղարկել զննման հոգեբույժի մոտ։
Ռոբերտ Գեյթս
ԱՄՆ պաշտպանության
նախարար 2006-2011թթ.
«Հետգարնանային բնանկար»
Այսօր կարելի է փաստել, որ Արաբական աշխարհում զարգացումները դեռ հեռու են ավարտված լինելուց. Եգիպտոսում հեղափոխությունն ընդունում է շարունակական բնույթ, ինչպես երազում էին 20-րդ դարասկզբի հայտնի գաղափարախոսները, իսկ իսլամիստների ու նրանց հակառակորդների առճակատումը փոխանցվել է անգամ կայուն համարվող Թուրքիա։ Հարկ է առանձին դիտարկել Սիրիան, որտեղ երրորդ տարին է՝ պատերազմ է, և այս հարցին մենք դեռ կանդրադառնանք։ Սակայն այսօր արդեն կարելի է որոշ նախնական ամփոփումներ անել։ Եթե բաց թողնենք փոքր-ինչ առանձնահատուկ Թունիսը, որտեղ գործընթացներն ընթանում են համեմատաբար մեղմ ձևով, ապա տարածաշրջանի երկրների համար առավել ընդհանուր արդյունքն ինքնատիպ «ապապետականացումն» է1։ Օրինակ, նախկինում քաղաքական ազդեցության և տնտեսական զարգացման որոշակի աստիճան ունեցող Լիբիան փաստորեն պետությունից վերածվել է մի «տարածքի», որտեղ կան էներգակիրների պաշարներ և բնակչության՝ միմյանց հետ հակամարտող խմբեր։ Հատկանշական է, որ պատերազմի եզրափակիչ ակտից՝ Քադաֆիի սպանությունից հետո Լիբիան (կամ, ինչպես գրում են որոշ մեկնաբաններ՝ «նախկին Լիբիան») փոխադրվել է համաշխարհային լրահոսքերի «գորշ գոտի», և անգամ դիվանագետների դեմ իրականացվող ահաբեկչությունները լոկ թեթևակի են աշխուժացնում այս երկիրը տեղեկատվական տարածքում։
Արաբական աշխարհի առաջատար համարվող Եգիպտոսում, ըստ էության, իշխում է ոչ լեգիտիմ ռազմական «խունտան», իսկ վերջին ընտրություններում հաղթանակած «մուսուլման եղբայրները» և նրանց հարող սալաֆիներն առայժմ անհաջող փորձում են վերականգնել պաշտոնազրկված Մուրսիին։ Անկախ այդ դիմակայության ելքից՝ երկրի հասարակությունը, թերևս, անդառնալիորեն, դարձավ պառակտված ու լյումպենացված. սրընթաց աճեց հանցավորությունը (կողոպուտների թիվը վերջին տարվա ընթացքում աճել է 350%-ով)։ Բնական է, որ անկման մեջ հայտնվեց նաև տնտեսությունը. եթե մի կողմ թողնենք Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) և միջազգային այլ կազմակերպությունների չոր թվերը, ապա այս մասին ավելի պերճախոս կերպով վկայում են 2011 թվականից երկրում 4500 ֆաբրիկաների փակման փաստը և այն, որ աղքատության եզրագիծը հատել է (եգիպտական չափանիշներով) բնակչության 25%-ը [9]։ Այս բոլոր հիմնախնդիրները Եգիպտոսին գրեթե զրկում են զարգացման որևէ հեռանկարից առնվազն տեսանելի ապագայում։
Անկախ ձևավորման մեխանիզմներից՝ ավելի վաղ «տարածքի» կարգավիճակ» ստացել էր նաև Իրաքը։ Այդ երկիրն ամերիկյան ներխուժումից հետո բաժանվել է ըստ էթնիկական և դավանական հատկանիշների, պետական համակարգը գրեթե չի գործում, իսկ միջդավանական բախումներն ու ահաբեկչություններն ամենօրյա երևույթներ են դարձել։ Այսպիսով, Իրաքի զարգացման հեռանկարները նույնքան մշուշոտ են, որքան Լիբիայինն ու Եգիպտոսինը։
Տարածաշրջանում դիտվում է նաև մեկ այլ ընդհանրություն։ Այդ նույն Իրաքում, օրինակ, կառավարման պետական համակարգի բարեփոխման արդյունքում կառավարությունը գլխավորեցին շիա մեծամասնության ներկայացուցիչները, որոնք ամենևին էլ չեն պաշտպանում Սիրիայի հանդեպ վարվող ամերիկյան քաղաքականությունը և ավելի շուտ իրանամետ դիրքորոշում ունեն։ Մոտավորապես նույն դրությունն է ստեղծվել Եգիպտոսում, որտեղ ԱՄՆ-ը չկարողացավ լիարժեք համագործակցություն հաստատել ինչպես իշխանության եկած «մուսուլման եղբայրների» (չնայած նախկին նախագահ Մուրսիի «ամերիկյան հետքի». նա ժամանակին աշխատել է Ամերիկայում), այնպես էլ ներկայիս զինվորականների հետ (դատելով ռազմական ավիացիայի մատակարարումների դադարեցումից)։ Իսկ եթե խոսելու լինենք ինչ-որ օրինաչափության մասին՝ «նոր իշխանությունների» համատեքստում, ապա կարելի է փաստել միայն տարածաշրջանի «վերաիսլամացման» մասին՝ հավանաբար ներշնչված RAND–ի՝ «չափավոր իսլամիզմի» մասին փոքր-ինչ հնացած գաղափարներից, որոնք ներկայացված են «Building Moderate Muslim Network» նախագծում2։
Այսպիսով, ստացվում է, որ չկատարվեց դրսից հարուցվող հեղափոխությունների կամ ուղղակի ներխուժումների՝ ավանդաբար գլխավոր խնդիրը՝ լոյալ իշխանությունների ձևավորումը (ինչպես տեղի ունեցավ, օրինակ, Ուկրաինայում, Վրաստանում կամ էլ Աֆղանստանում)։ Սրանից նաև հետևում է, որ իշխող վարչակարգերին «իրենց կադրերով» փոխելն ամենայն հավանականությամբ տեղի ունեցողի գլխավոր դրդապատճառը չէ։ Չի կարելի լիովին բացառել, որ կատարվել է վերը նշված ենթադրությունը ՀԿ, ԶԼՄ կամ էլ «ներքին պետությունների» ինքնուրույն գործողությունների մասին, իսկ ԱՄՆ վարչակազմը կանգնեցվել է փաստի առջև։ Բայց այս ոչկառավարական կազմակերպությունների և/կամ «ներքին պետությունների» գործողություններն ավելի շուտ ընդգծում են «ազգային շահ» հասկացության բարդ կառուցվածքն արդի աշխարհում և հատկապես Ամերիկայում։
Այս համատեքստում, մանավանդ հաշվի առնելով Սիրիայի և Իրաքի շուրջ տեղի ունեցող զարգացումները, տարածաշրջանի երկրների փոխակերպման հիմնական դրդապատճառներից մեկը կարող էր լինել «թիվ 1» ռազմավարական գործընկերոջ՝ Իսրայելի անվտանգության ապահովումը։ Չէ՞ որ ակնհայտ է, որ որքան էլ ռազմատենչ լինի իշխանությունների հռետորաբանությունը, եթե նրանց երկրները գտնվում են փլուզված վիճակում, ապա հրեական պետության համար, որն ահաբեկչական կազմավորումների դեմ պայքարի հաջող փորձ ունի, այն որևէ իրական վտանգ ներկայացնել չի կարող։ Իհարկե, այս պնդումն արդարացի է միայն կարճ ժամանակահատվածի համար. ստեղծված իրադրության հետագա էվոլյուցիան այնքան էլ միանշանակ չէ, և այս հարցին մենք դեռ կանդրադառնանք։
Միևնույն ժամանակ, «տարածաշրջանային նման սցենարի» լիակատար իրագործումն այսօր մեծ հարցականի տակ է։ Ներքին անկարգությունների հրահրման մեխանիզմը, իսկ եթե դա բավարար չլինի՝ նաև ոչ մեծ ռազմական արշավի կազմակերպումը՝ «ֆիզիկական հաշվեհարդարից ընդդիմության փրկության համար», արդյունքում ստանալով բոլոր իմաստներով անկում ապրող երկիր կամ էլ պարզապես տարածք պետության փոխարեն, չաշխատեց Սիրիայում։ Այդ երկրում արդեն երրորդ տարին է՝ համառ պատերազմ է ընթանում3։
«Առաջին բազմաբևեռ պատերազմը»
Մերձավորարևելյան գործընթացներն առաջին փուլում ընթանում էին միաբևեռ աշխարհի կանոններով. անգամ Իրաքի օկուպացիան կամ ռազմական միջամտությունը լիբիական գործերին լուրջ դիմադրության չհանդիպեց. առանձին երկրների (այդ թվում՝ հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների) առաջնորդների քննադատական արտահայտություններին կամ էլ ՄԱԿ արժեզրկված բանաձևերին միջազգային հանրությունն արդեն հասցրել է վարժվել։ Իրավիճակը փոխվեց Սիրիայում զարգացումներին համընթաց, որտեղ.
- Բաշար Ասադի կառավարությունը, հենվելով իշխանությունների հանդեպ հիմնականում լոյալ բազմազգ բնակչության վրա (նշենք, որ Սիրիան առհասարակ չկար վերոնշյալ Revolting-Index-ում), քաղաքական կամք դրսևորեց և սկսեց կոշտ պատասխան տալ զինված վարձկանների գործողություններին, որոնք ուղղված էին ոչ միայն իշխանությունների, այլ նաև խաղաղ բնակչության և կրոնադավանական փոքրամասնությունների դեմ։
- Վարձկանները (տարբեր գնահատականներով՝ զինյալների մեջ սիրիական քաղաքացիների թիվը մոտ 20% է) Սիրիա են գալիս տարածաշրջանային և անգամ ԱՊՀ երկրներից (մասնավորապես՝ Ադրբեջանից, Հյուսիսային Կովկասից և միջինասիական հանրապետություններից)։ Նրանց մեջ կան իսլամիստական տարբեր ահաբեկչական խմբավորումների (որոնցից առանձնանում են «Ալ-Քաիդան» և «Ջաբհաթ ան-Նուսրան») ներկայացուցիչներ։ Զինյալները սպառազինություն և նյութական օժանդակություն են ստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի կողմից։ Առանձնապես զգալի է աջակցությունը տարածաշրջանային երկրներից, առաջին հերթին՝ Թուրքիայից, Սաուդյան Արաբիայից և Կատարից։
- Իրադարձություններն Իրանի կարևոր դաշնակից Սիրիայում սկզբից ևեթ հստակ հակաիրանական ուղղվածություն են ունեցել և ընկալվել են որպես այդ երկրի դեմ պատժամիջոցների «ուժային հավելված»։ Բնական է, որ իրանական իշխանություններն սկսեցին ռազմական օգնություն ցուցաբերել Սիրիային (ինչպես տեխնիկայով, այնպես էլ էլիտար զորամասերի կամավորներով)։ Հատկանշական է նաև, որ Սիրիան օգնություն է ստանում իր անմիջական հարևաններից՝ Իրաքից (Իրաքի շիաների առաջնորդ Մոքթադա աս-Սադրի մարտական խմբավորումները) և լիբանանյան «Հիզբալլահից» (նրա հսկողության տակ գտնվող շրջաններից)։
- Իրանի հետ Սիրիայի տանդեմի գործունակությունը վստահություն հաղորդեց Ռուսաստանին և Չինաստանին՝ ավելի համառորեն պաշտպանելու իրենց ազգային և դրանով իսկ՝ սիրիամետ դիրքորոշումները միջազգային ասպարեզում։ Բայց գործը դիվանագիտությամբ չսահմանափակվեց. Ռուսաստանը և Չինաստանն օժանդակում են Սիրիային ինչպես ռազմատեխնիկայի մատակարարմամբ (հիմնականում՝ ռուսական, բավական է հիշել համեմատաբար վերջերս ձեռք բերված պայմանավորվածությունը $4-5 մլրդ-ի ավիացիոն և հրթիռային տեխնիկայի տրամադրման մասին), այնպես էլ տնտեսական առումով։
Այսպիսով, Սիրիայի շուրջ ծավալվող գործընթացներում անմիջականորեն ներգրավված են բազմաթիվ երկրներ, այդ երկրների հետ կապված (երբեմն էլ՝ ոչ այնքան) կրոնական, մարտական և ահաբեկչական կառույցներ։ Ներկա հակամարտությանը բնորոշ են Սառը պատերազմի տարիներին ընթացող լոկալ (տեղային) հակամարտությունների տարրերը. կողմերը լայնորեն կիրառում են դիվանագիտական, ռազմական, տեղեկատվա-հոգեբանական4, տնտեսական և ահաբեկչական ներգործության բոլոր հնարավոր միջոցները։ Սիրիայում առանձնապես ակտիվ են հատուկ ծառայությունները, որոնք իրենց առանձնահատուկ գործառույթները կատարում են տեղեկատվական-դիվերսիոն ոլորտում. մամուլում կարելի է հանդիպել տեղեկություններ մարտական գործողություններին թուրքական, ֆրանսիական և բրիտանական հատուկջոկատայինների և իրանական «հեղափոխության պահապանների» մասնակցության մասին վկայող բազմաթիվ փաստերի վերաբերյալ։
Այս ամենը թույլ է տալիս պնդել, որ սիրիական ճգնաժամը «գլոբալ» կարգավիճակ է ձեռք բերել։ Սիրիական պատերազմում պետք է կարևորել այն, որ Սառը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ ԱՊՀ սահմաններից դուրս «թեժ պատերազմի» ռեժիմով բախվեցին Ռուսաստանի և, մասնավորապես, ՆԱՏՕ երկրների շահերը։ Առանձին տարրերով Վիետնամական պատերազմը հիշեցնող այս հակամարտությունը կարելի է համարձակորեն անվանել «Առաջին բազմաբևեռ պատերազմ»։ Այս առնչությամբ նշենք հետևյալ հանգամանքը։
Չնայած ԱՄՆ-ն այսօր իր ռազմական հզորությամբ գերազանցում է մնացած բոլորին, սակայն գերտերության քաղաքական և տնտեսական հնարավորությունները նկատելիորեն սահմանափակվել են։ Այս փաստը համարժեք է ընկալվում Միացյալ Նահանգներում, և այն կառույցները, որոնք մշակում են ամերիկյան քաղաքականությունը, փորձում են օգտագործել իրենց արդեն «ժամանակավոր» գերազանցությունը՝ իրենց դիրքերը լավագույնս ամրապնդելու համար։ Սակայն վերջին հանգամանքը հաշվի են առնում նաև ԱՄՆ ընդդիմախոսները. նրանց ներկայիս «անհնազանդությունը» պայմանավորված է ոչ միայն գլոբալ բազմաբևեռ աշխարհակարգի փիլիսոփայությամբ, այլև որոշակի հաշվարկներով։ «Նոր Մերձավոր Արևելքը» «տուրբուլիզացված տարածքի» վերածելու ամերիկյան նախագիծը ենթադրում է ոչ միայն զրկել Ռուսաստանին և Չինաստանին կարևորագույն տարածաշրջաններից մեկում ռազմաքաղաքական ու տնտեսական լծակներից, այլև սպառնում է «վարակել» նաև այդ տերություններին։ Ուստի, նման պլաններին նրանց դիմակայությունն, ավելի շուտ, պայմանավորված է կենսական անհրաժեշտությամբ։ Սակայն պետք է հաշվի առնել, որ Ռուսաստան-Չինաստան-Իրան հարաբերությունները դեռ չեն վերաճել լայն ռազմաքաղաքական համագործակցության։ Այս առումով շատ ավելի շահավետ են թվում ԱՄՆ, Իսրայելի, նրանց եվրոպական ու տարածաշրջանային գործընկերների դիրքորոշումները, որոնց միջև տասնամյակների ընթացքում ռազմավարական գործընկերության հարուստ փորձ է կուտակվել և ձևավորվել է ընդհանուր քաղաքական մշակույթ։
Սիրիական հակամարտությունում կարևոր դեր խաղացող՝ վերը թվարկված գործոնների ցանկը կարելի է շարունակել։ Նման բազմաթիվ փոփոխականների պարագայում Սիրիայում պատերազմի հեռանկարների միանշանակ կանխատեսումը չափազանց դժվար է, գուցեև՝ անհնար։ Ակնհայտ է, որ հակասիրիական բլոկի երկրների ենթադրած արագ ռազմական հաղթանակը պատրանք էր։ Ռազմական առումով, փաստերը խոսում են այն մասին, որ կառավարական զորքերը և նրանց աջակցող տարածաշրջանային ուժերն առայժմ տիրում են նախաձեռնությանը և վարձկանները ցավագին պարտություններ են կրում։ Ահաբեկիչների կողմից գերյալների հանդեպ ահավոր բռնությունների մասին տեղեկատվության տարածումից հետո փոխվել է նաև ընդհանուր տեղեկատվական մթնոլորտը Սիրիայի շուրջ։
Կասկած չի հարուցում այն, որ ռազմական պարտությունը Սիրիայում առաջին հերթին կհեղինակազրկի ԱՄՆ-ին։ Ելնելով այս հանգամանքից՝ նախագահ Օբաման, գաղափարական առումով կրկնելով իրաքյան սադրանքային սցենարը, մեղադրել է սիրիական կառավարությանը քիմիական զենք կիրառելու մեջ և որոշում է ընդունել նվազագույնը «սահմանափակ հարվածներ» հասցնել Սիրիային։ Կանխատեսել այս նոր շրջադարձի բոլոր հետևանքները, մասնավորապես հաշվի առնելով պատերազմական գործողություններին Իրանի հնարավոր ներգրավումը, բավական բարդ է։ Նման պատերազմն, անշուշտ, կտրուկ կփոխի տարածաշրջանային (և գլոբալ) իրավիճակը։ Սակայն, անկախ այս կամ այն ռազմական սցենարից, սիրիական պատերազմի գլխավոր արդյունքն այն է, որ այդ հակամարտությունը կատալիզատոր հանդիսացավ բազմաբևեռ աշխարհակարգի ձևավորման գործընթացում։ Սիրիան յուրովի նախազգուշացում է ոչ միայն Իրանին, Ռուսաստանին ու Չինաստանին, այլ նաև, հնարավոր է, այլ երկրներին։ Եվ եթե այդ նախազգուշացումն ազդանշան հանդիսանա, օրինակ, Ռուսաստանի ու Չինաստանի մերձեցման համար (իսկ նման գործընթացի ուրվագծերն այսօր արդեն ինչ-որ չափով նկատվում են), ապա դա կասկածի տակ կդնի ԱՄՆ և նրա դաշնակիցների մեծ ռազմավարության կոռեկտությունը։ Բայց գործը դրանով չի սահմանափակվում։
Համաձայն որոշ սցենարային-կանխատեսական մշակումների5՝ ճգնաժամային երևույթները գլոբալ կառավարման արդի համակարգում կարող են հանգեցնել համաշխարհային տարածքի ֆրագմենտացման (հատվածայնացման) ըստ քաղաքակրթական կամ այլ հատկանիշների։ Ձևավորվող հատվածները՝ երկրների և ժողովուրդների ասոցիացիաները, փորձում են մեկուսանալ գլոբալացվող աշխարհից ու նրա կանոններից։ Ելնելով արդի իրողություններից, հաշվի առնելով վերաիսլամացման կայուն տարածաշրջանային միտումը՝ չպետք է բացառել, որ Մերձավոր Արևելքի երկրների զարգացումը կարող է տեղի ունենալ այս ուղղությամբ։ Բնական է, որ նման ընդարձակ և ռադիկալ գաղափարականացված Իսլամական աշխարհի ձևավորումը կարող է հանգեցնել «աշխարհաքաղաքական ճեղքվածքների» և դրանով իսկ՝ տարբեր տեսակի հակամարտությունների հավանականության աճի՝ քաղաքակրթությունների բախման տեսության ոգուն համապատասխան։ Իհարկե, չպետք է լիովին բացառել, որ արդի գլոբալ քաղտեխնոլոգների վերջնանպատակը Ռուսաստանի և Չինաստանի հարևանությամբ հենց նման «ֆրագմենտի» ստեղծումն է եղել։ Սակայն նման կազմավորումը, հաշվի առնելով նրա հասարակություններում տիրող հակաարևմտյան տրամադրությունները, ինչպես նաև միջուկային տեխնոլոգիաների համեմատական հասանելիությունը, խիստ պայթյունավտանգ է և կարող է ծանր հետևանքների վերածվել այդ նույն ԱՄՆ-ի, իսկ առավել ևս՝ նրա տարածաշրջանային դաշնակիցների համար։
Մինչդեռ, ապոկալիպտիկ սցենարներ սպասվում են ոչ միայն ապագայում։ Այսօր արդեն Մերձավոր Արևելքում տեղի է ունենում խոշոր հումանիտար աղետ։
Ցեղասպանություն՝ «վազող տողի» ռեժիմով
Մերձավոր Արևելքում խաղաղ բնակչության մեջ զոհերի և փախստականների թիվը հաշվելու փորձերը նախապես դատապարտված են անհաջողության. տարբեր աղբյուրների (ՄԱԿ, ՅՈՒՆԻՍԵՖ, տարածաշրջանի երկրների վիճակագրական ծառայություններ, խոշոր լրատվամիջոցներ, հեղինակավոր այնպիսի կազմակերպություններ, ինչպիսին են Costs of War Project-ը, Business Survey-ը, Associated Press-ը և այլն) ներկայացրած տվյալները հաճախ էապես տարբերվում են միմյանցից։ Եվ դա զարմանալի չէ. տարածաշրջանում տիրող քաոսում մարդկային կյանքը թանկ չի գնահատվում և հատուկ հաշվառման կարիք չունի։ Բայց փորձենք, մի կողմ նետելով, մեր կարծիքով, չափազանցված տվյալները և հենվելով նվազագույն թվերի վրա, մոտավոր պատկերացում կազմել մերձավորարևելյան գործընթացների մարդկային չափման մասին այն երկրներում, որոնցում մարտական գործողություններ են տեղի ունեցել։
Աղյուսակ
Այս տպավորիչ թվերը համեմատելի են Վիետնամում 1954-1975թթ. զոհված խաղաղ բնակիչների թվի հետ (մոտ 2 մլն մարդ), բայց այն տարբերությամբ, որ Հնդկաչինում որոշ իմաստով դասական պատերազմ էր ընթանում, որին մասնակցում էին նաև կանոնավոր զորքերը, իսկ ամերիկացիները քիմիական զենք էին կիրառում, զանգվածաբար ռմբակոծում էին բնակավայրերը և այլն։ Մինչդեռ Մերձավոր Արևելքում մարդիկ ոչնչանում են գլխավորապես տարածաշրջանի բնիկների գործողությունների հետևանքով։ Միևնույն ժամանակ, որակել այս իրողությունն իբրև քաղաքացիական պատերազմ՝ ճիշտ չէ, քանի որ խիստ ակտիվ է օտարերկրյա միջամտությունը։ Ըստ մեզ, այս պարագայում մենք գործ ունենք ցեղասպանության նոր ձևի հետ6։
Ըստ ՄԱԿ կոնվենցիայի՝ ցեղասպանություն են համարվում այն գործողությունները, որոնք «կատարվում են որևէ ազգային, էթնիկ, ցեղային կամ կրոնական խմբի լրիվ կամ մասնակի ոչնչացման մտադրությամբ»7։ Նման սահմանումը համապատասխանում է նաև նրան, ինչ տեղի է ունենում Մերձավոր Արևելքում։ Սակայն, ի տարբերություն պատմությանը հայտնի այլ դեպքերի, օրինակ՝ Թուրքիայում Հայոց ցեղասպանության կամ նացիստական Գերմանիայում հրեաների հոլոքոստի, սույն պարագայում խնդիրներ են ծագում կատարվող հանցագործության մեղավորների ինքնության հետ կապված։ Այստեղ ավելի շուտ հարկ է հիմք ընդունել ՄԱԿ կոնվենցիայի հետևյալ կետը, որի համաձայն՝ ցեղասպանություն է համարվում նաև «որևէ խմբի համար միտումնավոր կերպով կենսական այնպիսի պայմանների ստեղծումը, որոնք հաշվարկված են նրա լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման համար»։ Հնարավոր է, եթե հիմք ընդունենք արտաքին միջամտության վարկածը, ներկայիս մերձավորարևելյան քաղաքական ձևաչափի կոնստրուկտորներն ի սկզբանե նկատի չեն ունեցել մարդկանց զանգվածային ոչնչացումը։ Բայց երբեմն օգտակար է դատել ըստ արդյունքների։ Բնութագրական է նաև այս նոր ցեղասպանության «տեղեկատվական կերպարը»։ Երբ ահաբեկչական գործողության զոհ են դառնում մարաթոնյան վազքի մի քանի անմեղ վազորդներ և հանդիսատեսներ, դա գլոբալ քննարկումների թեմա է դառնում։ Իսկ Իրաքում կամ Սիրիայում ամեն օր տեղի ունեցող ահաբեկչությունները, որոնք ամեն օր հարյուրավոր մարդկանց կյանք են խլում, այսօր տեղեկատվական առումով հայտնվել են «վազող տողի» կարգավիճակում։
1 Հարությունյան Գ., Նոր Մերձավոր Արևելք. իրողություններ և հեռանկարներ, http://noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=6348.
2 http://www.rand.org/pubs/monographs/2007/RAND_MG%&$.pdf.
3 Հարությունյան Գ., Սիրիական պատերազմ. հնարավոր սցենարներ, http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=6762.
4 Տե՛ս, օրինակ, Акопян А., Приемы и способы информационно-психологического воздействия в информационном противоборстве воююших сторон в Сирии. Центр стратегических оценок и прогнозов, М., 2013, http://www.csef.ru/files/csef/articles/4445/4445.pdf
5 Global Governance 2025: At a Critical Juncture. National Intelligense Council, Europian Union Institute for Security Studies, September 2010, http://www.iss.europa.eu/uploads/media/Global_Governance_2025.pdf.
6 Հարությունյան Գ., Մերձավոր Արևելքում իրականացվում է ցեղասպանության նոր ձև, http://www.noravank.am/rus/articles/detail.php?ELEMENT_ID=7123
7 http://www.un.org/russian/documen/convents/genocide.htm.
Աղբյուրներ և գրականություն
1. Тер-Арутюнянц Г., Многополярная и асимметричная Холодная война. Вестник Академии Военных наук, #4(21), с. 23, 2007.
2. Дерлугьян Г., Внезапны, но иногда предсказуемы, Эксперт, #29(859), с. 60, 2013.
3. Zakaria F., The post-American World, N.Y.-L., W.W.Norton, 2008.
4. Параг Ханна, Второй мир, М., Изд-во «Европа», 2010.
5. Колин Крауч, «Пост - демократия», М., Издательский дом Государственного университета – Высшей школы экономики, 2010. Колин Крауч, Странная не - смерть неолиберализма, М., Издательский дом «Дело», 2012.
6. Арутюнян Г., Интернет структуры в контексте «постдемократии» и информационной безопасности, 21-й ВЕК, #4(16), с. 3, 2010.
7. Гриняев С., Поле битвы – киберпространство, Минск, Харвест, 2004.
8. Арутюнян Г., Распад «системы» и формирование будущего, Ереван: НОФ «Нораванк», 2011.
9. Мирзаян Г., Революция пошла вразнос, Эксперт, #27(858), с. 54, 2013.
դեպի ետ
Հեղինակի այլ նյութեր
- ԴԵՆ ՍՅԱՈՊԻՆ ԵՎ «ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԻ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆ»[27.12.2018]
- ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴԻՐԸ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆՈՒՄ[10.12.2018]
- ՄՈՍԿՎԱ-ԵՐԵՎԱՆ ՏԵՍԱԿԱՄՈՒՐՋ՝ «ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՐԱՏԱՊ ՀԱՐՑԵՐԸ»[27.11.2018]
- «ԳԱՂՈՒԹՆԵՐ», «ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ[20.11.2018]
- ԱՊԱԳԱՅԻՆ ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵԼՈՒ ԽՆԴԻՐԸ[08.10.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՏԱՊՈՒԹՅՈՒՆԸ[06.08.2018]
- ՀՈԳԵՎՈՐ-ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԴԱՇՆԱԿՑԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐԸ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ[23.07.2018]
- «ԲԱՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ԱԴԵԿՎԱՏ ԸՆԿԱԼՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ԳՈՐԾՈՆԸ[09.07.2018]
- «ՉԻՆԱԿԱՆ ՇԱԽՄԱՏ»[23.05.2018]
- ՖՐԱԳՄԵՆՏԱՑՎԱԾ ԿԱՄ «ՄԻՆՉՎԵՍՏՖԱԼՅԱՆ» ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳ[28.03.2018]
- ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «ԿԱՌԱՎԱՐԵԼԻ ՔԱՈՍԸ» ԱՍՏԻՃԱՆԱԲԱՐ ԿՐՈՆԱԿԱՆ ԵՐԱՆԳԱՎՈՐՈՒՄԸ ՓՈԽՈՒՄ Է ԷԹՆԻԿԱԿԱՆԻ[22.01.2018]