
ԶԼՄ ԼՍԱՐԱՆԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ. ՄԻՏՈՒՄՆԵՐ
«Նորավանք» ԳԿՀ Տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի փորձագետ
ԶԼՄ-ի հանդեպ լսարանի վստահությունն ակտուալ խնդիր է ինչպես ԶԼՄ ղեկավարների, այնպես էլ մեդիա-փորձագետների համար։ ԶԼՄ տարբեր տիպերի հանդեպ լսարանի վստահության ուսումնասիրություններն ինչպես արևմտյան երկրներում, այնպես էլ հետխորհրդային երկրներում գտնվում են ընդհանուր առմամբ նույն հոսանքի մեջ. ինտերնետի տարածման և ինտերնետ-լսարանի աճի համատեքստում ի հայտ են բերվում լսարանի դիրքորոշումներ, ԶԼՄ նախընտրության վրա ազդող գործոններ, վստահության միտումներ։ Տեղեկատվության ծավալի աճի, աղբյուրների բազմազանության արդյունքում վստահությունը հաղորդակցային միջոցի հանդեպ դառնում է առանցքային։
Տեսական մոտեցումներում ԶԼՄ-ի հանդեպ լսարանի վստահությունը հաճախ դիտարկվում է որպես դրա խորհրդանշական իշխանության ցուցանիշ։ Ռոջեր Սիլվերսթոունն առաջ է քաշում ԶԼՄ-ի հանդեպ վստահության իր մոտեցումը՝ հիմնվելով Էնթոնի Գիդենսի աշխատանքների վրա, որը պնդում է, որ մեր ամենօրյա կյանքը հիմնված է վստահության վրա։
Ըստ Սիլվերսթոունի՝ մենք «վստահում» ենք հեռուստատեսությանը (ՀՏ), որովհետև այն իրականացնում է «գոյաբանական ապահովության» պահանջմունքի բավարարում իր շարունակական հասանելիության և բովանդակության կրկնվող շրջապտույտների միջոցով1։ Սիլվերսթոունը հղում է կատարում Գիդենսի՝ «փորձագետների համակարգերի» կատեգորիային. այս համակարգերը միջնորդի դեր են խաղում մեր և այն ամենի միջև, ինչի մասին մենք չունենք հստակ կամ ուղղակի գիտելիք, բայց որոնք ազդում են մեր կյանքի վրա։ Այս իմաստով, Սիլվերսթոունը պնդում է, որ ՀՏ լուրերը գործում են որպես առանցքային ինստիտուտներ արտաքին աշխարհից եկող վախի, ռիսկի և վտանգի միջնորդավորման գործընթացներում2։
Հետաքրքիր է, որ այս տեսանկյունից ՀՏ-ն ընկալվում է որպես տեղեկատվության ավելի վստահելի աղբյուր, քանի որ այն, ի տարբերություն ռադիոյի և թերթերի, ունի վիզուալ միջնորդավորման հնարավորություն։
Հեղինակն ասում է, որ ընդհանուր առմամբ մենք պատրաստ ենք վստահել մեդիային, քանի որ այն «շրջանակ» է դեպի սոցիալական իրականություն։ Մեր վստահությունը մեդիային վերարտադրվում է ավտոմատ կերպով՝ առանց հղվելու այն գործոններին, որոնց բացահայտ դառնալու դեպքում կխաթարվի այդ վստահությունը3։ Նույնիսկ այն դեպքերում, երբ մեդիան ստվեր է գցում սոցիալական իրականության մի հատվածի վրա, մեր վստահությունը դրա հանդեպ շատ չի թուլանում, քանի որ մեդիայի շրջանակի միջոցով ստեղծվում է սոցիալական իրականության բնականության շղարշ։
Կարող ենք ասել, որ, ընդհանուր առմամբ, վստահությունը ԶԼՄ-ի հանդեպ հիմնվում է այն բանի վրա, որ մարդիկ ընդունում են մեդիայի՝ տեղեկատվության աղբյուր լինելու գերիշխող դերը, բնական են համարում դա։ Այս իմաստով կա վստահության մի հիմնարար մակարդակ, որը չի խաթարվում։ Մյուս կողմից, երբ խոսում ենք հասարակության որոշակի շերտի վստահության նվազման մասին, ստացվում է, որ հասարակության այդ հատվածը կասկածի տակ է դնում մեդիայի այդ «բնականության» դերը։
ԶԼՄ-ի հանդեպ վստահության փոփոխության միտումներն արտացոլվում են նաև մի շարք հետազոտություններում։ «Gallup»-ի 2012թ. իրականացրած հետազոտությունը ցույց է տալիս, որ ամերիկացիների անվստահությունը մեդիայի հանդեպ կտրուկ աճել է. հարցվողների 60%-ը չի վստահում ԶԼՄ-ին՝ որպես ամբողջական, ազնիվ, ճշմարիտ նորություններ հաղորդողի4։
«РИА Новости» հետազոտությունների կենտրոնի 2012թ. իրականացրած մեդիա-ուսումնասիրության համաձայն՝ ՀՏ-ին վստահում է հարցվողների 57%-ը (2010թ. վստահում էր 71%-ը)5։ Սրան զուգահեռ, աճում է վստահությունն ինտերնետի՝ որպես տեղեկատվական աղբյուրի հանդեպ։
Համաձայն ՀՌԿԿ (Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ) Հայաստանի կողմից 2011թ. իրականացված հետազոտության, ՀՏ-ին վստահում է հասարակության 54%-ը (չնայած ընթացիկ իրադարձությունների մասին տեղեկատվություն է ստանում 90%-ը6)։ Առցանց հրապարակումներին վստահում է հանրության 33%-ը, թերթերին և ռադիոյին՝ համապատասխանաբար 39% (տե՛ս Պատկեր 1)։
Եթե «Gallup»-ի հետազոտությունը չափել է վստահությունն ինստիտուցիոնալ մակարդակում՝ առհասարակ ԶԼՄ-ի հանդեպ, ապա ռուսաստանյան և հայաստանյան հետազոտությունները ցույց են տալիս վստահությունը ԶԼՄ տեսակների հանդեպ, որտեղ նկատելի է ընդհանուր միտում. աճող անվստահություն ՀՏ-ի և վստահության աճ առցանց լրատվամիջոցների հանդեպ։
Պատկեր 17
Հայաստանյան փորձագետների գնահատմամբ ևս, ՀՏ-ն ու տպագիր թերթերն աստիճանաբար ավելի քիչ վստահելի են դառնում հանրության համար՝ ի հակադրություն առցանց լրատվամիջոցների։
Առցանց լրատվամիջոցների հանդեպ վստահության ավելի մեծ աստիճանը հիմնականում պայմանավորված է նրանով, որ այդ դաշտը ձգտում է լինել բազմազան և ներկայանալ ավելի լայն լսարանի համար, փորձում բավարարել ավելի շատ պահանջմունքներ։ Բացի այդ, բազմազանության ապահովման ճկուն քաղաքականության արդյունքում դրա քաղաքական նպատակները քիչ շոշափելի են լսարանի համար։ Առցանց լրատվամիջոցներն ընդլայնվում են սոցիալական ցանցերի դաշտում, իսկ այստեղ հաճախ ավելի կարևոր են լուրը, նորությունը կիսող «հեղինակը», նրա անունը, քան այդ տեղեկատվությունը։ Մեդիա-փորձագետներից մեկի կարծիքով՝ վստահությունը հիմնվում է անձնային գործոնի վրա. «Եթե տեսնեմ, որ այս հոդվածն ինձ հետ ծանոթս է կիսել ու ես իրեն վստահում եմ, ես այն կկարդամ, եթե ոչ այդքան վստահելի մարդ է, ես հնարավոր է՝ չսեղմեմ դրա վրա։ Փոխվել են ինֆորմացիա ստանալու ձևերը»։
ՀՏ-ի, տպագիր թերթերի դեպքում լսարանը մեծ մասամբ գիտի, թե ում քաղաքական շահերն են դրանք սպասարկում, ովքեր են դրանց ղեկավարները։ Տպագիր թերթերի հանդեպ վստահությունը կառուցվում է՝ ելնելով դրանց քաղաքական ուղղվածությունից։
Ընդհանուր առմամբ, մեզանում մեդիայի հանդեպ վստահությունը որպես առանձին պրոբլեմ չի արտացոլվում։ Վստահությունը չափվում է առանձին մեդիա-տիպերի հանդեպ՝ ՀՏ-ի, թերթերի հանդեպ և այլն, սակայն ԶԼՄ-ի՝ որպես ինստիտուտի հանդեպ վստահությունը դեռևս չի ընկալվում որպես նշանակալի հիմնախնդիր։ Օրինակ, արտասահմանյան հետազոտություններում վստահությունը ԶԼՄ-ի հանդեպ ընդհանրական կատեգորիա է, որի մեջ մտնում է վստահությունն առանձին մեդիա-տիպերի հանդեպ՝ որպես լուրեր հաղորդողի, որպես նշանակալի ինստիուտի և այլն։ Մյուս կողմից, ի հայտ են բերվում նաև վստահության կամ անվստահության վրա ազդող գործոնները։ Այս իմաստով տեղեկատվությունն այն մասին, թե հասարակության որևէ տոկոս չի վստահում ՀՏ-ին կամ տպագիր մամուլին, խորքային իմաստով քիչ գիտելիք է տալիս պրոբլեմի մասին։
ԶԼՄ ղեկավարները վստահությունը չեն դիտարկում նաև գործընթացի տեսանկյունից, Հայաստանում դրան հասնելու ջանքերն առավելապես միանվագ են և սովորաբար հիմնվում են կոնկրետ լրագրողի՝ լսարանի կողմից վստահելի լինելու փաստի վրա։ Կարծում ենք, որ այս ոլորտում կարիք կա հետազոտությունների, որոնք ուղղված կլինեն հենց լսարանի վստահության չափմանը, վստահության-անվստահության պատճառները պարզելուն։
1 Couldry N., “The Place of Media Power: Pilgrims and Witnesses of the Media Age”, London, 2000, p. 50.
2 Նույն տեղում։
3 Նույն տեղում, էջ 51։
4 http://www.gallup.com/poll/157589/distrust-media-hits-new-high.aspx?utm_source=¬google&utm_¬medium=rss&utm_campaign=syndication
5 http://ria.ru/society/20130326/929117516.html
6 «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» հաշվետվություն, էջ 12, http://www.crrc.am/store/armedia/CRRC_ArMedia_2011_Presentation_Armenian.pdf
7 «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» հաշվետվությունն ամբողջությամբ տե՛ս http://www.crrc.am/store/armedia/CRRC_ArMedia_2011_Presentation_Armenian.pdf
«Գլոբուս» վերլուծական հանդես, թիվ 7, 2013
դեպի ետ