• am
  • ru
  • en
Версия для печати
17.05.2007

Մայիսի 19-ը Փոքրասիական Պոնտոսի հույների Հիշատակի օրն է

   

«Նորավանք» ԳԿՀ-ն ՌԴ Պետդումայի պատգամավոր Իվան Սավվիդիից ստացել է Հայաստանի հույներին ուղղված բաց նամակ-դիմում, որի տեքստը ներկայացված է ստորև։


Դիմում Հայաստանում բնակվող մեր հայրենակից հույներին՝ Փոքրասիական Պոնտոսի Հույների ցեղասպանության Հիշատակի օրվա կապակցությամբ

Սիրելի քույրեր և եղբայրներ

Մայիսի 19-ին հույն ժողովուրդը նշում է իր պատմության ողբերգական տարեթիվը։ Այսօր մենք սգում և ողբում ենք հիշատակը մեր հայրենակիցների, որոնք 1916-23թթ. թուրք դահիճների կողմից իրականացված անողոք եղեռնագործության զոհը դարձան։

Մեր հարյուր հազարավոր արյունակից եղբայրները, որ դարեր ի վեր ապրում էին Պոնտոսի բարեբեր տարածքներում, քշվեցին հարազատ վայրերից, գազանաբար տանջահար արվեցին, սպանվեցին։ Հույն ժողովրդին բաժին ընկան սովն ու ցուրտը, մահն ու հիվանդությունները, տարիներ տևած դեգերումներն ու զրկանքները։

Շատ ժամանակ է մեզ բաժանում այն տարիների իրադարձություններից, բայց այսօր էլ մենք ցավ ենք ապրում հրեշավոր եղեռնագործության զոհը դարձած մեր ժողովրդի համար։ Դա չպետք է մոռացվի։ Մենք՝ հույների ժամանակակից սերունդներս, պետք է աղոթենք Աստծուն և օրհնություն խնդրենք տանջանքներ կրած մեր ժողովրդի համար։

Մենք պարտավոր ենք ամեն ջանք գործադրել, որպեսզի Հույների ցեղասպանությունը ճանաչվի և՛ թուրքական կառավարության, և՛ միջազգային հանրության կողմից։ Արդարությունը պետք է հաղթանակի։ Մեզ համար դա պատվի հարց է։

Հիշատակի այս օրը եկեք խոնարհենք մեր գլուխները և մեկ րոպե լռությամբ հարգենք մեր անմեղ զոհերի հիշատակը։ Լույս լինի նրանց հիշատակը։

Միշտ իր ժողովրդին նվիրված՝
ՌԴ Պետդումայի պատգամավոր,
նախկին ԽՍՀՄ երկրների Ծայրամասերի համակարգող,
Ռուսաստանի հասարակական կազմակերպությունների
միության նախագահ Իվան Սավվիդի


դեպի ետ