
Միջազգային հանրությունը կարծում է` Չինաստանը մի օր կհասնի ԱՄՆ-ին, և դա ընդունելի է
Ս.թ. մայիսի 29-ին Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ) հանրությանը, փորձագետներին ու լրագրողներին փոխանցեց միջազգային առանցքային հարցերի հանդեպ համաշխարհային վերաբերմունքը վերլուծող ուսումնասիրության լույսի ներքո կառուցված ութերորդ զեկույցը: Չինաստանին եւ համաշխարհային հարաբերություններում վերջինիս դերին առնչվող այս նոր զեկույցի բացահայտումները «Համաշխարհային հարցերով Չիկագոյի խորհուրդ» եւ «Համաշխարհային հասարակական կարծիք» կազմակերպությունների կողմից ու աշխարհի` հարցումներ անցկացնող տարբեր կազմակերպությունների հետ համագործակցաբար անցկացված բազմազգ ուսումնասիրության մասն են կազմում: Համամոլորակային եւ հեղինակավոր հարցումներում Հայաստանը ներկայացրել է Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հանրային կարծիքի ուսումնասիրության ազգային ծառայությունը:
Բացման խոսքում ՌԱՀՀԿ հետազոտությունների ղեկավար Ստեփան Սաֆարյանը նշեց. «Չինաստանը Հայաստանի կողմից կարեւորվող երկիր է եւ, ըստ որոշ փորձագիտական գնահատականների, ռազմավարական նշանակության գործընկեր: Թեպետ ոչ գծային տեմպերով զարգացող այդ երկրի շարժընթացի կանխատեսումը դժվար է, սակայն կասկածից դուրս է գոնե նրա զարգացման որակական միտումների հաշվառման անհրաժեշտությունը: Համաշխարհային կարծիքի ուսումնասիրության արդյունքում կառուցված այս վերջին զեկույցը թույլ է տալիս այդ առումով որոշ եզրահանգումներ անել»:
Այնուհետեւ ՌԱՀՀԿ փորձագետ Սյուզաննա Բարսեղյանը ներկայացրեց բազմազգ հարցախույզի արդյունքները, որոնց համաձայն` համաշխարհային հանրության մեծամասնությունն այն կարծիքին է, որ Չինաստանի տնտեսությունը մի օր կհասնի ԱՄՆ-ի տնտեսությանը: Այս հեռանկարը չի անհանգստացնում հարցախույզի մասնակիցներին եւ, նույնիսկ, ամերիկացիներին:
Հարցմանը մասնակցած ոչ մի երկրի մեծամասնություն հակված չէ կարծելու, որ սա առավելապես բացասական է: Բոլոր երկրներում մեծամասնությունն այն կարծիքին է, որ այն կամ հավասարապես դրական ու բացասական է եւ կամ ավելի շատ դրական:
«Հատկապես զարմանալի է, որ, չնայած ԱՄՆ-ին հասնելու` Չինաստանի կառուցվածքային նշանակությանը, այս հարցի նկատմամբ համաշխարհային հանրության ընդհանուր արձագանքը համեստ է, գրեթե փիլիսոփայական»,- նշում է Համաշխարհային հասարակական կարծիքի խմբագիր Սթիվեն Քալը:
Նման արձագանքի պատճառը Չինաստանի նկատմամբ համատարած վստահությունը չէ: Համաշխարհային հանրությունը Չինաստանին չի վստահում ԱՄՆ-ից առավել եւ նկատելիորեն առավել քիչ, քան Ճապոնիային:
Համամոլորակային հարցախույզի արդյունքների վրա հիմնված զեկույցների թվում սա հինգերորդն է, որն անցկացվել է աշխարհի բնակչության 56 տոկոսը ներկայացնող երկրներում: Ոչ բոլոր հարցերն են տրվել բոլոր երկրներում:
Հարցմանը մասնակցած 15 երկրներից 13-ում Չինաստանի ապագա տնտեսական հեռանկարների մասին ամենատարածված պատասխանն այն էր, որ Չինաստանն, ի վերջո, պետք է հասնի ԱՄՆ-ին: Այդ կարծիքի համակիրն է ամերիկացիների 60 տոկոսը, ինչպես նաեւ այդ խնդրի շուրջ մեծապես աջակցություն է գրանցվել Պերուում (76%), Իսրայելում (75%), Ֆրանսիայում (69%), Իրանում (64%) եւ Ռուսաստանում (62%): Հարցմանը մասնակցած բոլոր երկրների միջին հաշվով 54 տոկոսն այդ կարծիքի աջակիցն է:
Հետաքրքրական է, որ չինացիները որոշակիորեն կասկած են տածում իրենց երկրի տնտեսական հեռանկարի նկատմամբ: Նրանց միայն 50 տոկոսն է կարծում, որ Չինաստանի տնտեսությունը պիտի հավասարվի ԱՄՆ-ի տնտեսությանը:
Համաշխարհային հանրությունը քիչ մտահոգություն է ցուցաբերում ի պատասխան այն հարցի, թե ինչպես են վերաբերվում Չինաստանի` ԱՄՆ-ին հավասարվելուն: Այս հարցմանը մասնակցած 13 երկրներից եւ ոչ մեկում շատերը նույնիսկ չեն կարծում, որ սա առավելապես բացասական կլինի:
Այս խնդրի շուրջ ամենամեծ անհանգստությունը ցուցաբերվում է ԱՄՆ-ում, որտեղ 1/3-ը մտահոգված է: Փոխարենը, սակայն, ամերիկացիների մեծամասնությունն (54%) ասում է, որ Չինաստանի տնտեսական վերելքը կլինի «ո՛չ դրական, ո՛չ բացասական», մինչդեռ մեկ այլ խումբ` 1/10-ը (9%) կարծում է, որ այն կլինի առավելապես դրական: Միայն մեկ երկրում` Իրանում, մեծամասնությունը (60%) այն կարծիքին է, որ Չինաստանի` ԱՄՆ-ին հասնելն առավելապես դրական կլինի:
Ռուսաստանում, որը կարող է Չինաստանը դիտել որպես ԱՄՆ-ին հակառակորդ եւ հակակշիռ, Չինաստանի վերելքի նկատմամբ դրական եւ բացասական կարծիքները գրեթե հավասար են:
Ընդհանուր առմամբ, հարցմանը մասնակցած բոլոր երկրներում ամենատարածված կարծիքն այն է, որ Չինաստանի` ԱՄՆ-ին հասնելը հավասարապես դրական եւ բացասական է: Միջին հաշվով, այս կարծիքին հարում է 32 տոկոսը, իսկ նրանք, ովքեր կարծում են, թե սա ավելի շատ դրական է (29%), գերազանցում են դրա` առավել բացասական լինելու կարծիքը հարողներին (20%):
Չինաստանի տնտեսության հնարավոր վերելքի նկատմամբ համաշխարհային հանրության դրական կարծիքը չի նշանակում, որ հանրության մեծամասնությունը հակված է վստահելու չինացի ղեկավարներին: Հարցմանը մասնակցած 15 հանրություններից 10-ն ասում է, որ նրանք Չինաստանի` «աշխարհում պատասխանատու դերակատարություն ունենալուն» չեն վստահում: Միջին հաշվով, նրանք, ովքեր ասում են, թե Չինաստանին չի կարելի «ընդհանրապես» կամ «շատ» վստահել, 52 տոկոս եւ 38 տոկոս հարաբերակցությամբ գերազանցում են նրանց, ըստ որոնց Չինաստանին կարելի է վստահել «որոշակիորեն» եւ կամ «շատ»: 10 տոկոսն այս հարցին չի պատասխանել:
«Չնայած, որ հանրությանը չի սպառնում Չինաստանի վերելքը, այնուամենայնիվ, նա չի ենթադրում, որ Չինաստանը կլինի կարեկցանքով լի նոր համաշխարհային ղեկավար: Նա հստակորեն տեսնում է, որ Չինաստանը մեծամասամբ գործում է իր շահերից ելնելով»,- ասում է Համաշխարհային հարցերով Չիկագոյի խորհրդի ուսումնասիրությունների գծով գործադիր տնօրեն Քրիսթոֆեր Ուիթնին:
Չինաստանի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի հանդեպ այս առումով վերաբերմունքը նույնն է, որին հարցմանը մասնակցած 15 երկրներից 10-ում նույնպես չեն վստահում: Նրանք, ովքեր ԱՄՆ-ին չեն վստահում, 53 տոկոս եւ 41 տոկոս հարաբերակցությամբ գերազանցում են ԱՄՆ-ին վստահողներին: 6 տոկոսն այս հարցին չի պատասխանել:
Բայց սա չի նշանակում, որ հանրությունը հիմնական ուժերին պարզապես չի վստահում: Էականորեն ավելի շատ վստահություն կա Ճապոնիայի նկատմամբ, որի` աշխարհում պատասխանատու դերակատարություն ունենալուն մեծապես վստահում են 16 երկրներից 10-ում: Միջին հաշվով, շատերը 46 տոկոս եւ 43 տոկոս հարաբերակցությամբ վստահում են Ճապոնիային: 11 տոկոսն այս հարցին չի պատասխանել:
www.acnis.amդեպի ետ