• am
  • ru
  • en
Версия для печати
14.12.2009

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ստել է Ֆրանսիայի խորհրդարանականներին՝ ջավախքահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանի գործի առնչությամբ

   

1.Yerkir (original)Երեւան,
11 դեկտեմբերի 2009թ.

2009թ. նոյեմբերի 25-ին Ֆրանսիա կատարած այցի շրջանակներում Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարցերով հանձնաժողովի անդամների հետ՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Վրաստանի արտգործնախարարին հարց է ուղղել նաեւ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր, Ֆրասիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար պրն Ֆրանսուա Ռոշբլանը՝ նախարարից խնդրելով պարզաբանել Վրաստանի հայաբնակ Ջավախքում տիրող իրավիճակը: Այդ կապակցությամբ նախարարի հատուկ ուշադրությունը հրավիրելով 2008թ. հուլիսին ձերբակալված Վահագն Չախալյանի դատավարության շուրջ ընթացող զարգացումներին՝ պատգամավորը, մասնավորապես, նշել է, որ ջավախքահայ քաղաքական գործիչը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման կասկածելի, եթե ոչ շինծու մեղադրանքներով, իսկ Վերաքննիչ դատարանը 15 րոպե խորհրդակցելուց հետո թողել է առաջին ատյանի վճիռն անփոփոխ: Պրն Ռոշբլանը տեղեկացրել է նախարարին, որ պայմանական ազատազրկման են դատապարտվել նաեւ Վահագն Չախալյանի հայրն ու եղբայրը, իսկ Վրաստանի արդարադատական համակարգը ոտնահարել է Ֆրանսիացի փաստաբան ունենալու պրն Չախալյանի իրավունքը: Պատգամավորը նաեւ նշել է, որ խնդրի վերաբերյալ տեղեկացված են Եվրախորհրդի համապատասխան կառույցները եւ անձամբ Եվրախորհրդի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար պրն Համմարբերգը:

Ի պատասխան պատգամավորի հարցին պրն Վաշաձեն ասել է, մասնավորապես, հետեւյալը. «Ձեր նշած Վրաստանի հայազգի քաղաքացին, ձերբակալվել է շատ լուրջ մեղադրանքների հիման վրա՝ նա տեղեկություններ էր փոխանցում երրորդ երկրին: Ես իրավունք չունեմ նշելու, թե որ… բայց Ձեզ եմ թողնում կռահություններ անելու իրավունքը: Դժբախտաբար, մեր օրենսդրությունը թույլ չի տալիս օտարերկրյա փաստաբանի մասնակցությունը դատավարությանը, բայց նա կարող է ընդգրկվել պաշտպանական խմբի մեջ որպես խորհրդական: Ի դեպ, պարոն Չախալյանը, որը բողոքարկել է վճիռը Գերագույն դատարանում, ունի տարբեր ծագման երկու-երեք փաստաբան: Հակառակ որոշ, հատկապես հայկական սփյուռի թեթերի ներկայացմանը՝ նրան դատում են ոչ թե նրա համար, որ նա հայ է, կամ պաշտպանում հայության իրավունքները, այլ այն պատճառով, որ նրա դեմ առաջ են քաշված լուրջ մեղադրանքներ: Եթե նա լիներ ազգությամբ վրացի, ապա նա կարժանանար նույն ճակատագրի»:

(Պրն Ռոշբլանի հարցը եւ Վրաստանի արտգործնախարարի պատասխանն ամբողջական տեքստը զետեղված է Ֆրասիայի խորհրդարանի պաշտոնական կայքում՝ http://www.assemblee-nationale.fr/13/cr-cafe/09-10/c0910019.asp):

Սույն հայտարարությանբ Վրաստանի արգործնախարար պրն Վաշաձեն ըստ էության փորձում է միտումնավոր ապատեղեկացնել Ֆրասիայի խորհրդարանի Արտաքին հարցերի հանձնաժողովի անդամներին եւ դրանց միջոցով՝ միջազգային հանրությանը:

Այսպես,

  1. Բացարձակ սուտ է պրն Վաշաձեյի այն պնդմումը, որ Վահագն Չախալյանն իբր մեղադրվում է «երրորդ երկիր տեղեկություններ փոխանցելու» մեջ: Իրականում Վահագն Չախալյանը դատապարտվել է իբր իր տանը վրացի հատուկջոկատայինների կողմից հայտնաբերված «զենք-զինամթերք պահելու», ինչպես նաեւ՝ «հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպելու», «ոստիկանության աշխատակցի նկատմամբ խուլիգանության» մեղադրանքներով: Վերջին մեղադրանքները հիմնված են բացառապես նրա՝ որպես ջավախքահայ քաղաքական գործիչ 2005-2006թթ. ծավալած քաղաքական գործունեությանն առնչվող իրողությունների խեղաթյուրման վրա: Ընդ որում, ձերբակալման պահին նրան, նրա հորն ու անչափահաս եղբորը առաջադրվել էր միայն մեկ՝ «զենք-զինամթերքի պահպանման» մեղադրանքը, իսկ այլ մեղադրանքները ավելացվել էին արդեն մեկնարկած դատավարության ընթացքում:
  2. Պրն Վաշաձեն «մոռանում» է նշել, որ մինչեւ 2009թ. հուլիսը Վրաստանում օրենսդրորեն արտոնված էր օտարերկրյա փաստաբանների մասնակցությունը երկրի ներսում ընթացող դատավարություններին, եւ Վահագն Չախալյանի համապատասխան դիմումից հետո՛ միայն Վրաստանի խորհրդարանը հապճեպորեն օրենք ընդունեց՝ հանելով այդ դրույթը օրենսդրությունից:

«Երկիր» միությունը, հիմնավոր կասկածներ ունենալով, որ Չախալյանի գործի վերաբերյալ նմանօրինակ խայտառակ ապատեղեկատվություն Վրաստանի արտգործնախարարությունը տարածում է եւ այլ համապատասխան հարթակներում, կոչ է անում ջավախքահայության խնդիրներով եւ ջավախքահայ քաղաքական գործչի ճակատագրով մտահոգված եվրոպական եւ միջազգային կառույցներին շարունակել հետեւողականորեն բարձրացնել խնդիրը վրացական պաշտոնյաների հետ տեղի ունեցող բոլոր շփումների ընթացքում:

«Երկիր» հայրենադարձության եւ հիմնավորման հասարակական կազմակերպությունների միություն
www.yerkir.org


դեպի ետ