• am
  • ru
  • en
Версия для печати
27.06.2005

Իրանի նախագահական ընտրությունների արդյունքների շուրջ

EnglishРуский

   

Հունիսի 26-ին հայտարարվեց Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) նախագահական ընտրությունների նախնական արդյունքների մասին։ Դրանցում հաղթանակ է տարել Մահմուդ Ահմադ Նեժադը։ Ընտրությունների արդյունքներն անսպասելի էին ոչ միայն նախագահի հիմնական թեկնածու, 71-ամյա Ա.Ա. Հաշեմի-Ռաֆսանջանիի, այլ նաև Իրանի ու Մեծ Մերձավոր Արևելքի տարածաշրջանի հարցերով զբաղվող մասնագետների մեծամասնության համար։

Քվեարկության նախօրեին թվում էր, թե նախագահական ընտրարշավի «հետնապահ» Նեժադը «ծանրքաշային» Հաշեմի-Ռաֆսանջանիի հետ պայքարում հաղթանակի հասնելու ոչ մի հնարավորություն չունի։ Ռաֆսանջանիի շուրջ հավաքվել էր Իրանի առաջադեմ մտավորականության, ինչպես նաև երիտասարդության զգալի մասը։ Այնուամենայնիվ, հաղթեց «սոցիալական պոպուլիստ» Նեժադը, որի գաղափարները շատ ավելի հոգեհարազատ էին իրանական հասարակությանը, քան պրագմատիկ և միլիոնատեր Ռաֆսանջանիի նախընտրական ծրագիրը։ Շատ լրատվամիջոցներ Նեժադին ներկայացրել են որպես ոչ պրոֆեսիոնալ քաղաքական գործիչ։ Դրանք այնքան էլ ճիշտ չեն արտացոլում Իրանի նոր նախագահի կենսագրությունը, որը ժամանակին մասնակցել է ամերիկյան դեսպանատան գրավմանը, իրանա-իրաքյան պատերազմի ժամանակ ծառայել է Իրանի հետախուզությունում, ինչպես նաև ղեկավարել է Արդեբիլ նահանգը և ԻԻՀ մայրաքաղաք Թեհրանը։

Ի՞նչ է սպասվում Իրանին նոր նախագահի օրոք։ Այս հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է նախ նշել այն հանգամանքը, որ Իրանի նախագահը պետության ղեկավարը չէ՝ այդ բառի բուն իմաստով։ Նրա դերն ու ազդեցությունը և, ամենակարևորը՝ իրավասությունները սահմանափակվում են բազմաթիվ նորմերով ու ինստիտուտներով։ Ամբողջ իշխանությունն Իրանում պատկանում է հոգևոր առաջնորդ, ռահբար Խամենեիին ու նրա մերձավոր համախոհներին՝ շիա հոգևորականության բարձրաստիճան ներկայացուցիչներին։ Այնպես որ, ընտրություններն իբրև «պահպանողական հեղափոխություն» և «արմատականների հաղթանակ» գնահատելն այնքան էլ ճիշտ չի արտացոլում իսլամական հանրապետությունում ստեղծված իրավիճակը։ Սակայն, միևնույն ժամանակ, նախագահն անմիջական ազդեցություն ունի երկրի քաղաքական որոշումների ընդունման ժամանակ՝ դրանով իսկ փաստորեն հանդիսանալով պետության երկրորդ դեմքը։

Կիրակի օրը Նեժադը հրավիրեց իր առաջին մամուլի ասուլիսը, որի ժամանակ արտահայտած մտքերը հիշեցնում էին Ռաֆսանջանի գաղափարները.

  1. Իրանը կշարժվի մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների պահպանման արդյունավետ համակարգի ստեղծման ուղղությամբ,
  2. Իրանը կջանա այսուհետ ևս բարելավել հարաբերությունները ԵՄ-ի հետ,
  3. Երկիրը կներգրավի օտարերկրյա ներդրումներ,
  4. ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավումը Իրանի նոր ղեկավարության արտաքին քաղաքականության որոշիչ ուղղությունը չի լինի,
  5. ԻԻՀ-ն կշարունակի խաղաղ միջուկային տեխնոլոգիաների յուրացումը։

Ինչ վերաբերում է Հաշեմի-Ռաֆսանջանիին, ապա նա, ավելի շուտ, կպահպանի ընդունվող որոշումների նպատակահարմարությունը որոշող խորհրդի նախագահի պաշտոնը և, ինչպես նախկինում, կշարունակի ազդեցիկ քաղաքական դեմք մնալ պետական կառավարման համակարգում։

Նեժադի արմատական նախագծերը (առանձին վերելակներ տղամարդկանց և կանանց համար, գունավոր գլխաշորերի արգելում և այլն) ամենայն հավանականությամբ կմնան չիրականացված, ինչպես նաև այն նախագծերը (մշակութային կենտրոնների փակում և դրանց փոխարեն հասարակական աղոթատեղիների ստեղծում և այլն), որոնք նա ժամանակին խոստացել էր իրականացնել Թեհրանում՝ քաղաքապետի պաշտոնը զբաղեցնելու պարագայում։ Միևնույն ժամանակ, Նեժադի հաղթանակը նշանավորում է, այսպես կոչված, բարեփոխիչների ճամբարի լիակատար պարտություն, որն սկսվել էր 2003թ. տեղական ինքնակառավարման մարմինների և 2004թ. խորհրդարանական ընտրություններում պահպանողականների տարած հաղթանակով։

Նեժադի հաղթանակով պահպանողականներն ավարտեցին իրենց ձեռքում պետական ողջ իշխանության համախմբման գործընթացը, ինչն էական ազդեցություն կունենա ինչպես Իրանի ներքին, այնպես էլ արտաքին քաղաքական իրավիճակի վրա։


դեպի ետ