04.03.2026ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ ՉԻ ՇՐՋԱՆՑԵԼՈՒ ՈՉ ՄԻ ԵՐԿՐԻ․ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԱՆՈՐՈՇՈՒԹՅՈՒՆԸ ՄԻՇՏ ՈՒՆԵՆՈՒՄ Է ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ. Մուազին՝ զգուշավոր չեզոքություն պահպանողներին
Չորրորդ օրն է` Մերձավոր Արևելքը հայտնվել է մի նոր և անկանխատեսելի իրականության մեջ։ Փետրվարի 28-ից ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից սկսված աննախադեպ, չհայտարարված ռազմական գործողությունը, որը թիրախավորեց Իրանի Իսլամական Հանրապետության բարձրագույն ղեկավարությանն ու ռազմավարական ենթակառուցվածքները, չորս օրվա ընթացքում վերածվեց տարածաշրջանային մասշտաբի բախման։
Այսօր, երբ փոխադարձ հրթիռային հարվածները շարունակվում են, ակնհայտ է դառնում մեկ բան՝ Վաշինգտոնի ակնկալած «արագ լուծումը» բախվել է Թեհրանի դիմադրությանը։ Վաշինգտոնը հայտարարում է պատերազմը մինչև անգամ 4-5 շաբաթ շարունակելու մասին, Իրանը հայտարարում է դիմադրելու և չբանակցելու որոշման մասին։
168․am-ի հետ զրույցում իրանցի քաղաքական վերլուծաբան Խայալ Մուազինն ասաց, որ ԱՄՆ-ն, տեղի տալով սիոնիստական ռեժիմի լոբբիստական ճնշումներին և քաղաքական շանտաժին, ներքաշվել է արկածախնդիր պատերազմի մեջ, իսկ ռազմական գործողությունների ընթացքն արդեն իսկ ցույց է տալիս՝ ԱՄՆ տարածաշրջանային գերիշխանությունը ճաք է տվել:
Նրա գնահատմամբ, նրանց ուժն այլևս չի ընկալվում՝ որպես բացարձակ և գերակայող:
«Եթե հակամարտությունը շարունակվի ներկայիս ձևաչափով, Միացյալ Նահանգները ստիպված կլինեն դուրս գալ դրանից՝ փորձելով փրկել սեփական դեմքը և աստիճանաբար կրճատել իրենց ռազմական ներկայությունը տարածաշրջանում:
Վաշինգտոնը հույս ուներ «բլիցկրիգի» (կայծակնային հաղթանակի) սցենար կիրառել, սակայն բախվեց ասիմետրիկ ռազմավարության, որը կործանում է նրա անձեռնմխելիության մասին առասպելը: «Սա այլևս սոսկ ահաբեկման գործողություն չէ, սա ազդեցության միաբևեռ մոդելի ապամոնտաժման սկիզբն է»,- գտնում է Մուազինը:
Հարցին՝ արդյոք ԱՄՆ-Իսրայել հարձակման առաջին ալիքի պատճառած ծանր հետևանքներից ու կորուստներից հետո իշխանության վակուում չի՞ առաջացել, վերլուծաբանը պատասխանեց՝ ոչ, համակարգը կառուցված է ոչ թե մեկ անձի, այլ գաղափարախոսության և ինստիտուցիոնալ հաջորդականության շուրջ:
«Իրանը տասնամյակներ շարունակ պատրաստվել է նման սցենարների: Ավելին՝ այաթոլլահ Խամենեիի կերպարն ի սկզբանե ընկալվել է՝ որպես դիմադրության խորհրդանիշ, և նրա հնարավոր նահատակությունը դիտարկվել է՝ որպես համախմբման, այլ ոչ թե տրոհման գործոն: Նմանատիպ հարվածները միայն ուժեղացնում են գաղափարական մոբիլիզացիան: Վակուումն առաջանում է այնտեղ, որտեղ չկա հայեցակարգ: Իրանում հայեցակարգը կա, և այն խոր արմատներ ունի: Համակարգը գլխատելու փորձը միայն ամրապնդեց դրա ներքին համախմբվածությունը»,- ասաց Մուազինը։
Նրա փոխանցմամբ՝ Թեհրանում տրամադրությունը ոչ թե վախն է, այլ ցասումը և վրեժի պահանջը: «Մարդիկ ամեն օր փողոց են դուրս գալիս՝ սատարելով պատերազմի շարունակությանը՝ մինչև ռազմավարական արդյունքի հասնելը: Հասարակությունը կապիտուլյացիոն տրամադրություններ չի դրսևորում:
Նույնիսկ նրանք, ովքեր դժգոհություններ ունեին ներքին քաղաքականությունից, արտաքին ագրեսիայի պայմաններում միավորվում են պետության շուրջ: Սա ազգային համախմբման դասական տրամաբանությունն է: Քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածելու միջոցով ներքին ապստամբություն հրահրելու փորձը ձախողվեց»,- ասաց Խայալ Մուազինը։
Անդրադառնալով միջազգային հանրության արձագանքներին, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության, վերլուծաբանն ասաց, որ Իրանը հիանալի վերլուծում է հարևանների վարքագիծը և հասկանում, թե ինչպիսի արտաքին ազդեցությունների տակ են նրանք գտնվում:
«Սակայն ազգային շահերը չպետք է զոհաբերվեն օտարի քաղաքական հաշվարկներին:
Տարածաշրջանային պատերազմը չի շրջանցելու ոչ մի երկրի: Նրանք, ովքեր այսօր փորձում են պահպանել զգուշավոր չեզոքություն, պետք է գիտակցեն՝ ռազմավարական անորոշությունը միշտ ունենում է հետևանքներ: Իրանը հարևաններից ակնկալում է պրագմատիզմ և այն գիտակցումը, որ իր կայունության խաթարումը շղթայական անկայունություն է ստեղծում ողջ տարածաշրջանի համար: Պատմությունը չի մոռանում նրանց, ովքեր վճռորոշ պահին ընտրություն չեն կատարել»,- ասաց Մուազինը։
Խոսելով պատերազմը 4-5 շաբաթ շարունակելու Թրամփի հայտարարությունից՝ Մուազինն ասաց, որ Թրամփը կարող է հնչեցնել ցանկացած հայտարարություն:
Մուազինը շեշտեց՝ Թրամփն է սկսել այս պատերազմը, բայց դրա դինամիկան որոշում է Իրանը, իսկ պատերազմն ավարտվում է այն ժամանակ, երբ կողմերից մեկն ի վիճակի չէ կրել քաղաքական և ռազմական ծախսերը:
Մուազինն արձանագրում է, որ ԱՄՆ-ը արդեն իսկ բախվում է կորուստների և ներքին ճնշումների: «Ամերիկացի զինվորների դիակների ընդունումը ոչ միայն ռազմական, այլև քաղաքական գործոն է: Թրամփը հույս ուներ կարճաժամկետ էֆեկտի և վարկանիշի աճի, սակայն բախվեց տևական դիմակայության, ինչը կարող է խարխլել նրա դիրքերը երկրի ներսում:
ԱՄՆ ռեսուրսները զգալի են, սակայն Իրանի տարածաշրջանային խորությունը, դաշնակցային ենթակառուցվածքները և մոբիլիզացիոն մոդելը բարդ միջավայր են ստեղծում ցանկացած տևական արշավի համար: Սա գործողություն չէ հեռավոր թատերաբեմում, այլ հակամարտություն մի գոտում, որտեղ Իրանն ունի ռազմավարական առավելություն՝ կայունության տեսանկյունից: Հարցն այն չէ, թե քանի շաբաթ է ԱՄՆ-ը պատրաստ պատերազմել, այլ այն, թե քանի շաբաթ նրանք պատրաստ կլինեն հանդուրժել քաղաքական և հեղինակության վնասը՝ առանց երաշխավորված արդյունքի»,- ասաց վերլուծաբան Խայալ Մուազինը Թեհրանից։
դեպի ետ