14.01.2026ԿԿԱՐՈՂԱՆԱ՞Ն ԻՐԱՆԸ ՔԱՆԴԵԼ. ՔԻՉ ՀԱՎԱՆԱԿԱՆ Է
Տարին, իհարկե, սկսվեց առանց նախաբանի, ծայրահեղ ծանր: Թե ինչ է դա նշանակում աշխարհի մասշտաբով, դեռ կհասնենք: Մինչ այդ, գլուխ հանենք Հայաստանի շուրջ ստեղծվող նոր իրողություններից:
ՆՈՐ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Բայց նախ մեկ գլխավոր փաստ ֆիքսենք: Այն, ինչ Թրամփն իրականացրեց Վենեսուելայում, եւ այն, ինչը խոստանում է անել այլ հատվածներում` Գրելանդիայում, Կուբայում, Մեքսիկայում, Իրանում եւ այլն, «պեչատեց» այն իրողությունը, որ աշխարհի կառավարման մոդելը, որը ստեղծվել էր 1945թ.-ին, անգամ այն մոդելը, որը փաստացի գործում էր ԽՍՀՄ-ի փլուզման արդյունքում, այս պահին գոյություն չունի: Ընդ որում, որեւէ նոր մոդել այս պահին դեռ չի ձեւավորվել: Այսինքն, պետք է ընդունել այն գլոբալ իրողությունը, որի մասին չհապաղեց խոսել նաեւ Իլհամ Ալիեւը: Այն է` աշխարհում տիրում է ուժի իշխանությունը. ուժեղ ես, ուրեմն «իրավունքն» էլ քո կողմն է:
Ալիեւի նման գնահատումը Հայաստանի համար արդեն իսկ լրջագույն մեսիջ է: Քաղաքական կուրս կոչվածը, որն առաջ էր տանում նիկոլյան թիմը, դրանով վերջնականապես զրոյանում է: Այսինքն, կկնքես Ալիեւի հետ «խաղաղության պայմանագիր», մեկի փոխարեն յոթը կկնքես, թե ոչ մեկը, դրանից խոշոր հաշվով ոչինչ չի փոխվում. եթե չկա որեւէ գործում համաշխարհային կառավարման համակարգ, միջազգային իրավունք եւ նման բաներ, ապա դա արդեն իսկ անպետք թուղթ է դարձնում ամեն մի միջազգային եւ միջպետական պայմանագիր, որոնց երաշխավորը պետք է որ հենց այդ միջազգային իրավունք կոչվածը լիներ:
Արդյունքում, Հայաստանի համար գերարդիական է դառնում հետեւյալ պարզ հարցադրումը. որքանո՞վ է մեր երկիրն ուժային առումով պաշտպանված: Սեփական միջոցներով, հասկանալի է, մեր պաշտպանունակությունն այս պահին, նիկոլական հայտնի կուրսի արդյունքում, «պլինտուսից ներքեւ» մակարդակի վրա է: Եվ այն, որ այդ մակարդակն էլ ավելի նվազեցվեց զինվորների ծառայության ժամկետը ¼-ով կրճատելու արդյունքում, մեծ հարց է` դիտավորությո՞ւն էր, թե՞ սովորական «դեբիլիզմ»:
ԱՐԵՎՄՈՒՏՔԸ ՄԵԶ ԷԼԻ ՉԻ ՕԳՆԻ
Հաջորդը. եթե սեփական պաշտպանունակությունը բավարար չէ, ո՞ւմ վրա կարող ենք հույսներս դնել, երբ հայաստանյան գործող իշխանությունները ցուցադրաբար մերժում են ռուսական գործոնը, այդ թվում` ՀԱՊԿ-ը: Սկսենք Եվրոպայից, որի ուղղությամբ այդքան սիրում են նայել հայաստանյան իշխանավորները: Թերեւս այն իրադարձությունները, որոնք ներկայումս ծավալվում են աշխարհում, ամեն մի ողջամիտ մարդու համար Եվրոպայից ինչ-որ բան ակնկալելը դարձնում է անիմաստ: Ու այստեղ հարցն այն չէ` Եվրոպան լա՞վն է, թե` վատը, մեզ շա՞տ է սիրում, թե` չի սիրում եւ նման բաներ: Ամեն բան շատ ավելի պարզ է. Եվրոպան ինքը ներկա պահին ունի պաշտպանության խնդիր, իսկ աշխարհաքաղաքական իմաստով վերածվել է ընդամենը իրադարձություններին հետեւող եւ ներքին տարաձայնությունների մեջ թաթախված կառույցի: Ավելի պարզ ասած, երբ Թրամփը բացահայտ խոսում է Գրելանդիան իրենով անելու ծրագրերի մասին, իսկ Եվրոպան վախեցած ինչ-որ անհոդաբաշխ պաշտպանական ծրագրերից է խոսում, ապա դա արդեն մեզ համար էլ է ցցուն ազդակ` ոչ մի ռեալ սպասելիք այդ ուղղությունից չենք կարող ունենալ:
Հաջորդը. կարո՞ղ ենք հույսներս ԱՄՆ-ի` Թրամփի վրա դնել, ով դեռ անցած տարվանից խոսում է Հայաստանում «միջանցք» ստեղծելու մասին, բայց այդպես էլ, ինչպես քանիցս ենթադրել ենք, որեւէ տեղաշարժ չկա: Ցանկության դեպքում, իհարկե, ԱՄՆ-ն կարող է Հայաստանի համար «տանիք» դառնալ: Ամբողջ հարցն այն է` կա՞ նման ցանկություն: Այս հարցը, իհարկե, շաղկապված է նաեւ այն իրադարձությունների հետ, որոնք այսօր ծավալվում են մեր պոտենցիալ հաջորդ անվտանգության երաշխավորի եւ հարեւանի մոտ` Իրանում:
ԻՆՉ Է ԿԱՏԱՐՎՈՒՄ ԻՐԱՆՈՒՄ
Այն, ինչը դեռ անցած տարեվերջից ծավալվում էր եւ այս տարվա առաջին օրերին կտրուկ թափ հավաքեց Իրանում, հասկանալի է, սովորական «գունավոր հեղափոխության» փորձ է: Ավելի ճիշտ, այս դեպքերը կարելի է համարել անցած տարվա իրանա-իսրայելյան պատերազմի «երկրորդ սերիան». չկարողացան Իրանը ուժով գրավել, հիմա փորձում են ներսից պայթեցնել:
Թերեւս դժվար չէ տեսնել, որ թեեւ Իրանի հետ կապված Թրամփը սկսել է առաջին պլանում հայտնվել, սակայն ներկա պահին դեռ միայն հռետորաբանության մակարդակով: Իսկ այն, որ հիմնական խաղն առաջ է տանում Իսրայելը, դա միանշանակ է: Ընդ որում, այս ընթացքում ջրի երես լողաց ամերիկյան հետախուզական ծառայությունների եզրակացությունը, որ Իրանում ներքին լարվածությունն այն մակարդակի վրա չէ, որ հնարավոր լինի հասնել իշխանափոխության: Բայց երբ դրանով հանդերձ «հեղափոխության կարմիր կոճակը» սեղմեցին, դա խոսում է այն մասին, որ Իսրայելն այս պահին առաջնորդվեց` «փորձենք, տեսնենք կստացվի՞» սկզբունքով: Իսկ դա ավելի շուտ բերում է այն մտքին, որ Թել Ավիվում կարծում են, որ այլ հնարավորություն կարող է այլեւս չլինել. եթե հիմա չանեն, ապա «հնարավորության պատուհանը» կարող է փակվել: Թրամփն էլ փորձեց իր հռետորաբանությամբ օգնել Նեթանյահուին, բայց դրանից այն կողմ կանցնի՞…
Ի սկզբանե այն տպավորությունն էր, որ իրանական իշխանությունները շփոթված են, եւ »հեղափոխականները» կարող են հաջողության շանսեր ունենալ: Առավել եւս, երբ կար Թրամփի հայտարարությունը, թե` «սկսեք ուժ կիրառել, ռազմական հարված կհասցնեմ»: Բայց մի կարճ պահ անց պաշտոնական Թեհրանը սկսեց ակտիվորեն գործել` անգամ ուշադրություն չդարձնելով Թրամփի հայտարարություններին: Առավել եւս, երբ ցուցադրական աջակցություն ստացավ ինչպես Պեկինից, այնպես էլ`Մոսկվայից: Արդյունքում, կան հարյուրավոր սպանվածներ, հազարավոր ձերբակալվածները, իսկ փողոց դուրս եկած զանգվածը կտրուկ նվազել է: Այս ֆոնին, քիչ հավանական է թվում, որ «հեղափոխությունը» կհաջողվի: Ավելին, սա ինչ-որ տեղ նույնիսկ ձեռնտու էր իրանական իշխանություններին. երկիրն այսպիսով եւս մեկ անգամ մաքրվեց այն արտաքին գործակալական ցանցից, որը, ինչպես պարզ դարձավ, անցած պատերազմից հետո դեռ լիովին չէր մաքրվել:
Հաջորդ ուղղությունն արտաքին միջամտության փորձերն էին, որը կազմակերպված էր քրդական ներխուժման տեսքով: Այստեղ եւս միանգամայն ուշագրավ, թեեւ քիչ տեսանելի փաստեր նկատվեցին: Նախ, իրանական աղբյուրները տեղեկացրին, որ քրդական ներխուժման փորձերը կանխվել են նաեւ Թուրքիայից եկած հետախուզական տվյալներից օգտվելով: Այն է`Անկարայում պարզ հասկանում են, որ եթե հանկարծ քրդական գործոնն ակտիվացավ եւ Իրանում հաջողություն գրանցեց, հաջորդ փուլը Քուրդիստանի հռչակումն է, որը շատ կարճ ժամանակ անց բերելու է նաեւ Թուրքիայի մասնատմանը: Այսինքն, չնայած թուրք-իրանական բազում հակասություններին, այնուամենայնիվ, այդ հիմնական վտանգի առաջ երկու երկրներն իրենց ի ցույց դրեցին` որպես բնական դաշնակիցներ: Թե ում դեմ, կարելի է հասկանալ ԱԳ նախարար Ֆիդանի հայտարարությունից, ըստ որի`Մոսադն ակտիվորեն օգտագործում է սոցիալական ցանցերը եւ առցանց հարթակները՝ Իրանի քաղաքացիներին կոչ անելով մասնակցել զանգվածային ապստամբությունների, վարչապետ Բենիամին Նեթանյահուն շահագրգռված է լայնածավալ տարածաշրջանային հակամարտություն սանձազերծելով: Վերջապես, Ֆիդանը նաեւ ընդգծել է. «Իսրայելը չի սրի ռազմական գործողությունները առանց Միացյալ Նահանգների ուղղակի աջակցության եւ հավանության»:
Խորքային իմաստը թերեւս պարզ է. Անկարան եւս, ինչպես եւ Թեհրանը, պարզ հասկանում են, որ Իսրայելն ԱՄՆ-ի այս կամ այն չափով աջակցությամբ «լայնածավալ տարածաշրջանային հակամարտություն է սանձազերծում», որի հետեւանքները կարող են ամենաողբերգական տեսքն ունենալ ինչպես Իրանի, այնպես էլ` Թուրքիայի համար: Ընդ որում, այս համատեքստում պետք է տեսնել նաեւ իրադարձությունները, որոնք իրանական իրադարձությունների ֆոնին ծավալվեցին նաեւ Սիրիայում:
Ու հիմա ամեն բան գալիս է նրան` Թրամփը կգնա՞ խաղադրույքի ծայրահեղ մեծացման` ռազմական հարված հասցնելով Իրանին: Թերեւս, սա մնում է քիչ հավանական տարբերակը: Նախ, այս դեպքում, եթե Իրանը ներսից չքանդեցին, ամեն բան կվերադառնա 12-օրյա պատերազմի սցենարին, որը ԱՄՆ-ն անգամ անհեռանկարային համարեց` շտապելով կանգնեցնել: Ու նույնիսկ միգուցե ավելի վատ լինի, հաշվի առնելով, որ այս ընթացքում Իրանը Չինաստանի եւ Ռուսաստանի հաշվին նկատելիորեն բարձրացրել է իր ռազմական պոտենցիալը: Այդ թվում` ավիացիոն եւ հակաօդային պաշտպանության մասով, որը լրջագույն խնդիր է իսրայելյան հիմնական հարվածային մեքենայի` ավիացիայի համար:
Երկրորդը. Թրամփն այս պահին կենտրոնացած է այլ միջազգային խնդիրների վրա, առջեւում էլ ունի Կոնգրեսի ընտրություններ, եւ այդ կառույցը կորցնելու տարբերակ կա: Այս իրավիճակում մտնել Իրանի դեմ ծանր պատերազմի մեջ, կարող է նաեւ ծանրագույն էֆեկտ ունենալ:
ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ
Այս իրավիճակում որքանո՞վ ԱՄՆ-ն կմտածի Հայաստանի մասին: Եթե գնա ամեն գնով Իրանը գրավելու տարբերակին, որը, կրկնենք, գոնե այս պահին քիչ հավանական է թվում, ապա այդ դեպքում Հայաստանը, որպես հակաիրանական պլացդարմ, կարող է Թրամփին հետաքրքրել: Չնայած, անգամ այդ տարբերակի դեպքում Ադրբեջանը, որպես Իսրայելի հավատարիմ ընկեր, շատ ավելի մեծ հետաքրքրություն է ներկայացնում իսրայելա-ամերիկյան տանդեմի համար: Այսինքն, Հայաստանի հետաքրքիր լինելը կարող է սահմանափակվել ընդամենը ադրբեջանական կցորդի դերում:
Բայց, կրկնենք, որ անգամ պատերազմի դեպքում մեծ հարց է` կկարողանա՞ իսրայելա-ամերիկյան տանդեմն Իրանը նվաճել: Եթե ոչ, ապա Իսրայելի օգտին բացահայտորեն խաղալը կարող է ծանր նստել ինչպես Ալիեւի, այնպես էլ`Նիկոլի վրա:
դեպի ետ