21.12.2025ԲԱՔՈՒՆ «ԳԱՂՏՆԱԶԵՐԾԵԼ Է» ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԲԵՆԶԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼՈՒ ՀԵՌԱՀԱՐ ՆՊԱՏԱԿԸ
Ադրբեջանական քարոզչամեքենան Բաքվի` Հայաստանին բենզին մատակարարելու որոշումը մաքուր աշխարհատնտեսական հաղթանակ է համարում: Այսինքն, ինչպես նշել է ադրբեջանական minval.az-ը, փորձ է արվում տարածաշրջանում նոր աշխարհատնտեսական իրավիճակ ստեղծել: Մասնավորապես, Բաքուն ուշադրություն է հրավիրում հանգամանքի վրա, որ «Հայաստանի համար ռազմավարական հնարավորություն է բացվում, որպեսզի աստիճանաբար նվազեցնի կախվածությունը ռուսական էներգակիրներից, և տարածաշրջանային տնտեսական հարաբերություններն այնպես կառուցի, որտեղ Ադրբեջանն առանցքային դեր կունենա»:
Բացի այս, ադրբեջանական կողմը նաև նշում է՝ հաշվի առնելով, որ մատակարարումը Ադրբեջանից Հայաստան է, ապա երկու երկրների միջև առաջին անգամ պաշտոնական առևտրաշրջանառություն կարձանագրվի՝ հօգուտ Ադրբեջանի բացարձակ դրական սալդոյով:
Ադրբեջանական լրատվամիջոցը նաև նշում է, որ АИ-95 մարկայի բենզինը ռազմական նշանակություն չունի, և նախատեսված է թեթև ավտոտրանսպորտի համար: Սա իր հերթին՝ ունի քաղաքական-հոգեբանական նշանակություն, և իբր շեշտում է Բաքվի խաղարար նպատակները և կոչված է «փոքրացնել» ադրբեջանական քայլերի հետևանքների շուրջ «քաղաքական սպեկուլյացիայի» տարածությունը:
«Իսկ ներքաղաքական առումով այս քայլը հավելյալ ամրացնում է Նիկոլ Փաշինյանի կառավարության դիրքերը, ով հետևողականորեն առաջ է մղում Բաքվի հետ հարաբերությունների կարգավորման և տարածաշրջանային պրագմատիկ ինտեգրացիայի քաղաքական կուրսը»,- շարունակում է minval.az-ը:
Բաքուն խոստանում է, որ եթե իրենց կողմից նախաձեռնվող տնտեսական քայլերը զարգացում և ինստիտուցիոնալ ամրագրում ունենան Հայաստանում, ապա պատրաստ են տնտեսական առավել ամուր և պրագմատիկ մոդելի հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ: Խոսքը, թերևս, գազի մատակարարման մասին է, ինչի վերաբերյալ արդեն ակնարկներ ադրբեջանական կողմից եղել են:
դեպի ետ