30.04.2026
ԻՆՉՊԵ՞Ս ՍՏՈՒԳԵԼ՝ ՁԵՐ ՀԱՍՑԵՈՒՄ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՅԼ ԱՆՁԻՆՔ ԿԱ՞Ն, ԹԵ՞ ՈՉ
Այս օրերին, եթե պատահմամբ նկատեք, որ ձեր տան վրա հաշվառված անձանց չեք ճանաչում, անպայման բարձրաձայնեք այդ մասին և դիմեք լիազոր մարմին․ նման ահազանգեր համացանցում արդեն իսկ կան․ մարդիկ պատահաբար պարզում են, որ իրենց հասցեում անձինք են գրանցված, որոնց չեն ճանաչում։ Նման դրվագներն առավել շատանում են հատկապես ընտրություններից առաջ։
Հիշեցնենք՝ անձը որևէ բնակելի տարածքի հասցեով կարող է հաշվառվել 2 եղանակով՝ բնակելի տարածքի սեփականատիրոջ կամ սեփականատերերի գրավոր համաձայնությամբ, կամ՝ փաստացի բնակության հիմունքներով։
Ինչպե՞ս ստուգել՝ ձեր բնակարանում կամ հասցեում հաշվառված այլ անձինք կա՞ն, թե՞ ոչ․ ստուգելու համար մտեք Հայաստանի Հանրապետություն Կենտրոնական Ընտրական Հանձնաժողովի կայքէջի ընտրողների ռեգիստր դաշտը, լրացրեք Ձեր անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը, հաստատեք, որ գործողություն կատարողը ռոբոտ չէ, ապա սեղմեք որոնել դաշտը։
Երբ կերևա Ձեր բնակարանի կամ տան հասցեն, սեղմեք վրան՝ տեսնելու, թե ովքեր են գրանցված Ձեր հասցեում։
Այլ անձանց հայտնաբերելու դեպքում դիմեք լիազոր մարմնին՝ վերջիններիս հաշվառումից հանելու պահանջով. Որևէ հաշվառում չի չեղարկվում/փոփոխվում, մինչև որ դրա վերաբերյալ գրավոր դիմում չի լինում կա՛մ հաշվառվողի, կա՛մ սեփականատիրոջ կողմից։