• am
  • ru
  • en
Версия для печати
28.08.2026

ԵԹԵ Ո՛Չ ԲԴԽ-Ն, Ո՛Չ ԱԱԾ-Ն, ԱՊԱ Ո՞Վ Է ՓԱՇԻՆՅԱՆԻՆ «ՀՈՒՇՈՒՄ»

   

Կառավարության հերթական նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն ի թիվս այլ թեմաների, անդրադարձել է 2008-2014 թթ․ Պետեկամուտների նախագահ, իսկ 2014-2016թթ․-երին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին։

«Գագիկ Խաչատրյանը դատվում է, դատավորը լկտիաբար այնքան է դատը հետաձգում, որ ինքը թոշակի գնա, ու ամբողջ իրավական պրոցեսը զրոյանա: Հիմա եթե հրահանգի հարց է, ապա ես դատաիրավական համակարգին ոչ թե հրահանգում, այլ պահանջում եմ, գնացե՛ք այդ դատավորին ու իր ազգականներին նայեք, ինչո՞վ են զբաղվում, կարո՞ղ է պարզվի, որ էլի տաղանդավոր բիզնեսմեններ են, ամեն մեկը միլիոնատեր եւ միլիարդատեր, բոլորի հետեւից գնալու ենք, պետք է բացատրություն տան», - շեշտել է Փաշինյանը։

Հիշեցնենք, որ Գագիկ Խաչատրյանի եւ նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի քրեական գործը դատարան էր ուղարկվել 2020 թվականին։ Այն մոտ 4-4,5 տարի քննվել է դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, սակայն մինչեւ նրա՝ 2024 թվականի հունիսին 65 տարին լրանալու պատճառով լիազորությունների դադարեցումը գործն, ըստ էության, ավարտված չի եղել։ Արդյունքում դատավարությունը պետք է սկսվեր նորից։

Գործը սկզբում մակագրվել է Տաթեւիկ Մուրադյանին, որն այն ուղարկել է Հակակոռուպցիոն դատարան, որտեղ քննությունը շարունակել է Գիվի Հովհաննիսյանը։ Այսպիսով, 2024-ին արդեն մոտ 4-4,5 տարի տեւած դատավարությունը փաստացի զրոյացվել եւ սկսվել է նոր կազմով։ 2024-ի սեպտեմբերին արդեն արձանագրվել էր, որ գործը նորից քննվում է, իսկ նիստերի ընթացքում առաջանում էին նաեւ նոր հետաձգումներ։

Թե արդյոք վերոնշյալ դատական գործով հետաձգումներում կարող էր լինել միտում եւ որ կառույցից են Նիկոլ Փաշինյանին հուշել այն ամենն, ինչը նա ուղղակիորեն, որպես մեղադրանք, հնչեցրեց լրագրողների հետ զրույցում, «Իրավունք»-ը փորձեց մեկնաբանություն ստանալ, Բարձրագույն դատական խորհրդից։ Սակայն, ԲԴԽ-ից հրաժարվեցին մեկնաբանել։

Ի դեպ, նկատենք, որ հիշյալ դատավորի հարցով ԲԴԽ-ում կարգապահական վարույթ հարուցված չէ։ Հետեւապես, եթե ԱԱԾ-ից էլ չեն գնացել այդ դատավորի հետեւից կամ, պարզապես, ինչ-ինչ փաստեր չեն տվել Փաշինյանի ձեռքը, թերեւս մնում է միակ վարկածն այն, որ վերջինս ուղիղ կապ ունի այլմոլորակայինների հետ, որոնք աղմկոտ կոմպրոմատներ են տալիս նրան, ինչի մասին ոչ ոք չգիտի։

www.iravunk.com


դեպի ետ