26.05.2026ՈՎ Է ԻՐԱԿԱՆՈՒՄ ՀԻԲՐԻԴԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ ՀՐԱՀՐՈՒՄ. ՀԱՅՏՆԻ «ԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ» ԹՈՒՐՔ-ԼՈՆԴՈՆՅԱՆ ՀԵՏՔԸ
Եթե չկա հիբրիդային պատերազմ, ուրեմն՝ պետք է կա՛մ արհեստականորեն ստեղծել այն, կա՛մ, պարզապես, հրահրել: Ինչո՞ւ, որովհետեւ դրա համար Եվրամիությունը պատրաստ է մեծ փողեր ծախսել: Տպավորություն է, որ հենց վերոնշյալ բանաձեւով է առաջնորդվում նիկոլական իշխանությունը, ում նախընտրական գործերը փողոցում ամենեւին խոստումնալից չեն, եթե չասենք՝ կատարյալ պռավալային են:
Դեռեւս անցած դեկտեմբերին Բրյուսելից նախ հայտնել էին, որ պատրաստվում են 12 միլիոն եվրոյի աջակցություն տրամադրել Երեւանին, որ օգնեն «ընտրություններին ընդառաջ հակահարված տալու ռուսական ապատեղեկատվության դեմ»։ Ավելի ուշ արդեն Եվրամիության արտգործնախարար Կայա Կալլասը հայտնել էր, որ հենց Երեւանն է դիմել աջակցության խնդրանքով: Հետո արդեն հայտնի դարձավ, որ Հայաստանում են եվրոպական «հիբրիդային արագ արձագանքման խմբեր»: Եվրոպացիները փողը տվել են, մարդիկ ուղարկել են բոլորին ի տես, բայց սա հիբրիդային պատերազմ ու Հայաստանի ներքին գործերին խառնվել չէ, ըստ եվրոպացիների ու նիկոլականների, այլ «հիբրիդային պատերազմի դեմ պայքար»:
Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքն ամենայն մանրամասնությամբ ներկայացրել է, թե իբր «Կովկասյան քրոնիկա» լրատվամիջոցի խմբագրական թիմը ձեռք է բերել փաստաթղթերի բացառիկ տրցակ, որոնք բացահայտում են Հայաստանում կայանալիք ընտրություններին քաղաքական միջամտության լայնածավալ ծրագրերը: Ձեռք բերված նյութերի համաձայն՝ այս գաղտնի արտահոսքի աղբյուրը եղել է գործող ռուս հետախուզական աշխատակցի բջջային հեռախոսը, որին հասանելիությունը հաջողությամբ ձեռք է բերվել:
«Այս փաստաթղթերը մանրամասն նկարագրում են ռուսական հատուկ նշանակության ուժերի ռազմավարությունները՝ սկսած քարոզչական մեթոդներից եւ գործող կառավարության վրա համակարգված հարձակումներից մինչեւ ռիսկերի եւ հնարավորությունների խոր վերլուծություն: Այս սցենարների հիմնական նպատակը Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար միջոցառումների ամբողջություն իրականացնելն է», - «գուժում է» Նիկոլի «ՀԺ»-ն ու «Կովկասյան քրոնիկա»-ն:
Ասեք, որ նախաբանը «բացահայտումների» սյուռ է: Ըստ նույն աղբյուրի, «ФСБ-իշնիկը» հեռախոսի մեծ գաղտնի տեղեկատվություն ներբեռնած փողոցում զվռնում էր, մեկ էլ հոպլյա՝ հեռախոսն ընկնում կորում է ու հայտնվում «Կովկասյան քրոնիկա»-յի խմբագրակազմի ձեռքը: Նման երեւակայություն համաձայնեք, որ ո՛չ Էմիր Կուստուրիցայի ֆիլմերում կգտնեք, ո՛չ էլ Դիանա Գրիգորյանի սերիալներում: Եթե ռուսական հետախուզությունն իրականում այս օրին լիներ Արեւմուտքը վաղուց էր Հյուսիսային արջին տիկ հանել:
Ինչեւէ, վերադառնանք կարեւորին. ի վերջո, այս ի՞նչ կայք է, որ բացահայտումներ է անում եւ որից հուզվում է բացառապես ամենայն հայոց սորոսական Դանիել Իոաննիսյանը:
Ուսումնասիրելով «Կովկասյան քրոնիկա»-ն՝ մեզ հաջողվեց պարզել, որ այս լրատվականն ունի երկու լրագրող, որից մեկը Վրաստանի Մառնեուլ քաղաքում ծնված թուրք է՝ Թեյմուր Մամեդովը: Եվ նա ապրում է Լոնդոնում, կրթություն ստացել է լոնդոնյան քաղաքական դպրոցներում: Ընդ որում՝ հրապարակված լուսանկարն էլ իրենը չէ, այլ արհեստական բանականությամբ ստեղծված:
Ընդհանրապես, սույն կայքը ստեղծվել է բոլորովին վերջերս՝ 2025 թվականին: Խմբագրական կազմի ամբողջական նկարագրություն, ֆինանսավորման աղբյուրներ կամ իրավաբանական տվյալներ չկան։ Իսկ ընդհանուր բնութագրով այն կարելի է համարել հակակրեմլյան հիբրիդային պատերազմի տեղեկատվական զենք, որի կիրառման փորձադաշտը Հայաստանն է:
Էլ ավելի զավեշտալի է, իբրեւ արտահոսած տեղեկատվության բովանդակության շարունակությունը, որում մասնավորապես ասվում է այն, ինչ հայ վերլուծաբանները, քաղաքագետներն ու քաղտեխնոլոգները ճղվում էին ասելով՝ դեռ մինչեւ նախընտրական քարոզարշավը. «...Ընդդիմությունը պետք է միավորվի մեկ, մեծ դաշինքի մեջ եւ այդպիսով մասնակցի 2026 թվականի ընտրություններին սերտորեն, ինչպես տեղի ունեցավ Վրաստանի 2012 թվականի խորհրդարանական ընտրություններում, որտեղ Սաակաշվիլիի կուսակցությունը ջախջախիչ պարտություն կրեց միլիարդատեր Իվանիշվիլիի գլխավորած միասնական ընդդիմությունից»։
Վերը ասվածն ավելի պատկերավոր դարձնելու համար կայքը Նիկոլ Փաշինյանին ներկայացնում է «թուրքամետ կեղծ Ռոբին Հուդ», գործարար Սամվել Կարապետյանին՝ «հայ Իվանիշվիլի»:
Խոշոր Դաշինքին հասարակության մեջ սրբազան կշիռ հաղորդելու համար ռազմավարագետներն, ըստ նույն աղբյուրի, առաջարկում են խաղալ կրոնական քարտի վրա՝ ամրապնդելով Կարապետյանի կերպարը «բանտարկված արքեպիսկոպոս Միքայելի» հետ դաշինքի միջոցով՝ ընտրողներին ցույց տալու «աշխարհիկ եւ հոգեւոր առաջնորդների միասնություն»։
Փաստորեն, ո՛չ խոշոր դաշինք ստեղծվեց, ո՛չ էլ Միքայել սրբազանի կերպարն օգտագործվեց այս քարոզարշավին, Էլ չասենք, թե ինչ մեծ սպասումներ կար իբրեւ Թեւանյան Անդրանիկի «Մայր Հայաստանից», այն էլ ձախողվել է դեռ Վաղարշապատի ՏԻՄ ընտրություններում: Ուրեմն՝ ի՞նչ է ստացվում, գուցե «ФСБ-իշնիկը», ումից ինֆորմացիա են կորզել, պարզապես, փողո՞ց է նետել հին ու այլեւս ոչ ակտուալ տեղեկատվական տրցակը:
Բայց, իհարկե, այս ամենը մի կողմ, հրապարակված նյութի վերջում հանրային տրամադրությունների վրա ազդող գործիչների ցանկը լրիվ ցնցող է: Շատ հարգելի ու իրենց փորձագիտական տեսակետներում միշտ օբյեկտիվ գտնված մարդկանց շարքում հայտնվել են նաեւ կիսնիկոլականներ, սորոսականներ, ի՞նչ տրամաբանությամբ, թերեւս միայն լոնդոններում սովոևած թուրք Մամեդովը կիմանա:
Ի դեպ, վերջերս ակտիվորեն լուրեր էին շրջանառվում, որ ԵՄ-ն ֆինանսավորում է նոր ռուսալեզու կայքերի ստեղծումը: Գուցե հիբրիդային ռազմիկները սկսել են «Կովկասյան քրոնիկա»-յի՞ց:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ