15.09.2026ՌՈՒՍԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ԵՐԵՎԱՆՈՒՄ. ՅԱՇԻՆԸ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՍԱԴՐԱՆՔԻ
ՌԴ իշխանությունների թունդ քննադատ, ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, ռուսական դատարանի կողմից դատապարտված եւ 2024 թվականի ռուս-արեւմտյան բանտարկյալների փոխանակման արդյունքում ազատ արձակված ԻԼՅԱ ՅԱՇԻՆԸ որոշել է Ռուսաստանի ներքաղաքական պայքարի հերթական բեմը դարձնել Երեւանը։
Հիշեցնենք, որ 2022 թվականին նրան դատապարտել էին 8 տարի 6 ամիս ազատազրկման՝ ռուսական բանակի վերաբերյալ «կեղծ տեղեկություններ» տարածելու մեղադրանքով։ 2024-ի օգոստոսին Յաշինը ազատ արձակվեց եւ դուրս բերվեց Ռուսաստանից։ Ըստ որոշ աղբյուրների՝ նա հանգրվանել էր Գերմանիայում՝ դառնալով Արեւմուտքի զենքերից մեկն ընդդեմ Ռուսաստանի։
Եվ ահա այժմ նրա քաղաքական երթուղու հերթական կանգառը Երեւանն է։ Սեպտեմբերի 20-ին Յաշինը պատրաստվում է գալ Հայաստան եւ Ռուսաստանի դեսպանատան մոտ գտնվող ընտրատեղամասում, իր բնորոշմամբ, «մեծ հակապատերազմական հերթ» կազմել։ Այս մասին նա հայտարարությամբ է հանդես եկել։
Սակայն այստեղ հարցն արդեն միայն Յաշինի քաղաքական հայացքները չեն։ Հարցն այն է՝ ո՞վ է նրան տվել Հայաստանի մայրաքաղաքում ռուսաստանյան ընտրական գործընթացի շուրջ քաղաքական ակցիա կազմակերպելու արտոնությունը, որ նա արդեն հրապարակավ հայտարարում է իր ծրագրերի մասին։
Եթե Երեւանի քաղաքապետարանը եւ ՀՀ ներքին գործերի նախարարությունը թույլատրեն Ռուսաստանի Պետդումայի ընտրության օրը՝ ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության մոտ, նման ակցիայի անցկացումը, ապա դա դժվար կլինի տեղավորել պարզապես «խոսքի ազատության» կամ «խաղաղության» կոչերի շրջանակում։ Այն կարող է վերածվել օտար պետության ընտրական գործընթացին ուղղակի քաղաքական միջամտության եւ ընտրողների բնականոն քվեարկությանը խոչընդոտելու վտանգավոր նախադեպի։
Առավել եւս, որ Յաշինը բացահայտ ասում է՝ ինչի համար է կազմակերպում այդ «հերթը»։ Նրա նպատակն է ցույց տալ Ռուսաստանի իշխանություններին, որ իրենց հակառակորդները շատ են։ Այսինքն՝ խոսքը ոչ թե սովորական ընտրական մասնակցության, այլ ընտրության օրը կազմակերպված քաղաքական ցուցադրության մասին է։
Եվ այստեղ հայաստանյան իշխանություններին պետք է տալ ընդամենը մեկ հարց. Հայաստանը Ռուսաստանի ներքաղաքական պայքարի հարթա՞կ է, թե՞ ինքնիշխան պետություն։ Մի բան է, երբ Հայաստանում բնակվող Ռուսաստանի քաղաքացին գնում է դեսպանատան ընտրատեղամաս եւ քվեարկում։ Բոլորովին այլ բան է, երբ օտարերկրյա քաղաքական գործիչը գալիս է Երեւան եւ մեկ այլ պետության ընտրության օրը կազմակերպում է քաղաքական ակցիա այդ պետության դիվանագիտական ներկայացուցչության մոտ։
Վերջին տարիներին Երեւանն արդեն դարձել է Ռուսաստանից հեռացած ընդդիմադիրների, ակտիվիստների, բանակից թռածների եւ քաղաքական խմբերի համար հարմար հավաքատեղի։ Եվ Հայաստանի իշխանությունը, կարծես, ամեն անգամ պատրաստ է դա ներկայացնել որպես ժողովրդավարության եւ ազատ խոսքի դրսեւորում։ Բայց ազատ խոսքի իրավունքը չի նշանակում, որ Հայաստանը պետք է վերածվի այլ պետության ներքաղաքական պայքարի հարթակի։
Եթե իշխանությունը թույլ է տալիս Յաշինի նախաձեռնությունը, ապա պարտավոր է նաեւ բացատրել՝ ինչո՞ւ է Հայաստանի տարածքում օտարերկրյա ընտրությունների դեմ քաղաքական ակցիայի անցկացումը համարվում ընդունելի։
Իսկ եթե Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է հերթական անգամ փորձել հաճոյանալ բոլոր կողմերին՝ Երեւանում Յաշինին ազատություն տալով, իսկ Մոսկվային զուգահեռ այլ ազդանշաններ ուղարկելով, ապա սա արդեն արտաքին քաղաքականություն չէ։ Սա քաղաքական աճպարարություն է։
Ընդ որում՝ այս հարցում Նիկոլ Փաշինյանի հետագա քայլերը կարող են շատ հետաքրքիր զարգացումներ ունենալ։ Չի բացառվում, որ Մոսկվա հերթական պաշտոնական այցից առաջ իշխանությունը փորձի այս պատմությունը որեւէ կերպ «կարգավորել»՝ Յաշինի հարցում ռուսական կողմին փոխզիջում առաջարկելով։ Ծայրահեղ տարբերակով՝ օրակարգում կարող է հայտնվել նույնիսկ նրա նկատմամբ ռուսական իրավապահների պահանջը բավարարելու կամ նրան Ռուսաստանին փոխանցելու հարցը։
Սա առայժմ քաղաքական վարկած է, ոչ թե՝ հաստատված փաստ։ Բայց Փաշինյանի իշխանության արտաքին քաղաքական շրջադարձերի պայմաններում այն ամբողջությամբ բացառել նույնպես դժվար է։ Սակայն, մի բան հստակ է՝ Երեւանը չպետք է վերածվի Ռուսաստանի ընտրությունների դեմ կազմակերպվող արեւմտյան քաղաքական ակցիայի բեմի։ Հակառակ դեպքում, վաղը նույն իշխանությունը դժվար թե կարողանա համոզիչ կերպով խոսել Հայաստանի ինքնիշխանության, չմիջամտելու եւ արտաքին քաղաքականության հետեւողականության մասին։
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ