01.09.2026«30 ՏԱՐԻ ԱՅԴՏԵՂ ԱՊՐԵԼ ԵՆ, ՀԻՄԱ ՈՐՈՇԵԼ ԵՆ ՔԱՆԴԵԼ». 11-ՀՈԳԱՆՈՑ ԸՆՏԱՆԻՔԸ ՄՆԱՑԵԼ Է ԴՐՍՈՒՄ. Ստեփանյան
Երեւանի քաղաքապետարանն՝ ի դեմս քաղաքապետ Տիգրան Ավինյանի, որոշել է քանդել ապօրինի շինությունները: Այս արտահայտությունը լսելուն պես անմիջապես պատկերացում է առաջանում, որ խոսքը վերաբերում է ապօրինի շինություններին, որոնք ծածկել են ողջ Երեւանը` խանգարելով երթեւեկությանը, ջրամատակարարմանը եւ այլն: Սակայն, օրը բացվելուն պես, տեսնում ենք` ինչպես են 11 անձից բաղկացած ընտանիքին ունեզրկում` թողնելով, բառի ամենուղիղ իմաստով, դրսում, քանդելով իրենց իսկ ձեռքով կառուցած տնակը: Ի դեպ, ընտանիքում ապրում են անչափահաս երեխաներ եւ երկու չափահաս տղա, որոնք ծառայում են ՀՀ բանակում: Ինչ ապագա է սպասվում բազմանդամ ընտանիքին, «Իրավունք»-ը պարզեց Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆԻՑ:
— Ինչպե՞ս տեսանք, Շենգավիթում քանդեցին մարդկանց տնակը, որտեղ ապրում են 11 անձով: Որպես ավագանու անդամ՝ ինչպե՞ս կմեկնաբանեք։
— Այստեղ տեղին է հիշեցնելը, որ ընտրությունները վերջացան, եւ սա այն ընտրություններն էին, որի քարոզարշավի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները երեւանցիներին ասում էին, թե՝ հպարտանում եւ խոնարհվում են նրանց առաջ՝ խոստանալով նորմալ ապագա: Ընտրությունները վերջացան, եկան հասան Շենգավիթ վարչական շրջան, իրենց սիրած չոլ տեղ, խուլ տեղ, որտեղ ոչ մեկի չէր խանգարում այդ տնակը։
Այս ընտանիքը 30 տարի ապրում է նույն տնակում: Իշխանությունը, երբ ներկայացնում է տներ, դղյակներ, այնտեղ նման կառույցներ չկան: Տնակ, որը այդ ընտանիքն այս տարիների ընթացքում բարեկարգել է՝ մի կերպ, իր ուժերով։ Հիմա մարդիկ հիշել են, որ այդ փոքրիկ տնակն ապօրինի է, ու որոշել են քանդել եւ 11 հոգանոց ընտանիքին դուրսը թողնել։ Կարծում եմ՝ մեկը պետք է Ավինյանին հիշեցնի, որ Երեւան քաղաքում 21 000 շինթույլտվություն է տվել՝ որտեղ պատահի, հաշվի չառնելով ո՛չ կոյուղի, ո՛չ ջուր, ո՛չ էլեկտրաէներգիա: Ամենուր բարձրահարկ շենքեր են կառուցվում, իսկ այդ դժգույն ու դժբախտ Շիրակի 47 հասցեում, չոլերի մեջ գտնվող տնակը, որը ոչ մեկին չի խանգարում՝ ուզում են քանդել: Դա ներկայիս իշխանության գործելաոճն է՝ միայն քանդել ու քանդել: Ուրիշ ոչ մի բան մի սպասեք իրենցից: Այս մարդիկ էլ իրենց 30 տարվա տնակն ուզում են պաշտպանել:
— Եվ իսկապես, քաղաքում սնկի նման աճում են շենքերը, դրան գումարած կան ապօրինի շինություններ: Որպես ավագանու անդամ՝ ի՞նչ եք պատրաստվում անել:
— Ամեն նիստին բարձրաձայնում ենք: Հավանաբար, այդ շենքերի տերերը որոշ մարդկանց հետ են կապակցված ու չեն կարողանում քանդել, իսկ սա հասարակ ընտանիք է, ո՛չ իրենց սիրած մեջքն ունի, ո՛չ` ծանոթությունը։ Գնացել են, ուժները պատում է հասարակ մարդկանց վրա։
— Ծանո՞թ եք ընտանիքին:
— Այո, ես այդ տնակի տեղն էլ լավ գիտեմ: Ժամանակին այդ հատվածը եղել է աղբանոց: Տվյալ մարդիկ իրենց ուժերով հավաքել, մաքրել են, մի փոքր տնակ են կարողացել իրենց համար կառուցել, ապրում են: Հիմա եկել մարդկանց 30 տարվա սարքած, պահած տունը քանդում են:
— Պարոն Ստեփանյան, փոխարենը ի՞նչ են առաջարկում։
— Ոչ մի բան: Մարդիկ դուրսն են մնալու։ Տանը կան անչափահա երեխաներ, ինչպես նաեւ տղաներ, որոնք ծառայում են հայկական բանակում։ Երեխաների սեպտեմբերի 1-ն այսպես շնորհավորեցին։ Սեպտեմբերի 8-ին ավագանու նիստ կա, եւ այս ընտանիքի հարցը պետք է բարձրաձայնել: Տեսնենք ինչ-որ բանով կարո՞ղ ենք օգնել: Բայց այդ ընտանիքը ոչինչ չի ուզում ու չի խնդրում: Միակ իրենց խնդրանքն այն է, որ թողնեն իրենք իրենց ստեղծած այդ փոքրիկ տնակում ապրեն։ Ինչո՞ւ չէին կարող այդ փոքրիկ տնակը, ՔՊ-ի ու Ավինյանի գլխավորությամբ, տային իրենց, որ մարդիկ հանգիստ ապրեին։ Կարելի էր, չէ՞։ Չնայած՝ հնարավոր է, որ այդ հատվածում ինչ-որ բան են ուզում կառուցել։ Հետաքրքիր կլինի, սպասենք, տեսնենք։
Նանա Սարգսյան
www.iravunk.com
դեպի ետ