10.08.2026ՆԵՐՔԻՆ ԱԳՐԵՍԻԱՅՈՎ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱՍՆԵԼ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ․ ԿԱՅԱՑԱՎ «ՄՆԱ» ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԱՌԱՋՆԱԽԱՂԸ
Ի՞նչ է տեղի ունենում, երբ հիշողությունը դադարում է վստահելի լինել, իսկ ճշմարտությունն ու սուտը փոխում են իրենց տեղերը։ Որտե՞ղ է ավարտվում խաբեությունն ու սկսվում ինքնախաբեությունը, եւ հնարավո՞ր է ներել նրան, ով քեզ խաբել է, հատկապես երբ նրա համար ամեն ինչ արդեն մոռացության է մատնված։ Այս հարցերն է առաջադրում «Մնա» («Մոռանալու նուրբ արվեստը») ներկայացումը, որի առաջնախաղը կայացավ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում։
Արմեն Վարդանյանի պիեսը՝ Սեդրակ Գոջամանյանի բեմադրությամբ, առաջին հայացքից պատմում է հոգեբույժի եւ հիշողության խանգարում ունեցող հիվանդի հանդիպման մասին։ Սակայն պատմությունն արագ վերածվում է սիրո, խաբեության, ներելու եւ մոռանալու մասին հոգեբանական խաղի, որտեղ հանդիսատեսը ստիպված է անընդհատ վերանայել իր ենթադրությունները։
Ինչպես նշեց Արմեն Վարդանյանը, այս տեսակ գործ դեռ ինքն ու Գոջամանյանը չէին արել, որտեղ անընդհատ բացահայտումների մեջ է հանդիսատեսը, իսկ դերասանը՝ տրանսֆորմացիայի, երբ բեմում զուգահեռ պետք է գժվի ու սիրային գիծ տանի։
Իրավիճակային կատակերգության, դետեկտիվի եւ հոգեբանական դրամայի սահմանագծին կառուցված ներկայացումը նաեւ նոր ստեղծագործական համագործակցությունների հարթակ է։ Բեմ են բարձրացել տիկտոկյան հարթակից հայտնի Մագա Հարությունյանն ու հեռուստատեսային հաղորդավար Սուրեն Փահլեւանյանը։ Ավետ Զոհրաբյանը, որին հանդիսատեսը ճանաչում է Կամերային թատրոնից եւ հեռուստաեթերից, առաջին անգամ է հանդես գալիս այս ստեղծագործական թիմի հետ՝ այն էլ մեծ բեմում։ Գլխավոր կերպարին՝ բժիշկ-հոգեբույժին, մարմնավորում է Վաչե Երիցյանը, իսկ Թամարա Պետրոսյանի եւ Գոջամանյանի համագործակցությունը շարունակվում է արդեն նոր երանգներով։
«Ամբողջ աշխարհում տենդենց կա, որ տիկտոկերներն աշխատում են դասական ռեպերտուարային կամ անտրիպրիզային ներկայացումներում»,- շեշտեց սցենարիստը։
Ի դեպ, ներկայացման կենտրոնում միայն հիշողության կորուստը չէ։ Բեմադրության գլխավոր հարցերից մեկն ավելի լայն է՝ ի՞նչն է մեզ ստիպում մնալ՝ սե՞րը, ներելու ցանկությո՞ւնը, անցյա՞լը, թե՞ այն հիշողությունները, որոնցից, որքան էլ փորձենք, չենք կարողանում ազատվել։
«ՈՒԹ ՏԱՐԻ Է ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԵՆ ԲՈԼՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄՆԵՐԸ»
Ըստ ռեժիսոր ՍԵԴՐԱԿ ԳՈՋԱՄԱՆՅԱՆԻ, մեկ-մեկ պետք է խոսել այնպիսի թեմաներից, որոնց մասին մարդիկ վախենում են խոսել ու փող չաշխատել։
— Սեդրակ, ներկայացման առաջնախաղից հետո ի՞նչ եք զգում, արդարացվեց որոշումը հենց այս թեմայի շուրջ խոսել հանդիսատեսի հետ։
— Արդեն պետք է խոսել, պետք է վեր բարձրացնել այսպիսի խնդիրներ, որովհետեւ մենք շատ ենք չարացել։ Երեւի, 8 տարի է, ինչ հիմնականում դավաճանության մասին են բոլոր ներկայացումները։ Դա խոսում է ինչ-որ բանի մասին։ Կապ չունի, թե որ քաղաքական կողմին հարող մարդիկ են ասում, բայց մի կեսը մյուս կեսին ասում է՝ «դավաճան», հետեւաբար դավաճանությունների մասին ներկայացումները շատ են։
Հիմա մենք ուզում ենք խոսել չչարանալու, մոռանալու մասին։ Մոռանալու մասին, որ իրար ինչեր ենք ասել, ինչեր ենք վիրավորել, որովհետեւ ցավը բերում է զայրույթ, զայրույթը բերում է վիրավորանք։ Մեր ազգը կարիք ունի խաղաղվելու։ Իհարկե, խաղաղությունն էլ ցանկալի երեւույթ է։ Բայց սկզբից պետք է խաղաղվել, որ հետո խաղաղություն ունենալ։ Ներքին ագրեսիայով չի կարելի հասնել խաղաղության։
— Սոցցանցային դեմքերին բերել թատրոն, դժվար ճանապարհ չէ՞ ռեժիսորի համար, ինչն, ի դեպ, Ձեզ մոտ առաջին անգամ չէ։
— Իսկապես, առաջին անգամ չէ։ Իրականում մեկ-մեկ մեր հասարակությունը տաղանդավոր մարդկանց հրում է մի տեղ, որն իրենցը չէ։ Դահլիճում էլ՝ հանդիսատեսի մեջ, ես մարդիկ էի տեսնում, որոնք եկել էին հետեւելու իրենց ինստագրամյան կամ տիկտոկյան դեմքի սոցցանցային գործունեությանը բեմում։ Ոմանք զարմացած էին, ոմանք նեղացած, որ ինչու դա չտեսան, իսկ այդպիսի մարդիկ սովորաբար ունեն 30 վայրկյանի տարողություն նայելու կամ լսելու ինչ-որ բան։ Բայց ես սրանով չեմ ուզում ինչ-որ մի տեղ արժեզրկել նրանց ճաշակը եւ այլն։
Մագան, ինչպես նաեւ եւս մի քանի այլ սոցցանցային դեմք շատ լավ դերասաններ կարող են լինել։ Կարծում եմ՝ Մագան այս ներկայացման մեջ արդարացրել է իրեն։ Ինձ շատ էին ասում, թե ռիսկային է։ Մինչդեռ նույնիսկ սկետչային համարներում, ակումբներում հանդես եկած մարդիկ են իմ ներկայացումներում խաղացել, բայց, այսպիսի դերասանական գիծը պահելու ունակություն չեմ տեսել իրենց մոտ ու փոխել եմ հաճախ։ Ինչ վերաբերում է Սուրենին, նա, առհասարակ, հետաքրքիր է թե՛ ֆիզիկական տվյալներով, թե՛ մտքով, թե՛ լեզվով, թե՛ ամեն ինչով։ Վաչեի Երիցյանի մասին, նույնիսկ խոսքերն ավելորդ են։ Տոման էլ արդեն դարձավ ռեկորդակիր իմ հետ համագործակցած դերասանների շարքում։ Ինձ համար հայտնություն էր Ավետ Զոհրաբյանը, որը Կամերային թատրոնից դուրս չէր խաղացել, կարծում եմ՝ հանդիսատեսը լավ ընդունեց։
«ՄԵՆՔ ԱՅԴՔԱՆ ԷԼ ԵՐԿԱԹԻՑ ՉԵՆՔ, ԱՎԵԼԻ ՇԱՏ ԷՄՈՑԻՈՆԱԼ ՄԱՐԴԻԿ ԵՆՔ»
Առաջնախաղից հետո՝ դերակատարներից ԹԱՄԱՐԱ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ մեզ հետ զրույցում հայտարարեց՝ այն լարվածությունը, որն ուներ մինչեւ ներկայացումը՝ հաղթահարված է։
— Հանդիսատեսն ամենաանկեղծ քննադատն է։ Առաջնախաղից հետո ի՞նչ զգացիք նրանց արձագանքներից։
— Բոլորը եկան, շնորհավորեցին։ Պետք է մի հատ քնել, զարթնել, հետո նոր հասկանալ, թե իրականում ինչ կատարվեց, որովհետեւ հիմա բոլորս տաք-տաք ենք, չենք զգում։ Չնայած՝ երկաթը տաք-տաք են ծեծում, բայց դե մենք այդքան էլ երկաթից չենք, ավելի շատ էմոցիոնալ մարդիկ ենք (ծիծաղում է, - հեղինակ)։
Հանդիսատեսը միշտ անկանխատեսելի է լինում, որովհետեւ երբ երկար ժամանակ փորձում ես դերդ, դու արդեն այնքան ես մեջը լինում, որ որոշակի առումով այդ ամենը քեզ համար նորմա է դառնում։ Մինչդեռ միշտ ցանկացած ներկայացման լիարժեք մասնիկ է հանդիսատեսը, ու մենք միշտ սպասում ենք իր արձագանքին։ Ու, ինչպես միշտ, հանդիսատեսն այնպիսի տեղերում էր ռեակցիա ցույց տալիս, որ չէինք սպասում։ Մտածում էինք՝ էս ի՞նչ արեցինք, ի՞նչ եղավ, որ այսպես եղավ։ Իրականում աջակցող ու լավ հանդիսատես էր։
Դե, պրեմիերային հանդիսատես է, բնականաբար, ունեինք դահլիճում շատ ընկերներ, որոնց զարմացնելն, ի դեպ, ավելի դժվար է։ Չէ որ քո ընկերները քեզ շատ ավելի լավ գիտեն, քան հանդիսատեսը։ Դրա համար ավելի դժվար է իրենց զարմացնելը, իսկ զարմացած արձագանքներ լսեցինք, ինչի համար ուրախ եմ։
— Կա՞ր այն զգացողությունը, որ ներկայացման ծանրությունն ինչ-որ չափով Ձեզ վրա է՝ հաշվի առնելով, որ Ձեր խաղընկներներից առնվազն երկուսն առաջին անգամ էին բեմում, իսկ Դուք սովոր եք։
— Գիտեք, անկեղծ եմ ասում՝ ես չզգացի։ Համենայնդեպս, այդ միտքը գլխումս չկար, որ իմ վրա է ծանրությունը կամ այն մարդկանց վրա, ովքեր արդեն փորձ ունեն, որովհետեւ Սուրենին էլ, Մագային էլ բրավո, իրենք այդ բեռը մեր վրա չեն դրել։ Ինչ իրենք պետք է անեին, «ֆուլ» արել էին։ Այնպես չի եղել, որ մեր դերից շեղվենք, իրենցով զբաղվենք, յուրաքանչյուրս կենտրոնացած էինք մեր անելիքի վրա։ Շատ լավ ստարտ էր Սուրենի ու Մագայի համար, տա Աստված, միշտ լավ դերեր ունենան։
— Մի գաղտնիք կբացե՞ք, Սեդրակն ասաց, որ Դուք ռեկորդային քանակությամբ եք իր բեմադրություններում խաղում։ Դերասաններն ի՞նչ պետք է անեն, որ հայտնվեն նրա ներկայացումներում։
— Դա, երեւի, Սեդրակից պետք է հարցնել առաջինը։ Իրականում նա այն ռեժիսորներից է, որն անընդհատ նորություններ է սիրում, ունի շատ մեծ երեւակայություն, ինչը ռեժիսորի համար ամենակարեւորն է։ Դրա համար իր հետ շատ հաճելի է աշխատելը, որովհետեւ ինքը նույնիսկ իմ մեջ, որ ինձ 10 մատի պես գիտի, ինչ-որ բաներ է բացահայտում, որից անգամ ես տեղյակ չեմ։
Նույնը վերաբերում է ուրիշ արտիստներ գտնելուն, ինքն այնպիսի բաներ է տեսնում, որոնց կողքով մենք բոլորս անտարբեր անցնում ենք։ Դրա համար էլ ինքն անընդհատ նոր մարդիկ է ներգրավում ներկայացումների մեջ։ Ճիշտ թարս մտածելու շատ լավ ունակություն ունի, այսինքն՝ շտամպերից, կաղապարներից դուրս է։
«ՈՐՏԵՂ ՍՊԱՍՈՒՄ ԷԻ, ԻՄ ՌԵՊԼԻԿԱՆԵՐԸ ՇԱՏ ՃԻՇՏ ՏԵՂԵՐՈՒՄ «ԿՐԱԿԵԼ Է»
Իսկ Երեւանի Կամերային թատրոնի եւ Հանրային հեռուստաընկերության կրկնօրինակման բաժնի դերասան ԱՎԵՏ ԶՈՀՐԱԲՅԱՆԻ համար նոր փորձառություն էր ստեղծագործական այսպիսի թիմի հետ աշխատելը։
— Նախ անդրադառնանք Ձեր կերպարին, որը սկզբում հիշողությունը կորցրած տղամարդ էր հանդիսատեսի համար, իսկ հետո՝ եղավ անսպասելի բացահայտումներ․․․
— Ինձ համար այս կերպարը, նախ եւ առաջ, առանձնանում էր նրանով, որ սա լրիվ նոր թատրոնում իմ առաջին փորձառությունն էր։ Այսինքն՝ մի տեղ, որտեղ ես առաջին անգամ էի խաղում ու բեմի, դահլիճի մեծությունն, ամեն ինչը նորություն էր։ Այդ իմաստով իմ համար սա շատ մեծ փորձառություն էր իմ շատ տաղանդավոր ընկերների հետ։ Ում չէի ճանաչում փորձերի ընթացքում արդեն ճանաչեցի, ում էլ ճանաչում էի, մեր ընկերական, դերասանական ընկերությունն ավելի ամրապնդվեց։ Շատ-շատ ուրախ եմ, որ միասին բեմ բարձրացանք։
Իսկ ինչ վերաբերում է դերին, պիտի ասեմ, որ շատ լավ է, որ ես իմ դերացանկի մեջ այսպիսի դեր ունեցա, որը վստահ եմ՝ տարբերվում է մնացածից ու նոր գույն է։ Ինձ, որպես դերասան, մարդիկ, ովքեր ճանաչում են, նոր ձեւով տեսնելու հնարավորություն կունենան։
— Առաջնախաղին դահլիճի արձագանքները ֆիքսեցի՞ք։ Ձեր կողմից սպասված տեղերո՞ւմ էր հանդիսատեսը ծիծաղից «պայթում»։
— Ընդհանրապես, առաջնախաղը, երկրորդ եւ երրորդ ներկայացումը, ունեն իրենց յուրահատուկ զգայական դաշտը։ Միշտ բոլոր դերասանները գիտեն, որ երկրորդ ներկայացումը «ձախողված» է։ Առաջնախաղին ընտանիքի անդամներն են, հարազատները, գուցե արձագանքը ավելի շատ, ավելի մեծ լինի։
Իրականում իմ համար, որպես Կամերային թատրոնի դերասան, այստեղ կար հեռավորություն հանդիսատեսի հետ։ Սկզբից հանդիսատեսին այդքան լավ չէի լսում, այն ինձ դժվար էր տրվում։ Բայց, բնականաբար, փորձերի ընթացքում դու գիտես հաստատ որտեղ կծիծաղեն, որտեղ հումորը ավելի լավ «կկրակի», որն այդքան լավ չի «կրակի»։ Այդ իմաստով, այնտեղ, որտեղ սպասում էի, համենայնդեպս, որպես դերասան, իմ ռեպլիկաները շատ ճիշտ տեղերում, իմ կարծիքով, «կրակել է»։
— Բայց արդեն հաղթահարե՞լ եք՝ մեծ բեմի հանդեպ ունեցած ներքին վախերը։
— Սկզբից, ճիշտն ասած, հենց մտա բեմ ու բուռն ծափահարություններ եղան, ինձ մի տեսակ 45 տարի բեմում արդեն գործող դերասան զգացի։ Բայց, դա մի պահ էր, որը եղավ ու անցավ։ Այնպես որ, կարելի է ասել, հաղթահարված է այդ վախը։
— Այսինքն՝ հետայսու կշարունակե՞ք նաեւ մեծ բեմերում հանդես գալ։
— Հուսամ՝ շարունակական կլինեն, համենայն դեպս, սա առաջին փորձն էր։
Հիշեցնենք, որ ներկայացման հաջորդ ցուցադրությունը տեղի կունենա օգոստոսի 26-ին՝ կրկին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում:
Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com
դեպի ետ