• am
  • ru
  • en
Версия для печати
24.07.2026

ՀԱՑ ՎԱՍՏԱԿԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆ ԱՆԳԱՄ ԴԱՐՁԱՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐԻ ՄԻ ՄԱՍ. Իսայան

   

Շարունակվում են ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործարանների, հիմնարկների վրա արշավները: Հերթը հասավ «Առինջ մոլ»-ին, որտեղ հավաքվել էին հարյուրավոր աշխատողներ եւ ուժային կառույցի ներկայացուցիչներ: Աշխատակիցները, ի նշան բողոքի, երեկ պատրաստվում էին դիմել կտրուկ միջոցների` ընդհուպ փակելով Աշտարակի խճուղին: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ԲՀԿ խմբակցության նախկին պատգամավոր ՇԱՔԵ ԻՍԱՅԱՆԻ հետ:

— Տիկին Իսայան, ինչպե՞ս կմեկնաբանեք կատարվածը։ Փաստորեն, հաշվեհարդարը միայն պարոն Ծառուկյանի հանդեպ չէ՞, այլ նաեւ՝ հասարակ քաղաքացո՞ւ։ Սկզբում փակեցին գործարաններ, որոնք բողոքի արդյունքում վերաբացվեցին, այնուհետ , Օլիմպիավան մարզաառողջարարական կենտրոնը, հերթը հասավ «Առինջ մոլ»-ին:

— Ցավոք սրտի, պիտի ասեմ, որ փաստացի 10 000 եւ ավելի մարդկանց առօրյա հաց վաստակելու իրավունքն անգամ դարձավ քաղաքական հաշվեհարդարի մի մաս։ Այսինքն՝ այն ամենը, ինչ տեղի էր ունեցել Գագիկ Ծառուկյանի շուրջ՝ ձերբակալությունը, հետո կալանավորումը եւ այլն, ըստ երեւույթին, դրա հրահանգ տվողների ախորժակն արժանվույնս չհագեցրեց:

Փաստացի ունենք իրավիճակ, երբ տասնյակ հազարավոր եւ ավելի քաղաքացիներ այսօր կանգնած են անորոշության առաջ։ Եվ երբ կառավարիչներից փորձում ես հասկանալ, թե ի՞նչ իրավիճակ է, իրավապահ մարմինները ի՞նչ առաջարկ են հնչեցնում այս մարդկանց, ի վերջո, երեք շաբաթ եւ ավելի առանց աշխատանք թողնելով՝ տիրում է լռություն: Հարց է ծագում, մեր քաղաքացիների, մարդու իրավունքները, աշխատողների իրավունքները ո՞վ է պաշտպանելու, ի՞նչ բացատրություն է տրվում կառավարիչներին:

Վերջիններս, ցավոք, որեւէ մեկնաբանություն չեն տալիս, որովհետեւ իրենք եւս անորոշության մեջ են ու չունեն որեւէ հիմնավոր բացատրություն։ Ինչպես այս օրերին տեսել ենք, բազմաթիվ հիմնարկների աշխատակիցներ իրենց բողոքի ակցիան են իրականացրել եւ պարզ հարց, թե ե՞րբ են իրենք կարողանալու աշխատանքի անցնել, չեն ստացել պատասխան:

Գիտեք, եթե ստուգումներ են անցկացվում, ապա ինչի՞ պիտի պարտադիր կապարակնքվեն հիմնարկների դռները։ Հիմա ո՞րն է պատճառը, երբ մարդիկ պիտի ստիպված լինեն այս ամբողջ պրոցեսի ընթացքում չաշխատել ու մի հատ էլ չհասկանան՝ ո՞րն է իրենց ճակատագիրը հետագայում: Փաստացի, դա որեւէ մեկին չի հետաքրքրում մեր երկրում։

Նանա Սարգսյան
www.iravunk.com


դեպի ետ