• am
  • ru
  • en
Версия для печати
18.07.2026

ԻՆՉՈՒ Է ԱԼԻԵՎԻ ՀԱՄԱՐ ՌՈՒՍԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐԻՑ ԴԱՌՆՈՒՄ ԿԱՐԵՎՈՐ

   

Ինչպես քանիցս տեղեկացրել ենք, վերջին ժամանակներս ռուսական ուժերն ակտիվ կրակի տակ են պահում ուկրաինական սեւծովյան նավահանգիստները` ենթակառուցվածքները, վառելիքային համակարգը, նավերը եւ այլն: Այդ համատեքստում, վերջերս խոցել էին Ադրբեջանի պետական նավթային ընկերության խոշոր բենզալցակայաններից մեկը: Նախօրեին էլ հայտնի դարձավ, որ ռուսները հարվածել են նաեւ դեպի Օդեսա գնացող նավին, որի անձնակազմում մեծ թվով ադրբեջանցիներ կային:

ԱԼԻԵՎԸ ԲԱՅՐԱՄՈՎԻՆ ՈՒՂԱՐԿԵՑ ՄՈՍԿՎԱ

Բենզալցակայանի խոցման պատմությունից հետո Ալիեւը թեեւ բավականին աղմկեց, սակայն, ի վերջո, հետեւեց Շուշիում հնչեցրած հայտարարությունը, թե` Եվրոպայի խորհրդից դուրս գալու ծրագրեր ունի: Նաեւ, որ. «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ռուսաստանի հետ հարաբերություններին... Մեր հարաբերությունները լիովին կարգավորվել են»: Ճիշտ է, միաժամանակ Հեյդարովիչը խոսեց նաեւ Ուկրաինայի «տարածքային ամբողջականությունը» պաշտպանելու մասին, եւ չբացառենք, որ ադրբեջանցի նավաստիներով նավին հարվածելը դրա հետեւանքն էր:

Իրավիճակն այս տպավորությունն էր առաջացնում: Ռուսները ցույց տվեցին, որ Ադրբեջանն այլեւս որեւէ իմունիտետ իրենց մոտ չունի: Ալիեւը սկսեց «երկու աթոռի» տարբերակով գործել` մի կողմից խոսելով ռուսների հետ «կարգավորված հարաբերություններից», մյուս կողմից էլ` Ուկրաինայի «տարածքային ամբողջականությունից»: Հետեւեց նավի հետ կապված պատմությունը: Եվ ահա, այս ամենից հետո Ալիեւը Բայրամովին ուղարկեց Մոսկվա` Լավրովի հետ հանդիպելու եւ «ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը եւ հեռանկարները, ինչպես նաեւ մի շարք հրատապ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր» քննարկելու համար:

Իհարկե, այստեղ կա այն հարցը, որ եթե «հարաբերությունները լիովին կարգավորվել են», այդ դեպքում ի՞նչ է նշանակում այդ կարգավորված « հարաբերությունների ներկա վիճակը» քննարկելը: Բայց եթե քննարկելու թեմա կա, ապա այս ամբողջ պատմությունը նման տեսք է ստանում: Ալիեւը, ըստ էության, իր հիշատակված հայտարարություններով համապատասխան մեսիջ հղեց Մոսկվային, որի պատասխան մեսիջն էր ադրբեջանական նավաստիներով նավի, ավելի կոնկրետ` ադրբեջանական բեռով նավի խոցումը: Այսինքն, որ Մոսկվան պատրաստ է լսել Ալիեւին, բայց առանց սովորական դարձած երկակի խաղերի: Այն է, Բաքուն պետք է վերջնականապես կողմնորոշվի. մեծ խաղի ներկա փուլում ո՞ր դիրքերում է` Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները պահելո՞ւ, թե՞, ինչպես ավելի վաղ էր հայտարարվել, Զելենսկու հետ ռազմաարդյունաբերական համալիր զարգացնելու: Ու երբ այս իրավիճակում Բայրամովը երեկ երկօրյա այցով մեկնեց Մոսկվա, դա նշանակում է, որ առնվազն քննարկելու թեմա կողմերը տեսնում են:

Թե ինչ արդյունքներ կլինեն, իհարկե, պաշտոնական հայտարարությունները քիչ բան են ասում. պետք է սպասել գործնական զարգացումներին: Բայց բուն փաստը, որ Ալիեւը դեռ միայն վերջերս Եվրոպայի եւ Ուկրաինայի հետ սերտ գործակցության ամենաջերմ կողմնակիցն էր եւ դրանից հետո որոշում է, որ իր «լավագույն ընկերը» Մոսկվան է, արդեն իսկ որոշակի մեսիջներ հղում է: Այսինքն, եթե տեւական ժամանակ Ադրբեջանը գնում էր ՌԴ–ի հետ հարաբերությունների հետեւողական կոշտացման ուղղությամբ, ընդ որում, դրա հիմքում դժվար էր չնկատել «բրիտանական ականջների» ներկայությունը, այդ ընթացքում գործնականում ուշադրություն չէր դարձվում այն բոլոր մեսիջներին, այդ թվում` գրեթե անթաքույց սպառնալիքներին, որոնք գալիս էին Մոսկվայից, ապա հիմա հենց այդ մոտեցումն է, որը, դեռ այսպես ասենք, հնարավոր է, որ փոխվի: Ավելի կոնկրետ, այն պահին, երբ Ալիեւը սկսեց խոսել Մոսկվայի հետ նախկին խնդիրները կարգավորված լինելու մասին, հենց դա էր ասում` ցանկանում է փոխել հին մոտեցումները: Եվ դա հենց այնպես, օդից չի ընկնում: Ամենահավանական եզրակացությունն այն է, որ Ալիեւը տեսել է մի իրավիճակային այնպիսի նշանակալի փոփոխություն, որը վտանգավոր կամ գոնե անցանկալի, ոչ շահեկան է դարձնում նախկին կոշտ կուրսը: Եվ Բայրամովի այցը Մոսկվա պետք է տեսնել հենց այդ համատեքստում: Այն է` Բաքուն առնվազն փորձում է միգուցե նախ այդկերպ իր պատկերացումները եւս մեկ անգամ ստուգել: Թերեւս ամենակարեւորը` հասկանալ, թե ինչ քաղաքական փոփոխություններ են պահանջվում եւ միգուցե նաեւ հասկանալ` իմաստ ունի՞ դրանց գնալ, պլյուսնե՞րն են ավելի շատ, թե` մինուսները: Չնայած, կարող է, որ այս բոլոր հաշվարկները Բաքվում արդեն կան, եւ այս այցը կոնկրետ առաջարկներ ներկայացնելու եւ պատասխաններ ստանալու իմաստով է:

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ԲԱՔՎԻՆ ԿԻԵՎԸ

Թե ինչն է Ալիեւին դրդում փոխել իր այդ երկարաժամկետ կուրսը մոսկովյան ուղղությամբ, կարելի է կռահել: Մի կողմից, նախ փաստն այն է, որ Մոսկվան նկատելիորեն բարձրացրել է էսկալացիոն մակարդակը ուկրաինական խաղատախտակին, որն Ադրբեջանը, իհարկե, չէր կարող չնկատել, քանի որ այն նաեւ հենց իր մաշկի վրա զգաց: Բացի այդ, երբ անգամ ուկրաինական հեղինակավոր աղբյուրներն են սկսել եզրակացություններ հայտնել, որ ամենամոտ ժամանակներս ուկրաինական նավահանգստային համակարգերը կարող են կորցնել իրենց ֆունկցիոնալությունը, ծովային ուղիները եւս դառնում են չափազանց վտանգավոր, դա եւս Ալիեւի համար պարզ մեսիջ է, որ Ուկրաինայում բիզնես ծավալելու, այդ թվում` ռազմաարդյունաբերական համալիրի տեսքով` Արեւմուտքից Ուկրաինային տրվող փողերից որոշ բաժին ունենալու հնարավորությունները, որոնք այս չորս պատերազմական տարիներին բավականին լավ աշխատում էին, հիմա դառնում են առնվազն մշուշոտ:

Բուն Ուկրաինայում եւ Զելենսկու շուրջ տիրող մթնոլորտը եւս պետք է որ Բաքվում մտածմունքներ առաջացնեն: Թեկուզեւ հաշվի առնելով վերջին սկանդալային փաստերը: Օրինակ, Մոնակոյում ուկրաինացի օլիգարխ Վադիմ Երմոլաեւի դեմ ահաբեկչական հարձակման այդպես էլ չհանդարտվող սկանդալը: Մահվանից փրկված Երմոլաեւը հիմա էլ հրապարակավ մեղադրում է ուկրաինական ԳՌՈՒ–ին` Ուկրաինայի Գլխավոր հետախուզական վարչությանը (ԳՀՎ)` այդ հարձակումը կազմակերպելու մեջ: Ընդ որում, շատ աղբյուրներ հաստատում են, որ գործով քննությունը եւս նույն մեխին է խփում, նաեւ այն, որ առանց համապատասխան թիկունքային ապահովման եւ հրահանգների օլիգարխը հազիվ թե գնար նման կտրուկ քայլի` հրապարակային բացահայտումների: Այսինքն, թեեւ այդ օպերացիան իրականացրած ԳՌՈՒ–ի գործակալ Անաստասիա Բերեզովսկայային Կիեւում լիկվիդացրին, սակայն հիմա մեղադրանքներն արդեն ուղղվում են հենց ԳՌՈՒ–ին: Ու թեեւ օլիգարխն ուղիղ մեղադրանք Զելենսկուն չի ուղղում, բայց դա ավելի վատ նշան է: Իմաստը սա է: Կա´մ ուկրաինական ԳՌՈՒ-ն այն կարգի է վերահսկողությունից դուրս եկել, որ արդեն բառացիորեն ահաբեկչական հարձակումներ է իրականացվում Մոնակոյում` Եվրոպայի ամենախաղաղ անկյուններից մեկում: Այդ դեպքում Զելենսկին պարզապես պարտավոր է մեղավորներին, այն է` ԳՌՈՒ-ի ղեկավարությանը բանտ ուղարկել: Եթե նման բան փորձի, հետեւանքները կարող են շատ ծանր լինել: Կա´մ էլ Զելենսկին պետք է անտեսի այդ մեղադրանքները: Սակայն այդ դեպքում դառնում է առնվազն Եվրոպայում ահաբեկչական հարձակում կազմակերպողների հովանավոր: Սա էլ իր խնդիրներն է առաջ բերում:

Ընդ որում, Զելենսկու համար եվրոպական ուղղությամբ նման սկանդալային պատմությունն ի հայտ եկավ ամենաանհարմար պահին: Այն է, այս օրերին նա ստիպված էր պատերազմի ընթացքում արդեն երրորդ անգամ փոխել վարչապետին եւ կառավարության կազմը: Ու հիմա մեծ աղմուկ է առաջացել մասնավորապես վեց ամիս առաջ նշանակված պաշտպանության նախարար Ֆեդորովի հետ կապված: Ֆեոդորովն այդպես էլ չէր լուծում մոբիլիզացիայի առանց այդ էլ ծայրահեղության հասած համակարգի գործունեությունն էլ ավելի սրելու խնդիրը, ինչը պահանջում էր Գլխավոր հրամանատար Սիրսկին` ճակատում ռեզերվների ծայրահեղ պակասի պատճառով: Ու Ֆեդորովի հեռացումը եւ նրան ՆԳ ղեկավար Կլիմենկովով փոխարինելն ընկալվեց, որպես երկրում մոբիլիզացիան ծայրահեղ սրելու նախերգանք, որը սկսել է աճող հանրային բողոքներ առաջացնել: Ու աղմուկն այնքան վտանգավոր տեսք ուներ, որ Կլիմենկովը հրաժարվեց այդ առաջարկից, եւ երեկ, թեեւ նշանակվեց ողջ կառավարության կազմը, սակայն պաշտպանության նախարարի հարցն այդպես էլ բաց մնաց: Իհարկե, այս հարցով կան նաեւ մի շարք այլ նյուանսներ, սակայն դա ուկրաինացիների գործն է: Բուն փաստն այստեղ այն է, որ այս իրավիճակը եւս մեկ անգամ է հաստատում, որ ուկրաինական բանակի մոտ ռեզերվների պակասի գերխնդիրն արդեն այն աստիճանի է հասել, որ դա նման ներքին սկանդալներ է առաջացնում:

Ու սա հենց այն պահին, երբ Զելենսկին եվրոպացիներին ամեն կերպ վստահեցրել է, թե այս–այս խնդիրները եթե լուծեք, մինչեւ աշուն Ռուսաստանում հեղափոխություն կսարքեմ: Եվրոպացիներն ամեն ինչ մոբիլիզացրին, բայց «հեղափոխության» հույսերը դեռ շատ թույլ են, ու փոխարենը ռուսներն են սրում ռազմական իրավիճակը, ուկրաինական ուժայիններն արդեն իրար են ուտում, իսկ Զելենսկին էլ Եվրոպայում ահաբեկչական հարձակումների կազմակերպիչի իմիջ է ձեռք բերում: Թրամփն էլ նոր պատերազմի մեջ է մտել եւ հիմա նրանից Ուկրաինայի համար օգնություն ստանալը պարզապես հնարավոր չէ: Մի խոսքով, եթե առաջիկա մեկ–երկու ամիսներին Ռուսաստանում «հեղափոխության» հարցը չլուծվի, Եվրոպան կարող է սկսել մտածել Ռուսաստանի հետ հարաբերությունները վերաբեռնելու մասին: Եվ այն, որ Կիեւ մեկնած Ֆիդանը, թերեւս հաշվի առնելով նաեւ Էրդողանի եւ Թրամփի վերջին հանդիպումը, առաջարկում է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների ծովային բաղադրիչը տալ Թուրքիային, դա արդեն ակնարկ է, որ պետք է սկսել ռուսների հետ պայմանավորվել:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Կարճ ասած, իրավիճակի խորքային փոփոխության ռեալ հեռանկարներ են երեւում, որն Ալիեւը, թերեւս, գնահատում է այնպես, որ մտածում է ռուսական ուղղությամբ փոփոխությունների մասին` եվրոպացիներից հետ չընկնելու համար: Թերեւս նաեւ հասկանալով, որ ուկրաինական պատերազմի ավարտվելու դեպքում իրեն նաեւ հիշեցնելու են, թե այդ ինչպես էին Ուկրաինայի անօդաչուները Ռուսաստանի տարածքին հարվածում Կասպից ծովից եւ ինչ ճանապարհով էին այնտեղ հայտնվում:

www.iravunk.com


դեպի ետ