28.06.2026ԾԱՅՐԱՀԵՂ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ՀՀ-ՈՒՄ, ՈՐՆ ԱՆՑԵԼ Է ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻԻ ՍԱՀՄԱՆԸ
Ինչպես արդեն գիտենք, Կառավարությունը հավանություն է տվել բջջային սարքավորումների IMEI կոդերի միասնական համակարգ ներդնելու օրենսդրական նախաձեռնությանը։ Թեև պաշտոնական մակարդակով այս քայլը հիմնավորվում է ստվերային շրջանառության դեմ պայքարով և հեռախոսների գողության դեպքերի կանխմամբ, փորձագիտական դաշտում սա որակվում է որպես քաղաքացիների նկատմամբ համատարած հսկողություն հաստատելու գործիք։
Ծրագրի համաձայն, ստեղծվելու է կենտրոնացված տվյալների բազա, որտեղ միմյանց կապակցվելու են քաղաքացու անձնագրային տվյալները, հեռախոսի անհատական ծածկագիրը և բոլոր ակտիվ հեռախոսահամարները։ Սա նշանակում է, որ իրավապահ մարմինները հնարավորություն կստանան ցանկացած պահի ճշգրիտ հետևել, թե կոնկրետ ով, ինչ սարքով և որ վայրում է միացել ցանցին, ինչը դուրս է գալիս զուտ հարկային վարչարարության շրջանակներից։
Այս ծրագիրը վտանգավոր է նաեւ տեխնիկական խոցելիությամբ։ Միլիոնավոր օգտատերերի տվյալներ ներառող նմանատիպ պետական շտեմարանները հաճախ չեն դիմանում ծանրաբեռնվածությանը և խափանվում են, ինչը կարող է հանգեցնել կապի համատարած անջատումների։ Բացի այդ, այն իրավունք է տալիս հավաքագրված տեղեկությունները «թվային ծառայությունների» տեսքով տրամադրել այլ պետական կառույցների կամ մասնավոր ընկերություններ: Ամենամեծ վտանգը, թերևս, կապված է կիբեռանվտանգության հետ։ Ողջ երկրի բնակչության անձնական և սարքավորումների տվյալների կենտրոնացումը մեկ վայրում դառնում է առաջնային թիրախ հաքերային հարձակումների համար։ Համակարգի հնարավոր կոտրման դեպքում հարվածի տակ է հայտնվելու յուրաքանչյուր քաղաքացիական անձի անվտանգությունը։
Այս հարցի շուրջ «Իրավունք»-ը զրուցել է Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ:
— Պարոն Մարտիրոսյան, կխնդրեմ որպես մասնագետ պատասխանեք, արդյոք սա չի ստացվում տոտալ վերահսկողություն քաղաքացու նկատմամբ:
— Սա տոտալ հետապնդում չէ, բայց մարդկանց հետևելու համար հեշտացնում է համակարգային մոտեցումը, որովհետև փաստացի սարքը կցվում է մարդուն և միասնական բազա ստեղծում, ինչը, բնականաբար, հեշտացնում է արդեն կոնկրե՛տ մարդկանց, կոնկրե՛տ հեռախոսներին հետևել։
— Այսինքն, ոչ միայն արդեն հեռախոսազանգերն են լսվելու, այլ նաև հետևելու են հեռախոսնե՞րը, թե տվյալ անձին պատկանող հեռախոսը քաղաքի ո՞ր մասում է գտնվում, ով ում հետ է հանդիպում եւ այլն։
— Դա հիմա էլ են կարողանում հետևել։ Հարցը կայանում է նրանում, որ հիմա, կոնկրետ հեռախոսը իդենտիֆիկացնեն, ճշտեն, թե որ հեռախոսը ում է պատկանում։ Դրա համար պետք էր դատարանի սանկցիա, որպեսզի, օրինակ՝ ոստիկանությունը կամ ԱԱԾ-ն, օպերատորից, այդ տվյալները ստանաին։ Իսկ այս տարբերակով լինում է միասնական բազա: Այսինքն սրանով իրենց գործը շատ ավելի կհեշտանա։ Հետեւապես, այս կերպ հետևելու համար, դատարան պետք չէ դիմել եւ որոշման սպասել։ Ի դեպ, այս պահին նկարագրված օրինագծում հենց այդպես էլ ստացվում է, որովհետև ստեղծվում է միասնական բազա: Այդ բազան ընդհանրապես տրվում է ինչ-որ երրորդ կողմ հանդիսացող կոմերցիոն ընկերության եւ այդ ընկերությունն էլ նույնիսկ թույլտվություն է ստանում, տվյալները նաև վաճառելու ուրիշ կոմերցիոն գործունեության համար: Այնպես որ, բնականաբար, գործը հեշտանում է։
— Եթե քաղաքացին չի ցանկանում իր հեռախոսները գրանցել, ի՞նչ է սպասվում այդ դեպքում։
— Հեռախոսը 30 օր աշխատում է, հետո, ուղղակի անջատվում: Այսինքն, չի անջատվում այն առումով, որ չմիանա, այլ պարզապես, բջջային կապին այլեւս չի կպնում:
— Իսկ տուրիստներն ի՞նչ անեն:
— Տուրիստը գալիս է, 30 օր իր համար ապրում է եւ 31-րդ օրը իր հեռախոսը անջատվում է: Հայաստան ժամանած անձը պետք է հատուկ գնա ու գրանցի իրա հեռախոսը։
— Պատկերացնո՞ւմ եք հերթերի քանակը, պատճառված անհարմարավետությունը...
— Իհարկե, բացի հերթից, չեմ կարծում, որ տուրիստը երազում է գալ ինչ-որ պետական կառույցների հետ շփման մեջ մտնել։ Դա իրեն բոլորովին պետք չէ:
— Կցանկանայի ներկայացնեիք այս օրենքից բխող վտանգների եւ առավելությունների մասին:
— Պետությանը տալիս է առավելություն, որ նա տեղեկություն ունենա բոլոր հեռախոսներից, որոնք աշխատում են ցանցում: Իմանա որ հեռախոսը ում է պատկանում եւ հեշտությամբ կարող է այն հետևել: Սա նաեւ հարմար միջոց է հեռախոսների հետ կապված մաքսանենգության հարցերը լուծելու։ Ինչ վերաբերում է հեռախոսների գողությանը ոմանք կարծում են, որ այն կհեշտացնի բացահայման ճանապարհը, բայց իրականում, ոչ: Որովհետև գողերը, սովորաբար, երբ Հայաստանում հեռախոս են գողանում, այն դուրս են հանում երկրից, որ վաճառեն: Այնպես, որ դա չի օգնի գողության բացահայտմանը։
— Որևիցե այլ պետությունում նման օրենք գործո՞ւմ է։
— Այո, մոտ 25 պետություններում գործում է նման օրենք: Այսօրվանից նաև մեր բոլորիս կողմից սիրված Ռուսաստանի Դաշնությունում։ Գործում է՝ Ադրբեջանում , Թուրքիայում , Ուզբեկստանում, Տաջիկիստանում, Չիլիում, Կոլումմբիայում։ Եվրամիությունում, օրինակ, սա տարածված միջոց չէ։
Նանա Սարգսյան
www.iravunk.com
դեպի ետ