02.06.2026ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏԵՐԱԶՄ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ
Նիկոլ Փաշինյանը ոչնչի առջև կանգ չի առնում՝ իր արտաքին հովանավորներին հաճոյանալու համար։ Պատրաստ է մինչև վերջ վատություն անել Հայաստանին ու հայ ժողովրդին։ Ինքնիշխանության քողի տակ կործանում է երկրի տնտեսությունը՝ թքած ունենալով հետևանքների վրա։
Այնպիսի մարտահրավերներ է ստեղծել, որոնք սպառնում են պայթեցնել տնտեսությունն ու ժողովրդին կանգնեցնել հերթական ծանր փորձությունների առաջ։
Աստիճանաբար ուրվագծվում են այն ցուրտ ձմեռները, որոնք Նիկոլ Փաշինյանի արտաքին հովանավորները խոստանում էին Հայաստանին ու հայ ժողովրդին։ Ռուսական գազի մատակարարման պայմանների վերանայումը, որի շուրջ խոսակցություններն այլևս զուտ խոսակցություններ չեն, սպառնում են կաթվածահար անել Հայաստանի ոչ միայն էներգետիկ համակարգը, այլև ամբողջ տնտեսությունը։ Նիկոլ Փաշինյանի այն հաթաթաները, որ՝ գազը կտրեք՝ մենք մերը կունենանք, հերթական ծաղն է ժողովրդի հանդեպ։ Հայաստանը սեփական գազ չունի ու չի կարող ունենալ։
Հույսեր կապել նրան հետ, որ օրերից մի օր «Թրամփի ուղով» գազատար կկառուցվի ու դրանից Հայաստանը կվերցնի իր փայը, ծիծաղելի է։ Ժողովուրդն ու տնտեսությունը չի կարող տարիներ սպասել, մինչև այդպիսի գազատար կանցնի Հայաստանով։ Այն էլ դեռ հարց է՝ կանցնի՞, թե՞ չի անցնի։ Ոչ մեկի աչքերը չեն սառել՝ Հայաստանին «սեփական գազով» ապահովել։
Եթե անգամ հաջողվի փոխարինող թանկ գազ գնել, տնտեսությունը չի դիմանա դրա ծանրաբեռնվածությանը։ Առավել ևս, երբ կորցնի իրացման հիմնական շուկան՝ չունենալով այլընտրանք։ Տեսնում ենք, թե վերջին շրջանում ինչպես է քայլ առ քայլ Հայաստանի տնտեսությունը դուրս մնում իր իրացման հիմնական շուկաներից մեկից։
Խնդիրը միայն զուտ սահմանափակումները չեն. Այդ սահմանափակումների ընթացքում հայկական ապրանքները փոխարինվում են այլ երկրների ապրանքներով, ու հետագայում, եթե նույնիսկ սահմանափակումները հանվեն, շատ ավելի դժվար է լինելու վերադառնալ նախկին դիրքերին։
Ինչպես հայտնի է, մայիսի 22-ից դուրս մղվեցին ծաղկեգործները։ Փակվեց հայկական ծաղիկների արտահանման հնարավորությունն իր հիմնական շուկայում։ Այլընտրանքի բացակայության պայմաններում, ծաղիկ աճեցնողները թափում են իրենց աշխատանքի արդյունքը՝ կանգնելով սնանկացման եզրին։
Շուկան կորցնելու հետևանքով, սնանկացում է սպառնում ոչ միայն ծաղկեգործներին, այլև ընդհանրապես ջերմոցատերերին, որոնք մեծամասամբ վարկերի տակ են ու վարկերը մարելու խնդիրներ ունեն։ Եթե անգամ հաջողացնեն ներքին շուկայում ինչ-որ կերպ իրացնել իրենց արտադրանքը, դա այլևս այն օգուտները չի բերի, ինչը կարող էին սպասել արտահանման պարագայում։
Հարվածի տակ են ընդհանրապես գյուղմթերք արտադրողները, գյուղացիական տնտեսությունները, որոնցից շատերի հույսը հիմնականում դրսի շուկան է։ Հայաստանից արտահանվող գյուղմթերքի 90-95 տոկոսը մինչև հիմա գնացել է մի տեղ, որն այժմ փակվում է դրա համար։
Ռուսական սպառողների իրավունքների պաշտպանության ծառայությունը մայիսի 30-ից սահմանափակեց հայկական գյուղմթերքների մուտքը ռուսական շուկա։ Սահմանափակումներն այս փուլում վերաբերում են Հայաստանից առաքվող թարմ լոլիկին, վարունգին, պղպեղին, կանաչեղենին և ելակին։ Սահմանափակումը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի մշակվել առաքվող արտադրանքի անվտանգության ապահովման համապատասխան ալգորիթմ։ Ե՞րբ կմշակվի, հայտնի չէ։
Սահմանափակումները կապվում են ֆիտոսանիտարական խնդիրների հետ։ Բացի այդ էլ՝ ռուսական սպառողների իրավունքների պաշտպանության ծառայությունը կասկածներ ունի, որ հայկական ծագումով ու Հայաստանից առաքվող ոչ բոլոր ապրանքներն են իրականում հայկական։
Մեղադրանքներ են հնչում էկոնոմիկայի նախարարության հասցեին։ Համարում են, որ գյուղատնտեսության նախարարության լուծարումից ու ֆունկցիաներն այդ նախարարությանը փոխանցելուց հետո, վերջինս գլուխ չի հանում իրեն վերապահված լիազորություններից։ Խոսքը մի նախարարության մասին է, որի ղեկավարն այս օրերին արտադրողներին ու արտահանողներին օժանդակելու, ծագած խնդիրների լուծմամբ զբաղվելու, այլընտրանքներ գտնելու փոխարեն՝ փողոցներն է չափում ու ՔՊ-ի քարոզչությամբ զբաղվում։ Ոչինչ, որ մարդիկ կանգնած են իրենց ամբողջ տարվա աշխատանքի արդյունքն ու ակնկալվող եկամուտները կորցնելու վտանգի առաջ։
Արդեն քանի օր է՝ Վերին Լարսում ապրանքներով բեռնված հարյուրավոր հայկական բեռնատարներ են կանգնած ու չեն կարողանում հատել սահմանը։ Մի մասին էլ արդեն հետ են վերադարձրել։ Մարդիկ անելանելի դրության մեջ են, իսկ իշխանության վերնախավից մեկը չկա, որ հետաքրքրվի այս մարդկանց խնդիրներով։ Բոլորը քաղաքական քարոզչության մեջ են։
Ցավալին այն է, որ այս ամենից տուժում են ջերմոցատերերը, գյուղացիները, արտադրողները, արտահանողները, այն հազարավոր ընտանիքները, որոնք ներգրավված են այս ամենի մեջ ու այդտեղից են ստանում իրենց եկամուտները։ Նրանք տուժում են, իսկ պաշտոնյաների պետքը չէ։ Մի բան էլ հաթաթաներ են տալիս ու ավելի սրում իրավիճակը։ Միևնույն է, տուժողն իրենք չեն լինելու։ Ժողովրդի հաշվին՝ իրենց շահերն են առաջ տանում, ու թքած, թե վաղը ժողովուրդն ինչպես է դուրս գալու այդ ամենի տակից։
Ժողովրդի անունից են խոսում, իսկ ժողովրդին հաշվի տակ դնող չկա։
Բիզնեսի անունից են խոսում, իսկ բիզնեսին հարցնող չկա, թե ի՞նչ է ուզում բիզնեսը։ Իրենք որոշում են, իրենք անում են ու բոլորին կանգնեցնում փաստի առաջ։
Արդեն «Ջերմուկի» երրորդ խոշոր խմբաքանակի իրացումն է արգելափակվում։ Երբ ապրիլին կասեցվեց «Ջերմուկի»՝ շուրջ 400.000, հետո՝ 1 մլն շշի վաճառքը, ասում էին՝ դա մանրուք է, ընկերությունը միլիոնավոր շշեր է արտահանում։ Հետո հերթը հասավ միլիոնավոր շշերին։ Սկզբում՝ 37 միլիոնի, հիմա էլ՝ 64.5 միլիոնի իրացումն է արգելափակվել։
Սրանք լուրջ ծավալներ են ցանկացած ընկերության համար, ու դրանից ոչ միայն այդ ընկերությունը, դրանում զբաղված քաղաքացիներն, այլև երկրի տնտեսությունն է տուժում։ Տուժում է այն պատճառով, որ որոշ մարդիկ խառնել են տնտեսական ու քաղաքական շահերը։ Սեփական քաղաքական շահերը գերադասում են տնտեսության ու քաղաքացիների շահերից։ Երկիրը մտցրել են մի վտանգավոր խաղի մեջ, լավ իմանալով, որ դրանից երբեք չեն կարող շահող դուրս գալ։ Պատերազմ են հայտարարել սեփական տնտեսությանն ու ժողովրդին։
Միակ հույսն այն է, որ այս ամենը շուտ կավարտվի։ Այլապես՝ հետևանքները՝ ինչպես տնտեսության, բիզնեսի, այնպես էլ՝ քաղաքացիների վրա դաժան են լինելու։ Բոլորովին էլ խոստացված մի քանի ցուրտ ձմեռներով չենք պրծնելու։
Հակոբ Քոչարյան
168.am
դեպի ետ