• am
  • ru
  • en
Версия для печати
16.04.2026

«ԶԵՆՔԸ, ՈՐԸ ԳՆՎԵԼ ԷՐ ՍԱՄՎԵԼ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՓՈՂԵՐՈՎ, ՁԵՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆՁՆԵԼ Է ԹՇՆԱՄՈՒՆ»

   

Հանրապետական կուսակցությունն առաջարկում է հենց այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերով հստակեցնել խաղի կանոնները՝ հետընտրական գործընթացների ժամանակ ընդդիմության միասնական թեկնածուի առաջադրմանը խոչընդոտող հնարավոր իրավիճակներից խուսափելու նպատակով։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում նշեց ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը՝ հստակեցնելով, որ խոսքը ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի առաջարկած հուշագրի ստորագրման մասին է։

ՀՀԿ խորհրդի անդամը հիշեցրեց՝ Սերժ Սարգսյանն առաջարկել էր, որ ԱԺ ընտրություններին մասնակցող ընդդիմադիր ուժերի նախընտրական ցուցակների առաջին երեք տասնյակում ընդգրկված թեկնածուները ստորագրեն համապատասխան հուշագիր՝ ստանձնելով բարոյական պարտավորություն՝ չհամագործակցել ռեժիմի հետ և չլքել ընդդիմադիր դաշտը։

«Պատկերացնենք հետևյալ իրավիճակը՝ ընդդիմադիր ուժերն անցել են խորհրդարան, Սամվել Կարապետյանն այդ պահին դեռևս չունի հնարավորություն դառնալու վարչապետ՝ սահմանադրական կարգավորումների հետ կապված, ֆավորիտը, ենթադրենք, Նարեկ Կարապետյանն է, և կարող է, չէ՞, հարգարժան Երկրորդ նախագահն ասել. «Ես ունեմ բարոյական իրավունք պնդելու, որ այս պահին ընտրեք ինձ ՀՀ վարչապետ՝ հաշվի առնելով իմ անուրանալի վաստակը պետության կայացման գործում, չնայած, որ ես ձայներով առաջատար ընդդիմադիր ուժի առաջնորդը չեմ»։ Եթե հանկարծ այս խնդիրը կամ այս իրավիճակն առաջանա, մենք ինչպե՞ս ենք այս առումով կողմնորոշվելու։ Դա կլինի՞ արդյոք պատրվակ, որ ընդդիմադիր ուժերը հունիսի 7-ից հետո չկարողանան միավորվել և տուն ճանապարհել այս իշխանությանը։ Այս օրինակն ուղղակի երևակայական օրինակ է, բայց որպեսզի մենք այս իրավիճակից խուսափենք, մենք առաջարկում ենք, որ հենց այս պահին ընդդիմադիր բոլոր ուժերով հստակեցնենք խաղի կանոնները, և այդ խաղի կանոնները լինեն ընդդիմադիր հռչակագրի տեսքով, որը կստորագրեն ընտրություններին մասնակցող բոլոր ուժերը, որպեսզի հետագայում չկրկնվի Երևանի ավագանու ընտրությունների սցենարը»,- պարզաբանում է Լևոն Նազարյանը։

Հանրապետականի ներկայացուցիչն ընդգծում է՝ ՀՀԿ-ն ունի գործողությունների ծրագիր, սակայն այդ մասին նախապես եթերային ձևաչափով խոսելը ճիշտ չէ։ Լևոն Նազարյանը շեշտեց, որ չնայած հունիսի 7-ի ընտրություններին անմիջականորեն չմասնակցելու որոշմանը՝ ՀՀԿ-ն չի լքելու քաղաքական պայքարի խրամատը։

Նազարյանի քաղաքական գնահատականով՝ գործող իշխանությունների գործողություններն ու շարունակական բռնաճնշումներն ընդդիմախոսների և հատկապես ազգային ուժերի նկատմամբ, մի խոսքով ասած՝ թուլության և վախի դրսևորումներ են, որոնցով այս իշխանությունը ցանկանում է ցեմենտբետոնել սեփական իշխանությունը՝ այն չկորցնելու վախից ելնելով։

«Իրենք շատ լավ հասկանում են, որ միակ հանգրվանը կամ վերջնակետն իշխանությունը կորցնելուց հետո պատասխանատվությունն է պատմության և դատարանի առջև։ Ես ենթադրում եմ, որ «Ուժեղ Հայաստան» քաղաքական ուժը կամ Սամվել Կարապետյանի դաշինքը հասկանում է՝ ինչ ծանրության տակ է մտել և ինչ առաքելության համար, և ցուցակում ընդգրկված մարդիկ և ոչ միայն նրանք, որոնց մի մասին ճանաչում ենք, վստահ են, որ կարողանալու են հաղթահարել այս ճնշումները՝ վերջնական հաղթանակի գնալու համար»,- նշում է Նազարյանը։

Հանրապետական գործիչը նշում է՝ «Ուժեղ Հայաստան»-ի ներկայացրած 5-կետանոց տնտեսական ծրագիրը միգուցե ինչ-որ մեկի համար հրապուրիչ է, մեկ ուրիշին գուցե այնքան էլ դուր չեն գալիս այդ կետերը, բայց դա երկրորդական խնդիր է, ընդդիմադիրների առաջնային խնդիրը Սամվել Կարապետյանի գլխավորած ուժին սատարելն է՝ պետության առջև ծառացած գոյաբանական սպառնալիքները նրա առաջնորդությամբ հաղթահարելու նպատակով։ Լևոն Նազարյանն անլուրջ է համարում իշխանական ճամբարի ներկայացուցիչների քննադատությունը Սամվել Կարապետյանի հասցեին՝ հայազգի միլիարդատիրոջը գնահատելով՝ որպես հայ ազգի բարերարներից մեկը և նրան համեմատելով Պողոս Նուբար Փաշայի (1851-1930), Գալուստ Գյուլբենկյանի (1869-1955), Քըրք Քըրքորյանի (1917-2015), Ալեք Մանուկյանի (1901-1996) հետ։

Լևոն Նազարյանը նաև հավելեց. «Սամվել Կարապետյանն այն մարդն է, ով միայն աջակցություն է ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը, այդ թվում՝ ֆինանսների տեսքով։ Մարդիկ երևի չեն մոռացել նաև «Էլեկտրիկ Երևան»-ի ցույցերը, դրան հաջորդած գործընթացները, ռազմական տեխնիկայի, զենք-զինամթերքի հետ կապված գործընթացները, որը փակ ինֆորմացիա է, բայց փակ ինֆորմացիա լինելով՝ այն զենքը, որը գնվել էր Սամվել Կարապետյանի փողերով՝ Արցախի մեր հայրենակիցների անվտանգության համար, ձեր իշխանությունը հանձնել է թշնամուն։ Սամվել Կարապետյանը, որպես ազգային բարերար, ֆինանսավորել է, որ Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունն ունենան զենք-զինամթերք, այդ զենք-զինամթերքը եղել է, դրանց մի մասը Բաքվում ցուցադրվել է զորահանդեսի ժամանակ, մյուս մասն էլ, որպես ռազմավար, ձեր իշխանության կողմից հանձնվել է թշնամուն»։

Այս համատեքստում անդրադառնալով երեկվա դեպքին՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներ Գոհար Ղումաշյանի և Վերժինե Ստեփանյանի ձերբակալությանը՝ Լևոն Նազարյանը խորհուրդ է տալիս իշխանավորներին գրականություն կարդալ՝ նշելով, որ երբ նրանք գնում են ձերբակալելու երկու ամսական նորածին երեխայի մորը, պետք է հասկանան՝ զուտ արքետիպերի ընկալման տեսանկյունից դա աշխատելու է իրենց դեմ։

Իր կարծիքը հայտնելով ապրիլի 1-ին Կրեմլում տեղի ունեցած Պուտին-Փաշինյան հանդիպման վերաբերյալ և պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հապճեպ գնաց Մոսկվա հանդիպելու ՌԴ նախագահին, և ի՞նչ մեսիջ էր ուղարկում հասարակությանն իր այն հայտարարությամբ, թե հունիսի երկրորդ կեսին նոր հանդիպում է ծրագրված Պուտինի հետ, Լևոն Նազարյանը փորձնական առաջարկ ներկայացրեց «իշխանության ուզուրպատորին»՝ կապված օրեր առաջ ՌԴ-ում ընդունված օրինագծի հետ, որով քրեականացվում է 1941-45 թթ. խորհրդային ժողովուրդների դեմ ֆաշիստական Գերմանիայի իրականացրած ցեղասպանության ժխտումը։ Այս օրենքի հետ կապված՝ Լևոն Նազարյանը հիշեցնում է նացիստների հետ համագործակցած Էմին Ռասուլզադեի մասին, որի արձանները կանգնեցված են Բաքվի պուրակներում։

«Էմին Ռասուլզադեն հայտնի է նրանով, որ համագործակցել է ֆաշիստական Գերմանիայի հետ, ստեղծել է ադրբեջանական լեգեոնը, որն արյան մեջ ճնշել է խորհրդային ազատարար բանակին դիմավորելու նպատակով ֆաշիստական զորքերի դեմ բարձրացված լեհական ապստամբությունը։ Հիմա, ելնելով ընդունված այս օրենքի տրամաբանությունից, տղա ջան, գնա, ե՞րբ ես գնալու, հունիսի քանիսի՞ն ես գնալու, գնա և բարձրացրու այդ հարցը, ասա՝ բա էս մարդն իր պատմական անցյալով ու արարքներով լրիվ ընկնում ա ընդունված օրենքի տրամաբանության տակ, խնդրում եմ Ձեզ, Վլադիմիր Վլադիմիրովիչ, ճնշում գործադրել Իլհամ Ալիևի վրա, որպեսզի Էմին Ռասուլզադեի արձանը Բաքվից հանվի։ Կարո՞ղ է դա անել, թե՞ չի կարող անել»,- հավելեց ՀՀԿ խորհրդի անդամը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



168.am


դեպի ետ