• am
  • ru
  • en
Версия для печати
01.04.2026

ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽՈՍՏՈՎԱՆԵՑ՝ «ԻՆՉ ԱՐԵԼ ԵՄ՝ ՄՏԱԾՎԱԾ ԵՄ ԱՐԵԼ». ՍԱ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ. Վիտալի Մանգասարյան

   

Նիկոլ Փաշինյանի նախորդ շաբաթվա հայտարարությունն Ազգային ժողովում, թե «գիտակցված զոհողության ենք գնացել 2020 թվին, դրա համար է, որ դրա արդյունքում ձեռք ենք բերել պետություն և անկախություն», ըստ էության՝ ինքնախոստովանական ցուցմունք է։ Այսպիսի կարծիք հայտնեց 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանը՝ խոսելով պաշտպանական ոլորտում տիրող վիճակի մասին։

Ռազմական փորձագետի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի այս և նախկինում նույն թեմայով արված հայտարարությունները պետք է քրեաիրավական հետևանքներ ունենան, քանի որ փաստացի դրանք հաղորդում են հանցագործության մասին։

«Այստեղ կարևոր է նաև քրեաիրավական գնահատականը, որովհետև փաստացի սա հանցագործության մասին հաղորդում է։ Նա խոստովանում է, որ՝ «ինչ արել եմ՝ մտածված եմ արել»։ Ինչ մեր հետ տեղի է ունեցել՝ մտածված է եղել, օրինակ՝ եթե «Իսկանդերը» «10 տոկոսով է տրաքել», դա էլ է մտածված եղել, Աշոտիկը գնացել, Ջաբրայիլի դիրքերում չգիտեմ՝ ինչ օպերացիաների է մասնակցել, դա էլ է մտածված եղել»,- մեկնաբանեց Վիտալի Մանգասարյանը։

Նա շեշտում է՝ սա նշանակում է, որ ի սկզբանե խնդիր դրված չի եղել, որ մենք պետք է ամեն գնով Արցախը պահենք կամ այս կամ այն դիրքն ու տարածքը պահենք։

«Անկախության հռչակագրի օրվա առթիվ հրապարակված ֆեյսբուքյան իր գրառման մեջ Նիկոլ Փաշինյանը փաստացի խոստովանում էր, որ իրենք մտածված են 2020 թվականի պարտությանը գնացել, որովհետև պատկերացնո՞ւմ եք՝ մենք հաղթեինք կամ, սպորտային լեզվով ասած՝ «ничья» լիներ, ստացվում է, որ մենք այդ «թոկը» ավելի էինք խորացնելու մեր վզին։

Ըստ Նիկոլ Փաշինյանի տրամաբանության՝ «մեր բախտը բերել է, որ մենք պարտվել ենք»։ Ի՞նչ է ստացվում։ Եկեք մի պահ վերադառնանք 2020 թվական։ Եթե պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ «ով տունը «կասկա», «բրոնեժիլետ» ունի՝ մեջներիցդ էլ թաղի տղաներով ընտրեք հրամանատար ու գնացեք ֆրոնտ», ստացվում է, որ ինքը մտածված մեզ բոլորիս ուղարկում էր ֆրոնտ, որպեսզի զոհերի թիվը մեծ լիներ, ինքն էլ կարողանար զոհերի թվի մեծության հաշվին ահաբեկել մեր հասարակությանը, որպեսզի հեշտ կարողանար էդ «թոկից» ազատվե՞լ։ Այդ տրամաբանությունն է ստացվում։

Ես ելնում եմ այն կանխավարկածից, որ Նիկոլ Փաշինյանն ի սկզբանե իր առջև 2018 թվականին խնդիր էր դրել էդ «թոկից» ազատվելու և այսպիսի պլան էր մտածում՝ «բա ո՞նց անենք՝ էդ թոկից ազատվենք»։ Ասենք, հավաքվում են մի 4-5 հոգով, գիշեր-ցերեկ մտածում են՝ օրինակ, ի՞նչ կարելի է անել, կարո՞ղ է, որ հայտարարենք՝ Արցախը Հայաստան է, և վերջ, մի քիչ կջղայնացնենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետությունների ղեկավարներին, Ադրբեջանն էլ իր հերթին կջղայնանա, զենքն էլ առել են՝ հավանականությունը կմեծանա Ադրբեջանի հարձակման, մենք էլ իմիտացիա կանենք։ Իմիջիայլոց, ես տարբեր առիթներով այս մասին խոսել եմ, որ 2020 թվականին մենք իմիտացիա ենք արել, որ ուզում ենք պահել Արցախը, այսինքն՝ ղեկավարությունը ոչ թե խնդիր է դրել իր առջև Արցախը պահելու, այլ իմիտացիա է արել, որ փորձում է հաղթել պատերազմը, և հիմա փաստացի Նիկոլ Փաշինյանն իր բերանով հաստատում է դա, ասում է՝ եթե չպարտվեինք՝ ինչ ասես մեր հետ կլիներ։ Իսկ դա քրեաիրավական հետևանքներ է ենթադրում»,- ասում է Վիտալի Մանգասարյանը։

Ռազմական փորձագետը հարց է բարձրացնում՝ օրվա իշխանություններն այդքան որ «գլուխ են գովում», թե միլիարդների զենք են գնել, մեծացնում են պաշտպանական կարողությունները, այս ամենն ինչի՞ համար է, եթե իրենց չվերընտրվելու դեպքում ոչ միայն «աղետաբեր պատերազմ» է լինելու, դեռ մի բան էլ պարտվելու ենք։

«Ռեվյու»-ի զրուցակիցն ընդգծում է, որ ընդհանրապես երկրի պաշտպանական կարողություններն ավելացվում և ուժեղացվում են՝ վտանգի դեպքում պետության սահմանները, մեր հայրենիքն ու մեր տները պաշտպանելու նպատակով.

«Հիմա եթե մենք մեծացնում ենք մեր կարողությունները ու հաջորդ իսկ քայլով ասում ենք, որ եթե մենք չընտրվենք՝ պատերազմ է լինելու, ու հերիք չի՝ պատերազմ է լինելու, մի բան էլ՝ պարտվելու ենք այդ պատերազմում։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ բա էդքան որ գլուխ ենք գովում, ասում ենք՝ էս առանք, էս ցուցադրեցինք, հաշվետվություն ենք հանրությանը ներկայացնելու, այս ամենն ինչի՞ համար ենք անում, կարո՞ղ է՝ չանեինք՝ ավելի լավ լիներ։ Եթե 4 տարի, 5 տարի գլուխ են գովում՝ մեծ գումարներ ենք ծախսել, միլիարդների զենք ենք առել, ու վերջում կանգնում-ասում են՝ պատերազմ է լինելու և մենք բոլորով վարի ենք գնալու, գուցե ավելի լավ կլինի՝ չանե՞նք այդ ամենը։ Պետությունը պետք է ստեղծի ինստիտուցիոնալ համակարգ։ Ստացվում է՝ եթե էս մարդը չէ, հաջորդ ղեկավարն է գալիս, ինչ-որ իրավիճակներ է ստեղծվում, մենք պետք է պարտադիր պարտվե՞նք։ Ինչպես ասում են՝ «где логика?»։ Մենք ի՞նչ ենք ուզում անել, ի՞նչ խնդիր ենք ուզում լուծել այս պարագայում»։

Մանգասարյանը հիշեցնում է Փաշինյանի՝ ժամանակին արված հայտարարություններ, օրինակ, որ «ստեղծված աշխարհաքաղաքական իրողություններում նույնիսկ գերտերությունների ղեկավարները չգիտեն, թե վաղն ինչ կլինի», կամ Կառավարության նիստերից մեկի ժամանակ արված մեկ այլ արտահայտություն, թե «մենք 7 տարի մնացել ենք նույն դասարանում»։

«Ստացվում է, որ անցել է ընդամենը մեկ-երկու տարի, գերտերությունների ղեկավարներն առաջվա պես մնում են չիմացության և անորոշության մեջ, բայց Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն այնպիսի տեսլական է կարողանում գեներացնել ու «ինստիտուցիոնալ հիմքերի վրա» դնել, որ կարող է այդ հեռանկարում գնահատե՞լ։ Դա այն պարագայում, որ նույն Նիկոլ Փաշինյանն էր հայտարարում.

«Մենք 7 տարի մնացել ենք նույն դասարանում և ինձնից սկսած՝ բոլորս տգետ ենք»։ Կառավարության նիստին էր ասում։ Ասում է՝ 7 տարի նույն դասարանում ենք մնացել։ Ստացվում է, որ այդ խումբը կարողանում է ռազմաքաղաքական շատ բարդ խնդիր լուծել, իսկ այն գիտնականները, այս կամ այն բնագավառում լուրջ հաջողություն ունեցած, ճանապարհ անցած մարդիկ չեն կարողանա լուծել այդ խնդիրը, բայց Նիկոլ Փաշինյանի ղեկավարած թիմը ունակ է լուծել այդ բարդ խնդիրը։ Այստեղ էլ ենք տրամաբանական խզում տեսնում։ Որտե՞ղ է այդ հիմնավորումը, հատկապես որ, տեսել ենք, թե վերջին 8 տարվա ընթացքում ինչ աղետաբեր ճանապարհով ենք անցել»,- նշում է զրուցակիցը։

«Ենթադրենք, Աստված մի՛ արասցե, պատերազմ է լինում, իսկ ո՞վ է ասել, որ մենք պարտադիր պարտվելու ենք։ Այսինքն՝ հիմիկվանից մենք մեր հասարակությանն ասում ենք, որ հնդկական զենքերը, ՊՆ-ի՝ առավոտից իրիկուն տարբեր դիտանկյուններից՝ վերևից, կողքից, միջից ցուցադրած բունկերները, միլիարդների զենք գնելու հայտարարությունները՝ այս ամենը՝ մի կողմ, բայց որ պատերազմ եղավ, անպայման պարտվելո՞ւ ենք։ Այսինքն՝ մենք մի կողմից՝ ասում ենք՝ գնում ենք խաղաղության, մյուս կողմից ասում ենք՝ 5-6 միլիարդի զենք ենք առնում, բայց դե, մեկ է, պատերազմ լինի՝ վատ է վերջանալու։ Այլ խոսքերով՝ ի սկզբանե մտածել, որ պարտվելու ես, և ի սկզբանե մտածել, որ ոչինչ չես կարողանալու անես, դա արդեն ոչ մի տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- հավելեց Վիտալի Մանգասարյանը։

Այս համատեքստում ռազմական փորձագետն ահազանգում և հիշեցնում է՝ 2020 թվականից մինչ օրս ՀՀ զինված ուժերում խոշոր զորավարժություններ չեն անցկացվել.

«Մարդկանց թույլ նյարդերի վրա խաղալով՝ մենք արդյոք էլ ավելի ուժեղանո՞ւմ ենք։ Մենք էլ ավելի կուժեղանանք այն դեպքում, երբ մարդիկ մասնակցեն մասսայական զորավարժության և իրենց աչքով տեսնեն, թե ինչպես են տարբեր սցենարներ խաղարկվում։ 2020 թվականից մինչ օրս մենք զորավարժություն չենք անցկացրել, մենք ընդամենը խաղաղապահների փոքր խմբով զորավարժություն ենք արել և այսքանից հետո հայտարարում ենք, թե գիտե՞ք՝ ինչ կա, էսքան միլիարդի զենք ենք առել, բարեփոխումներ ենք արել, բայց տեսանելի հողի վրա մեզնից ոչ ոք չգիտի՝ այդ զենքը այս կամ այն իրավիճակում ինչպես ենք կիրառելու, ով է կիրառելու, ասենք՝ ես այդ զինտեխնիկայի հաշվարկի հրամանատարն եմ՝ եթե ինձ հետ մի բան պատահի, ով է ինձ փոխարինելու։

Այս ամենը պետք է խաղարկվի զորախաղերի և համապատասխան միջոցառումների տեսքով, իսկ եթե պարզապես բերում, փոշին սրբում, ցույց են տալիս, մարդկանց բերում, նկարվում են զենքերի հետ, այդ պատմություններն էլ ենք տեսել՝ ինչով են ավարտվել, մասնավորապես՝ 2019 թվականին, երբ «Սու-30-ներն» ու «Օսա-ԱԿ»-ները բերեցին, փոշին սրբեցին, բոլորով նկարվեցին, վերջում պարզվեց՝ ո՛չ նորմալ զինամթերք կա դրանց համար, ո՛չ օդաչու։ Հիմա մենք 25-օրյա հավաքներ ենք անում, բայց դրանցով հիմնականում լուծում ենք զուտ դիրքապահների մարդաքանակի ապահովման խնդիրը։ Ոչ ոք չի գնում և այդ հնդկական, ֆրանսիական կամ մեկ այլ երկրի զինատեսակի վրա համապատասխան կրթական ցիկլ անցնում, որ պետք եղած ժամանակ կարողանանք արդյունավետ օգտագործել»։

Խոսելով Իրանի դեմ ավելի քան մեկ ամիս շարունակվող պատերազմից բխող ռիսկերի մասին՝ Վիտալի Մանգասարյանը հարց բարձրացրեց՝ Հայաստանի պաշտպանության և անվտանգության համակարգն ի՞նչ սցենարներ է դիտարկում այս պատերազմի ազդեցությունների ու ռիսկերի առնչությամբ, օրինակ՝ ի՞նչ կլինի, եթե Ադրբեջանը ներքաշվի պատերազմի մեջ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով, կամ, օրինակ՝ սադրանք իրականացնի Հայաստանի տարածքում և հայտարարի, որ հարվածն Իրանից է եղել։

«Այս փուլում մենք զինվելու իմիտացիա ենք անում։ Դա որևէ նշանակություն չի կարող ունենալ, եթե չես վերապատրաստվում, զորավարժություններ չես անցկացնում»,- հավելեց փորձագետը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



168.am


դեպի ետ