• am
  • ru
  • en
Версия для печати
22.03.2026

ԷԴ ՆՈՒՅՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՎԵԼ Է ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ… ԵՐԿՈՒ ՄԱՆԻԱԿԱԼ ԿԻՆ ԵՎՐՈՊԱՅԻ ՀԵՐՆ ԵՆ ԱՆԻԾՈՒՄ. Դավիթ Ջամալյան

   

«Հակառուսական մանիակալ ֆիքսվածություն» ունեցող Կայա Կալասը «հիբրիդային խմբին» Հայաստան է ուղարկում խորհրդարանական ընտրությունները վարկաբեկելու իրավաքաղաքական հիմք նախապատրաստելու նպատակով, սակայն հունիսի 7-ի ուշ երեկոյան, երբ Նիկոլ Փաշինյանի համար «տհաճ պատկեր» ստացվի ընտրությունների արդյունքներով, Հայաստանի պետականակենտրոն ուժերը «պետք է թքած ունենան» «հիբրիդների» եզրակացության ու դրա թիկունքին կանգնած կայակալասների ու ֆոնդերլայենների վրա։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարին տված հարցազրույցում ասել է ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը՝ խոսելով «հիբրիդային հարձակումների» հայտնի թեմայի շուրջ։

Ռազմական փորձագետի խոսքով՝ Հայաստանի բոլոր պետական կառույցները, այդ թվում՝ ուժային կառույցները, այսօր վերահսկվում են արևմտյան կենտրոնների կողմից, և այդ համատեքստում է տեղավորվում նաև Արտաքին հետախուզության ծառայության մարտի 10-ի հայտարարությունը Հայաստանի ընտրական գործընթացներին արտաքին միջամտության փորձերի վերաբերյալ։

«Այդ հայտարարությունը, որն, ըստ էության, ուղղակի խայտառակություն է, իր էությամբ հակառուսական է, բայց մեր կապերը Ռուսաստանի հետ այնքան սերտ են, որ իրենք անգամ այդ համարձակությունը չունեն բացահայտ նշելու, թե իբր այդ «հիբրիդային հարձակումը» որտեղից է, բայց մենք հասկանում ենք, որ իրենք սրա անվան տակ ռուսներին են խփում։ Ինչո՞ւ՝ որովհետև բոլոր այդ կառույցների կառավարման ղեկը, փաստորեն, մեր ձեռքին չէ։ Էդ նույն Հետախուզական ծառայության պետը շատ երկար վերապատրաստվել է Բրիտանիայում, եկել-նշանակվել է Հետախուզության պետ։ Հիմա շատ մեծ խելք պետք չէ հասկանալու համար, որ Բրիտանիայում վերապատրաստվածը, որ գալիս ու նշանակվում է Հետախուզության պետ, պարզ է, որ այս ծառայությունը գտնվում է բրիտանական շատ լուրջ ազդեցության տակ», – մեկնաբանել է Դավիթ Ջամալյանը։

Ռազմական փորձագետը նաև հավելել է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասի հայտնի հայտարարությունը Հայաստանում «հիբրիդային արագ արձագանքման խումբ» տեղակայելու մասին վկայում է, որ ներկա իշխանության օրոք «Հայաստանը վերածվել է եվրագաղութի»։

«Կայա Կալասի այդ հայտարարությունը ևս մի բանի մասին է հուշում, որ ներկա իշխանության օրոք Հայաստանը վերածվել է բրիտանական գաղութի՝ կարող եք ասել, եվրագաղութի՝ կարող եք ասել, բայց ամեն դեպքում՝ լիարժեքորեն ինքնիշխանությունը կորցրած կարգավիճակում գտնվող մի քվազի-պետության է վերածվել, որովհետև ովքե՞ր են էդ «հիբրիդային խմբի» անդամները, գալու են՝ ի՞նչ անեն»,- նշում է Դավիթ Ջամալյանը։

Փորձագետի բնորոշմամբ՝ ազգությամբ էստոնուհի Կալասը, որը եղել է Էստոնիայի վարչապետը, իրենով մարմնավորում է մերձբալթյան հակառուսականության խտացումը և «մանիակալ ֆիքսվածություն» ունի Ռուսաստանին ամեն կերպ վնասելու։

«Կալասն ու Ֆոն դեր Լայենը՝ երկու հակառուսական մանիակալ ֆիքսվածություն ունեցող կին, ոչ միայն Եվրոպայի հերն են անիծում, որովհետև լուրջ ընդդիմություն կա հենց եվրոպական գոտում. մի մասը կարծում են, որ պետք է նորմալ առևտուր անել Ռուսաստանի հետ։ Բայց նրանց Հայաստանը որևէ այլ առումով չի հետաքրքրում՝ հակառուսական պլացդարմ սարքելուց բացի»,- հավելեց փորձագետը։

Ջամալյանի խոսքով՝ նրանք, հասկանալով, որ Փաշինյանի վարկանիշը շատ ցածր է, և նրա վերարտադրվելու հավանականությունը գրեթե զրոյական է, ի սկզբանե պատրաստում են ապագա ընտրությունները վարկաբեկելու իրավաքաղաքական հիմքը։

«Բերելու են էդ «հիբրիդներին», որոնք ինչ-որ X պահի, երբ Նիկոլի համար տհաճ պատկեր ստացվի ամսի [հունիսի] 7-ի ուշ երեկոյան, հայտարարելու են, որ «ընտրությունները կեղծված են, որովհետև հիբրիդային հարձակում է տեղի ունեցել» իբր Ռուսաստանից, երբ այդ «հիբրիդային խումբը» ինչ-որ X պահի հայտարարի, որ ընտրությունները լեգիտիմ չեն, որովհետև, չգիտես, իբր Ռուսաստանից ինչ-որ ազդեցություններ են եղել, հանուն որի Կայա Կալասը դրանց ուղարկում է այստեղ, մեր պետականակենտրոն ուժերը, մի քիչ կոպիտ եմ ասում, բայց պետք է թքա՛ծ ունենան այդ «հիբրիդային խմբի» եզրակացությունների ու դրա թիկունքին կանգնած ամեն տեսակ կայակալասների ու ֆոնդերլայենների տեսակետի վրա, ու վերջ՝ իշխանություն կձևավորվի մեր շահերի դիրքերից», – նշել է Դավիթ Ջամալյանը։

Հիշեցնենք, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը մարտի 16-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «Եվրամիությունը, հետևելով Հայաստանի խնդրանքին, հիբրիդային արագ արձագանքման խումբ կուղարկի՝ օգնելու հակազդել սպառնալիքներին ընտրություններին ընդառաջ»։ Կայա Կալասը նաև նշել է. «Հարևանության ժողովրդավարության դիմակայունությանն աջակցելը մնում է կարևոր։ Մենք միայնակ չենք թողնի Հայաստանին արտաքին միջամտության դեմ հանդիման։ Ճնշման տակ գտնվող ժողովրդավարական երկրները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա»։

Մանրամասները՝ տեսանյութում։



168.am


դեպի ետ