• am
  • ru
  • en
Версия для печати
17.03.2026

ՈՎ-ՈՎ, ԳՈՆԵ ՔՊ-ԱԿԱՆՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՁԱՅՆԵՐԸ ԿՏՐԵՆ, ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍԱՐՔԵԼ ԵՆ ԹՈՒՐՔԱԿԱՆ ՎԻԼԱՅԵԹ. Շարմազանով

   

«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ ԷԴՈՒԱՐԴ ՇԱՐՄԱԶԱՆՈՎԻ հետ:

«ԹՈՒՐՔԻԱՆ ԳԱԼԻՍ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ` ԱՎԱՐՏԻՆ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ»

– Արցախի հերոս, Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, գեներալ Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է լինի Միութենական պետության կազմում։ Այս օրերին տեսանք իշխանական աննախադեպ հարձակումներ՝ ուղղված Բալասանյանի հայտարարության դեմ: Ինչո՞ւ հիմա եղան կատաղի արձագանքներ, երբ այս թեման արդեն քանի տարի է քաղաքական օրակարգում է:

– Բալասանյանը քաղաքական գործիչ չէ, մի քիչ անզգույշ հայտարարություն արեց, բայց խնդիրը դրա մեջ չէ։ Եվրամիություն գնալը, ԱՄՆ եւ ԵՄ դրոշներով միտինգ անելն ինքնիշխանության կորուստ չէ՞: Ով-ով, գոնե ՔՊ-ականները պետք է ձայները կտրեն, որոնք Հայաստանը սարքել են թուրքական վիլայեթ եւ «Արեւմտյան Ադրբեջան», բայց այսօր խոսում են անկախության մասին։ Հայաստանի անկախության հետ Նիկոլ Փաշինյանն ի՞նչ կապ ունի: Այդ անկախությունը պինդ է եղել, երբ Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակից էին: Հիմա ինչ ուզում են, թող խոսեն, ես իմ աչքի տեսածին եմ հավատում՝ ասելով չէ, գոռալով չէ։ Ռուսաստանի եւ հայ-ռուսական դաշինքի շնորհիվ է եղել երկու հայկական պետություն։

Արցախը ե՞րբ է հանձնվել, ո՞ր հարթակում, ո՞վ է հանձնել, ռո՞ւսը: Արցախը հանձնվել է Շառլ Միշելի եւ Էմանուել Մակրոնի միջնորդությամբ՝ 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում: Պրահան Չեխիայում է՝ Արեւմուտքում,. Շառլ Միշելը եվրոպական պաշտոնյա է, Մակրոնը Ֆրանսիայի նախագահն է: Ի՞նչ կապ ունի ռուսը: Երբ դեռ 1992-93 թթ. Թուրքիան ուղիղ սպառնում էր Հայաստանին ռազմական գործողություններով, ո՞վ կանգնեցրեց նրան: Կարդացե՛ք Հունաստանի դեսպան Լեոնիդաս Տ. Խրիսանթոպուլոսի հուշերը, այդ մասին գրում է նաեւ պատմաբան Հայկ Դեմոյանը։

Թուրքիայի վարչապետ Թանսու Չիլերը Անվտանգության խորհրդի նիստ էր անում եւ առաջարկում էր Հայաստանին չափավոր հարված հասցնել։ Նախկին վարչապետ Բյուլենթ Էջեւիթը՝ 1993 թվականի հունիսին, երբ հայկական ուժերը մտել էին Աղդամ, հայտարարում էր, որ պետք է օդային հարված հասցնել Սյունիքին՝ միջանցքը բացելու եւ Նախիջեւանից կապ հաստատելու համար Ադրբեջանի հետ։ Բայց ի՞նչ ասաց Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելը: Նա ասաց՝ այո՛, ադրբեջանցիները մեր եղբայրներն են, բայց եթե մենք Ադրբեջանի համար մտնենք պատերազմի մեջ, Ռուսաստանն էլ Հայաստանի համար կմտնի։

Երբ Հայաստանը ունեցել է նորմալ ղեկավարություն, Թուրքիան վախեցել է պատերազմ անել Հայաստանի եւ Արցախի դեմ, որովհետեւ Ռուսաստանը կմիջամտեր: Իսկ երբ Հայաստանը՝ ի դեմս Նիկոլի ու նիկոլիստների, ունեցել է ապազգային, հակապետական, հակահայկական եւ հակառուսական իշխանություն, հայտնվել ենք այս վիճակում։

Կարեւոր է նշել ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով կոմիտեի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի գնահատականը: Մենք էլ մեր ռուս գործընկերների սխալները մատնանշում ենք: Այո՛, ասում ենք, որ Արցախի ժողովուրդը ձեր հույսով վերադարձավ Արցախ՝ 2020 թվականի պատերազմից հետո, ոչ թե` Նիկոլի հույսով: Անկախ նրանից՝ Նիկոլը կճանաչեր, թե չէր ճանաչի Արցախն Ադրբեջանի մաս, ձեր խաղաղապահները պարտավոր էին պաշտպանել 100-120 հազար հայությանը: Բայց այս ամեն ինչի կինոն ե՞րբ սկսվեց, ո՞ւմից սկսվեց. իհարկե՝ Նիկոլ Փաշինյանից, եւ այն էլ՝ նպատակային: Եթե մարդ կանգնում է, ասում է՝ «Արցախը թոկ էր մեր վզին», տրամաբանական է, որ ամեն ինչ պետք է անեին այդ «թոկից» ազատվելու համար:

– Բայց արդյոք խնդիրը միայն Նիկոլ Փաշինյանն է: Մենք տեսնում ենք նորաթուխ ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչների՝ օրինակ, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանին, որը հայտարարում է, թե՝ ով Միութենական պետությանը կողմ է, Նիկոլի գործակալ է կամ առնվազն շարքային անհայրենիք:

– Ուզում եմ հստակ ընդգծել՝ Հայաստանի անկախությունն ինձ համար բացարձակ արժեք է, եւ Հանրապետական կուսակցությունն անկախական կուսակցություն է: ՀՀԿ-ն անկախության ակունքներում կանգնած եւ անկախության համար մարտնչած, մարտնչող եւ միշտ պայքարող կուսակցություն է: Ազգային պետականությունը մեզ համար բացարձակ արժեք է:

Բայց այս մարդուն հարց եմ ուզում տալ՝ Եվրամիություն գնալը օգո՞ւտ է: Եվ երկրորդ՝ Միութենական պետության մասին Ռուսաստանի որեւէ պաշտոնյա մեզ չի առաջարկել, նույնիսկ Նիկոլ Փաշինյանն է ասել, որ Միութենական պետության մասին խոսք չկա: Բայց այդ խոսողները գիտե՞ն՝ ինչ է Միութենական պետությունը: Օրինակ, հիմա Բելառու՞սն է անկախ, թե՞ Լիտվան: Բելառուսն ատոմային երկիր է, ավելի ինքնաբավ պետություն, իսկ օրինակ՝ Էստոնիայում ավելի շատ արտագաղթ կա:

Հայաստանի պետականությունը, անկախությունը բացարձակ արժեք է, եւ դրա մասին խոսք չկա, բայց եթե կարիք կա, պետք է Հայաստանը խորացնի ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի հետ: Ես ե՛ւ ընդդիմության, ե՛ւ իշխանության եղած ժամանակ տեսել եմ, որ տարածաշրջանում շատ բան չի փոխվել: Տարածաշրջանում կա երկու ռազմավարական ուժ՝ գլոբալ Թուրքիան, որն ինձ համար ե՛ւ Թուրքիա է, ե՛ւ ՆԱՏՕ-ն ու Ռուսաստանը: Դու կա՛մ ռուսի դաշնակից ես, կա՛մ թուրքի: Ռուսը մեզ ցեղասպանե՞լ է, իսկ Թուրքիան գալիս է տարածաշրջան՝ ավարտին հասցնելու Հայոց ցեղասպանությունը:

«ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆԸ ԶՐՈՅԱՑՐԵԼ ԵՆ, ԳՈՂՆ ԱՌԱՋԻՆՆ Է ԳՈՌՈՒՄ՝ «ԲՌՆԻ՛Ր ԳՈՂԻՆ», ՀԻՄԱ ՍՐԱՆՑՆ Է»

– Ի դեպ, նույն Արման Թաթոյանը երկրի պաշտպանությունն ու անվտանգությունը պատկերացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ Ֆրանսիայի գործընկերների հետ համագործակցությամբ: Կարո՞ղ է բան է փոխվել. ֆրանսիական նավերը սկսել են բարձրանալ մեր լեռները:

– Դե, շնորհավորում եմ իրենց: Բայց թող Ֆրանսիայի մասին խոսելիս հիշեն Կիլիկիայի պատմությունը. մի օրում՝ 20-րդ դարասկզբին, ֆրանսիացիները Կիլիկիան միայնակ թողեցին. մի մասը ոչնչացվեց, մի մասը բռնագաղթեց: Ո՞ր Ֆրանսիային նկատի ունեն, որը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մա՞ս: Ինչպե՞ս կարող է Արցախի հայկականությունն այդ գործիչի համար բացարձակ արժեք լինել, եթե այդպես է արտահայտվում: Էլի եմ ասում՝ ովքե՞ր էին Պրահայում, երբ Արցախը Նիկոլի ստորագրությամբ դարձավ Ադրբեջանի մաս, Պուտի՞նը, չէ՛, Մակրո՛նը, Լավրո՞վը, չէ՛, Շառլ Միշելը, Սերժ Սարգսյա՞նը, չէ՛, Նիկոլ Փաշինյանը: Նկարն էլ կա. Շառլ Միշելը, Էմանուել Մակրոնը, Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Նիկոլ Փաշինյանը, Իլհամ Ալիեւը՝ այդ «պիծյոռկով» որոշեցին, որ Արցախը լինելու է Ադրբեջանի մաս, ու ստորագրվեց:

Բա եթե մի մարդու, մի քաղաքական ուժի համար Արցախը բարձրագույն արժեք է, Արցախի կորուստը մեծագույն ցավ է, ինչպե՞ս կարող է սեփական պետության անվտանգությունը պատվիրակել Ֆրանսիային, որ վաղն էլ Նիկոլը գնա Մակրոնի հետ մի նոր հոկտեմբերի 6 ստորագրի, եւ Հայաստանը դառնա թուրքական վիլայեթ կամ «Արեւմտյան Ադրբեջա՞ն»:

– Այս նախընտրական թոհուբոհի մեջ շատ քչերն են անդրադառնում Արցախի հետ կապված հարցերին՝ ի՞նչ ծրագրեր ունեն, ինչպե՞ս են տեսնում արցախցիների ապագան: Հիմա բոլորը շառից-փորձանքից հեռու՝ խոսում են տնտեսության զարգացման մասին:

– Ես չեմ ուզում ընդդիմադիր գործիչների մասին խոսել: Գուցե պոպուլյար չէ ասածս, բայց ինձ համար սոցիալական, տնտեսական հարցերը երկրորդային են: Ամենաառաջնայինը պետության ազգային նկարագիրն ու անվտանգությունն է: Եթե դու քո պետության ազգային նկարագրի մասին չես մտածում, էլ ի՞նչ ասես: Կարելի է սեւ իկրա ուտել ու ստրուկ լինե, բայց կարելի է հաց ու պանիր ուտել եւ արժանապատիվ ապրել: Կարելի է ե՛ւ արժանապատիվ ապրել, ե՛ւ սեւ իկրա ուտել, բայց դրա համար պետք է երկար, քրտնաջան աշխատանք:

Այսօր, կրկնում եմ, մենք ազգովի՝ յուրաքանչյուր հայ, պետք է հասկանա՝ Նիկոլ Փաշինյան ընտրելով ու պաշտպանելով` գրեթե անբեկանելի է դարձնում Հայաստանի թրքացումը, թուրքական աշխարհի մաս դառնալը, թուրքական դուդուկի տակ պարելը: Թուրքական ռազմավարության մեջ չկա անկախ Հայաստան:

Ստրատեգիական հարցն այս է՝ Հայաստանը փորձելո՞ւ է պահպանել իր ազգային պետականությունը, թե՞ դառնալու է վերջնականապես թուրքական վիլայեթ: Իսկ Նիկոլ Փաշինյանը մեզ տանում է վիլայեթացման՝ ակնհայտ է: «Սիրտ» են ցույց տալիս եւ խոսում անկախության մասին, բայց իրականում անկախությունը զրոյացրել են: Ի՞նչ անկախություն: Ասում են «Գուբեռնիա», ի՞նչ գուբեռնիա, բայց չեն ասում՝ վիլայեթ են ուզում լինի: Գողն առաջինն է գոռում՝ «բռնի՛ր գողին», հիմա սրանցն է: 50 հազար տոննա զենք եկավ Հայաստան Սերժ Սարգսյանի ժամանակ, 300 միլիոն դոլար արժեցավ ներքին գործարանային գներով, 2017 թ.-ին պայմանագիր կնքեցինք Ռուսաստանի հետ, դա ինքնիշխանություն չէ՞, գուբեռնիա՞ է: Բայց անկախությո՞ւն է, երբ ամբողջ Ղարաբաղը հայաթափվել է, 200-240 քառ.կմ ադրբեջանցիներին է տրվել: Ալիեւն ասում է՝ սահմանը գրեք իմ ուզած ձեւով, 300 հազար ադրբեջանցիներ գալու են, այ դա արդեն անկախությո՞ւն է: Իրավիճակը ակնհայտ է երկրի ազգային եւ անվտանգային ապագան կախված է ճիշտ ռազմավարական ընտրություններից:

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ