• am
  • ru
  • en
Версия для печати
27.02.2026

ՆԻԿՈԼՆ ՈՒ ԻՐ ՏԵՐԵՐԸ ՊԱՐՏՎԵԼՈՒ ԵՆ. ԵԿԵՂԵՑԻՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ Է ՇԱՏ ԼՈՒՐՋ ԴԵՐԱԿԱՏԱՐՈՒՄ. Նահապետյան

   

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակի մասին «Իրավունք»-ը զրուցել է ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏՅԱՆԻ հետ:

– Հասել ենք այն օրվան, որ հոգեւորականին դիմելու համար՝ լինի ուրախ կամ տխուր արարողության համար, նախ փորձում ենք ճշտել՝ տիրադավներից է, թե՞ հավատարիմ է Մայր Աթոռին ու Վեհափառ Հայրապետին: Ինչպե՞ս եք տեսնում այս իրավիճակի հանգուցալուծումը:

– Եկեք զգացմունքային կողմը թողնենք եւ վերլուծենք իրավիճակը: Նախ` ինչո՞ւ եկեղեցու դեմ սկսեց արշավ, եւ սկզբում այն փաթեթավորվեց իբրեւ Վեհափառի դեմ է։ Սա շատ ավելի խորքային պատճառներ ունի, քան առերեւույթ երեւում է։ Ինչպես գիտենք, պետությունների մրցակցությունները մինչեւ այսօր լինում էին երկու հարթությունում՝ ուժային կոմպոնենտ եւ տնտեսական։ Մինչեւ Ֆրանսիական մեծ հեղափոխությունը քրիստոնյա պետություններում միջանձնային հարաբերությունները կարգավորվում էր Տիրոջ 10 պատվիրանով, այդ թվում՝ նաեւ միջպետական հարաբերությունները եւս: Ֆրանսիական մեծ հեղափոխությունից հետո, որտեղ իմ գնահատմամբ, Անգլիայի կողմից իշխանափոխություն էր կազմակերպված, արդեն միջանձնային հարաբերությունները եւ մարդու համար աշխարհճանաչողությունը, աշխարհընկալումը պետք է ունենար ոչ թե Աստծո պատվիրանների հենքի վրա գրված իրավական ակտեր, այլ մարդու կողմից գրված: Այսպես առաջացան «իզմներ»՝ կապիտալիզմ, սոցիալիզմ, կոմունիզմ, ֆաշիզմ, նացիզմ, լիբերալիզմ: Վերջինը դարձել է այլ սեռական կողմնորոշում ունեցող անձանց քարոզչության հիմնական գործիքը։ Օրինակ, ասում են՝ դու ես տերը քո մարմնի, ինչպես ուզում ես, օգտագործի, ում հետ ուզում ես հարաբերվի, կուզե՞ս՝ կենդանու, կուզե՞ս՝ արձանի, կուզե՞ս՝ քո նույն սեռի հետ։

Ինչեւէ, ակնհայտ է, որ լիբերալիզմն իր մայրամուտն է ապրում, որը գլոբալիստների գաղափարական եւ քարոզչական հենքն էր: Օրենքներ էին ընդունվում, կոնվենցիաներ: Իսկ ահա հիմա այդ ամենը փոխվելու է, որովհետեւ ԱՄՆ ներկայիս վարչակազմը, Ռուսաստանը հիմնվում են քրիստոնեության վրա: Եվ ուրեմն քրիստոնյա պետությունների մրցակցության մեջ եկեղեցին ունենալու է շատ լուրջ դերակատարում: Մեր եկեղեցին բացառիկ իրավունք ունի այդ առումով եւ նոր աշխարհում շատ կարեւոր առաքելություն է վերապահված։

– Փաստորեն, Դուք հավատացած եք, որ Եկեղեցին ուժեղացա՞ծ է դուրս գալու այս իրավիճակից։

– Քրիստոնյա պետությունների համար եկեղեցին, որպես ինստիտուտ, շատ կարեւորվում է։ Ինչպես նշեցի, կա պետությունների մրցակցության երկու հարթություն` ուժային եւ տնտեսական: Հիմա երրորդ հարթությունը դառնում է եկեղեցին: Եվ շատ բնական է, որ, օրինակ, Միացյալ Նահանգներն ուզում է, որ բոլոր քրիստոնյա պետություններում իրենք ազդեցություն ունենան եկեղեցիների վրա: Եվ պատահական չէր, որ Հռոմի պապ ընտրվեց ԱՄՆ-ի կաթոլիկ եկեղեցուց։ Պատահական չէ, որ 500 տարի ընդմիջումից հետո՝ Անգլիկա եկեղեցու գլուխ Բրիտանիայի թագավորը գնաց Վատիկան եւ այնտեղ աթոռ ունի։ Հիմա քրիստոնյա պետությունների եկեղեցիների վրա որոշակի աշխատանք է տարվում, որոնք այս կամ այն ձեւով պիտի ենթարկվեն Վատիկանին։ Մեր եկեղեցու դեմ արշավի հիմքում սա է։ Օրինակ, Ուկրաինական ուղղափառ եկեղեցին մասնատվեց, հիմա մի մասը կոչվում է Ուկրաինայի եկեղեցի, ոչ թե Ուկրաինական ուղղափառ, եւ այն ենթարկվում է Կոստանդնապոլիսի Տիեզերական պատրիարքին։

– Այսինքն՝ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին էլ փորձում են վերածել Հայաստանի եկեղեցո՞ւ:

– Այո, Նիկոլի եւ իր տերերի ծրագիրն է ստեղծել նոր եկեղեցի, որի անունը կդնի, օրինակ, Հայաստանի Առաքելական եկեղեցի, որը կազմված կլինի 12 հայաստանյան թեմերից ու, ի վերջո, կենթարկվի Կոստանդնուպոլսի Տիեզերական պատրիարքին, որն ազգությամբ հույն է, Թուրքիայի քաղաքացի, Թուրքիայի արտաքին հետախուզության նախկին սպա է եղել եւ, բնականաբար, չի սպասարկում իրական ուղղափառ աշխարհի քրիստոնյաներին։

– Պարոն Նահապետյան, Ձեր նախկին բոլոր նախազգուշացումները իրականություն են դարձել։ Սա էլ իրականություն կդառնա՞, թե՞ դեռ հնարավորություն ունենք կանխելու:

– Իրականում Նիկոլ Փաշինյանը թիրախավորեց Վեհափառին հենց սկզբից, բայց բուն նպատակը Վեհափառին հեռացնելը չէ, այլ եկեղեցին մասնատելը: Մեր չորս նվիրապետական աթոռները հինգը դարձնելն է: Բայց ես համոզված եմ, որ Նիկոլն ու իր տերերը պարտվելու են, որովհետեւ իրենք ձեռնոց են նետել Աստծուն։ Նախ մեր եկեղեցին Աստծո մարմինն է։ Եվ երկրորդ՝ Աստծո որոշումը չեն կարող բեկանել։ Երրորդ՝ Վեհափառ Հայրապետն իր այդ կարգավիճակից չի կարող հրաժարական տալ, նա դրա իրավունքը չունի, որովհետեւ Սուրբ Հոգով է օծված եւ Սուրբ Հոգու շնորհները Վեհափառ Հայրապետին են տրված, ինքն էլ այն փոխանցում է ե՛ւ հոգեւորականներին, եւ աշխարհականներին։ Դրա համար էլ Փաշինյանը եկեղեցու դեմ հինգ քայլ է արել, հինգն էլ ձախողվել է, էլ չեմ ասում քարոզչական դաշտում։

Հրանտ Սարաֆյան
www.iravunk.com


դեպի ետ