• am
  • ru
  • en
Версия для печати
14.02.2026

ԷԱԿԱՆՈՐԵՆ ԾԱՆՐԱԿՇԻՌ Է ԱՄՆ-Ի ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ, ՔԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ. Դավթյան

   

Ամերիկայի Միացյալ Նահանգների փոխնախագահի տարածաշրջանային այցը շարունակվում է մնալ առաջնային քննարկման թեմա, հատկապես երբ Ջեյմս Դեյվիդ Վենսը Հայաստան այցից հետո անմիջապես մեկնեց Ադրբեջան: Թե ինչ ազդեցություն ունեցավ վերջինիս այցը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի համար, «Իրավունք»-ը պարզել է «Հայատյացությունը Ադրբեջանի պետական գաղափարախոսության հիմքում» գիտական աշխատության հեղինակ, ադրբեջանագետ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ տեսակետը:

— Վենսը խոստացավ Ադրբեջանում բարձրացնել գերեվարված հայերի հարցը: Արդեն կայացած պաշտոնական այցից ի՞նչ ակնկալենք այս առումով եւ ընդհանրապես:

— Նշեմ, որ արդեն իսկ կայացած հանդիպումից կա հայտարարություն. Ադրբեջանի եւ ԱՄՆ-ի միջեւ կնքվեց ռազմավարական նշանակության խարտիա, որի համատեքստում Ադրբեջանը մի շարք ուղղություններով համագործակցելու է ԱՄՆ-ի հետ եւ ունենալու է ավելի ուժեղ դիրքեր, քան ՀՀ-ում ունեցած հանդիպումից: Եթե մենք դիտարկում ենք որպես համեմատական սկզբունքով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ստորագրված փաստաթղթերը, ապա էականորեն ծանրակշիռ է ԱՄՆ-ի վերաբերմունքն Ադրբեջանի, քան Հայաստանի նկատմամբ:

ԱՄՆ-ի եւ Ադրբեջանի կողմից ստորագրված խարտիայի վտանգներն ընթացքում կերեւա մեր ու հատկապես տարածաշրջանի մասով, քանի որ լավ գիտենք՝ ռազմավարական նշանակություն ունեցող փաստաթղթերը ստորագրելիս ԱՄՆ-ն հաշվի է առնում ռեգիոնում իր համար խնդրահարույց պետությունների շահերը, հանձինս Իրանի Իսլամական հանրապետության եւ գեոպոլիտիկ խաղացող Չինաստանի ժողովրդավար հանրապետության շահերը: Ըստ ամենայնի, Միացյալ Նահանգները փորձում է իր ներկայությունը Հարավային Կովկասում ավելի ամրապնդել, իհարկե, ի վնաս Հայաստանի եւ ի շահ իր պետության:

— Ի՞նչ եք կարծում՝ Վենսը բարձրաձայնե՞լ է մեր ռազմագերիների հարցը, թեկուզ Ադրբեջանի ղեկավարության հետ ունեցած հանդիպման կուլիսներում:

— Շատ ճիշտ հարց եք տալիս: Մենք գիտենք, որ ռազմագերիների մասին Հայաստանում խոսվել է: Լրագրողներն են այդ հարցը բարձրացրել են եւ հարցին ի պատասխան ստացել են դրական մոտեցում: Որքան ես ուսումնասիրել եմ իրենց տեղեկատվական դաշտը, այս պահի դրությամբ, խոշոր հաշվով բան չկա դեռեւս գերիների մասով, պաշտոնական հայտարարություն էլ չի եղել, հանդիպման ավարտի ելույթում էլ չի եղել: Գերիների թեման շահարկել Հայաստանի Հանրապետությունում եւ դա, այսպես ասած, ներկայացնել որպես համընդհանուր մարդկության գործոն, որը պետք է անհապաղ կարգավորվի, բայց դրան կարգավորում չտալ, առնվազն գոնե հայտարարության համատեքստում, իմ կարծիքով՝ նախ եւ առաջ անհարգալից վերաբերմունք է գերեվարվածների հարազատների հանդեպ:

Եթե մենք դիտարկում ենք այն հանգամանքը, որ եղբայրության դափնի էր տրվել Նիկոլ Փաշինյանին ու Իլհամ Ալիեւին, ապա այստեղ նույնպես արձանագրենք, որ առհասարակ գերիների թեման Հայաստանի դեմ եւ Հայաստանի նկատմամբ Ալիեւը պարզապես օգտագործում է որպես քաղաքական խաղաքարտ եւ մանրադրամ: Որքան էլ ցավալի բան եմ ասում, բայց մենք տեսնում ենք, որ յուրաքանչյուր պարագայում գերիների վերադարձը ՀՀ պայմանավորված չէ ո՛չ եղբայրության եւ ո՛չ էլ մարդկության դափնիների համատեքստում տեղի ունեցած պրոցեսների շնորհիվ, այլ այն պարզապես պայմանավորված է Ադրբեջանի կողմից իր քաղաքական օրակարգը Հայաստանում թելադրելով: Դրա հաշվին եւ դրա շնորհիվ եղավ նաեւ մի քանի գերիների վերադարձ: Հիմա այս պարագայում ես չեմ տեսել որեւէ գոնե ակնարկ այդ հարցի շուրջ, որով կարելի է ենթադրել կամ եզրակացնել, որ հավանական է այդ հիմնախնդիրը ստանա դրական լուծում:

— Վենսի այցի ժամանակ շատերը նամակներ հղեցին նրան՝ փորձելով վերջինիս ուշադրությունը հրավիրել թե՛ քաղբանտարկյալների եւ թե՛ ներքաղաքական իրավիճակի վրա, սակայն ոչ մի խոսք չեղավ արցախցիների իրենց բնօրրան՝ Արցախ վերադարձի մասին: Սա ինչպես կմեկնաբանեք, այլեւս բոլոը համակերպվե՞լ են Արցախի կորստի հետ:

— Մենք լավ գիտենք այսօրվա իշխանության դիրքորոշումն Արցախի վերաբերյալ: Լավ գիտենք, որ ներկայիս իշխանությունն իր վերջին՝ 2021 թվականի վերընտրվելուց հետո, իր տված խոստումները ոչ միայն չի կատարել, այլ պարզապես քաղաքական առումով բառից բուն իմաստով՝ ՀՀ քաղաքացու նկատմամբ կատարել է ստախոսի դեր: Այսինքն՝ նա մի բան խոսք է տվել եւ փոխարենը դրա գոնե մի քանի տոկոսը չի արել, այլ ընդհակառակը՝ վատն է արել, օրինակ, նույն Արցախի Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի քաղաքական խոստումը:

Բնականաբար, որպես մասնագետ, ես առհասարակ չունեմ այն ակնկալիքները, որ այսօրվա իշխանությունները որեւիցե ձեւով մտահոգված են Հայաստանի Հանրապետության պետական եւ ազգային շահերը պաշտպանելու հարցում: Նույնը կասեմ Արցախի մասով: Այսինքն՝ նրանք ունեն հստակ դիրքորոշում, որ Արցախի հարցը պետք է փակված համարվի, ինչպես իրենք են իրենց համար արդեն փակել: Այս պահի դրությամբ դե ֆակտո իրականություն ունեք, որտեղ արձանագրված է, որ Արցախը լիակատար Ադրբեջանի վերահսկողության տակ է եւ այսօրվա իշխանություններն էլ այդ համատեքստում, երբ եղել է բռնի տեղահանում, էթնիկ զտում, ու ռազմական մի շարք հանցագործություններ, չի տալիս որեւէ դրական հույսեր, որ դա կլինի մեր Արցախի կամ այլ քաղաքական հարց, որը բխում է Հայաստանի շահերից եւ որեւէ կերպ կբավարարվի կամ ինչ-որ կերպ դրական լուծում կստանա հետագայում: Այս իշխանությունը, պարզապես, իրենց աթոռն այնքան շատ է սիրում, որ պատրաստ է զոհել ամեն ինչ, միայն թե մնան իրենց դիրքում՝ աթոռին կառչած:

Նանա Սարգսյան
www.iravunk.com


դեպի ետ