• am
  • ru
  • en
Версия для печати
05.02.2026

ԵՐԵՔ ԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՌԵՂԾՎԱԾԸ. ՃԱԿԱՏԱԳՐԱԿԱՆ ՓԵՏՐՎԱՐ

   

Առաջիկայում Հայաստանում և Հայաստանից դուրս տեղի են ունենալու երկու խոշոր իրադարձություններ, որոնք առաջին հայացքից աղերս չունեն, բայց կապված են դիալեկտիկական կապով: Նույն այն դիալեկտիկայով, որով այդ երկու իրադարձությունները կապված են ամիսներ հետո կայանալիք կենսական մեկ այլ միջոցառման հետ:

Փետրվարին Ավստրիայում նախատեսված է Հայ Առաքելական եկեղեցու Գերագույն ժողովը, մայիսին Երևանում կայանալու է Եվրոպական համայնքի գագաթնաժողովը, և արդեն հունիսին նշանակված է Ազգային ժողովի ընտրությունը: Ահա իրարից տարբեր, թվում է՝ որևէ ընդհանրություն չունեցող այս ժողովներն իրականում մեկ տրամաբանական շղթայի մաս են և մեծապես ազդդելու են Հայաստանի ապագայի վրա:

Այս օրերին Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է Ավստրիայում ծրագրված եկեղեցական ժողովը խափանելու համար՝ մոտ մեկ տասնյակ բարձրաստիճան եկեղեցականների դեմ հարուցված շինծու գործի հիմքով փակելով նրանց ելքը երկրից: Նույն իշխանության ներկայացուցիչները դեռևս անցած տարվանից ամբիոն ու խոսափող են փնտրում՝ Եվրոպական համայնքի գագաթնաժողովին ամեն պատահածի հրավիրելու համար, բայց հատկապես նախանձախնդիր են Հայաստանի դռներն Իլհամ Ալիևի ու Ռեջեփ Էրդողանի առջև բացելու իրենց աղերսներում:

Հայ Առաքելական եկեղեցու եպիսկոպոսների առջև փակվող, մուսուլմանական երկրների ղեկավարների առջև բացվող դռներ…

Այս հակադրության մեջ է խտացած այսօրվա Հայաստանի ողբերգությունը, որը ողբերգություն է ոչ միայն հուզական ու արժանապատվության հարթությունում, այլ ունենալու է խիստ քաղաքական հետևանքներ: Հունիսին կայանալու է հենց այդ ողբերգության վերջին արարը՝ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի առանցքային մասնակիցների հավանությամբ (Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն արդեն իսկ բաց հայտարարել է Նիկոլ Փաշինյանի «կամքը ողջունելու» մասին):

Ահա այս երկու ժողովներին՝ Եվրոպական համայնքի գագաթնաժողովին ու դրա աջակցությամբ՝ նաև Հայաստանում ձևավորվելիք Ազգային ժողովին, խանգարում է փետրվարին նախատեսված եկեղեցական ժողովը, որովհետև վերջինիս իմաստն ու խորհուրդը լինելու է այն ամենայնի պաշտպանությունը, ինչը հարձակման է ենթարկվում երկու ժողովների շահառուների ու կատարածուների կողմից:

Այսօրվա պայքարը, այդպիսով հոգևոր Հայաստանի ու հոգեզուրկ իմաստով ֆիզիկական Հայաստանների պայքար է: Իսկ երեք՝ իրարից անկախ ժողովների կապն այն է, որ եկեղեցական ժողովի կայացումը կամ տապալումը (ոչ այնքան՝ ժամկետի ու վայրի, այլ՝ ավելի լայն իմաստով) կանխորոշելու է եվրոպական համայնքի մայիսյան խրախճանքը Երևանում ու դրա ոչ թե արարողակարգային, այլ ռազմավարական արդյունքների հստատումը հունիսին՝ ի դեմս Հայաստանի նոր Ազգային ժողովի, որը լինելու է ոչ թե հայ ժողովրդի ներկայացուցչական մարմինը, ինչպես պահանջում է Սահմանադրությունը, այլ եվրոպական համայնքի ներկայացուցչությունը Հայաստանում:

Փետրվարը ճակատագրական ամիս է նորանկախ Հայաստանի պատմության մեջ: Այդպիսին կարող է դառնալ նաև 2026-ի փետրվարը:

Հարություն Ավետիսյան
168.am


դեպի ետ